Add to favourites

Under development

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՈԼՈՐՏԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

69%31%

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՈԼՈՐՏԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի պահանջով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

  1. Հաստատել կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը՝ համաձայն hավելվածի:
  2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

                   ՆԱԽԱՐԱՐ՝                                                 Ժ.  ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

 

 

 

Հավելված

ՀՀ ԿԳՄՍ նախարարի

2025 թ. փետրվարի     -ի

N      - Ն հրամանի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՈԼՈՐՏԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I.ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Սույն կանոնակարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
  • Կանոնակարգ՝ պետական ֆինանսական աջակցության նպատակով ազգային ֆիլմերի ընտրության սույն կարգն ու պայմանները.
  • Ազգային ֆիլմ՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 13-րդ հոդվածում նշված պայմանները բավարարող ֆիլմ.
  • Աջակցություն՝ ֆիլմերի ստեղծման համար Հիմնադրամի կողմից տնտեսվարող սուբյեկտներին անհատույց դրամական միջոցների հատկացում՝ առանց այդ գործընթացներին միջամտելու և գույքային իրավունքներ ձեռք բերելու.
  • Հիմնադրամ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամ (հասցե՝ 0010, ք. Երևան, Տերյան փ., շ. 3Ա, էլ. փոստ՝ info@cfarmenia.am, հեռ. +374 10 52 20 32).
  • Նախարարություն՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.
  • Նախագիծ՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 32-րդ կետի իմաստով Ազգային ֆիլմի փաստաթղթերի ամբողջականություն.
  • Հայտատու` տնտեսվարող սուբյեկտ, որը Նախագծի արտադրության համար դիմում է Հիմնադրամի աջակցությանը.
  • Հայտ՝ սույն Կանոնակարգով նախատեսված փաստաթղթերի փաթեթ, որն անհրաժեշտ է Նախագծի արտադրության նպատակով պետական աջակցության ընտրությանը մասնակցելու համար.
  • Աշխատանքային խումբ՝ Հիմնադրամի հրամանով ստեղծված խումբ, որն ուսումնասիրում է Հայտերի ամբողջականությունն ու սույն Կանոնակարգի պայմաններին համապատասխանությունը (այսուհետ՝ Նախնական գնահատում):
  • Փորձագիտական հանձնաժողով՝ Նախագծերի որակի գնահատման և դրանց ներուժի որոշման նպատակով Հիմնադրամի հրամանով ստեղծված հանձնաժողով, որը բաղկացած է հանձնախմբերից (այսուհետ՝ Վերջնական գնահատում).
  • Խորհուրդ՝ Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմին, որը լիազորված է Հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան կատարել ֆիլմարտադրողների ընտրություն՝ աջակցություն տրամադրելու համար (այսուհետ՝ Հայտերի հաստատում).
  • Զարգացում՝ Նախագծի ստեղծման նախնական նախապատրաստական փուլ, որը չի մտնում Արտադրության մեջ և բաղկացած է՝

ա) Նախագծի սցենարի մշակում (վերջնական տարբերակի ստեղծում, թարգմանություն, հետազոտություն, խորհրդատուի, խմբագրի ներգրավում և այլն).

բ) Նախագծի ամբողջական փաթեթի ստեղծում և բյուջեի համալրման նպատակով գործնական հանդիպումներ (Նախագծի ներկայացում համաարտադրության հնարավոր կողմերին կամ այլ հավանական միջազգային գործընկերներին՝ կինոփառատոների և կինոշուկաների կամ այլ միջազգային  ինդուստրիալ հարթակներում և այլն).

գ) գլխավոր դերակատար դերասանների հետ մտադրությունների մասին համաձայնագրերի կնքում և նկարահանող խմբի հիմնական կազմի ձևավորում.

դ) Նախագծի ներկայացման նախապատրաստում՝ ցանկալի դերասանական կազմով, ցանկալի նկարահանման վայրերով, զգեստերով և ռեկվիզիտներով.

  • Արտադրություն՝ տեսալսողական արտադրանքի ստեղծման գործընթաց, որն իր մեջ ներառում է հետևյալ փուլերը՝ արտադրական (ներառյալ՝ նախապատրաստական) և հետարտադրական.
  • Հետարտադրություն՝ ֆիլմի նկարահանված նյութի մոնտաժա-ձայնագրման և ելանյութերի պատրաստման գործընթաց:

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն Կանոնակարգով կարգավորվում են Հայաստանի կինոյի հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կողմից անցկացվող Ազգային ֆիլմերի Նախագծերի մրցույթների և այդ մրցույթներում հաղթած Նախագծերի ֆինանսական աջակցության (այսուհետ՝ Աջակցություն) հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն Կանոնակարգով անցկացվող մրցույթներում հաղթած Ազգային ֆիլմերի Նախագծերին Աջակցություն հատկացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հաստատված միջոցների շրջանակներում:
  3. Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող ռեզիդենտ, օրենքով սահմանված կարգով գրանցված այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում կինեմատոգրաֆիայի ոլորտում.

Հիմնական ձեռնարկատիրական գործունեության տեսակը «Կինեմատոգրաֆիայի մասին» 2021 թվականի հունիսի 30-ի N ՀՕ-302-Ն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն

ՏԳՏԴ ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի:

1.

Ֆիլմարտադրություն, կինոտարեգրության արտադրություն, ֆիլմի տարածում, ֆիլմի ցուցադրում, ֆիլմի, կինոտարեգրության արտադրության աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը (կինոսարքավորումների վարձույթ, տաղավարների, կինոկոմպլեքսների վարձույթ, զգեստների պատրաստում, դեկորացիաների կառուցում, դիմահարդարման, կեղծամագործության իրերի, բեմիրերի (ռեկվիզիտ), հատուկ էֆեկտների պատրաստում, կինոժապավենի մշակում, ֆիլմի մոնտաժաձայնագրման աշխատանքներ և այլն):

59.1, 59.11, 59.11.0, 59.12, 59.12.0, 59.13, 59.13.0, 59.14, 59.14.0

2.

կինոասարքավորումների պատրաստում, կինոնյութերի պատրաստում:

26.7, 26.70, 26.70.0, 26.8, 26.80, 26.80.0

3.

կրթական, գիտական, հետազոտական գործունեություն կինեմատոգրաֆիայի բնագավառում:

85.32, 85.32.1, 85.32.2, 85.32.9, 85.4, 85.41, 85.41.0, 85.42, 85.42.1, 85.42.2, 85.42.3, 85.42.4

4.

հրատարակչական գործունեություն կինեմատոգրաֆիայի բնագավառում:

58.1, 58.11, 58.11.0, 58.12, 58.12.0, 58.13, 58.13.0, 58.14, 58.14.0, 58.19, 58.19.0

5.

ֆիլմի պահպանում, կինոտարգերության ելակետային նյութերի պահպանում:

91.0, 91.01, 91.01.1, 91.01.2, 91.01.3, 91.02, 91.02.0

 

  1. Մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր տարի առնվազն երկու անգամ (մարտին և հոկտեմբերին)` սույն Կանոնակարգով սահմանված ժամկետներում և ժամանակացույցի համաձայն (Հավելված 1) հետևյալ խմբավորմամբ և անվանակարգերում՝
  • լիամետրաժ՝ 52 րոպե և ավելի տևողություն ունեցող խաղարկային, վավերագրական ու անիմացիոն Նախագծեր.
  • կարճամետրաժ` մինչև 52 րոպե տևողություն ունեցող խաղարկային, վավերագրական ու անիմացիոն Նախագծեր:
  1. Դեբյուտ են համարվում ռեժիսորի առաջին կարճամետրաժ և առաջին լիամետրաժ ֆիլմը: Դեբյուտային լիամետրաժ ֆիլմ նկարելուց հետո Հայտատուի առաջին կարճամետրաժ ֆիլմը չի համարվում դեբյուտային: Կարճամետրաժ ֆիլմերի արտադրության անվանակարգում դեբյուտային հայտ կարող են ներկայացնել մինչև 35 տարեկան ռեժիսոր ունեցող (այդ թվում ուսանող) Հայտատուները:
  2. Նախագծի ընդհանուր բյուջեն ներառում է Նախագծի զարգացման և արտադրության (արտադրական և հետարտադրական) ծախսերը:
  3. Հայաստանյան կողմը հիմնական Ֆիլմարտադրող է, եթե Նախագծում ներդրված միջոցների մեծամասնությունը հայաստանյան է և Նախագծի հիմնական ստեղծագործական կազմի (պրոդյուսեր, սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր, բեմադրող օպերատոր/կադրավորող, բեմադրող նկարիչ, նկարիչ-ձևավորող՝ զգեստների/անիմացիոն կերպարների, երաժշտության հեղինակ, մոնտաժի ռեժիսոր, հնչյունային ռեժիսոր, առաջին, երկրորդ, երրորդ դերերի դերակատարներ, հետազոտող) մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
  4. Հայաստանյան կողմը հիմնական Ֆիլմարտադրող չէ, եթե Նախագծում ներդրված ֆինանսական միջոցների մեծամասնությունը հայաստանյան չէ, սակայն Նախագծի հիմնական ստեղծագործական կազմից (պրոդյուսեր, սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր, բեմադրող օպերատոր/կադրավորող, բեմադրող նկարիչ, նկարիչ-ձևավորող՝ զգեստների/անիմացիոն կերպարների, երաժշտության հեղինակ, մոնտաժի ռեժիսոր, հնչյունային ռեժիսոր, առաջին, երկրորդ, երրորդ դերերի դերակատարներ, հետազոտող) առնվազն երկուսը Հայաստանի Հանրապետության քաղաքացի են: Տվյալ ձևաչափով ֆիլմարտադրություն իրականացնելու նպատակով հայաստանյան ֆիլմարտադրողը պետական աջակցություն ստանալու համար կարող է դիմել՝ ֆիլմի ընդհանուր բյուջեի ֆինանսավորվան առնվազն 50 %-ը ունենալու դեպքում:


III. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

  1. Մրցույթի մասին հայտարարությունը, Նախագծեր ներկայացնելու ձևաթղթերը, ինչպես նաև սույն Կանոնակարգի տեքստը տեղադրվում են Հիմնադրամի պաշտոնական կայքում։
  2. Մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվում է նաև զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (am
  3. Մրցույթի մասին պաշտոնական հայտարարությունը պետք է պարունակի մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող Նախագծերի

1) անվանակարգերը,
2) ներկայացնելու պայմանները, ժամկետները (առցանց եղականով և այլն)
3) հիմնական պահանջները,
4) անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

  1. Մրցույթն անցկացվում է հետևյալ 3 փուլերով․

1) Նախնական գնահատում,
2) Վերջնական գնահատում,
3) Հայտերի հաստատում:

  1. Մրցույթին մասնակցելու նպատակով սույն Կանոնակարգով նախատեսված ժամկետներում (Հավելված 1) և կարգով Հայտատուն պետք է ներկայացնի Նախագծի Հայտ:
  2. Նույն Հայտատուն նույն մրցույթին կարող է ներկայացնել մեկից ավելի Հայտ:
  3. Հայտը ենթակա է մերժման, եթե.

1) Նախագիծը պարունակում է նյութեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը.

2) Նախագիծը պարունակում է թմրամիջոցների, հոգեմետ, հոգեներգործուն նյութերի կամ դրանց պրեկուրսորների ստեղծման և պատրաստման մեթոդների, պոռնկագրության, բռնության և դաժանության պաշտամունքը քարոզող նյութեր.

3) Նախագծում օգտագործվում են թաքնված տեխնիկական մեթոդներ այնպիսի տեղեկատվության տարածման համար, որոնք ազդում են մարդկանց ենթագիտակցության վրա կամ վնասակար ազդեցություն ունեն նրանց առողջության վրա.

  1. Լիամետրաժ Հայտերը ներկայացվում են մրցույթի հետևյալ 3 (երեք) փուլերի համար.

1) Նախագծի զարգացում,
2) Նախագծի արտադրություն (արտադրական և հետարտադրական),
3) Նախագծի հետարտադրություն:

  1. Կարճամետրաժ Հայտերը ներկայացվում են մրցույթի.

1) խաղարկային կամ վավերագրական նախագծի ամբողջ արտադրության համար, և եթե հայաստանյան կողմը հիմնական Ֆիլմարտադրողն է,

2) անիմացիոն նախագծի ամբողջ արտադրության համար:

  1. Հայտերի բոլոր նյութերը (Հավելված 2) պետք է ներկայացվեն հայերեն, ինչպես նաև` Նախագծի անվանակարգի, մրցութային փուլի, տևողության նշումով, իսկ օտարալեզու փաստաթղթերը՝ հայերեն թարգմանության ուղեկցությամբ:
  2. Նկարահանումներն սկսած Նախագծերը Արտադրության փուլի (արտադրական և hետարտադրական) մրցույթին մասնակցել չեն կարող՝ բացառությամբ վավերագրական Նախագծերի: Նկարահանումներն սկսած այն Նախագծերը, որոնք նախկինում տվյալ փուլի համար պետական աջակցություն չեն ստացել կարող են մասնակցել մրցույթին:
  3. Ֆինանսավորում ստացած Ֆիլմարտադրողը նույն Նախագծի համար իրավունք ունի դիմելու մրցույթի մեկ այլ փուլի, եթե պատշաճ կարգով իրականացրել է Հիմնադրամի հետ կնքված պայմանագրային պարտավորությունները և ներկայացրել համապատասխան հաշվետվություններ, որոնք ընդունվել են Հիմնադրամի կողմից:
  4. Մրցույթի որևէ փուլի համար մեկ անգամ ֆինանսավորում ստացած Հայտը նույն փուլի մրցույթին կրկին մասնակցել չի կարող:
  5. Սույն կանոնակարգի ուժի մեջ մտնելուց առաջ Հիմնադրամի կողմից ֆինանսավորում ստացած այն ընկերությունները, որոնք մինչև սույն կանոնակարգով սահմանված կարգով մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված ժամկետի լրանալն ունեն Հիմնադրամի հանդեպ ժամկետանց ցանկացած տեսակի պայմանագրային պարտավորություններ, ապա նրանց ներկայացրած Հայտերը չեն դիտարկվելու:
  6. Հայտերը պետք է ներկայացվեն սույն կանոնակարգի 16, 17, 18 և 19-րդ կետերում նշված կարգով` 2 (երկու) ամբողջական PDF ֆայլերում ներառելով Հավելված 3-ում, Հավելված 4-ում և Հավելված 5-ում պահանջվող փաստաթղթերը՝ թվարկված խմբավորմամբ և հերթականությամբ:
  7. Մինչև մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված ժամկետի լրանալը՝ Հայտատուն իրավունք ունի իր Հայտը փոխելու, գրավոր չեղարկելու կամ նոր փաստաթղթերով համալրված կրկին ներկայացնելու:
  8. Մրցույթի մասին հայտարարությամբ Հայտեր ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո ներկայացված Հայտերը մերժվում են և չեն ընդունվում:
  9. Հայտերի ամբողջականությունը և սույն Կանոնակարգի պայմաններին համապատասխանությունը ուսումնասիրելու նպատակով Հիմնադրամի հրամանով ստեղծված Աշխատանքային խումբը բաղկացած է Հիմնադրամի աշխատակիցներից և աշխատում է Հայտերի ընդունման ողջ ժամանակահատվածում:
  10. Սույն Կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող, ոչ հավաստի տեղեկատվություն պարունակող, անընթեռնելի և/կամ ոչ լիարժեք փաստաթղթերով թերի Հայտերը Աշխատանքային խմբի կողմից չեղարկվում են և չեն ուղարկվում Փորձագիտական հանձնաժողովի դիտարկմանը, իսկ գնահատման ենթակա Հայտերի փաթեթները տրամադրվում են Փորձագիտական հանձնաժողովի անդամների դիտարկմանը՝ սույն կանոնակարգի 1-ին Հավելվածում նախատեսված ժամկետներում:
  11. Հայտում նշված տեղեկությունների հավաստիությունն ստուգելու նպատակով Հիմնադրամն իրավունք ունի երրորդ անձանցից ստանալու տեղեկատվություն Հայտատուի վերաբերյալ:
  • Հիմնադրամն իրավունք ունի Հայտատուից պահանջել և ստանալ Հայտերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն և լրացուցիչ փաստաթղթեր, ինչպես նաև Հայտատուի կողմից պահանջվող փաստաթղթերը Հիմնադրամի սահմանած ժամկետներում չներկայացնելու դեպքում չեղարկել Հայտի ընտրությունը:
  1. Աշխատանքային խմբի որոշումը՝ Հայտատուի մրցույթին մասնակցության չեղարկման վերաբերյալ ձևակերպվում է Աշխատանքային խմբի նիստի արձանագրությամբ և Հայտատուն ծանուցվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:
  2. Ամբողջական է համարվում սույն Կանոնակարգի Հավելվածներին և 24-րդ կետին համապատասխան ներկայացված տեղեկատվությունը:
  3. Մրցույթը հայտարարվում է չկայացած, եթե մինչև Հայտերի ընդունման վերջնաժամկետը ոչ մի Հայտ չի ներկայացվել կամ մրցույթին ներկայացված բոլոր Հայտերը չեն համապատասխանում սույն կանոնակարգով նախատեսված պահանջներին:
  4. Նախնական գնահատման փուլում ընտրված Հայտերի ցանկերը և մրցույթի Փորձագիտական հանձնաժողովի ցանկերը հրապարակվում են Հիմնադրամի պաշտոնական կայքում և տեղեկությունն ուղարկվում է Հայտատուներին՝ 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:

 

  1. ՆԱԽԱԳԾԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Նախագծերին ֆինանսական աջակցությունը տրվում է սույն Կանոնակարգի Հավելված 6-ում սահմանված կարգով:
  • Յուրաքանչյուր տարի, մեկ մրցութային փուլի շրջանակում, նույն Հայտատուին պետական ​​բյուջեից կարող է տրամադրվել ֆինանսական աջակցություն մեկ լիամետրաժ և մեկ կարճամետրաժ Նախագծի կամ երեք կարճամետրաժ Նախագծերի համար:
  1. Արտադրության փուլում աջակցություն տրվում է միայն ընդհանուր բյուջեն համալրած Հայտերին՝ ֆինանսական միջոցների առկայության դեպքում:
  • Արտադրության փուլի ներկայացված և հանձնախմբերի կողմից ընտրված, բայց Հայտի բյուջեն չհամալրած լիամետրաժ և կարճամետրաժ Նախագծերին տրվում է հաստատված գումարի չափով ֆինանսական աջակցության տրամադրման մասին համաձայնագիր և 18 (տասնութ) ամիս ժամանակ` Արտադրության փուլը մեկնարկելու հնարավորություններ ձեռք բերելու և Նախագծի բյուջեն համալրելու, համապատասխան փաստաթղթերը Հիմնադրամ ներկայացնելու նպատակով, որից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամը պարտավոր է կնքել պայմանագիր և տրամադրել 6 (վեց) ամիս՝ արտադրություն սկսելու համար:
  • Սույն Կանոնակարգի 38-րդ կետով նախատեսված ժամկետները կարող են փոփոխվել՝

1) Միջազգային համարտադրող կամ միջազգային ֆինանսավորող կողմի կողմից այլ ժամկետներ սահմանված լինելու դեպքում,

2) Նկարահանումների հետ կապված սեզոնային անհրաժեշտության դեպքում,

3) Անհաղթահարելի ուժի` ստեղծագործական խմբի անձնակազմի որևէ անդամի հիվանդության դեպքում, որի պարագայում անհնար կլինի արտադրություն սկսելը, հրդեհի, ջրհեղեղների, երկրաշարժերի, պատերազմների, ռազմական գործողությունների և համանման այլ հանգամանքների հետևանք է հանդիսացել և, եթե այդ հանգամանքները պայմանագրի կնքման պահին անկանխատեսելի բնույթ են կրել, ի հայտ են եկել պայմանագրի կնքման ամսաթվից հետո և անմիջականորեն ազդել են դրա կատարման վրա:

  • Նախագծի բյուջեի համալրման արդյունքում¸ եթե հայաստանյան կողմը հիմնական արտադրողից դառնա ոչ հիմնական, ապա Նախագծի շուրջ պայմանագիրը կնքվում է ոչ հիմնական արտադրողների համար սահմանված ֆինանսավորման չափով և պայմաններով՝ Նախագծի գաղափարական հիմնական ասելիքի պահպանման դեպքում:
  1. Հիմնադրամի և Հայտատուի միջև մինչև պայմանագիր կամ համաձայնագիր կնքելը աջակցության հաստատված Հայտի Հայտատուի, ռեժիսորի կամ պրոդյուսերի փոփոխություն տեղի ունենալու դեպքում՝ փոխադարձ համաձայնությամբ Հայտի փաստատթղթերում իրականացվում են փոփոխություններ՝ հիմք ընդունելով հեղինակային իրավունքների պահպանությունը:
  2. Զարգացման, Հետարտադրության փուլերի լիամետրաժ Նախագծերը, ինչպես նաև կարճամետրաժ Նախագծերը, սույն Կանոնակարգով նախատեսված գումարների սահմաններում (Հավելված 6), իրավունք ունեն ստանալու աջակցություն՝ առանց այլ ֆինանսական միջոցների առկայության:
  3. Պետական ֆինանսավորման հաշվին իրականացվելիք ծախսերը հաշվապահական և հարկային հաշվառման տեսանկյունից պետք է լինեն հիմնավորված:

 

  1. ԳՆԱՀԱՏՈՂ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
  2. Գնահատող Փորձագիտական հանձնաժողովը ձևավորվում է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
  3. Փորձագիտական հանձնաժողովի ձևավորման համար ստեղծված տվյալների շտեմարանը համալրելու և մրցույթին ներկայացված Հայտերը գնահատող երկու կամ ավելի կատեգորիաներում անցկացվող առանձին մրցույթների առնվազն հինգ անդամից բաղկացած հանձնախմբերի ստեղծման նպատակով Հիմնադրամը հրապարակում է հայտարարություն իր պաշտոնական կայքում:
  • Փորձագետների ընտրությունը կատարվում է Հավելված 7-ում սահմանված չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած մասնագետներից (այդ թվում` օտարերկրյա):
  1. Հայտարարության պայմաններին համապատասխանող մասնագետների ցանկը հրապարակվում է Հիմնադրամի պաշտոնական կայքում: Ստեղծվում է փորձագետների տվյալների բաց շտեմարան:
  • Փորձագետների տվյալների շտեմարանից կազմվում է՝ տվյալ հանձնախմբի գնահատմանը ներկայացվող Հայտ կամ մյուս Հայտերի հետ առնչություն չունեցող թեկնածուների ցանկ, որում ընդգրկված անձանցից տվյալ մրցույթի համար ձևավորվում են լիամետրաժ Նախագծերը և կարճամետրաժ Նախագծերը գնահատող փորձագետների 2 (երկու) առանձին հանձնախմբեր՝ յուրաքանչյուր հանձնախմբում ընդգրկելով 5 (հինգ)-ական փորձագետ:
  • Նույն անձը հանձնախմբերում կարող է ընդգրկվել 2 (երկու) անգամ հաջորդաբար և կրկին մասնակցել 2 (երկու) մրցույթից ոչ շուտ:
  • Փորձագիտական հանձնաժողովի անդամների մասին համառոտ տեղեկատվությունը տեղադրվում է Հիմնադրամի պաշտոնական կայքում:
  1. Հանձնախմբերի կողմից Նախագծերը գնահատվում են 1 (մեկ) փուլով: Նախագծերի Վերջնական գնահատում (այդ թվում՝ գեղարվեստական արժեքի գնահատում, արտադրության փաթեթների ուսումնասիրում, անհատական հանդիպում-զրույցների անցկացում, վերջնական գնահատում)՝ համաձայն սույն Կանոնակարգի Հավելված 8-ի պահանջների:
  2. Նախագծերի փորձաքննությունն իրականացվում է Փորձագիտական հանձնաժողովի կողմից՝ Հայտերում Հայտատուների ներկայացրած տվյալների, ինչպես նաև նախագծերի առերես պաշտպանության հիման վրա:
  3. Վերջնական գնահատման փուլ անցած Հայտերի պրոդյուսերներն ու ռեժիսորները հրավիրվում են անհատական հանդիպում-զրույցի, որին մասնակցում են տվյալ հանձնախմբի բոլոր փորձագետները և Հիմնադրամի ներկայացուցիչը:
  4. Պրոդյուսերի և ռեժիսորի հետ հանդիպում-զրույցը տեղի է ունենում յուրաքանչյուր Հայտի համար առանձին:
  5. Վերջնական գնահատման փուլում յուրաքանչյուր փորձագետ ուսումնասիրում է գնահատման ենթակա Հայտերը, մասնակցում է Հայտատուների հետ հանդիպում-զրույցին, և Փորձագիտական հանձնախմբի հետ յուրաքանչյուր Հայտի համար քննարկումից հետո ներկայացնում է լրացված գնահատման թերթիկ-հիմնավորում (Հավելված 8)՝ հետևյալ չափանիշների գնահատումով․

1) ֆիլմի գեղագիտական-գեղարվեստական արժեքը.
2) ֆիլմի միջազգային ճանաչման հնարավորությունը.
3) ֆիլմի նախագծի իրականացնելիության ներուժը.
4) ֆիլմի նախագծի տնտեսական հիմնավորումը.
5) ֆիլմի առաջխաղացման և հանրությանը ներկայացնելու հեռանկարը:

  • Յուրաքանչյուր չափանիշը գնահատվում է առավելագույնը 10 (տասը) միավոր՝ 1 (մեկից) մինչև 10 (տաս) միավոր, որտեղ 1-ը (մեկը) ամենացածր գնահատականն է, իսկ 10-ը (տասը) ամենաբարձրն է: Գնահատականների ընդհանուր գումարից դուրս է բերվում միջին գնահատական, մրցույթի հաջորդ փուլ անցնում են․ 5 հոգանոց հանձնախմբի դեպքում՝ առնվազն 3 (երեք) և ավելի միավոր ստացած Նախագծերը:
  1. Վերջնական գնահատմանը մրցույթի աշխատանքներին միանում է նաև Հիմնադրամի ներկայացուցիչը, ով նշանակվում է Փորձագիտական հանձնաժողովի քարտուղար՝ առանց քվեարկության և միջամտության իրավունքի: Վերջինիս են տրամադրվում վերջնական գնահատման փուլ անցած և Փորձագետների կողմից գնահատված Հայտերը և գնահատման թերթիկ-հիմնավորումները` սահմանված կարգով հետագա գործընթացն ապահովելու համար:
  • Փորձագիտական հանձնաժողովի քարտուղարը 3 (եռօրյա)-օրյա ժամկետում Փորձագետների տրամադրած գնահատման թերթիկ-հիմնավորումների (Հավելված 8) տվյալների համաձայն պատրաստում է մրույթի արդյունքների ամփոփման և ֆինանսավորման թերթիկները (Հավելված 9) և Փորձագետներին հրավիրում է Հայտերի հաստատման փուլ անցած Նախագծերին տրամադրվելիք ֆինանսավորման քննարկման նիստին: Ընտրվում են հաստատման ենթակա Նախագծերը, որոնց ցանկը հրապարակվում է Հիմնադրամի պաշտոնական կայքէջում:
  • Փորձագիտական հանձնաժողովի բոլոր անդամների կողմից ֆինանսավորման համար ընտրված Հայտերի հավասար միավորների և հավասար պայմանների (Հավելված 9) պարագայում որոշումը կայացվում է Փորձագիտական հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Տվյալ կետը վերաբերում է ֆինանսական բաշխման արդյունքում առաջացած մնացորդին:
  1. Փորձագիտական հանձնաժողովի նիստի արդյունքների հիման վրա Փորձագիտական հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է Նախագծերի վարկանիշ, որը դասակարգվում է ըստ միավորների քանակի միջին (թվաբանական միջին) նվազման, որը ենթակա է հաստատման Փորձագիտական հանձնաժողովի արձանագրությամբ:
  2. Խաղարկային, վավերագրական և անիմացիոն նախագծերի Հայտերի հաստատման փուլի նիստերը տեղի են ունենում միմյանցից առանձին, առաջնորդվելով «Լավագույն Նախագիծ» սկզբունքով՝ առանց անվանակարգերի բաշխվածության, և արձանագրվում են: Եթե առկա է հանձնախմբի անդամի հատուկ կարծիք, ապա վերջինը կցվում է արձանագրություններին: Արձանագրությունները ստորագրում են տվյալ Փորձագիտական հանձնաժողովի անդամները և քարտուղարը:
  3. Նախագծերի վարկանիշը Հիմնադրամի Փորձագիտական հանձնաժողովի արձանագրության ստորագրման օրվանից 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամի կողմից ուղարկվում է Հիմնադրամի Խորհրդի հաստատմանը:
  • Հիմնադրամի խորհուրդը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում դիտարկում և առարկությունների բացակայության դեպքում հաստատում է ֆինանսավորման ենթակա Նախագծերի ցանկը: Խորհուրդը իրավասու է կինոոլորտում իրականացվող քաղաքականության առաջնահերթությամբ պայմանավորված Նախագծերին տրամադրել սահմանաչափից ավելի ֆինանսավորում՝ ֆինանսական միջոցների առկայության դեպքում:
  1. Հաստատված Հայտերի ցանկը՝ տրամադրվելիք ֆինանսավորման չափի մասին տեղեկությամբ 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է Հիմնադրամի պաշտոնական կայքում և Նախագծերի փաստաթղթային փաթեթները (ներառյալ՝ ֆիլմարտադրության ծրագիրը, նախահաշիվները, Փորձագիտական հանձնաժողովի արձանագրությունը և Հիմնադրամի Խորհրդի արձանագրությունը) ուղարկվում են Նախարարություն՝ Հիմնադրամի հետ Նախագծերի ֆինանսավորման պայմանագիր կնքելու համար:
  • Սույն Կանոնակարգի շրջանակներում ստեղծված բոլոր ցանկերը կազմվում են Ֆիլմարտադրության փուլերով ու անվանակարգերով խմբավորված՝ յուրաքանչյուր Նախագծի դիմաց նշելով պրոդյուսերի, սցենարիստի, ռեժիսորի և Հայտատուի (տնտեսավարող սուբյեկտ) անունները:
  1. Հրապարակումից հետո 5 (հինգ) աշխատանքային օրում Նախարարությունը կնքում է պայմանագիր Հիմնադրամի հետ, որից հետո՝ 5 (հինգ) աշխատանքային օրում Հիմնադրամը կնքում է պայմանագրեր կամ համաձայնագրեր Հայտատուների հետ:
  2. Հայտերի վերաբերյալ Փորձագիտական հանձնաժողովի կողմից ներկայացված բոլոր գնահատման թերթիկ-հիմնավորումները Հայտատուներին ուղարկվում են մրցույթի ավարտից հետո՝ նրանց գրավոր պահանջի դեպքում՝ 5 (հինգ) աշխատանքային օրում:
  3. Մերժված Հայտերը նոր մրցույթի կարող են դիմել ևս 2 (երկու) անգամ:

 

  1. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն կանոնակագն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա
  3. Սույն Կանոնակարգով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:
  4. Սույն Կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո՝ 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հիմնադրամի պաշտոնական կայքերում:
  5. Սույն Կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո անհաղթահարելի ուժ (Ֆորս-մաժոր) առաջանալու դեպքում սույն Կանոնակարգով նախատեսված ժամկետները և/կամ ընթացակարգերը կարող են կասեցվել մինչև անհաղթահարելի ուժի ազդեցության վերացումը: Անհաղթահարելի ուժ (Ֆորս-մաժոր) են համարվում երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն, կարանտին հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնար են դարձնում սույն կանոնակարգով նախատեսված դրույթների կատարումը:
  6. Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը տևում է 3 (երեք) ամսից ավելի¸ ապա հայտարարված մրցույթը կարող է չեղյալ հայտարարվել:
  7. Անհաղթահարելի ուժի ազդեցության դեպքում Հիմնադրամն իրավունք ունի հաշվետու տարում մրցույթ չանցկացնել կամ անցկացնել սույն Կանոնակարգի 5-րդ կետով նախատեսված կարգի և ժամկետների շեղումներով:
  8. Սույն Կանոնակարգի հավելվածները հանդիսանում են սույն Կանոնակարգի անբաժանելի մասը:

 

  • Discussed

    17.02.2025 - 04.03.2025

  • Type

    Order Decision

  • Area

    Cultural

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2339

Print

Suggestions

Վարդ Սողոմոնյան

04.03.2025

ԿԳՄՍ-ի ցանկացած նախագծին դեմ եմ

Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան

04.03.2025

ԿԱՐԵՒՈՐ․ Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին 2 ժամրի ընթացքում հստակ լցոնում է կատարվում համակարգում։ Այդքան թվով կինոգործիչ ուղղակի չկա Հայաստանում։ Պարտադիր է ստուգումներ կատարել ու հրապարակել քվեարկողների ցանկը։

Inna Sahakyan

04.03.2025

"Հայտում նշված տեղեկությունների հավաստիությունն ստուգելու նպատակով Հիմնադրամն իրավունք ունի երրորդ անձանցից ստանալու տեղեկատվություն Հայտատուի վերաբերյալ:" Կարծում եմ այս կետը հակասում է կինոգործիչների իրավունքներին և խախտում գաղտնիության սկզբունքը։ Առաջարկում եմ այն հանել։

See more