1. Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով մրցույթում հաղթող չճանաչվելու դեպքում, մրցույթ անցկացնելու օրվանից 14 օրվա ընթացքում նոր մրցույթի անցկացման պարտադիր պայմանի հանումը կառաջացնի կամայականության դրսևորման ռիսկ, հաշվի առնելով, որ հիմնականում ժամանակավոր սպասարկման իրավունքը վերապահվում է տվյալ երթուղու գործող սպասարկողին։
Միաժամանակ հիմնական իրավական ակտի 66-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված էր, որ մրցույթը համարվում է չկայացած, եթե՝ մրցույթին մասնակցելու համար ոչ մի հայտ չի ներկայացվել, կամ ներկայացված հայտում (հայտերում) առկա է սույն կարգով սահմանված հայտի մերժման հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև, եթե մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած կազմակերպություններից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է նոր մրցույթ, որը հայտարարվում է մրցույթ անցկացնելու օրվանից 14 օրվա ընթացքում տվյալ կարգի պահանջներին համապատասխան, այնինչ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1714-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն նոր մրցույթ անցկացնելու 14 օրվա ժամկետը հանվել է (կարգի 66-րդ կետը խմբագրվել է): Ակամայիս հարց է առաջանում, ինչու Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1714-Ն որոշմամբ, կարգի 46-րդ կետը փոփոխության չի ենթարկվել:
Ըստ կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետի Հանձնաժողովը՝ նախապատրաստում և հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ դրա ղեկավարի հաստատմանն է ներկայացնում մրցույթ անցկացնելու ժամանակացույցը, որը հաստատվելուց հետո 7 օրվա ընթացքում մեկ օրինակը ներկայացնում է լիազոր մարմնին (բացառությամբ լիազոր մարմնի կողմից հաստատված մրցույթների անցկացման ժամանակացույցի), իսկ ըստ կարգի 10-րդ կետի համաձայն N 14 ձևի՝ մրցույթ անցկացնելու ժամանակացույցը կազմվում է մեկ տարվա համար, այն պետք է հաստատվի մինչև նախորդող տարվա նոյեմբերի 1-ը: Մրցույթ անցկացնելու ժամանակացույցը հաստատվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է լիազոր մարմնի, ինչպես նաև հանձնաժողովը կազմավորող մարմնի պաշտոնական կայքէջերում:
Վերոգրյալ կարգավորումների բովանդակությունից պարզ է դառնում, որ սահմանված ընթացակարգային ժամկետները կարգավորում են մրցույթի կոնկրետ փուլերը: Կարգի 46-րդ և 66-րդ կետերում ընթացակարգային ժամկետներ չսահմանելը հակասություն կառաջացնի վերը նշված կետերի և կարգի 10-րդ կետի միջև, համաձայն որի ժամանակացույցով սահմանվում են մրցույթներ անցկացնելու ընթացակարգային ժամկետներ, իսկ կարգով սահմանված չէ որևէ ընթացակարգային ժամկետ նոր կամ կրկնակի մրցույթ անցկացնելու համար:
Տվյալ պարագայում անհրաժեշտ է սահմանել հստակ, թափանցիկ մեխանիզմ, համաձայն որի մի կողմից կբացառվի անընդհատ կրկնակի մրցույթների հայտարարումը, չհասնելով՝ ցանկալի արդյունքի, մյուս կողմից բացառել այն փոխադրողների գործողությունները, որոնք շարունակում են առանց հիմնական ներդրումներ կատարելու՝ մրցույթի մասնակցելու, շահագործել նախկինում իրենց կողմից սպասարկվող երթուղիները։
Նշված խնդրի հիմնական պատասխանատուները հանդիսանում են համապատասխան երթուղային ցանցերը ձևավորող մարմինները, որոնց ոչ արհեստավարժ աշխատակիցները ունակ չեն մշակել և առաջարկել գրավիչ երթուղային ցանց։