Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2025/2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

100%0%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կրթության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից:

Մագիստրատուրայի 2025/2026 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերը ձևավորելիս հիմք է ընդունվել Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի հմ. 1363-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը», որով սահմանված է պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները համապատասխան որակավորմամբ մասնագետներով ապահովելու պահանջարկը: Հաշվի են առնվել նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված հայտերը, աշխատաշուկայում որոշ մասնագիտությունների (կրթական ծրագրերի) (այսուհետ՝ ԿԾ) գծով առկա պահանջարկը, ըստ մասնագիտությունների և ԿԾ-երի նախորդ ուսումնական տարիներին իրականացված փաստացի ընդունելության ցուցանիշները, բակալավրիատի բարձր առաջադիմությամբ շրջանավարտների թիվը, ինչպես նաև լիցենզիայով բուհերին՝ ըստ մասնագիտությունների և ԿԾ-երի հատկացված տեղերի քանակը:

Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի հմ. 1902-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բաժնի 18-րդ կետի համաձայն՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության 4-ական տեղեր են հատկացվել «Արևելագիտություն» մասնագիտության «Ադրբեջանագիտություն» և «Կովկասագիտություն» մասնագիտության «Վրացագիտություն» ԿԾ-երին: Նրանց ուսումնառությունը կկազմակերպվի Երևանի պետական համալսարանում: «Ադրբեջանագիտություն» և «Վրացագիտություն» ԿԾ-ի ֆինանսավորումը ներառված է 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրում:

Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել տնտեսության զարգացման կարիքներին համահունչ մագիստրոսի ԿԾ-ով մասնագետների պատրաստման գործընթացը: Մասնավորապես տեղեր են հատկացվել համակարգչային գիտությունների, մաթեմատիկայի, ֆիզիկական գիտությունների, կենսաբանական գիտությունների, գյուղատնտեսության, անտառային տնտեսության, անասնաբուժության, տվյալագիտության, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, գեոմատիկայի, ծրագրային ճարտարագիտության, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության ոլորտների մասնագիտությունների ԿԾ-երին:

Նախագծով մագիստրատուրայի 2025/2026 ուստարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերի ցանկը լրացվել է նոր ԿԾ-երով, որոնցից են՝ «Ֆիզիկա» մասնագիտության «Տեսական ֆիզիկա», «Օպտիկա» և «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկա» ԿԾ-երը, «Աշխարհագրություն» մասնագիտության «Ջրաօդերևութաբանություն» ԿԾ-ը, «Միջազգային հարաբերություններ» մասնագիտության «Ցեղասպանագիտություն» ԿԾ-ը, «Զբոսաշրջություն» մասնագիտության «Կրոնական զբոսաշրջություն» ԿԾ-ը, «Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտության «Միջազգային իրավունք» ԿԾ-ը, «Մետալուրգիա» մասնագիտության նույն ԿԾ-ը, «Գեոմատիկա» մասնագիտության «Գեոդեզիա և կադաստր» ԿԾ-ը, «Շինարարական ճարտարագիտություն» մասնագիտության «Ջերմագազամատակարարում և օդափոխություն» և «Ավտոճանապարհներ, կամուրջներ, թունելներ» ԿԾ-երը, «Հոգեբանություն» մասնագիտության «Գործնական հոգեբանություն» ԿԾ-ը, «Իրավագիտություն» մասնագիտության «Քրեական իրավունք և դատավարություն» և «Գործարարական իրավունք» ԿԾ-երը, «Քաղաքագիտություն» մասնագիտության «Ազգային անվտանգություն» և «Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն» ԿԾ-ը, «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության նույն ԿԾ-ը, «Կենսաբանություն» մասնագիտության «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» ԿԾ-ը:

Նախատեսվում է 2025/2026 ուստարում բնական գիտություններ բնագավառի մասնագիտություններին հատկացնել է 220 տեղ՝ ընդհանուր հատկացված տեղերի 20.8 %-ը, տեխնիկական գիտություններին՝ 221 տեղ՝ ընդհանուր տեղերի 20.9 %-ը, գյուղատնտեսական գիտություններին՝ 94 տեղ՝ ընդհանուր տեղերի 8.9 %-ը (ընդամենը՝ 50,6%):

Այսպիսով, 2025/2026 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի ԿԾ-ով ընդունելությանը հատկացվել է 1277 տեղ, որից 1055-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին, պահուստային տեղերի քանակը 7-ն է, որն ըստ անհրաժեշտության կբաշխվի ընդունելության մրցույթի արդյունքում հավասար միջին որակական գնահատական (ՄՈԳ) հավաքած կամ ԲՏՃՄ մասնագիտություններով առավելագույն միավորներ ունեցող դիմորդներին:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս ուսումնական տարում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 40 տեղ, որից 10 տեղը՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի «Միավորումների և զորամասերի կառավարում» մասնագիտությանը, և 30 տեղ՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտությանը: Նշեմ, որ այդ տեղերի ֆինանսավորումը կատարվում է Պաշտպանության նախարարության բյուջեի միջոցների հաշվին:

Կառավարության 2018թ. ապրիլի 12-ի N 430-Ն որոշմամբ հաստատված պայմանագրի 2.1.5. կետի համաձայն՝ նախկինում «Պատիվ ունեմ» ծրագրով բուհն ավարտած շրջանավարտներին իրավունք է վերապահված զինվորական ծառայությունից արձակվելուց հետո 2 տարվա ընթացքում, ՊՆ ուղեգրի հիման վրա դիմելու մագիստրատուրա, և մրցույթը հաղթահարելու պարագայում սովորելու պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ուսուցման համակարգում: Պաշտպանության նախարարության առաջարկությամբ այս նպատակի համար հատկացվել է 30 տեղ: Տեղերին կարող են հավակնել «Պատիվ ունեմ» ծրագրով` բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված ԿԾ-ով ուսումնառությունը և հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունն ավարտած շրջանավարտները: Մագիստրատուրայի մրցույթային արդյունքների ամփոփումից հետո, հիմք ընդունելով Պաշտպանության նախարարությանից ստացված փաստացի ընդունելության արդյունքները՝ վճարովի ուսուցման համակարգ ընդունված դիմորդները՝ ըստ իրենց դիմած բուհերի, մասնագիտությունների և ԿԾ-երի, կհրամանագրվեն որպես պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ սովորող ուսանողներ:

                              

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի ընդունման նպատակն է կանոնակարգել իրավական դաշտը բարձրագույն կրթության բնագավառում, հաշվի առնելով Սահմանադրությամբ ամրագրված մրցութային հիմունքներով անվճար մասնագիտական կրթություն ստանալու անձի իրավունքը:

Մագիստրոսի ԿԾ-ով ընդունելության կազմակերպումը հետապնդում է երկու նպատակ՝

  1. Աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նեղ մասնագիտական գիտելիքներով մասնագետների պատրաստում, որոնք ուսումն ավարտելուց հետո հիմնարար գիտելիքներով աշխատանքի կանցնեն համապատասխան ոլորտում.
  2. Լայն մտահորիզոն և անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ունեցող որակյալ մասնագետների պատրաստում, որոնք հետագայում իրենց կրթությունը կշարունակեն ավելի բարձր կրթական աստիճանում՝ ասպիրանտուրայում:

3. ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի բարձրագույն կրթության շարունակականությունը և մագիստրոսի ԿԾ-ով բարձր որակավորմամբ կադրերի պատրաստումը: Այն կնպաստի պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառների մասնագետների պատրաստմանը:

5. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

Նախագիծը բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության «Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» 1-ին մեգանպատակից, ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող և Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4.3-րդ գլխով սահմանված բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխմանը միտված՝ աշխատաշուկայի նոր պահանջներին համապատասխան մասնագիտությունների ներդրման, բարձրագույն կրթությամբ մրցունակ կադրերի պատրաստման, բնագիտական ուղղություններով բարձրագույն կրթության որակի զարգացման ռազմավարական նպատակներից:

  • Discussed

    20.02.2025 - 07.03.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 813

Print

Suggestions

Արարատ Մովսեսյան

27.02.2025

Առաջարկ-դիտարկում «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ Դրական կողմեր. Կրթության հասանելիության ապահովում – Որոշումը հնարավորություն է տալիս առավել լայն թվով ուսանողների օգտվելու պետության կողմից ֆինանսավորվող ուսուցման հնարավորությունից, ինչը կնպաստի կրթության մատչելիությանը: Կրթական առաջընթացի խթանում – Մագիստրոսական կրթության համար լրիվ ֆինանսավորում տրամադրելով՝ պետությունը խթանում է գիտելիքահեն տնտեսության զարգացումը և բարձրակարգ մասնագետների պատրաստումը: Մրցունակության բարձրացում – Ազատ վարձավճարով կրթություն ստանալու հնարավորությունը կարող է խրախուսել ուսանողներին ավելի լավ առաջադիմելու և բարձրակարգ կրթություն ստանալու: Սոցիալական արդարության ապահովում – Ֆինանսական աջակցությունն առավել կարիքավոր ուսանողների համար կարող է նվազեցնել սոցիալական անհավասարությունը և մեծացնել մագիստրոսական կրթություն ստանալու հնարավորությունները: Բացասական կողմեր և հնարավոր ռիսկեր. Պետական բյուջեի ծանրաբեռնվածություն – Ֆինանսավորման մեծ ծավալները կարող են լրացուցիչ բեռ դառնալ պետական բյուջեի համար, եթե համապատասխան աղբյուրները կայուն չեն: Հնարավոր անհավասար բաշխում – Պետական ֆինանսավորմամբ տեղերի բաշխման գործընթացը կարող է առաջացնել անհավասար մրցակցային պայմաններ, եթե թափանցիկության և արդարության մեխանիզմները լիարժեք չեն ապահովվում: Կրթական որակի հարցեր – Որոշումը կարող է հանգեցնել ավելի մեծ թվով դիմորդների ընդունելությանը, ինչը կարող է ճնշում գործադրել բուհերի ուսումնական ծրագրերի որակի վրա: Աշխատաշուկայի պահանջների անհամապատասխանություն – Հնարավոր է, որ ֆինանսավորվող ծրագրերը չհամապատասխանեն աշխատաշուկայի իրական կարիքներին, ինչը հետագայում կարող է խնդիրներ առաջացնել շրջանավարտների զբաղվածության հարցում: Առաջարկներ. Հստակ չափանիշների սահմանում – Պետական ֆինանսավորմամբ տեղերը բաշխելիս անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես ուսանողների ակադեմիական առաջադիմությունը, այնպես էլ սոցիալական կարիքները: Թափանցիկության ապահովում – Ընդունելության և ֆինանսավորման տրամադրման գործընթացները պետք է լինեն բաց և թափանցիկ՝ խուսափելով հնարավոր չարաշահումներից: Կրթական ծրագրերի համապատասխանեցում աշխատաշուկային – Պետությունը պետք է համադրել մագիստրոսական կրթական ծրագրերը տնտեսության և աշխատաշուկայի կարիքների հետ՝ ապահովելով շրջանավարտների պահանջվածություն: Մշտադիտարկման համակարգի ներդրում – Ֆինանսավորման արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է մշակել մշտադիտարկման մեխանիզմ, որը կգնահատի ծրագրի ազդեցությունը կրթության որակի և շրջանավարտների մասնագիտական զբաղվածության վրա: Այս որոշումը կարող է դրական ազդեցություն ունենալ բարձրագույն կրթության համակարգի վրա, սակայն դրա իրականացումը պետք է լինի մանրակրկիտ և հիմնված հավասարակշռված մոտեցման վրա՝ ապահովելով թե՛ կրթական որակի բարձրացում, թե՛ ֆինանսական կայունություն:

Գեղեցիկ Վարդանյան

25.02.2025

Նախագիծը կարևոր քայլ է բարձրագույն կրթության հասանելիությունն ապահովելու համար , սակայն անհրաժեշտ է հստակեցնել ուսման վարձի լրիվ փոխհատուցման չափորոշիչները։Կարևոր է, որ աջակցությունն ուղղվի ոչ միայն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, այլև սոցիալապես խոցելի խմբերին և ռազմավարական մասնագիտություններին՝ խթանելով կրթության որակի բարձրացումը և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստումը։

Քրիստինե Մուշեղյան

24.02.2025

Առաջարկում եմ պետական ֆինանսավորմամբ ուսման դիմաց ուսանողների հնարավոր պարտավորությունների հստակեցում լինի։ Պետական ֆինանսավորմամբ ընդունված ուսանողներից ակնկալվող պարտավորություններ լինեն (օրինակ՝ աշխատել որոշակի ոլորտում, չլքել երկիրը որոշ ժամանակահատվածում և այլն)։ Մագիստրատուրայից հետո աշխատանքի ուղղորդման կամ պարտադիր աշխատանքի պահանջի հստակեցում նաև լինի։ Նաև ինչպե՞ս է որոշվելու՝ ով է ստանում պահուստային տեղերը։ Արդյո՞ք մրցութային շեմը լրացրած բոլոր դիմորդները կարող են հավակնել այդ տեղերին։ Շնորհակալություն

See more