ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կրթության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից:
Մագիստրատուրայի 2025/2026 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերը ձևավորելիս հիմք է ընդունվել Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի հմ. 1363-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը», որով սահմանված է պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները համապատասխան որակավորմամբ մասնագետներով ապահովելու պահանջարկը: Հաշվի են առնվել նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված հայտերը, աշխատաշուկայում որոշ մասնագիտությունների (կրթական ծրագրերի) (այսուհետ՝ ԿԾ) գծով առկա պահանջարկը, ըստ մասնագիտությունների և ԿԾ-երի նախորդ ուսումնական տարիներին իրականացված փաստացի ընդունելության ցուցանիշները, բակալավրիատի բարձր առաջադիմությամբ շրջանավարտների թիվը, ինչպես նաև լիցենզիայով բուհերին՝ ըստ մասնագիտությունների և ԿԾ-երի հատկացված տեղերի քանակը:
Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի հմ. 1902-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բաժնի 18-րդ կետի համաձայն՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության 4-ական տեղեր են հատկացվել «Արևելագիտություն» մասնագիտության «Ադրբեջանագիտություն» և «Կովկասագիտություն» մասնագիտության «Վրացագիտություն» ԿԾ-երին: Նրանց ուսումնառությունը կկազմակերպվի Երևանի պետական համալսարանում: «Ադրբեջանագիտություն» և «Վրացագիտություն» ԿԾ-ի ֆինանսավորումը ներառված է 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրում:
Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել տնտեսության զարգացման կարիքներին համահունչ մագիստրոսի ԿԾ-ով մասնագետների պատրաստման գործընթացը: Մասնավորապես տեղեր են հատկացվել համակարգչային գիտությունների, մաթեմատիկայի, ֆիզիկական գիտությունների, կենսաբանական գիտությունների, գյուղատնտեսության, անտառային տնտեսության, անասնաբուժության, տվյալագիտության, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, գեոմատիկայի, ծրագրային ճարտարագիտության, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության ոլորտների մասնագիտությունների ԿԾ-երին:
Նախագծով մագիստրատուրայի 2025/2026 ուստարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերի ցանկը լրացվել է նոր ԿԾ-երով, որոնցից են՝ «Ֆիզիկա» մասնագիտության «Տեսական ֆիզիկա», «Օպտիկա» և «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկա» ԿԾ-երը, «Աշխարհագրություն» մասնագիտության «Ջրաօդերևութաբանություն» ԿԾ-ը, «Միջազգային հարաբերություններ» մասնագիտության «Ցեղասպանագիտություն» ԿԾ-ը, «Զբոսաշրջություն» մասնագիտության «Կրոնական զբոսաշրջություն» ԿԾ-ը, «Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտության «Միջազգային իրավունք» ԿԾ-ը, «Մետալուրգիա» մասնագիտության նույն ԿԾ-ը, «Գեոմատիկա» մասնագիտության «Գեոդեզիա և կադաստր» ԿԾ-ը, «Շինարարական ճարտարագիտություն» մասնագիտության «Ջերմագազամատակարարում և օդափոխություն» և «Ավտոճանապարհներ, կամուրջներ, թունելներ» ԿԾ-երը, «Հոգեբանություն» մասնագիտության «Գործնական հոգեբանություն» ԿԾ-ը, «Իրավագիտություն» մասնագիտության «Քրեական իրավունք և դատավարություն» և «Գործարարական իրավունք» ԿԾ-երը, «Քաղաքագիտություն» մասնագիտության «Ազգային անվտանգություն» և «Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն» ԿԾ-ը, «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության նույն ԿԾ-ը, «Կենսաբանություն» մասնագիտության «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» ԿԾ-ը:
Նախատեսվում է 2025/2026 ուստարում բնական գիտություններ բնագավառի մասնագիտություններին հատկացնել է 220 տեղ՝ ընդհանուր հատկացված տեղերի 20.8 %-ը, տեխնիկական գիտություններին՝ 221 տեղ՝ ընդհանուր տեղերի 20.9 %-ը, գյուղատնտեսական գիտություններին՝ 94 տեղ՝ ընդհանուր տեղերի 8.9 %-ը (ընդամենը՝ 50,6%):
Այսպիսով, 2025/2026 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի ԿԾ-ով ընդունելությանը հատկացվել է 1277 տեղ, որից 1055-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին, պահուստային տեղերի քանակը 7-ն է, որն ըստ անհրաժեշտության կբաշխվի ընդունելության մրցույթի արդյունքում հավասար միջին որակական գնահատական (ՄՈԳ) հավաքած կամ ԲՏՃՄ մասնագիտություններով առավելագույն միավորներ ունեցող դիմորդներին:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս ուսումնական տարում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 40 տեղ, որից 10 տեղը՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի «Միավորումների և զորամասերի կառավարում» մասնագիտությանը, և 30 տեղ՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտությանը: Նշեմ, որ այդ տեղերի ֆինանսավորումը կատարվում է Պաշտպանության նախարարության բյուջեի միջոցների հաշվին:
Կառավարության 2018թ. ապրիլի 12-ի N 430-Ն որոշմամբ հաստատված պայմանագրի 2.1.5. կետի համաձայն՝ նախկինում «Պատիվ ունեմ» ծրագրով բուհն ավարտած շրջանավարտներին իրավունք է վերապահված զինվորական ծառայությունից արձակվելուց հետո 2 տարվա ընթացքում, ՊՆ ուղեգրի հիման վրա դիմելու մագիստրատուրա, և մրցույթը հաղթահարելու պարագայում սովորելու պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ուսուցման համակարգում: Պաշտպանության նախարարության առաջարկությամբ այս նպատակի համար հատկացվել է 30 տեղ: Տեղերին կարող են հավակնել «Պատիվ ունեմ» ծրագրով` բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված ԿԾ-ով ուսումնառությունը և հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունն ավարտած շրջանավարտները: Մագիստրատուրայի մրցույթային արդյունքների ամփոփումից հետո, հիմք ընդունելով Պաշտպանության նախարարությանից ստացված փաստացի ընդունելության արդյունքները՝ վճարովի ուսուցման համակարգ ընդունված դիմորդները՝ ըստ իրենց դիմած բուհերի, մասնագիտությունների և ԿԾ-երի, կհրամանագրվեն որպես պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ սովորող ուսանողներ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծի ընդունման նպատակն է կանոնակարգել իրավական դաշտը բարձրագույն կրթության բնագավառում, հաշվի առնելով Սահմանադրությամբ ամրագրված մրցութային հիմունքներով անվճար մասնագիտական կրթություն ստանալու անձի իրավունքը:
Մագիստրոսի ԿԾ-ով ընդունելության կազմակերպումը հետապնդում է երկու նպատակ՝
- Աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նեղ մասնագիտական գիտելիքներով մասնագետների պատրաստում, որոնք ուսումն ավարտելուց հետո հիմնարար գիտելիքներով աշխատանքի կանցնեն համապատասխան ոլորտում.
- Լայն մտահորիզոն և անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ունեցող որակյալ մասնագետների պատրաստում, որոնք հետագայում իրենց կրթությունը կշարունակեն ավելի բարձր կրթական աստիճանում՝ ասպիրանտուրայում:
3. ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի բարձրագույն կրթության շարունակականությունը և մագիստրոսի ԿԾ-ով բարձր որակավորմամբ կադրերի պատրաստումը: Այն կնպաստի պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառների մասնագետների պատրաստմանը:
5. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին
Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»
Նախագիծը բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության «Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» 1-ին մեգանպատակից, ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող և Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4.3-րդ գլխով սահմանված բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխմանը միտված՝ աշխատաշուկայի նոր պահանջներին համապատասխան մասնագիտությունների ներդրման, բարձրագույն կրթությամբ մրցունակ կադրերի պատրաստման, բնագիտական ուղղություններով բարձրագույն կրթության որակի զարգացման ռազմավարական նպատակներից: