«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ․
«պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ՝ ավտոմոբիլային ճանապարհներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար, ինչպես նաև ավտոմոբիլային ճանապարհներ, որոնք միմյանց են կապում ռազմական, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ, կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտները և նախատեսված են ռազմական դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ռազմական տեխնիկայի փոխադրումների, բնակչության, մշակութային արժեքների տարհանման համար։»։
Հոդված 2․ Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ մասով․
«12. Հայաստանի Հանրապետության պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհները, անկախ դրանց սեփականության ձևից և նշանակությունից, կարող են դասակարգվել որպես պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ։
Հոդված 3․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10․1-ին հոդվածով․
«Հոդված 10․1 Պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը
1․ Պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ կապված հարբերությունները խաղաղ ժամանակ կարգարվում են սույն օրենքով։
2․ Պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա երթևեկությունը, դրանց օգտագործման կարգը կարող է սահմանափակվել միայն ռազմական դրության ժամանակ։
3․ Պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանկը, դրանց շինարարության և պահպանման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։
Հոդված 4․ Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 17-19-րդ մասերով.
«17․ Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատվող օբյեկտները ընդհանուր օգտագործաման ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու համար գանձվում է վճար՝ ավտոճանապարհների սեփականատերերի հետ կառուցապատվող շինությունը ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու համար կնքվող պայմանագրի հիման վրա:
18․ Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատվող օբյեկտները ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու մասին պայմանագիր կնքելիս ավտոմոբիլային ճանապարհը տնօրինողը պարտավոր է տեղեկացնել պայմանագիր կնքած անձին ճանապարհի տվյալ հատվածում նախատեսվող շինարարական աշխատանքների ժամկետների վերաբերյալ։
19․Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատվող օբյեկտները ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու համար թույլտվության ստացման կարգը և գանձվող վճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Սույն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասներկու ամսյա ժամկետում:
«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-258-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժը» կետով.
«ժը) պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ մասով․
«16) սահմանում է ռազմական դրության ժամանակ պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օգտագործման, պահպանման, վերականգնման կարգը, ինչպես նաև երևթևեկության սահմանափակումները»։
Հոդված 3․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: