Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի

սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»

 ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման գործընթացի լավարկման, այն հանրային պահանջարկին և տեխնոլոգիական զարգացումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։

Այսպես, ՀՀ ՆԳՆ-ն տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման բնագավառում հանդիսանում է շարժական գույքի կադաստր վարող լիազոր մարմին և այդ գործընթացում հավաքագրում է տրանսպորտային միջոցների հաշվառման տվյալները (այդ թվում՝ տեխնիկական, այն է՝ շարժիչի հզորությունը) սեփականատիրոջ կամ հաշվառող անձի կողմից ներկայացված տվյալների և տեղեկությունների հիման վրա՝ չունենալով տրանսպորտային միջոցի շարժիչի հզորությունը որոշելու լիազորություն։

ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշմամբ հաստատված N 4-րդ և N 5‑րդ հավելվածների 1-ին կետերի 5-րդ ենթակետերի համաձայն՝ տրանսպորտային միջոցը գրանցելու կամ միաժամանակ տրանսպորտային միջոցը գրանցելու և հաշվառելու դեպքում, ի թիվս այլ փաստաթղթերի, հաշվառման ստորաբաժանում է ներկայացվում տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանքը, եթե առանց տեխնիկական միջոցների կամ սարքավորումների հնարավոր չէ տեսնել կամ պարզել տրանսպորտային միջոցի շարժիչի հզորությունը։ Իսկ այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի թափքի և (կամ) ամրաշրջանակի վրա փակցված նույնականացման պիտակների վրա նշված է լինում տրանսպորտային միջոցի շարժիչի հզորությունը, ապա հիմք է ընդունվում այդ տվյալը։    

Ներկայումս ՀՀ-ում հաշվառվող էլեկտրամոբիլի էլեկտրաշարժիչի հզորության պարզումը դարձել է խնդրահարույց, քանի որ ՀՀ ներմուծվող էլեկտրամոբիլների զգալի մասի թափքի և (կամ) ամրաշրջանակի վրա կա՛մ առհասարակ բացակայում է նույնականացման պիտակը, կա՛մ փակցված լինելու դեպքում՝ բացակայում է էլեկտրաշարժիչի հզորության մասին նշումը, կա՛մ էլեկտրաշարժիչի հզորության մասին առկա է լինում երկու արժեք՝ առավելագույն և նվազագույն հզորության։

Նկարագրված իրավիճակը խնդրահարույց է դարձել էլեկտրամոբիլի էլեկտրաշարժիչի հզորությունը պարզելու տեսանկյունից, քանի որ փոխադրամիջոցի գույքահարկի տարեկան վճարման մատչելիության տեսանկյունից հաշվառողների համար ցանկալի է ունենալ շարժիչի հզորության փոքր ցուցանիշի գրառում։

Միաժամանակ, ՀՀ-ն լինելով ԵՏՄ լիիրավ անդամ, միացել է նաև «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի  2015 թվականի թիվ 122 որոշման (այսուհետ՝ Որոշում) 3.3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության լիազորված մարմիններին՝ մինչև 2021 մարտի 31-ը տրանսպորտային միջոցների ազատ (անարգել) շրջանառության նպատակով ապահովել տրանսպորտային միջոցների նկատմամբ գրանցման գործողությունների կատարման հնարավորությունը՝ էլեկտրոնային անձնագրերի և (կամ) էլեկտրոնային անձնագրերից քաղվածքների հիման վրա, որոնք հաստատված են պատրաստող կազմակերպության, ադմինիստրատորի կամ ազգային օպերատորի կնիքով:

Որոշման կարգով հաստատված հավելված N 3-ի ցանկի 7-րդ կետի 30-րդ ենթակետի համաձայն՝ տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրում նշվում է էլեկտրամոբիլի էլեկտրաշարժիչը (մակնիշը, տիպը)՝ աշխատանքային լարումը, 30 րոպեանոց առավելագույն հզորությունը, ինչը միանգամայն տարբերվում է ՀՀ կառավարության 2010 թվականի թիվ 1251‑Ն որոշմամբ հաստատված 4-րդ և 5‑րդ հավելվածների 1-ին կետերի 5-րդ ենթակետերի պահանջներով որոշվող շարժիչի հզորության արժեքից, քանի որ չի հանդիսանում օբյեկտիվ արժեք։

2 Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է նախատեսել այնպիսի կարգավորում, որը կարտացոլի էլեկտրամոբիլի շարժիչի հզորության օբեյեկտիվ չափը, քանի որ այն կվերցվի արդեն իսկ ձևավորված էլեկտրոնային անձնագիր ունեցող նույն մոդելի և հավաքածուն ունեցող տրանսպորտային միջոցի՝ ԵՏՄ համակարգում առկա տվյալից, իսկ նման տվյալի բացակայության դեպքում՝ իրավասու կազմակերպության կողմից ձևակերպված էլեկտրոնային անձնագրից, իսկ դրա անհնարինության դեպքում՝ տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կողմից տրված տեղեկանքում նշված արժեքից։ 

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական ծրագրերից։

 

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև՝ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու։

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ-ում ապահովել պետական հաշվառման ենթակա էլեկտրամոբիլների շարժիչի հզորության որոշման օբյեկտիվությունը և ԵՏՄ իրավական ակտերով սահմանված սկզբունքների կատարման ապահովումը։

 

 

 

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Обсуждалось

    18.12.2025 - 02.01.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство внутренних дел

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 634

Принт

Предложения

«ԼԵՔՍԵԼ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ

24.12.2025

Նախագիծը հակասում է իարավահավասարության սկզբունքին։

Այսպես՝

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վարչարարությունը դա վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:

Նորմի բովանդակությունից ակնհայտ է, որ նորմատիվ իրավական ակտի ընդունումը ևս վարչարարություն է, հետևաբար վարչական մարմինների նորմատիվ իրավական ակտերի ընդունման գործընթացը պետք է իրականացվի Օրենքի հիմնարար սկզբունքների պահպանմամբ։

Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք։

Ըստ նախագծի՝ էլեկտրոշարժիչի հզորությունը որոշվելու է նախ ԵՏՄ էլեկտրոնային անձնագրերի համակարգի ցածր ցուցանիշով, իսկ եթե այդ մոդելի տ/մ դեռ առկա չէ ԵՏՄ էլեկտրոնային անձնագրերի համակարգում, ապա՝ ԵՏՄ կարգերին համապատասխան էլեկտրոյանին անձնագիր պատրաստելու հավատարմագիր ունեցող լաբորատորիայի (այսուհետ՝ Լաբորատորիա) միջոցով։

Այսպիսով նախագծի ընդունման դեպքում միատեսակ փաստերին կտրվեն տարբերակված մոտեցում այն հաշվառմամբ, որ օրինակ, եթե X-ը ներմուծի այնպիսի էլեկտրոշաժիչով տ/մ որը ԵՏՄ էլեկտրոնային անձնագրերի համակարգում առկա չէ և առաջին անգամ պետք է գրանցվի ՀՀ-ում, ապա վերջինս պետք է դիմի Լաբորատորիա, վճարի 200.000 և ավելի գումար և ՀՀ ՆԳՆ-ին ներկայացնի էլ․եկտրոնային անձնագիր, իսկ X-ի ներմուծած էլեկտրոշաժիչով տ/մ-ն հաշվառելուց 10 օր անց Y-ի կողմից նույն տ/մ-ն ներմուծելու դեպքում վերջին սայլևս չի կրի այդ անձնագի հետ կապված ծախսերը։

Բացի դա, ներկայումս ՀՀ ԱԺ կողմից քննարկվում է «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ որպես ուղղակի խտրականություն է որակվում նաև անձի իրավունքների կապակցությամբ ընդունված կամ կատարված որևէ խտրական կարգավորումը, իսկ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին և օրենքներին, հետևաբար Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ընդունման դեպքում կունենանք  հստակ հակասություն։

Առաջարկումեմ նախագիծը հանել շրջանառությունից կամ խմբագրել՝ վերը բերված հիմնավորումների հաշվառմամբ։

Երջանիկ Առաքելյան

24.12.2025

ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը, իսկ ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ տնտեսական ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներից է գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը։Նախագծի ընդունման դեպքում ՀՀ-ում ԵՏՄ պահանջներից բխող էլ․ անձնագիր ձևավորելու տնտեսական-ձեռնրկատիրական գործունեություն ծավալած ընկերությունների սահմանադրական իրավունքը կխախտվի, ավելին, ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ օրինական ակնկալիքների սկզբունքը մաս է կազմում իրավական որոշակիության ընդհանուր սկզբունքի։ Այս սկզբունքը նաև արտահայտում է այն գաղափարը, որ պետական իշխանության մարմինները պետք է ոչ միայն պահպանեն օրենքները, այլև օրենքներից բխող ակնկալիքները (կետ 61)։Սույն դեպքում ՀՀ-ում ԵՏՄ պահանջներից բխող էլ․ անձնագիր ձևավորելու տնտեսական-ձեռնրկատիրական գործունեություն ծավալած ընկերությունների օրինական ակնկալիքը կխախտվի, իսկ այդ գործունեությամբ զբաղվելու մտայնություն ունեցողները այլև ձեռնպահ կման այդ գործունեության ծավալման համար ներդրումներ կատարելուց ևարդյունքում փոքր չէ հավանականությունը, որ այդ գործունեությամբ զբաղվող ՀՀ-ն ուղակի չի ունենա։

Ալբերտ Նավասարդյան

23.12.2025

ՀՀ ՆԳՆ-ն դա շարժական գույքի կադաստր է և ինչու պետք է նա որոշի շարժիչի հզորությունն առհասարակ, լինի դա էլեկտրական, թե ներքին այրման շարժիչ։ Շարժիչի հզորության և տ/մ-ների մնացած տեխնիկական տվյալները պետք է որոշվեն տեխնիկական մասնագետների կողմից, ինչի համար ՀՀ կառավարությունը կարող է նոր հեծանիվ չհայտնաբերել, քանի որ այդ մասին արդեն իսկ հոգացել են առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերը և մասնավորապես Եվրոպական երկրներում էլեկտրամոբիլների էլեկտրաշարժիչի հզորությունը որոշվում է ԵՄ-86/1269, 595/2009 հրահանգներին և ՄԱԿ-ի՝ 1958 Ժնևի R-85 հրահանգների պահանջներով, որոնք միանգամայն համընկնում են ՀՀ կողմից վավերացված և կիրառման ենթակա ԵՏՀ կոլեգիայի 2015 թվականի թիվ 122 որոշմամբ սահմանված պահանջներին։      

Նշվածի արդյուքում կարծում եմ նախագիծը պետք է հանել շրջանառությունից և ղեկավարվել միջազգային պահանջներով։ 

 

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: