Добавить в избранное

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ   

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1.Օրենքի կարգավորման առարկան 

  1. Սույն օրենքը սահմանում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության հիմնական սկզբունքները և կարգավորում է այդ ոլորտում պետական աջակցության իրականացման համակարգի ձևավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները:

 

 Հոդված 2. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենսդրությունը

  1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից և այլ իրավական ակտերից:
  2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1)        բարձր տեխնոլոգիաներ՝ նոր հնարավորությունների, տեղեկատվության, գիտելիքի, փորձի, նյութական միջոցների ամբողջություն, որը միտված է տնտեսությունում մրցունակ արտադրանք մշակելուն, ստեղծելուն, արտադրելուն, և որի հիմքում դրված են գիտատեխնիկական նորարարությունները, ներառյալ՝ տեղեկատվական տեխնոլոգիաները.   

2)      տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ համակարգչային հիմքի վրա, մասնավորապես ծրագրային ապահովման, սպասարկման կամ կառավարման տեղեկատվական համակարգեր, ինչպես նաև բոլոր ձևաչափերով տեղեկատվություն, ներառյալ` տվյալներ, պատկերներ (շարժական, անշարժ) ստեղծելու, փոխակերպելու, պահպանելու, պաշտպանելու, մշակելու, փոխանցելու և անվտանգ հայթայթելու համար օգտագործվող տեխնոլոգիաների բոլոր տեսակները.

3)      hարթակ` ինքնաշխատ ծրագրային համակարգ, որի միջոցով ներկայացվում են համապատասխան դիմումներն ու կազմակերպվում պետական աջակցության տրամադրումը.

4)      վարձու աշխատող՝ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրին համապատասխան աշխատանքներ կատարող.

5)     բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր, որոնց ավելացված արժեքի հարկի  և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներով հայտարարագրած գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 90%-ը պետական աջակցության տրամադրման հաշվետու ժամանակաշրջանում ձևավորվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակներից: Բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների որոշման համար հիմք է ընդունվում սույն կետում նշված հաշվարկներով (հաշվետվությամբ) հայտարարագրած տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչները․

6)      լիազոր մարմին՝ բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմին՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն.

7)      պետական աջակցություն՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր եռամսյակ տրամադրվող գումար.

8)      աշխատանքային միգրանտ՝ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող և Հայաստանի Հանրապետությունում օրինական աշխատանքային իրավունք ունեցող մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատող։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող երկքաղաքացին սույն օրենքի իմաստով  աշխատանքային միգրանտ չի համարվում.

9)      նոր աշխատող` մինչև 30 տարեկանը ներառյալ, առաջին անգամ բարձր տեխնոլոգիաների ոլորտ մուտք գործած և կառավարության կողմից սահմանված բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող մասնագիտական վարձու աշխատող․

10)    մասնագիտական աշխատանք՝ Կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմի մասնագիտական աշխատանք.

11)    պետական աջակցության տրամադրման հաշվետու ժամանակաշրջան՝ միգրանտների և նոր աշխատողների դեպքում՝ եռամսյակ, իսկ կադրերի վերապաստրաստման գծով՝ ավարտական վկայականի տրման օրը:

 

 Հոդված 4. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության սկզբունքները և նպատակները 

  1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունն իրականացվում է պետության և մասնավոր հատվածի համագործակցության, ինչպես նաև հրապարակայնության սկզբունքների հիման վրա:
  2. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության նպատակն է բարձր տեխնոլոգիաների`

1)     մրցունակության բարձրացումը.

2)     նոր աշխատուժի ներգրավումը,

3)     աշխատողների հմտությունների շարունակական բարձրացումը

4) որպես արտադրանք արտահանող երկրի դիրքերի ամրապնդումը։

 

Հոդված 5. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության իրականցումը.

  1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակները՝ ըստ տնտեսական գործունեության դասակարգիչների, սահմանում է Կառավարությունը։
  2. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին (այսուհետ նաև՝ տնտեսավարող սուբյեկտ) պետական աջակցությունը տրամադրվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված կարգով։
  3. Լիազոր մարմինը, հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակայությունները՝ մշակում և Կառավարության հաստատմանն է ներկայացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկված կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության այլ ձևերի տրամադրման կարգերը:
  4. Կառավարության կողմից հաստատված պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին պետական աջակցությունը տրամադրվում է՝
    • աշխատանքային միգրանտների ներգրավման համար, որոնք իրականացնում են մասնագիտական աշխատանք և համարվում են տվյալ տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատողները: Սույն ենթակետով սահմանված պետական աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է աշխատանքային միգրանտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով:
    • նոր աշխատողների ներգրավման համար, ընդ որում՝

ա.      նոր աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 100 տոկոսի չափով, եթե տնտեսավարող սուբյեկտի բոլոր վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը չի գերազանցում 30-ը:

բ.      նոր աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով, եթե բոլոր վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը 31 և ավելի է․

3)        Կառավարության կողմից հաստատված պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական  աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման գծով կատարված կրթական ծախսերի փոխհատուցման նպատակով, ընդ որում՝

ա.      տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով, եթե կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը չի գերազանցում 30-ը,

բ.      տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 25 տոկոսի չափով, եթե վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը 31 և ավելի է։

  1. Սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետի կիրառման դեպքում փոխհատուցումը ներառում է նաև կադրերի պատրաստման և վերապատրաստման նպատակով տնտեսավարող սուբյեկտի կողմից կատարված գործուղման ծախսերը:
  2. Սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի կիրառության դեպքում տնտեսավարող սուբյեկտի միջոցներից կադրերի պատրաստման և վերապատրաստման հիմնավորումները (վկայական, վերապատրաստման ծախսերը հիմնավորող փաստաթղթեր և այլն) ուսումնասիրվում են լիազոր մարմնի կողմից:
  3. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ ենթակետերի կիրառության նպատակով՝ աշխատողների եռամսյակային միջին քանակը որոշվում է հետևյալ կերպ՝

1)     Գործող տնտեսավարող սուբյեկտի համար՝ տվյալ եռամսյակի յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով 3-ի:

2)     Տվյալ եռամսյակում նոր ստեղծված (հաշվառված) տնտեսավարող սուբյեկտի համար՝ ստեղծման (հաշվառման) օրվանից մինչև եռամսյակի վերջը ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով տվյալ տնտեսավարող սուբյեկտի ստեղծման (հաշվառման) օրվանից մինչև եռամսյակի վերջն ընկած ժամանակահատվածի ամիսների (այդ թվում՝ ոչ ամբողջական ամիսների) թվի վրա:

3) Եթե տնտեսավարող սուբյեկտը ստեղծվել (հաշվառվել) է տվյալ եռամսյակի վերջին ամսին, ապա աշխատողների միջին եռամսյակային քանակ է համարվում այդ ամսվա վերջին օրվա դրությամբ առևտրային կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ մոտ առկա աշխատողների քանակը:

  1. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված՝ հաշվետու ժամանակաշրջանի համար տրամադրվող պետական աջակցությունների հանրագումարը չի կարող գերազանցել նույն հաշվետու ժամանակաշրջանի մասով տվյալ տնտեսավարող սուբյեկտի բոլոր աշխատողների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսը։
  2. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ նոր աշխատողների մասով պետական աջակցությունը տրամադրվում է վարձու աշխատողի՝ առաջին աշխատանքի անցնելու պահից երեք օրացուցային տարիների համար։
  3. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պետական աջակցությունների տրամադրման կարգերը սահմանում է Կառավարությունը:
  4. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված աջակցությունը տրամադրվում է հարկման ընդհանուր համակարգում և շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2032 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար: Ընդ որում, շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը աջակցությունից օգտվելը սկսելու օրացուցային տարվան հաջորդող երրորդ օրացուցային տարին լրանալուց հետո կարող է շարունակել օգտվել աջակցությունից, եթե գործում է հարկման ընդհանուր համակարգում:

 

 Հոդված 6. Տնտեսավարող սուբյեկտներին ներկայացվող պահանջները 

 

  1. Պետական աջակցության համար կարող են դիմել հետևյալ տնտեսավարող սուբյեկտները.

1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող օտարերկրյա պետություններում գրանցված ընկերությունների մասնաճյուղերը, բացառությամբ տնտեսական ընկերակցությունների և դուստր ընկերությունների.

2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը:

  1. Պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտների գործունեության իրականացման ոլորտը համապատասխանում է Կառավարության կողմից հաստատված պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությանը կամ ներառում է այն:
  2. Սույն օրենքով սահմանված պահանջները բավարարող տնտեսավարող սուբյեկտները պետական աջակցություն ստանալու համար դիմում են կամավորության սկզբունքով՝ հարթակի միջոցով:
  3. Տնտեսավարող սուբյեկտները պետական աջակցության ստացման համար Հարթակի միջոցով ներկայացնում են դիմում: Պետական աջակցության համար դիմելու կարգը և դիմումին ներկայացվող պահանջները սահմանվում են Կառավարության կողմից:
  4. Հարթակն ինքնաշխատ եղանակով բավարարում է կամ մերժում է պետական աջակցության տրամադրումը:

 

Հոդված 9. Պետական աջակցության տրամադրման մերժման հիմքերը 

 

  1. Պետական աջակցության տրամադրման դիմումը մերժվում է, եթե`

1) դիմած տնտեսավարող սուբյեկտը չի համապատասխանում սույն օրենքով սահմանված՝ պետական աջակցություն ստանալու իրավունք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ներկայացվող պահանջներին.

2) դիմած տնտեսավարող սուբյեկտի 51 տոկոս և ավելի բաժնեմասի բաժնետերը կամ մասնակիցը կամ անհատ ձեռնարկատերը հանդիսացել են սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ պետական աջակցության իրավունքից զրկված տնտեսավարող սուբյեկտի 51 և ավելի բաժնեմասի բաժնետեր կամ մասնակից կամ անհատ ձեռնարկատեր:

3) Պետական աջակցություն ստանալու համար ներկայացված և լիազոր մարմնի ստացած տվյալները թերի են կամ չեն համապատասխանում սույն օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին.

4) դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ ունեն 100 հազար դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ, բացառությամբ եկամտային հարկի գծով պարտավորությունների, որոնք պետք է ամբողջությամբ կատարված լինեն:

 

Հոդված 10. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության դադարեցումը.

  1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պետական աջակցության տրամադրումը դադարեցվում է, եթե պետական աջակցության ստացման համար տնտեսավարող սուբյեկտը ներկայացրել է ոչ հավաստի տեղեկություններ:
  2. Պետական աջակցության դադարեցման մասին որոշումն ընդունում է լիազոր մարմնի ղեկավարը՝ «Վարչարարության և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված համապատասխան վարչական ակտի հիման վրա:
  3. Պետական աջակցության դադարեցման դեպքում պետական աջակցություն ստացած տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է սույն հոդվածի 2-րդ մասում նշված վարչական ակտի մասին իրազեկվելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնել խախտումը ներառող ժամանակաշրջանում, սույն օրենքի շրջանակում, կոնկրետ դեպքով աջակցության համար տրամադրված գումարները:
  4. Տնտեսավարող սուբյեկտը զրկվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պետական աջակցության ստացման իրավունքից, եթե մեկ տարվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել է դադարեցման հիմք հանդիսացող երկու և ավելի խախտման դեպք:
  5. Լիազոր մարմինը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական ակտի կայացումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ տնտեսավարող սուբյեկտի մասին տվյալները հրապարակում է մարմնի պաշտոնական կայքում:

 

Հոդված 11․           Հրապարակայնությունը 

  1. Պետական աջակցություն ստացած, ինչպես նաև աջակցության համար դիմած և մերժված անձանց ցանկը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում:
  2. Լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակվում են նաև սույն օրենքի պահանջները խախտած տնտեսավարող սուբյեկտների անվանումները:

 

Հոդված 12. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը 

  1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար ճյուղային հաշվառում իրականացնելու նպատակով լիազոր մարմինը հարթակում վարում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը (այսուհետ` վարչական ռեգիստր):
  2. Վարչական ռեգիստրը ներառում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի փաստացի գործունեության կամ դրանց կառավարման գործադիր մարմնի վայրի, գործունեության հիմնական և ոչ հիմնական տեսակների, աշխատողների քանակի, օտարերկրյա մասնակցության, արտադրված արտադրանքի, մատուցված ծառայությունների ծավալի, արտահանման, ներդրումների (այդ թվում՝ օտարերկրյա), եկամուտների, ներմուծման և այլ անհրաժեշտ ցուցանիշների մասին շարունակական արդիականացման ենթակա տվյալների բազան:
  3. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը ստեղծվում է հարկային մարմինների, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանակված և տրամադրված տեղեկությունների, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների հաշվետվությունների հիման վրա:
  4. Տնտեսավարող սուբյեկտների հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
  5. Կախված հավաքվող ցուցանիշների բնույթից` տնտեսավարող սուբյեկտների կողմից հաշվետվությունները ներկայացվում են ամսական, եռամսյակային կամ կիսամյակային պարբերականությամբ, որը որոշում է լիազոր մարմինը:

 

Հոդված 13. Տեղեկությունների տրամադրումը

  1. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցում (հաշվառում) իրականացնող մարմինը յուրաքանչյուր եռամսյակ լիազոր մարմին է ներկայացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների պետական գրանցման վերաբերյալ տեղեկությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
  2. Պետական եկամուտների կոմիտեն ինքնաշխատ եղանակով հարթակին է տրամադրում տնտեսավարող սուբյեկտի բոլոր աշխատողների թվաքանակի, այդ թվում՝ մասնագիտական աշխատանք իրականացնող վարձու աշխատողների, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի կողմից հաշվարկված և վճարված եկամտային հարկի վերաբերյալ տվյալների, հարկ վճարողների ԱԱՀ-ի և շրջանառության հարկի հաշվարկներով հայտարարագրված տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների և ընդհանուրի մեջ դրանց տեսակարար կշիռների, սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով պահանջվող  տեղեկատվությունները։

 

Հոդված 14. Պատասխանատվությունը սույն օրենքի դրույթները խախտելու համար

  1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
  2. Սույն օրենքի համաձայն բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների անհատ ձեռնարկատերերի և աջակցություն ստացած անձանց կողմից հաշվետվությունները չներկայացնելը առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված չափերով:

 

 

Հոդված 15. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մոնիթորինգը

  1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, պետական աջակցություն ստացած անձանց ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով լիազոր մարմինն իրականացնում է մոնիթորինգ։
  2. Մոնիթորինգն իրականացվում է տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ տվյալների հավաքման, տվյալների ստուգման, համեմատման, գնահատման, վերլուծությունների իրականացման միջոցով։
  3. Մոնիթորինգի իրականացման կարգը սահմանում է լիազոր մարմինը։

 

 Հոդված 16. Եզրափակիչ և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2032 թվականի հունվարի 1-ը:
  2. Սույն օրենքով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
  3. Մինչև սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված հարթակի գործարկումը,տնտեսավարող սուբյեկտներից դիմումներն ընդունվում և մշակվում են Լիազոր մարմնի ղեկավարի հաստատած կարգով:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 39-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «գ» ենթակետում «գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ» բառերը փոխարինել «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքներ» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում գիտահետազոտական աշխատանքների բառերըը փոխարինել գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների բառերով։

 

Հոդված 3. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետում «և «բ4» բառերը փոխարինել  «բ4» և «բ5» բառերով և նույն կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ5»-րդ ենթակետ.

«բ5. բացառապես Կառավարության սահմանած` բարձր տեխնոլոգիական ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներով զբաղվող և տվյալ հարկային տարվա ընթացքում մինչև 30 (ներառյալ) վարձու աշխատողների և քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց միջին տարեկան քանակ հայտարարագրած առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ստացած նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ՝ անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից: Որևէ հարկային տարվա ընթացքում առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հայտարարագրված վարձու աշխատողների և քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց միջին տարեկան քանակը 30-ը գերազանցելու դեպքում դրամական միջոցների՝ դեռևս եկամուտ չհամարված մասը եկամուտ է համարվում միջին տարեկան քանակը 30-ը գերազանցելու հարկային տարում:

Սույն ենթակետի պահանջների պահպանմամբ սույն ենթակետը կիրառվում է նաև այն առևտրային կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի նկատմամբ, որոնք հարկային տարվա ընթացքում բացառապես Կառավարության սահմանած` բարձր տեխնոլոգիական ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից բացի, ստացել են նաև այլ եկամուտներ՝ պայմանով, որ այդ եկամուտների տեսակարար կշիռը հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը:

Սույն ենթակետի կիրառության նպատակով, աշխատողների միջին տարեկան քանակը որոշվում է տվյալ հարկային տարում ամբողջական ամիսների յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով ամբողջական ամիսների թվի վրա, իսկ եթե առևտրային կազ­մակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պետական գրանցում է ստացել (հաշվառվել է) դեկտեմբեր ամսին, ապա աշխա­տող­ների միջին տարեկան քանակ է համարվում այդ հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ առևտրային կազմակերպության և անհատ ձեռ­նար­­կատիրոջ մոտ առկա աշխա­­տողների քանակը:

Ամբողջական ամիսների մեջ չեն ներառվում առևտրային կազմակերպության գրանց­­ման (անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման) ամիսը, պետական ռեգիստրի գործա­կալության կողմից առևտրային կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) լուծար­­­­ման (հաշվառումից հանելու) գործընթաց սկսելու մասին գրառում կատարելու օրվա­­նից մինչև լուծարումն (հաշվառումից դուրս գալու) ընկած օրը ներառող ամիսները, ինչպես նաև առևտրային կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գործունեությունը որոշակի կամ անորոշ ժամկետով դադարեցնելու ամիսները:

Սույն ենթակետի դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ տվյալ հարկային տարվա ընթացքում առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռ­նար­կա­տի­րոջ գործունեության իրականացման ամբողջական ամիսներ առկա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ առևտրային կազ­մակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պետական գրանցում է ստացել (հաշվառվել է) դեկտեմբեր ամսին։»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետ.

«10) Կառավարության սահմանած` բարձր տեխնոլոգիական ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներն իրականացնող՝ Օրենսգրքով սահմանված կարգով շրջանառության հարկ վճարողներից ստացված ծառայությունների և ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 121-րդ հոդվածի՝

  • 2-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետ.

«4 Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող և Կառավարության ձևավորած մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը արժանացած  գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումների աշխատանքների  (այդ թվում՝ սեփական կարիքների համար) շրջանակներում ամիջականորեն ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից ներմուծվող, ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) կամ լիզինգով տարատեսակներով ստացվող հիմնական միջոցների բացառությամբ՝ հիմնական միջոց համարվող անշարժ գույքի ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի:

Սույն կետում նշված մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից աշխատանքները որպես գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներիաշխատանքներ որակելու կարգը սահմանում է Կառավարությունը:»,

Սույն կետով սահմանված մասնագի­տա­կան հանձնաժողովի կողմից տրամադրված դրական եզրակացությունը չեղյալ ճանաչ­վելու դեպքում կատարվում են հարկային պար­տա­վորությունների վերահաշվարկներ՝ հիմք ընդունելով Օրենսգրքով սահմանված ընդ­հա­նուր կարգավորումները։»,

  • 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով, համախառն եկամուտը նվազեցվում է Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների (այդ թվում՝ սեփական կարիքների համար) շրջանակներում անմիջականորեն շահութահարկ վճարողի կողմից կամ նրա պատվերով կատարվող ծախսերի չափով` այդ ծախսերի կատարման հարկային տարվա ընթացքում ամբողջովին:

 

Հոդված 6. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են նաև՝

1) ստացվող շահաբաժինները,

2) բացառապես Կառավարության սահմանած` բարձր տեխնոլոգիական ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներով զբաղվող ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից ներգրավված` Կառավարության կողմից հաստատված բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված մասնագիտական անձնակազմի (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) համար մասնագիտական աշխատանքի մասով հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 200 տոկոսը, բայց ոչ ավելի, քան տվյալ հարկային տարվա համար առանց սույն կետով և սույն մասի 9-րդ կետով սահմանված նվազեցումների սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկված հարկման բազայի 50 տոկոսը:

Սույն կետով սահմանված նվազեցումը կատարվում է՝ անկախ աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից:

Սույն կետի պահանջների պահպանմամբ սույն կետը կիրառվում է նաև այն ռեզիդենտ շահութահարկ վճարողների նկատմամբ, որոնք հարկային տարվա ընթացքում բացառապես Կառավարության սահմանած` բարձր տեխնոլոգիական ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից բացի ստացել են նաև այլ եկամուտներ՝ պայմանով, որ այդ եկամուտների տեսակարար կշիռը հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը.

3) Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող և Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված՝ մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքներում (այդ թվում՝ սեփական կարիքների համար) անմիջականորեն ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից ներգրավված՝ Կառավարության կողմից հաստատված բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված մասնագիտական անձնակազմի (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) համար մասնագիտական աշխատանքի մասով հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 200 տոկոսը, բայց ոչ ավելի, քան տվյալ հարկային տարվա համար առանց սույն կետով և սույն մասի 8-րդ կետով սահմանված նվազեցումների՝ սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկված հարկման բազայի 50 տոկոսը: Սույն կետով սահմանված նվազեցումը կատարվում է անկախ աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից:

Oրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված մասնագի­տա­կան հանձնաժողովի կողմից տրամադրված դրական եզրակացությունը չեղյալ ճանաչ­վելու դեպքում կատարվում են հարկային պար­տա­վորությունների վերահաշվարկներ՝ հիմք ընդունելով Օրենսգրքով սահմանված ընդ­հա­նուր կարգավորումները։

Հոդված 7. Օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «2-15-րդ մասերով» բառերը փոխարինել «1.1-15-րդ մասերով» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետ.

«1.1) Հարկային գործակալը Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող և Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված՝ մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքներում (այդ թվում՝ սեփական կարիքների համար) ներգրավված՝ Կառավարության կողմից հաստատված բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված մասնագիտական անձնակազմին (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով:

Oրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված մասնագի­տա­կան հանձնաժողովի կողմից տրամադրված դրական եզրակացությունը չեղյալ ճանաչ­վելու դեպքում կատարվում են հարկային պար­տա­վորությունների վերահաշվարկներ՝ հիմք ընդունելով Օրենսգրքով սահմանված ընդ­հա­նուր կարգավորումները։»։

Հոդված 8. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 8-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8)

Կառավարության սահմանած` բարձր տեխնոլոգիական ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված՝ գործունեության տեսակներից ստացվող եկամուտներ

2»:

 

Հոդված 9.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2032 թվականի հունվարի 1-ը:
  2. Սույն օրենքի 6-րդ հոդվածով Օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 8-րդ կետի գործողությունը տարածվում է նաև 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների նկատմամբ:
  3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
  • Обсуждалось

    11.10.2024 - 26.10.2024

  • Тип

    Закон

  • Область

    Индустрия высоких технологий

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7118

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Տիգրան Շահվերդյան

25.10.2024

Խնդիր. «բարձր տեխնոլոգիաներ» եզրույթի սահմանումը շատ ընդհանրական է։ Միջազգային կառույցների եւ այլ երկների օրենսդրական դաշտը այս հարցում հիմնվում է «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» հասկացության վրա, որը իր հերթին հիմնվում է «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն» հասկացության վրա։ Սրանով «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» հասկացությունը դառնում է ավելի կոնկրետ, ուղիղ կապվում է ավելացված արժեքի ստեղծման հետ եւ հնարավորություն է ստեղծում հավելյալ հաշվարկային մեխանիզմներ ներդնել ընկերությունները կամ արդյունաբերության ճյուղերը բարձր տեխնոլոգիական հայտարարելու համար։ Առաջարկ 1. Փոխարինել «բարձր տեխնոլոգիաներ» եզրույթի սահմանումը «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն կամ բարձր տեխնոլոգիական ոլորտ» եզրույթով՝ հիմնված միջազգային սահմանումների վրա [1,2]։ 1) «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» կամ «բարձր տեխնոլոգիաների ոլորտ»՝ արդյունաբերության այն ճյուղերը, որոնք ունեն բարձր «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն», ներառյալ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Առաջարկ 2. Սահմանել «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումներ» (Research and Experimental Development, R&D) եզրույթը Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության սահմանմանը համահունչ [3]։ x) «գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ» կամ «հետազոտություններ և մշակումներ»` ստեղծագործական և համակարգված աշխատանք, որը ձեռնարկվում է գիտելիքների պաշարը մեծացնելու, ներառյալ մարդկության, մշակույթի և հասարակության մասին գիտելիքները, և առկա գիտելիքների նոր կիրառումներ մշակելու համար։ Այն բաժանվում է երեք գործունեության տեսակների. ա) «Հիմնարար հետազոտություն» կամ «ֆունդամենտալ հետազոտություն» - փորձարարական կամ տեսական աշխատանք, որն իրականացվում է հիմնականում երևույթների մասին նոր հիմնարար գիտելիք ձեռք բերելու համար՝ չհետապնդելով կիրառման նպատակ, բ) «Կիրառական հետազոտություն» - փորձարարական կամ տեսական յուրօրինակ աշխատանք նոր գիտելիք ձեռք բերելու համար, որը հիմնականում ուղղված է դեպի հատուկ, գործնական նպատակ, գ) «Փորձարարական մշակում» - համակարգված աշխատանք՝ հիմնված հետազոտություններից եւ գործնական փորձի արդյունքում ստացված գիտելիքի վրա, որն ուղղված է նոր ապրանքների կամ գործընթացների ստեղծմանը կամ բարելավմանը: Առաջարկ 3. Սահմանել «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն» (R&D intensity) եզրույթը [1,2]։ x) «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն»` հաշվարկվում է որպես յուրաքանչյուր արդյունաբերության ճյուղի կամ արդյունաբերության ճյուղերի խմբի տնտեսվարվող սուբյեկտների գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումներ ծախսերի հարաբերակցությունը ճյուղի կամ ճյուղի խմբերի համախառն ավելացված արժեքին [4]: Հղումներ. [1] Glossary:High-tech classification of manufacturing industries; https://ec.europa.eu/eurostat/statistics-explained/index.php?title=Glossary:High-tech_classification_of_manufacturing_industries [2] Production and Trade of Knowledge- and Technology-Intensive Industries - Classification of Industries Based on Research and Development Intensity; https://ncses.nsf.gov/pubs/nsb20205/technical-appendix [3] Frascati Manual 2015: Guidelines for Collecting and Reporting Data on Research and Experimental Development, OECD, էջեր 44, 50; https://www.oecd.org/sti/frascati-manual-2015-9789264239012-en.htm [4] ՀԱՄԱԽԱՌՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՆ ԸՍՏ ԵՆԹԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ, ԱՐՄՍՏԱՏ https://armstat.am/file/article/hah_17_12.pdf «Գիտուժ» նախաձեռնություն

Տիգրան Շահվերդյան

25.10.2024

Խնդիր. «բարձր տեխնոլոգիաներ» եզրույթի սահմանումը շատ ընդհանրական է։ Միջազգային կառույցների եւ այլ երկների օրենսդրական դաշտը այս հարցում հիմնվում է «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» հասկացության վրա, որը իր հերթին հիմնվում է «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն» հասկացության վրա։ Սրանով «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» հասկացությունը դառնում է ավելի կոնկրետ, ուղիղ կապվում է ավելացված արժեքի ստեղծման հետ եւ հնարավորություն է ստեղծում հավելյալ հաշվարկային մեխանիզմներ ներդնել ընկերությունները կամ արդյունաբերության ճյուղերը բարձր տեխնոլոգիական հայտարարելու համար։ Առաջարկ 1. Փոխարինել «բարձր տեխնոլոգիաներ» եզրույթի սահմանումը «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն կամ բարձր տեխնոլոգիական ոլորտ» եզրույթով՝ հիմնված միջազգային սահմանումների վրա [1,2]։ 1) «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» կամ «բարձր տեխնոլոգիաների ոլորտ»՝ արդյունաբերության այն ճյուղերը, որոնք ունեն բարձր «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն», ներառյալ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Առաջարկ 2. Սահմանել «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումներ» (Research and Experimental Development, R&D) եզրույթը Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության սահմանմանը համահունչ [3]։ x) «գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ» կամ «հետազոտություններ և մշակումներ»` ստեղծագործական և համակարգված աշխատանք, որը ձեռնարկվում է գիտելիքների պաշարը մեծացնելու, ներառյալ մարդկության, մշակույթի և հասարակության մասին գիտելիքները, և առկա գիտելիքների նոր կիրառումներ մշակելու համար։ Այն բաժանվում է երեք գործունեության տեսակների. ա) «Հիմնարար հետազոտություն» կամ «ֆունդամենտալ հետազոտություն» - փորձարարական կամ տեսական աշխատանք, որն իրականացվում է հիմնականում երևույթների մասին նոր հիմնարար գիտելիք ձեռք բերելու համար՝ չհետապնդելով կիրառման նպատակ, բ) «Կիրառական հետազոտություն» - փորձարարական կամ տեսական յուրօրինակ աշխատանք նոր գիտելիք ձեռք բերելու համար, որը հիմնականում ուղղված է դեպի հատուկ, գործնական նպատակ, գ) «Փորձարարական մշակում» - համակարգված աշխատանք՝ հիմնված հետազոտություններից եւ գործնական փորձի արդյունքում ստացված գիտելիքի վրա, որն ուղղված է նոր ապրանքների կամ գործընթացների ստեղծմանը կամ բարելավմանը: Առաջարկ 3. Սահմանել «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն» (R&D intensity) եզրույթը [1,2]։ x) «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն»` հաշվարկվում է որպես յուրաքանչյուր արդյունաբերության ճյուղի կամ արդյունաբերության ճյուղերի խմբի տնտեսվարվող սուբյեկտների գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումներ ծախսերի հարաբերակցությունը ճյուղի կամ ճյուղի խմբերի համախառն ավելացված արժեքին [4]: Հղումներ. [1] Glossary:High-tech classification of manufacturing industries; https://ec.europa.eu/eurostat/statistics-explained/index.php?title=Glossary:High-tech_classification_of_manufacturing_industries [2] Production and Trade of Knowledge- and Technology-Intensive Industries - Classification of Industries Based on Research and Development Intensity; https://ncses.nsf.gov/pubs/nsb20205/technical-appendix [3] Frascati Manual 2015: Guidelines for Collecting and Reporting Data on Research and Experimental Development, OECD, էջեր 44, 50; https://www.oecd.org/sti/frascati-manual-2015-9789264239012-en.htm [4] ՀԱՄԱԽԱՌՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՆ ԸՍՏ ԵՆԹԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ, ԱՐՄՍՏԱՏ https://armstat.am/file/article/hah_17_12.pdf

Tigran Karapetyan

25.10.2024

«Նախատեսու՞մ եք արդյոք ադապտացնել տվյալ նախագիծը՝ բալանսավորելով տեղական շուկայի կարիքնեը թվայնացնող ընկերությունների և այն ընկերությունների միջև, որոնք իրենց արտադրանքը իրացնում են Հայաստանից դուրս: Մինչ դեռ կառավարությունը ջանքեր է գործադրում Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացնելու համար, մեր հայրենակիցները առայժմ դա չեն զգում իրենց առօրյա կյանքում, բացի այդ, տեղական ՏՏ մասնագետների աշխատավարձերի վրա հաճախ ազդում են Հայաստանից դուրս ծառայություններ մատուցող/պրոդուկտներ ստեղծող ընկերությունները, որտեղ արտադրանքի գներն առավել բարձր են, ինչը դժվար է դարձնում տեղական արտադրանք մշակող ընկերությունների համար ներգրավել համապատասխան մասնագետների, ովքեր կպահպանեն միջազգային լավագույն փորձը և որակը, պարտադրված լինելով առաջարկել մրցունակ աշխատավարձներ:

Узнать больше