30.04.2025
Գործող «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը սահմանում են՝ 4. Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից ֆինանսական և այլ բնույթի հաշվետվություններ շարունակում է ներկայացնել պարտապանի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը և կրում է դրանք չներկայացնելու կամ ոչ պատշաճ ներկայացնելու համար օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունը: 5. Պարտապանի գործունեության կասեցման պահից վերջինիս անունից կառավարիչը ներկայացնում է` ա) սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ հարկային մարմնի սահմանած ձևով տեղեկատվության, այդ թվում` ապահովված պարտատիրոջ կողմից ներկայացված տեղեկատվությունը (որի հիման վրա հաշվարկվում են պարտապանի հարկային պարտավորությունները), և դրանք գրանցում է պարտատերերի գրանցամատյանում` համապատասխան հերթում. բ) պարտապանի գործունեությունը վերսկսվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆինանսական և այլ բնույթի հաշվետվություններ: Նախագծով ֆինանսական և այլ բնույթի հաշվետվությունների ներկայացումը սահմանված է միայն 210-րդ հոդվածի 5-րդ մասով, այն է՝ Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին Սնանկության դատարանի դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից ֆինանսական և այլ բնույթի հաշվետվություններ շարունակում է ներկայացնել պարտապանի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը կամ ֆիզիկական անձը և կրում է դրանք չներկայացնելու կամ ոչ պատշաճ ներկայացնելու համար օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունը: Բաց է մնում սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին Սնանկության դատարանի դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահը (ենթադրվում է, որ Պարտապանի գործունեության կասեցման պահից վերջինիս անունից կառավարիչն է ներկայացնելու): Առաջարկում եմ թողնել գործող օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգավորումը: Նախագծում առկա չէ կարգավորում պարտապանի գործունեության կասեցման պահից վերջինիս անունից կառավարչի կողմից հարկային մարմին ներկայացվող` սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ հարկային մարմնի սահմանած ձևով տեղեկատվության մասին: Վերոնշյալ տեղեկատվության մասին առկա է կարգավորում նաև Հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 8-րդ մասում՝ Որևէ տեղեկություն հիմք չի հանդիսանում հարկ վճարողի հարկային պարտավորության հաշվարկման և գանձման համար, քանի դեռ հարկ վճարողը դրան ծանոթանալու և համապատասխան բացատրություններ տալու հնարավորություն չի ունեցել, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պարտապանի գործունեության կասեցման պահից վերջինիս անունից կառավարչի կողմից հարկային մարմին ներկայացված` սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ հարկային մարմնի սահմանած ձևով տեղեկատվության, որի հիման վրա հաշվարկվում են պարտապանի հարկային պարտավորությունները: Սակայն Օրենսգրքի ընդունման կապակցությամբ ներկայացված այլ օրենսդրական ակտերի (հարակից օրենքների)՝ հարկային օրենսգրքի նախագծում 44-րդ հոդվածի 8-րդ մասում համապատասխան փոփոխություններ նախատեսված չեն: Առաջարկում եմ թողնել գործող օրենքի 39-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգավորումը: