Քրիստինե Ղասումյան
07.01.2025
Նախաձեռնությունը գրավիչ է առաջին հայացքից միայն, սակայն վստահ եմ, որ այս նախագծի ընդունումը հանգեցնելու է ապրանքների և ծառայությունների արժեքի անհամաչափ բարձրացման, քանի որ գործատուն նույն ավելացված արժեքը ստեղծելու համար ստիպված է լինելու ավելի շատ վճարելու։ Թերևս այս նախագծի ընդունումը հասկանալի կլիներ, եթե մեր երկրի ՀՆԱ-ն երկնիշ թվերով վերջին տարիներին իրական աճ ունենար, բացի այդ նախագծի ընդունումը բացասական հետևանք կունենա նաև առանց այդ էլ վատ վիճակում գտնվող աշխատաշուկայի վրա, գործատուները ստիպված կլինեն ապավինել միգրանտների աշխատուժին։ ՀՀ-ի ներկա ծանր տնտեսական պայմաններում գործատուն ծախսերը կրճատելու կամ ծախսերը գոնե նույնը թողնելու համար առաջին իսկ հնարավորության դեպքում կձերբազատվի ՀՀ քաղաքացի հանդիսացող ոչ բարձր որակավորում ունեցող աշխատողից /օրինակ բանվորներից, օպերատորներից կամ ֆիզիկական աշխատանք պահանջող մասնագետներից/ և իր կազմակերպությունում կներգրավի ավելի էժան վարձատրվող միգրանտների, ինչը կավելացնի գործազրկության մակարդակը ՀՀ քաղաքացիների շրջանում։ Ավելի նախընտրելի կլիներ մի քանի տոն օր ավելացվեր, ինչը հնարավորություն կտար մարդկանց «իրենց ընտանիքներին ավելի շատ ժամանակ» հատկացնել՝ ամբողջական օրվա տեսքով, այլ ոչ թե 1 ժամվա տեսքով, քանի որ այդ 1 ժամն ըստ էության որևէ էական հարց չի լուծելու աշխատողների համար։ Նախկին նախագծերով ամանօրյա տոները կրճատվեցին այն պատճառաբանությամբ, որ պատերազմական վիճակում գտնվող հասարակությունն իրավունք չունի չաշխատելու և իրեն նման շռայլություն թույլ տալու, բայց այս նախագծով հենց հիմա նման չաշխատելու որոշում է կայացվում։ Նախագծի հիմնավորումները համոզիչ չեն և ամբողջությամբ չեն ներկայացնում նախագծով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը, թերի և անպատասխանատու նախագիծ է, որը կարող է ունենալ բազմաթիվ վատ հետևանքներ ՀՀ տնտեսության համար։