Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» OՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, կարգավորման նպատակը և բնույթը.

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետև՝ Նախագիծ) առաջարկվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը։

Վերոգրյալով պայմանավորված՝ ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» oրենքի նախագծով վերանայվում են ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը։

8-ժամյա աշխատանքային օրվա անցումը եղել է դեռևս 19-րդ դարի կեսերին՝ աշխատանքային շարժման պահանջով։

Օրական 8-ժամյա աշխատանքի մոդելի ներդրումից հետո տեղի ունեցած տեխնոլոգիական փոփոխությունները նպաստել են բազմաթիվ գործընթացների ավտոմատացման։ Այս գործընթացները հաշվի առնելով՝ տարբեր երկրներում (օրինակ, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Բելգիա, Ավստրիա, Նորվեգիա, Իսլանդիա) արդեն իսկ ներդրվել է աշխատաժամանակի ճկուն ռեժիմ՝ կրճատելով աշխատաժամանակը[1]։

Աշխատաժամանակի կրճատումն ունի տարբեր մոդելներ։ Մի խումբ երկրներում աշխատանքային օրվա տևողության կրճատմամբ է, որոշներում՝ շաբաթական աշխատանքային օրերի քանակի կրճատմամբ։

Միջազգային փորձը և առանձին հետազոտությունները ցույց են տալիս, որ շաբաթական աշխատաժամանակի կրճատումը բացասաբար չի ազդում տնտեսության վրա, ավելին՝ այն նպաստում է արտադրողականության աճին և դրական ազդեցություն թողնում կյանքի որակի վրա՝ բալանսավորելով աշխատանք-անձնական կյանք (work-life balance) հարաբերակցությունը[2]։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ երկար աշխատանքային ժամերը կապված են հոգեկան ու ֆիզիկական առողջության հետ, կարող են առաջացնել սրտանոթային հիվանդություններ, խթանել դեպրեսիան ու սթրեսը (WHO study on long working hours

Ըստ տնտեսագիտական հետազոտությունների, աշխատանքային ժամերի կրճատումը կարող է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը՝ աշխատողների ավելի արդյունավետ աշխատանքի միջոցով։ Այն նաև կարող է ստեղծել նոր աշխատատեղեր՝ որպես ընդհանուր տնտեսական միտում (EPI Report on Reduced Workweek)։

 

2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

 

3. Ակնկալվող արդյունք.

Նախագծի ընդունումը՝

 Կնպաստի աշխատանքի և անձնական կյանքի միջև ժամանակի և ռեսուրսների արդյունավետ բաշխմանը (work-life balance)։ Այսինքն՝ կստեղծվի հնարավորություն՝

          • հանգստի ժամանակի ավելացման,

          • ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու,

          • սթրեսի, լարվածության և գերհոգնածության նվազեցման,

          • անձնական խնդիրների լիարժեք լուծման,

          • ինքնազարգացման համար հատկացվող ժամանակի ավելացման,

          • կյանքի բոլոր ոլորտներում հավասար ներգրավվածության.
 Կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը.
 Կհանգեցնի արտադրողականության աճի.
 Կբալանսավորի աշխատանքի և հանգստի հարաբերակցությունը.
 Կհանգեցնի կյանքի որակի բարձրացմանը.
 Կնպաստի նոր աշխատատեղերի ավելացմանը թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում։

 

Վերը նշված դրական արդյունքները կզուգորդվեն աշխատավարձի նույն չափի պահպանմամբ։

 

4. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագծի ընդունման պարագայում թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կստեղծվեն նոր աշխատատեղեր և կավելանան հաստիքները, որը կարող է հանգեցնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացմանը, որոնց մասով հստակ գնահատական տալ հնարավոր չէ։

 

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը որոշակիորեն բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարության 4-րդ մեգանպատակից՝ «Ստեղծենք անհրաժեշտ բոլոր պայմաններն առողջ ապրելակերպի, առողջության պահպանման, վերականգնման և արդյունավետ աշխատանքային գործունեության համար, ինչպես նաև ապահովենք պետական ամբողջական և լիարժեք հոգածություն երեխաների և անաշխատունակ խմբերի նկատմամբ:»։

 

[1] https://ourworldindata.org/working-more-than-ever

https://www.atlassian.com/blog/productivity/swedens-six-hour-work-day

https://ourworldindata.org/rich-poor-working-hours

 

[2] https://autonomy.work/wp-content/uploads/2021/06/ICELAND_4DW.pdf, https://www.atlassian.com/blog/productivity/swedens-six-hour-work-day

https://www.ilo.org/fr/media/413656/download

 

  • Քննարկվել է

    19.12.2024 - 07.01.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 14512

Տպել

Առաջարկներ`

Քրիստինե Ղասումյան

07.01.2025

Նախաձեռնությունը գրավիչ է առաջին հայացքից միայն, սակայն վստահ եմ, որ այս նախագծի ընդունումը հանգեցնելու է ապրանքների և ծառայությունների արժեքի անհամաչափ բարձրացման, քանի որ գործատուն նույն ավելացված արժեքը ստեղծելու համար ստիպված է լինելու ավելի շատ վճարելու։ Թերևս այս նախագծի ընդունումը հասկանալի կլիներ, եթե մեր երկրի ՀՆԱ-ն երկնիշ թվերով վերջին տարիներին իրական աճ ունենար, բացի այդ նախագծի ընդունումը բացասական հետևանք կունենա նաև առանց այդ էլ վատ վիճակում գտնվող աշխատաշուկայի վրա, գործատուները ստիպված կլինեն ապավինել միգրանտների աշխատուժին։ ՀՀ-ի ներկա ծանր տնտեսական պայմաններում գործատուն ծախսերը կրճատելու կամ ծախսերը գոնե նույնը թողնելու համար առաջին իսկ հնարավորության դեպքում կձերբազատվի ՀՀ քաղաքացի հանդիսացող ոչ բարձր որակավորում ունեցող աշխատողից /օրինակ բանվորներից, օպերատորներից կամ ֆիզիկական աշխատանք պահանջող մասնագետներից/ և իր կազմակերպությունում կներգրավի ավելի էժան վարձատրվող միգրանտների, ինչը կավելացնի գործազրկության մակարդակը ՀՀ քաղաքացիների շրջանում։ Ավելի նախընտրելի կլիներ մի քանի տոն օր ավելացվեր, ինչը հնարավորություն կտար մարդկանց «իրենց ընտանիքներին ավելի շատ ժամանակ» հատկացնել՝ ամբողջական օրվա տեսքով, այլ ոչ թե 1 ժամվա տեսքով, քանի որ այդ 1 ժամն ըստ էության որևէ էական հարց չի լուծելու աշխատողների համար։ Նախկին նախագծերով ամանօրյա տոները կրճատվեցին այն պատճառաբանությամբ, որ պատերազմական վիճակում գտնվող հասարակությունն իրավունք չունի չաշխատելու և իրեն նման շռայլություն թույլ տալու, բայց այս նախագծով հենց հիմա նման չաշխատելու որոշում է կայացվում։ Նախագծի հիմնավորումները համոզիչ չեն և ամբողջությամբ չեն ներկայացնում նախագծով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը, թերի և անպատասխանատու նախագիծ է, որը կարող է ունենալ բազմաթիվ վատ հետևանքներ ՀՀ տնտեսության համար։

Տեղեկատվական և Հաղորդակցության Տեխնոլոգիաների Գործատուների Միություն (ՏՀՏ ԳՄ)

07.01.2025

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաին» և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին e-draft կայքում (https://www.e-draft.am/projects/8114) քննարկման դրված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ հայտնում ենք մեր մտահոգությունները։ Հիմնավորումը, որ միջազգային փորձը և առանձին հետազոտությունները ցույց են տալիս, որ շաբաթական աշխատաժամանակի կրճատումը բացասաբար չի ազդում տնտեսության վրա, ավելին՝ այն նպաստում է արտադրողականության աճին և դրական ազդեցություն թողնում կյանքի որակի վրա՝ Հայաստանի դեպքում կիրառելի չէ, համոզված ենք որ այն բոլորովին հակառակ ազդեցությունը կունենա Հայաստանի տնտեսության վրա։ Իսկ բերված օրինակները (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Բելգիա, Ավստրիա, Նորվեգիա, Իսլանդիա), տարակուսանք են առաջացնում, հաշվի առնելով այդ երկրների տնտեսությունների կառուցվածքը, տեխնոլոգիական զարգացվածությունը և այդ երկրներում աշխատանքի արտադրողականությունը, որը բազմապատիկ բարձր է Հայաստանյանից։ Այն պնդումը, որ տեղի ունեցած տեխնոլոգիական փոփոխությունները նպաստել են բազմաթիվ գործընթացների ավտոմատացման և արտադրողականության բարձրացմանը, Հայաստանի տնտեսության դեպքում նույնպես չի համապատասխանում իրականությանը։ Տարիներ շարունակ մեր կողմից բարձրացված տնտեսության թվայնացման, տեխնոլոգիական արդիականացման հարցերը մնացել են նախնական քննարկման փուլում, չգրանցելով որևիցէ էական առաջընթաց։ Այդ իսկ պատճառով աշխատաժամանակի կրճատումը մեխանիկորեն չի կարող հանգեցնել աշխատանքի արտադրողականության բարձրացման։ Այն ընդամենը բերելու է աշխատավարձային ֆոնդի մեծացման, և հետևաբար տնտեսվարողի վրա լրացուցիչ ֆինանսական բեռի ավելացման։ Ներկա դրությամբ Հայաստանում աշխատանքային ժամերը կազմում են 2024 ժամ տարեկան, իսկ նախագծի ընդունման դեպքում կկազմի 1771 ժամ։ Տարբերությունը կկազմի 253 ժամ, այսինքն 36 աշխատանքային օր (մոտ երկու օրացույցային ամիս)։ Եթե հիմք ընդունենք ՀՀ կառավարության ոչ աշխատանքային տոնական օրերի կրճատման վերաբերյալ 2021 թվականի հիմնավորումները և հաշվարկները, ապա կստացվի, որ այս փոփոխությամբ ՀՆԱ ծավալը կկրճատվի 637,9 մլրդ դրամով (36/5*88,6 մլրդ), իսկ համախառն թողարկման ծավալը 885,6մլրդ դրամով (6/5*123 մլրդ)։ Նշենք նաև որ հարցը միայն գործատու և աշխատակից հարաբերություններին չի վերաբերում, այն ուղղակիորեն կանդրադառնա հասարակական և սոցիալական բոլոր ոլորտներին՝ ներառյալ տրանսպորտ, դպրոցներ, մանկապարտեզներ, ուսումնական հաստատություններ, պետական ծառայություններ, առողջապահություն և այլն։ Պարզ չէ նաև թե այս փոփոխությունը ինչպես է ստեղծելու նոր աշխատատեղեր, ինչպես նշված է հիմնավորումում։ Ինչպես գիտենք, Հայաստանում գործազրկության հետ մեկտեղ կա որակյալ աշխատողների մեծ պակաս, մանավանդ Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում։ Այս փոփոխությունը կբերի այդ պակասի ավելի խորացման, Հայկական տեխնոլոգիական ընկերությունների արտադրողականության և մրցունակության անկման, արտադրանքի և ծառայությունների ինքնարժեքի զգալի բարձրացման։ Ելնելով վերոգրյալից, վաղաժամկետ ենք համարում սույն օրենքների նախագծերի փաթեթի հետագա առաջմղումը։ Առաջարկում ենք նախ և առաջ քննարկել, ընդունել և իրագործել Հայաստանի տնտեսության տեխնոլոգիական վերազինման, թվայնացման, արտադրողականության բարձրացման, որակյալ կադրերի պատրաստման և այլ հրատապ ծրագրեր, ինչը հնարավորություն կտա Հայաստանում արտադրողականությունը հասցնել օրինակ բերվող երկրների մակարդակին (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Բելգիա, Ավստրիա, Նորվեգիա, Իսլանդիա)։ Կոչ ենք անում տնտեսության մեջ ցանկացած փոփոխություն կատարել միայն մանրակրկիտ քննարկելուց և հայաստանի տնտեսության իրական իրավիճակին ծանոթանալուց հետո։ Պատրաստ ենք համագործակցել այս խնդիրների լուծման, Հայաստանի տնտեսության թվայնացման, տեխնոլոգիական զարգացման, արտադրողականության բարձրացման հարցերում։

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

07.01.2025

Հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 7-րդ մասը՝ ՀՀ կառավարությունը դեռևս 01.02.2007թ. ընդունել է Հ․ 201-Ն որոշումը, որով սահմանում է առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները: Առաջարկում ենք վերանայել և լրամշակել նաև ՀՀ կառավարության 01․02․2007թ․ N-201-Ն որոշումն ամբողջությամբ։

Տեսնել ավելին