«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաին» և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին e-draft կայքում (https://www.e-draft.am/projects/8114) քննարկման դրված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ հայտնում ենք մեր մտահոգությունները։
Հիմնավորումը, որ միջազգային փորձը և առանձին հետազոտությունները ցույց են տալիս, որ շաբաթական աշխատաժամանակի կրճատումը բացասաբար չի ազդում տնտեսության վրա, ավելին՝ այն նպաստում է արտադրողականության աճին և դրական ազդեցություն թողնում կյանքի որակի վրա՝ Հայաստանի դեպքում կիրառելի չէ, համոզված ենք որ այն բոլորովին հակառակ ազդեցությունը կունենա Հայաստանի տնտեսության վրա։ Իսկ բերված օրինակները (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Բելգիա, Ավստրիա, Նորվեգիա, Իսլանդիա), տարակուսանք են առաջացնում, հաշվի առնելով այդ երկրների տնտեսությունների կառուցվածքը, տեխնոլոգիական զարգացվածությունը և այդ երկրներում աշխատանքի արտադրողականությունը, որը բազմապատիկ բարձր է Հայաստանյանից։ Այն պնդումը, որ տեղի ունեցած տեխնոլոգիական փոփոխությունները նպաստել են բազմաթիվ գործընթացների ավտոմատացման և արտադրողականության բարձրացմանը, Հայաստանի տնտեսության դեպքում նույնպես չի համապատասխանում իրականությանը։ Տարիներ շարունակ մեր կողմից բարձրացված տնտեսության թվայնացման, տեխնոլոգիական արդիականացման հարցերը մնացել են նախնական քննարկման փուլում, չգրանցելով որևիցէ էական առաջընթաց։ Այդ իսկ պատճառով աշխատաժամանակի կրճատումը մեխանիկորեն չի կարող հանգեցնել աշխատանքի արտադրողականության բարձրացման։ Այն ընդամենը բերելու է աշխատավարձային ֆոնդի մեծացման, և հետևաբար տնտեսվարողի վրա լրացուցիչ ֆինանսական բեռի ավելացման։
Ներկա դրությամբ Հայաստանում աշխատանքային ժամերը կազմում են 2024 ժամ տարեկան, իսկ նախագծի ընդունման դեպքում կկազմի 1771 ժամ։ Տարբերությունը կկազմի 253 ժամ, այսինքն 36 աշխատանքային օր (մոտ երկու օրացույցային ամիս)։ Եթե հիմք ընդունենք ՀՀ կառավարության ոչ աշխատանքային տոնական օրերի կրճատման վերաբերյալ 2021 թվականի հիմնավորումները և հաշվարկները, ապա կստացվի, որ այս փոփոխությամբ ՀՆԱ ծավալը կկրճատվի 637,9 մլրդ դրամով (36/5*88,6 մլրդ), իսկ համախառն թողարկման ծավալը 885,6մլրդ դրամով (6/5*123 մլրդ)։
Նշենք նաև որ հարցը միայն գործատու և աշխատակից հարաբերություններին չի վերաբերում, այն ուղղակիորեն կանդրադառնա հասարակական և սոցիալական բոլոր ոլորտներին՝ ներառյալ տրանսպորտ, դպրոցներ, մանկապարտեզներ, ուսումնական հաստատություններ, պետական ծառայություններ, առողջապահություն և այլն։
Պարզ չէ նաև թե այս փոփոխությունը ինչպես է ստեղծելու նոր աշխատատեղեր, ինչպես նշված է հիմնավորումում։ Ինչպես գիտենք, Հայաստանում գործազրկության հետ մեկտեղ կա որակյալ աշխատողների մեծ պակաս, մանավանդ Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում։ Այս փոփոխությունը կբերի այդ պակասի ավելի խորացման, Հայկական տեխնոլոգիական ընկերությունների արտադրողականության և մրցունակության անկման, արտադրանքի և ծառայությունների ինքնարժեքի զգալի բարձրացման։
Ելնելով վերոգրյալից, վաղաժամկետ ենք համարում սույն օրենքների նախագծերի փաթեթի հետագա առաջմղումը։ Առաջարկում ենք նախ և առաջ քննարկել, ընդունել և իրագործել Հայաստանի տնտեսության տեխնոլոգիական վերազինման, թվայնացման, արտադրողականության բարձրացման, որակյալ կադրերի պատրաստման և այլ հրատապ ծրագրեր, ինչը հնարավորություն կտա Հայաստանում արտադրողականությունը հասցնել օրինակ բերվող երկրների մակարդակին (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Բելգիա, Ավստրիա, Նորվեգիա, Իսլանդիա)։
Կոչ ենք անում տնտեսության մեջ ցանկացած փոփոխություն կատարել միայն մանրակրկիտ քննարկելուց և հայաստանի տնտեսության իրական իրավիճակին ծանոթանալուց հետո։
Պատրաստ ենք համագործակցել այս խնդիրների լուծման, Հայաստանի տնտեսության թվայնացման, տեխնոլոգիական զարգացման, արտադրողականության բարձրացման հարցերում։