«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Նախագծերի ընդունման հիմնական նպատակներն են․
1. էլեկտրոնային հարթակների միջոցով իրականացվող ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների և առաքումների շրջանակներում զբաղված օտարերկրացիների՝ Հայաստանում գտնվելու ժամանակավոր կացության կարգավիճակի և հարթակային զբաղվածության դեպքում հարկման և հարակից հարաբերությունների կարգավորում,
2. ֆիզիկական անձանց՝ ուղևորափոխադրումների էլեկտրոնային հարթակների միջոցով հաշվառման ու հարկերի վճարման համար ճկուն, պարզ ու հարմարավետ լուծումներին համանման կարգավորումների նախատեսում նաև բեռնափոխադրումների ու առաքումների մասով, ինչպես նաև ուղևորափոխադրումների կարգավորումներին համանման պետական տուրքի սահմանում և դրա գանձման գործառույթների պատվիրակում հարթակներին,
3. տրանսպորտային ծառայությունների թվայնացման պայմաններում պետական հսկողության արդյունավետ վարչարարության ներդրում և խախտումների համար պատասխանատվության խստացման նախատեսում,
4. օտարերկրացիների՝ Հայաստանի Հանրապետություն մուտքի և ելքի հետ կապված հարաբերությունների հստակեցում,
5. անօրինական միգրանտի հասկացության սահմանում և այդ կարգավիճակից բխող հարաբերությունների կարգավորում,
6. Հայաստանի Հանրապետության տարածքում անօրինական գտնվող օտարերկրացիների արտաքսման հետ կապված հարաբերությունների վերանայում,
7. օտարերկրացիների ազատության սահմանափակման հետ կապված հարաբերությունների հստակեցում։
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Աշխարհում տրանսպորտային ծառայությունները արագ ինտեգրվում են էլեկտրոնային հավելվածներին ու տեխնոլոգիաներին, իսկ հարթակներում տրանսպորտային ծառայությունների թվայնացումը պահանջում է նոր մոտեցումներ ու հարկային կարգավորումներ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հաշվառման և հարկային թափանցիկության առավել հաջողված եղանակն է թվային հարկային հաշվառման ներդրումը, ֆիզիկական անձանց՝ էլեկտրոնային հարթակներով զբաղվածության կարգավորումը, ինչպես նաև մասնագիտական հարկման համակարգի ներդրումը։
Հարկ է նշել, որ Հայաստանում ուղևորափոխադրումների մասով 2024 թվականին նոր համակարգի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված էր ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման բացակայությամբ, ֆիզիկական անձանց գործունեության վերաբերյալ տեղեկատվության բացակայությամբ, ֆիզիկական անձանց ամբողջական հարկազատմամբ, ֆիզիկական անձանց և գրանցված սուբյեկտների միջև անհավասար պայմանների առկայությամբ, ինչպես նաև ոլորտում ոչ լիարժեք վերահսկողության իրականացմամբ, իսկ ֆիզիկական անձանց մասով՝ դրա բացակայությամբ։
Ձեռնարկված բարեփոխումների նպատակադրումներն էին՝
• ուղևորափոխադրման պատվերների ձևակերպում իրականացնող էլեկտրոնային հարթակների համակարգի հիման վրա ճկուն, պարզ ու հարմարավետ լուծումների նախատեսում՝ հարկային հաշվառման և հարկերի վճարման ապահովման համար,
• էլեկտրոնային հարթակների միջոցով ֆիզիկական անձանց հաշվառում, նրանց գործունեության վերաբերյալ տեղեկատվության ստացում,
• առանց հարթակների ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց համար հարկային մարմնի պարզեցված համակարգի ներդրում,
• պետական լրացուցիչ եկամուտների ապահովում և հարկային արդյունավետ հսկողության ներդրում։
Հարկ է նշել, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից նոր համակարգի ներդրման արդյունքում՝
• էլեկտրոնային հարթակներով պատվերների ընդունման և փոխանցման ծառայութ¬յուններ կարող են մատուցել միայն ծանուցումը հաշվառած սուբյեկտները,
• ֆիզիկական անձն առանց լիցենզիայի ուղևորափոխադրումներ կարող է իրականացնել միայն հարթակի միջոցով,
• հարկային մարմնի համակարգին ինտեգրված հարթակով գործում է հարկային մարմնում ֆիզիկական անձանց պարզեցված հաշվառման համակարգ (մեկ օրվա ընթացքում),
• հարթակներով յուրաքանչյուր ուղևորափոխադրման համար կատարվում է էլեկտրոնային հսկիչ-դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) կտրոնի պարտադիր ձևավորում անկախ վճարման եղանակից, և ապահովվում է դրա հասանելիությունը ուղևորին ու վարորդին,
• հարկային մարմնի համակարգին ինտեգրված հարթակից իրականացվում է պատվերների ու վարորդների վերաբերյալ առցանց տեղեկատվության ստացում,
• առանց հարթակների ուղևորափոխադրումների դեպքում ֆիզիկական անձինք աշխատում են հարկային մարմնի բջջային հավելվածի միջոցով, որտեղ պարզեցված կարգով հաշվառվում են և կիրառում էլեկտրոնային ՀԴՄ։
Եթե անդրադառնանք բարեփոխումների փաստացի արդյունքներին, կարող ենք արձանագրել հետևյալը․
• ապահովվել է ֆիզիկական անձանց հաշվառումը հարկային մարմնում՝ հաշվառված ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց թվաքանակը պաշտոնական հրապարակված տվյալներով կազմում է շուրջ 70 հազար,
• ապահովվել է գործունեության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ստացումը և պետական եկամուտների համալրումը, օրինակ՝ 2024թ․ սեպտեմբերի 1-ից մինչև 2025թ․ հունիսի 30-ը հարթակների միջոցով առցանց համակարգով դուրս էր գրվել շուրջ 91 մլրդ․ դրամի 83 մլն․հատ էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ 2025թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին արդեն տաքսի ծառայությունների կողմից առցանց համակարգով դուրս է գրվել շուրջ 88,5 մլրդ դրամի 77,7 մլն․ հատ էլեկտրոնային ՀԴՄ կտրոն ։ Արդյունքում կարելի է փաստել, որ 2025թ․ ընթացքում ամսական միջին շրջանառությունը կազմում է շուրջ 10,0 մլրդ․ դրամ, որի պարագայում տարեկան լրացուցիչ պետական եկամուտները պետական տուրքի տեսքով կազմում են շուրջ 3,6 մլրդ դրամ 2025թ․ համար գործող դրույքաչափերով, իսկ իրացման շրջանառության նույնիսկ նույն տեմպերի պահպանման պարագայում 2026թ․ համար սահմանված դրույքաչափերի պարագայում տարեկան լրացուցիչ եկամուտները կգերազանցեն 5,0 մլրդ դրամը։
27․12․2014թ․-ից ուժի մեջ մտած իրավական կարգավորումներով մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների, իսկ 01․09․2024թ․-ից նաև ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման հնարավորություն է վերապահվել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու պահից, իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Քաղաքացիներն առանց պետական գրանցման կամ հաշվառման (առանց իրավաբանական անձ կազմավորելու կամ անհատ ձեռնարկատեր հաշվառվելու) իրավունք ունեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, եթե օրենքով սահմանված կարգով հաշվառվել են հարկային մարմնում և ստացել են արտոնագիր կամ գյուղատնտեսական արտադրանք արտադրելու նպատակով կնքել են համատեղ գործունեության պայմանագիր, ինչպես նաև օրենքներով սահմանված այլ դեպքերում: Մասնավորապես, «Տրանսպորտի մասին» օրենքի 1-ին հոդվածին համապատասխան՝ փոխադրող է համարվում նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, որն իրականացնում է մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով կամ թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր ուղևորափոխադրում: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան՝ ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը թույլատրվում է միայն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով։ Ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացումը ենթակա է լիցենզավորման «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի համաձայն, որի համար տարեկան պետական տուրքի դրույքաչափերը սահմանված են «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածով։ ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի համաձայն՝ եկամտային հարկով հարկման առումով նվազեցվող եկամուտներ են համարվում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով սահմանված՝ ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու գործունեությունից ստացվող եկամուտները։ «Պետական տուրքի մասին» օրենքի 19․7-րդ հոդվածով սահմանվել են ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով ՀՀ տարածքում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, ինչպես նաև մար-դատար-տաքսի ավտոմոբիլներով ՀՀ տարածքում ուղևորափոխադրումների իրականացման համար արտոնագիր տրամադրելու համար պետական տուրք յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի նկատմամբ։ Ընդ որում, ուղևորափոխադրումները էլեկտրոնային հարթակով ստացված պատվերով իրակա¬նաց¬վելու դեպքում յուրաքանչյուր ուղևորափոխադրման համար պետական տուրքը գանձվում և պետական բյուջե է վճարվում հարթակի կողմից (պետական տուրքի հաշվարկման և գանձման լիազորությունները պատվիրակվել են էլեկտրոնային հարթակներին):
Այսպիսով, էլեկտրոնային հարթակներով ֆիզիկական անձի կողմից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը, ինչպես նաև հարկային մարմնի էլեկտրո¬նային համակարգի միջոցով մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացումը հնարավոր է իրականացնել առանց որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու, որի համար սահմանված է պետական տուրք։
Էլեկտրոնային հարթակների և ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց միջև աշխատանքային հարաբերություններ չեն ստեղծվում. ֆիզիկական անձինք ծառայություն չեն մատուցում հարթակներին, այլ՝ ուղղակի պատվիրատու օգտատիրոջը, իսկ հարթակներից ստանում են հասանելիության ծառայություններ՝ իրենց գործունեությունը իրականացնելու համար։
Գործող օրենսդրությամբ «ինքնազբաղված անձ» հասկացությունը սահմանված է միայն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով, որն օրենքով չարգելված որևէ գործունեությունից եկամուտ ստացող վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձն է։ Ստացվող եկամուտներից բացառություն են աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտները, քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն՝ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից կամ կազմակերպությունից ստացված (պայմանագրային) եկամուտները։ Ինքնազբաղված անձանց թվում ներառվում են նաև գյուղատնտեսական արտադրանքի իրացումից եկամուտ ստացող գյուղատնտեսական արտադրանք արտադրող, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա եկամուտ ստացող, ՀՀ հարկային օրենսգրքի N3 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող ֆիզիկական անձինք։ Ընդ որում, նույն օրենքին համապատասխան՝ անձը, որպես ինքնազբաղված անձ, ստացված եկամուտներից՝ սոցիալական վճար է կատարում կամավորության սկզբունքով։ Նշված ֆիզիկական անձինք, ըստ էության, հանդիսանում են ինքնազբաղված անձինք և ներառված են հարթակային զբաղվածության շրջանակներում։
Օտարերկրացիների՝ ՀՀ մուտք գործելու, ՀՀ տարածքում գտնվելու և բնակվելու, ՀՀ տարածքով տարանցիկ երթևեկելու, ՀՀ-ից ելքի և համանման հարաբերությունները կարգավորվում են «Օտարերկրացիների մասին» օրենքով: Հայաստանում կան օտարերկրյա քաղաքացիներ, որոնք հիմնականում այցելել են կարճատև այցելությամբ (Հայաստանում կարող են գտնվել 21 օր և առավելագույնը երկարացնել մինչև 120 օր)։ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով օտարերկրացիների կողմից Հայաստանում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելու դեպքում սահմանված է տուգանք՝ 50-100 հազար դրամի չափով։ Միևնույն ժամանակ, օտարերկրացիների հետ առանց աշխատանքի թույլտվության (այդ հիմքով ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի) աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում (բացառությամբ առանց նման փաստաթղթի ՀՀ-ում աշխատելու իրավունք ունեցող օտարերկրացիների) առաջացնում է տուգանք 50,0 հազար դրամի չափով, իսկ տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնվելու դեպքում՝ 100,0 հազար դրամի չափով։
Իրականում օտարերկրացիների Հայաստան այցելության հիմնական նպատակը աշխատանքն է, այդ թվում՝ հարթակային զբաղվածությունը։ Օտարերկրացիներն աշխատատեղ են փնտրում ինչպես գործատուների մոտ, այնպես էլ էլեկտրոնային հարթակների միջոցով՝ բեռնափոխադրումներ և առաքումներ իրականացնելու հնարավորությամբ։ Գործող «Work Permit» համակարգով օտարերկրացիները կամ նրանց գործատուները կարող են իհարկե դիմել աշխատանքի իրավունք ձեռքբերելու համար, սակայն այն լայնորեն չի կիրառվում վերջիններիս կողմից: Իսկ օտարերկրացու համար հարթակային զբաղվածության մասով կացության կարգավիճակ ստանալու կարգավորումներ սահմանված չեն, ինչը խնդիր է ստեղծում օրինական զբաղվածության առումով։ Թույլատրված ժամկետից ավելի մնալու դեպքում էլ արտաքսման ընթացակարգերը գործնականում կիրառելու համար առկա են խոչընդոտներ։
ՀՀ ԱԺ կողմից 2025թ․ տարեվերջին ընդունված՝ «Օտարերկրացիների մասին» օրենքում և հարակից օրենքների փոփոխությունների նախագծերի փաթեթով նպատակադրվել է թվայնացնել օտարերկրացիներին կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը, կատարելագործել օտարերկրացիների հաշվառման վարչարարությունը, բարձրացնել դրա արդյունավետությունը, հստակեցնել կացության կարգավիճակների տեսակներն ու կացության կարգավիճակ տալու վարույթի իրականացման մեխանիզմները: Հաշվի առնելով աշխատանքային միգրացիոն հոսքերի ակտիվությունը և դրա կանոնակարգման անհրաժեշտությունը, փոփոխություններով առաջարկվել է, մասնավորապես`
1) հրաժարվել աշխատանքի թույլտվության, հետևաբար՝ նաև դրա բացառությունների համակարգից՝ փոխարենը որպես ժամանակավոր կացության կարգավիճակ տալու հիմք սահմանելով աշխատանքային վիզայի, աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվելու (բնակվելու) թույլտվության առկայությունը, միաժամանակ սահմանելով առանց աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով ՀՀ-ում գտնվելու (բնակվելու) թույլտվության աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիր կնքելու իրավունք ունեցող օտարերկրացիների շրջանակը,
2) սահմանել աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով ՀՀ-ում գտնվելու (բնակվելու) թույլտվության հասկացությունը՝ նպատակ ունենալով հաշվառել Հայաստանում օրինական գտնվելու ժամկետում աշխատել ցանկացող օտարերկրացիներին: Հայաստանում նման հաշվառում չի իրականացվում և օրինական գտնվելու ժամկետում աշխատող օտարերկրացիները դուրս են մնում պատկան մարմինների տեսադաշտից,
3) սահմանել քվոտայի հասկացությունը, որը թույլ կտա Կառավարությանը կարգավորել օտարերկրյա քաղաքացիներին տրամադրվող կացության կարգավիճակների սահմանաչափն՝ ըստ կացության կարգավիճակների տեսակի, քանակի և հիմքերի՝ հաշվի առնելով երկրում առկա միգրացիոն իրավիճակը և տնտեսության պահանջները,
4) պարզեցնել և հստակեցնել ներդրումներ իրականացնելու և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրություն ունեցող օտարերկրացիների օրինական կացության կազմակերպման գործընթացը: Գործող կարգավորումներով օտարերկրյա քաղաքացիները կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացնելու հիմքով կացության կարգավիճակի դիմում ներկայացնելու համար գումարի որևէ շեմ սահմանված չէ, առաջարկվում է սահմանել համապատասխան շեմ ձեռնարկատիրական գործունեության հիմքով կացության կարգավիճակ ստանալու համար:
Սակայն վերոնշյալ փոփոխությունների կարգավորման շրջանակներում ներառված չէ հարթակային զբաղվածության շրջանակներում օտարերկրացիների ներգրավման և կացության կարգավիճակ տալու վարույթի իրականացման մեխանիզմները, ինչը խոչընդոտում է օրինական զբաղվածությունը։ Նշենք նաև, որ նշված հարցերը «Օտարերկրացիների մասին» օրենքով հնարավոր կլիներ կարգավորել միայն հարակից օրենքներով բեռնափոխադրումների և առաքումների բնագավառի այն կարգավորումների առկայության պարագայում, ինչը նախատեսվում է ներկայացված նախագծերի փաթեթով։
Այսպիսով, ներկայիս կարգավորման հարաբերությունների խնդիրների լուծման նպատակով առաջարկվում են հետևյալ հիմնական ուղղությունները․
1) շարունակել բարեփոխումները՝ ուղևորափոխադրումներին առնչվող վերոնշյալ կարգավորումները տարածելով նաև բեռնափոխադրումների և առաքումների վրա. բեռնափոխադրումների ու առաքումների մասով սահմանել մարդատար ուղևորափոխադրումների գործող կարգավորումների համանման մեխանիզմներ, գործող ծրագրային լուծումները տարածել նաև այդ ոլորտներին՝ հաշվի առնելով, որ էլեկտրոնային հարթակները պատվերներն ընդունում են հիմնականում նույն հարթակում և ամբողջությամբ գործում է նույն մեխանիզմը,
2) կիրառել այն մոտեցումը, որ պետական պատկան մարմինները չգրանցված օտարերկրյա աշխատողներին նույնականացնելու դեպքում ոչ թե արտաքսեն, այլ, վերջիններիս կարգավիճակն ամրագրելու ճանապարհով, հիմքեր ստեղծեն, որ առանց որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու և անկախ աշխատանքային պայմանագրից՝ օտարերկրացին կարողանա հարթակով աշխատելու պարագայում ստանա կացության ժամանակավոր կարգավիճակ,
3) խստացնել պատասխանատվությունը վերաբերելի օրենսդրության պահանջները խախտելու, այդ թվում՝ առանց կացության կարգավիճակի հարթակներում գործունեություն իրականացնելու հնարավորություն տալու համար։
Այսպիսով, առաջարկությունների ընդունման դեպքում կունենանք հետևյալ առավելությունները
Պետական մարմինների համար Բիզնեսի համար
• հարկային պարզեցված հաշվառում
• լիարժեք հարկային թափանցիկություն,
• ֆինանսական հոսքերի լիարժեք թափանցիկության
• հարկերի հավաքագրման ամբողջականություն,
• հարկային պարտավորությունների կատարման նկատմամբ էական վարչարարության անհրաժեշտության բացակայություն։
• մասնագիտության գրավչության բարձրացում, առանց հեղինակային (իմիջային) ռիսկերի,
• հարկերի վճարման պարզեցված մեխանիզմի ներդրում
• Ոլորտի հարկային կանխատեսելիություն և թափանցիկություն՝ բիզնեսի կայուն զարգացման համար։
Ռիսկերի գնահատում՝
Նախագծերի փաթեթով նկատի է առնվել սովորական բեռնափոխադրումը հարթակներով իրականացվող առաքման և բեռնափոխադրման ծառայություններից տարանջատելու անհրաժեշտությունը, որպեսզի հարթակը չդառնա հարկերից խուսափելու գործիք։
Փորձը ցույց է տալիս, որ հարկման այս մեխանիզմի տակ ընկնելու համար անհրաժեշտ է երկու պայման՝
·պատվերը փոխանցվում է առաքիչին հարթակի միջոցով,
·պատվերը ստացվում է երրորդ կողմից, չի կարող այն իրականացվել հարթակի սեփականատիրոջ բեռների փոխադրման համար։
Բացի նշվածը, սովորական բեռնափոխադրումը հարթակներով իրականացվող ծառայություններից տարանջատելու անհրաժեշտությամբ պայմանավորված (որպեսզի հարթակը չդառնա հարկերից խուսափելու գործիք) նախագծերով առաջարկվում է սահմանել, որ այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնցով չի թույլատրվում ֆիզիկական անձի կողմից իրականացնել բեռների փոխադրման և առաքման գործունեություն, սահմանում է տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինը։
Օտարերկրացիների՝ Հայաստանի Հանրապետություն մուտքի, ելքի, արտաքսման և ազատության սահմանափակման հետ կապված հարաբերություններում իրավիճակը հետևյալն է.
«Օտարերկրացիների մասին» օրենքի համաձայն օտարերկրացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է վավերական անձնագրի առկայության, մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի հիման վրա և սահմանային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի թույլտվության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։ Սակայն այս կարգավորումից դուրս են մնացել ինչպես առանց մուտքի վիզայի Հայաստանի Հանրապետություն մուտքի իրավունք ունեցող օտարերկրացիների հետ կապված հարաբերությունները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական բնակության այլ հիմքեր (օրինակ՝ ապաստան հայցողի կամ փախստականի կարգավիճակ) ունեցող օտարերկրացիների մուտքի հետ կապված կարգավորումները։
1) Ներկա իրավակարգավորումների համաձայն օտարերկրացիների ելքը թույլատրվում է Օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունից կարող են դուրս գալ վավերական անձնագրի և մինչև դուրս գալու պահը Հայաստանի Հանրապետության տարածքում նրանց օրինական գտնվելը կամ բնակվելը հավաստող վավերական փաստաթղթի առկայության դեպքում, իսկ առանց օրինական հիմքերի գտնվող օտարերկրացիների պարագայում՝ տուգանքի վճարման մասին անդորրագրի (տուգանքի վճարումը հավաստող այլ փաստաթղթի) առկայության պարագայում։ Ներկայումս օտարերկրացիների ելքը թույլատրվում է ոչ միայն վերը նշված փաստաթղթերի առկայության դեպքում, այլ նաև արտաքսման մասին որոշման, վտարման վճռի կամ արտահանձման մասին որոշման հիման վրա, որոնք ներառված չեն օտարերկրացիների ելքը թույլատրող փաստաթղթերի ցանկում։ Բացի այդ «Օտարերկրացիների մասին» օրենքում նախատեսվում է ներդնել «կամավոր վերադարձ»-ի ինստիտուտը, որի արդյունքում լիազոր մարմնի կողմից ընդունված համապատասխան որոշումը ևս պետք է հիմք հանդիսանա օտարերկրացու ելքն ապահովելու համար։
2) «Օտարերկրացիների մասին» օրենքը կարգավորում է արտաքսման գործընթացի հետ կապված հարաբերությունները, որոնք 2006թ-ից ի վեր տեղափոխվել են բոլորովին այլ հարթություն։ Տարեցտարի ավելանում են օտարերկրացուն ՀՀ տարածքից դատական կարգով արտաքսելու վերաբերյալ գործ հարուցելու և դատարան ներկայացնելու վարույթները, հետևաբար նաև դատարան ներկայացրած հայցերի թվաքանակը։ Այսպես 2024թ-ին ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կայացվել է օտարերկրացուն ՀՀ տարածքից դատական կարգով արտաքսելու վերաբերյալ գործ հարուցելու և դատարան ներկայացնելու թվով 81 որոշում, իսկ 2025թ-ին այդ որոշումների թիվը կազմել է 196։ Նույն ժամանակահատվածում ՀՀ վարչական դատարան ներկայացվել է համապատասխանաբար թվով 115 և 117 հայց, որոնցից՝ 2024թ-ին կայացվել է 41 որոշում, իսկ 2025թ-ին՝ 22 որոշում։ Այս համատեքստում և հաշվի առնելով ՀՀ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը, արտասքման հայցերի քննարկման ժամանակահատվածը տևում է բավականին երկար, շատ դեպքերում նույնիսկ տարուց ավելի, որի ընթացքում օտարերկրացին շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետությունում անօրինական կարգավիճակով, նույնիսկ կորում է արտաքսման վարույթ իրականացնող մարմինների տեսադաշտից՝ դրանով իսկ իմաստազրկելով արտաքսման գործընթացը։ Անօրինական միգրանտների թվաքանակի աճին զուգընթաց անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքսման գործընթացը համակարգող նոր կարգավորումներ, որոնք կբեռնաթափեն պատկան մարմինների ծանրաբեռնվածությունը, կկրճատեն արտաքսման գործընթացների ժամանակահատվածը և կնպաստեն դրանց արդյունավետության բարձրացմանը։ Հարկ է նշել, որ այս գործընթացը կյանքի կոչելու հանձնարարականը ՀՀ վարչապետի կողմից տրվել է դեռևս 2024թվականին։
3) Արտաքսման գործընթացի կարգավորումներին զուգընթաց անհրաժեշտություն է առաջանում համապատասխան կարգավորումներ նախատեսել նաև անօրինական միգրանտներին և դրա պատճառ հանդիսացող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու համար։ Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով տուգանք է սահմանված Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական վիզայի կամ կացության կարգավիճակի բնակվելու համար, որի չափը կրկնակի և եռակի անգամ ցածր է կացության կարգավիճակ տալու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափից, իսկ 2027թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող իրավակարգավորումների համաձայն այդ տարբերության չափը կազմելու է 3-5 անգամ։ Նման դրույքաչափերի պարագայում շատ օտարերկրացիներ նախընտրում են չօրինականացնել ՀՀ-ում իրենց բնակությունը, այլ առանց կացության կարգավիճակի գտնվել ՀՀ-ում և ՀՀ պետական սահմանը հատելու ժամանակ վճարել կացության կարգավիճակի համար սահմանված դրույքաչափից կրկնակի անգամ ցածր տուգանքը և մեկնել ՀՀ-ից։
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծերով առաջարկվող փոփոխություններ և կարգավորումներ
1) «Օտարերկրացիների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններ
• ժամանակավոր կացության կարգավիճակ տալու հիմքերը լրացնել նոր հիմքով՝ օրենքով սահմանված կարգով Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայության շրջանակներում ոչ կանոնավոր ուղևորափոխադրման և (կամ) բեռների փոխադրման և (կամ) առաքման գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու (բնակվելու) թույլտվության առկայությունը,
• սահմանել, որ էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով իրականացվող՝ ժամանակավոր կացության կարգավիճակին առնչվող վարույթների իրականացման առումով տեղեկություններ են փոխանակվելու էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություն մատուցման ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հետ,
• սահմանել, որ օտարերկրացիները կարող են «Տրանսպորտի մասին» և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքներով սահմանված կարգով Հայաստանում իրականացնել Էլեկտրոնային հարթակով ոչ կանոնավոր ուղևորափոխադրման և (կամ) բեռների փոխադրման և (կամ) առաքման գործունեություն «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված արտոնագրի հիման վրա։ Այդ նպատակով օտարերկրացի ներգրավելու համար էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություն մատուցման ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը լրացնում են Կառավարության որոշմամբ սահմանված հայտ միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի կողմից վարվող միասնական էլեկտրոնային հարթակում,
• առաջարկվում է սահմանել ոչ կանոնավոր ուղևորափոխադրման և (կամ) բեռների փոխադրման և (կամ) առաքման գործունեություն իրականացնելու հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տալու ընթացակարգերը՝
օտարերկրացիները կարող են առանց որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման և աշխատանքային պայմանագրի կնքման Էլեկտրոնային հարթակով ոչ կանոնավոր ուղևորափոխադրման և (կամ) բեռների փոխադրման և (կամ) առաքման գործունեություն իրականացնելու հիմքով ստանալ ժամանակավոր կացության կարգավիճակ՝ Կառավարության սահմանված կարգով։
հարթակը շահագործողը օտարերկրացու կողմից համապատասխան դիմում ստանալուց հետո, լրացնում է Կառավարության որոշմամբ սահմանված հայտ միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի կողմից վարվող միասնական էլեկտրոնային հարթակում (կցելով Կառավարության սահմանած կարգով պահանջվող տեղեկատվությունը):
ժամանակավոր կացության կարգավիճակը և հանրային ծառայության համարանիշը ստանալուց հետո օտարերկրացին պարտավոր է սահմանված կարգով անցնել բժշկական զննություններ, որոնցով կհավաստվի, որ նա համապատասխանում է համապատասխան ոլորտներում գործունեություն իրականացնելու համար օրենսդրությամբ սահմանված պահանջներին, համապատասխան փաստաթղթերը ներկայացնելով էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություններ մատուցող անձանց։ Նշված տեղեկատվությունը էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություն մատուցման ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին կարող է տրամադրվել Էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով՝ Կառավարության սահմանած կարգով։
հայտը հիմք է ոչ կանոնավոր ուղևորափոխադրում և (կամ) բեռների փոխադրում և (կամ) առաքում իրականացնելու հիմքով կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարերկրացին չի համապատասխանում օրենքով սահմանված՝ ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու ընդհանուր պայմաններին։
ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու օրվանից 15 օրվա ընթացքում էլեկտրոնային հարթակների միջոցով օտարերկացիները Կառավարության սահմանած պարզեցված հաշվառման կարգով հաշվառվում են հարկային մարմնում և «Պետական տուրքի մասին» օրենքի 19.7-րդ հոդվածին համապատասխան ստանում են արտոնագիր։
նույն հիմքով նոր կացության կարգավիճակ տրամադրվում է, եթե առկա է հարթակի կողմից հայտ միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի կողմից վարվող միասնական էլեկտրոնային հարթակում։
ոչ կանոնավոր ուղևորափոխադրում և (կամ) բեռների փոխադրում և (կամ) առաքում իրականացնելու հիմքով կացության կարգավիճակը ճանաչվում է ուժը կորցրած, եթե․
- օտարերկրացին մինչև ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի ավարտը երկու ամսից ավել ժամկետով դադարեցրել է ոչ կանոնավոր ուղևորափոխադրում և (կամ) բեռների փոխադրում և (կամ) առաքում իրականացնելը, բացակայում են «Պետական տուրքի մասին» օրենքի 19.7-րդ հոդվածին համապատասխան արտոնագրի համար պետական տուրքի վճարումները, և նշված ժամկետում որևէ Էլեկտրոնային հարթակով չի իրականացրել կանոնավոր ուղևորափոխադրում և (կամ) բեռների փոխադրում և (կամ) առաքում,
- օրենքով սահմանված կարգով հաշվառվել է որպես անհատ ձեռնարկատեր,
- առկա են սույն օրենքով սահմանված՝ կացության կարգավիճակը ուժը կորցրած ճանաչելու ընդհանուր հիմքերը։
• սահմանել անօրինական միգրանտի, օտարերկրացու կամավոր կամ հարկադիր վերադարձի հասկացությունը, որն էականորեն կհեշտացնի իրավակիրառ պրակտիկան.
• հստակեցնել օտարերկրացիների Հայաստանի Հանրապետության մուտքի և Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված ընթացակարգերը՝ մեկ օրենքի շրջանակներում սահմանելով օտարերկրացիների ելքի և մուտքի համար անհրաժեշտ փաստաթղթերի համապարփակ ցանկը․
• հստակ սահմանազատել ՀՀ մուտքի, ՀՀ մուտքի վիզա տրամադրելու կամ ՀՀ մուտքի վիզան երկարաձելու մերժման, ինչպես նաև ՀՀ մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու հիմքերը․
• օտարերկրացուն ՀՀ տարածքից արտաքսելու վերաբերյալ որոշման կայացումը վերապահել վարչական մարմնին և հստակեցնել արտաքսման գործընթացն իրականացնելու պրոցեսում ընդգրկված մարմինների գործառույթներն ու պարտականությունները, ինչպես նաև արտաքսման ենթակա օտարերկրացու իրավունքներն ու նրա նպատմամբ կիրառվող սահմանափակումները․
• վերը նշված կարգավորումներին զուգընթաց համապատասխան փոփոխություններ կատարել նաև կացության կարգավիճակ տալը մերժելու հիմքերում։
2) «Տրանսպորտի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններ՝
• օրենքի հիմնական հասկացություններով սահմանված է «Փոխադրող» հասկացությունը՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը մատուցում է ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի փոխադրման ծառայություններ, իրականացնում` առաքման գործունեություն, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ, որն իրականացնում է մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով կամ թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր ուղևորափոխադրում։ Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը որպես փոխադրող սահմանված է միայն մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով կամ թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս։ Առաջարկվում է սահմանել, որ օրենքի իմաստով՝
թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր ուղևորափոխադրում է համարվում նաև պատվիրատուի և փոխադրողի փոխհամաձայնությամբ առանձին պատվերով պատվիրատուին պատկանող տրանսպորտային միջոցով ուղևորափոխադրումը.
փոխադրող է համարվում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, որն իրականացնում է մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով կամ թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր ուղևորափոխադրում և (կամ) տրանսպորտային միջոցներով կամ հետիոտն իրականացնում է բեռների փոխադրման (այդ թվում՝ քարշակման) և առաքման գործունեություն: Միաժամանակ, սովորական բեռնափոխադրումը հարթակներով իրականացվող ծառայություններից տարանջատելու անհրաժեշտությամբ պայմանավորված (որպեսզի հարթակը չդառնա հարկերից խուսափելու գործիք) առաջարկվում է սահմանել, որ այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնցով չի թույլատրվում ֆիզիկական անձի կողմից իրականացնել բեռների փոխադրման և առաքման գործունեություն, սահմանում է տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինը։
• առաջարկվում է օրենքի հասկացություններում սահմանել «էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություն» հասկացությունը՝ էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ համացանցի միջոցով, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ուղևորների, բեռների փոխադրման, առաքման պատվերների ընդունման և փոխանցման ծառայությունների մատուցում։ Էլեկտրոնային հարթակով կարող են մատուցվել ուղևորափոխադրման, բեռների փոխադրման կամ առաքման պատվերների ընդունման և փոխանցման ծառայությունները ինչպես միաժամանակ, այնպես էլ առանձին առանձին,
• օրենքի 8-րդ հոդվածով կարգավորվում է տրանսպորտային ծառայությունների մատուցումը, համաձայն որի՝ տրանսպորտային ծառայությունների մատուցումն իրականացվում է ուղևորների և ուղեբեռների, բեռների փոխադրումների կազմակերպման, տրանսպորտային առաքման և տրանսպորտային այլ ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա: Նույն հոդվածով առաջարկվում է կանոնակարգել տրանսպորտային միջոցներով ֆիզիկական անձանց կողմից բեռնափոխադրումների կամ առաքումների հարցերը։ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով համանման կարգավորումներ սահմանված են մարտադար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների համար, սակայն նկատի ունենալով, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքը սահմանում է միայն ավտոմոբիլային տրանսպորտին առնչվող կարգավորումներ, իսկ «Տրանսպորտի մասին» օրենքն արդեն ընդհանրապես տրանսպորտի բոլոր տեսակներին առնչվող կարգավորումներ, առաջարկվում է․
նախատեսել, որ այդ տրանսպորտային միջոցներով կամ հետիոտն ֆիզիկական անձանց կողմից բեռնափոխադրումներ կամ առաքումներ կարող են իրականացվել բացառապես էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայության շրջանակներում, որի դեպքում պատվերի վճարման էլեկտրոնային ՀԴՄ էլեկտրոնային կտրոնը պատվիրատուին տրամադրում է հարթակը։
- հարթակները լիազոր մարմնին և հարկային մարմնին առցանց տրամադրում են տվյալների բազայի հասանելիություն ձևակերպված փոխադրման և առաքման պատվերների (հարկային մարմնին՝ ուղևորափոխադրում, բեռնափոխադրում և առաքում իրականացնողների) մասով տեղեկատվությանը, այդ թվում՝ փոխադրողի, բեռնափոխադրողի, առաքողի վարորդական իրավունքի վկայականի և տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի վերաբերյալ, ապահովելով անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջները: հասանելիության կարգը կսահմանվի կառավարության որոշմամբ։
- հարթակները պետք է ապահովեն ծառայության միջոցով ուղևորների և բեռների փոխադրման ու առաքման յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում փոխադրման կամ առաքման ընդհանուր արժեքի մասին տեղեկատվության տրամադրումը պատվիրատուին, պատվերի վճարման էլեկտրոնային ՀԴՄ էլեկտրոնային կտրոնի տրամադրումը պատվիրատուին, փոխադրման կամ առաքման ընդհանուր արժեքից պետական տուրքի հաշվարկը, գանձումը և վճարումը պետական բյուջե՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով և կարգով։
3) «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններ՝
- оրենքի 4-րդ հոդվածում տրված է «էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն» հասկացությունը, որն առաջարկվում է շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ նկատի ունենալով ավտոմոբիլային տրանսպորտի միջոցներով հարթակով բեռնափոխադրման և առաքման ծառայությունների սահմանման անհրաժեշտությունը։ Առաջարկվում է սահմանել, որ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություն է համարվում էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ համացանցի միջոցով, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ուղևորների, բեռների փոխադրման, առաքման պատվերների ընդունման և փոխանցման ծառայությունների մատուցումը։ Էլեկտրոնային հարթակով կարող են մատուցվել ուղևորափոխադրման, բեռների փոխադրման կամ առաքման պատվերների ընդունման և փոխանցման ծառայությունները ինչպես միաժամանակ, այնպես էլ առանձին առանձին,
- առաջարկվում է սահմանել, որ թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր ուղևորափոխադրում է համարվում նաև պատվիրատուի և փոխադրողի փոխհամաձայնությամբ առանձին պատվերով պատվիրատուին պատկանող տրանսպորտային միջոցով ուղևորափոխադրումը.
- հարթակի սահմանման փոփոխությամբ պայմանավորված խմբագրական փոփոխություններ են առաջարկվում օրենքի 16-րդ հոդվածում, որով կարգավորվում են ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները,
- ավտոմոբիլային տրանսպորտի միջոցներով բեռնափոխադրումների և առաքումների հարցերի կարգավորման նպատակով ոչ կանոնավոր ուղևերափոխադրումներին համանման դրույթներն են առաջարկվում սահմանել օրենքի 19-րդ հոդվածով (բեռնափոխադրումների կազմակերպման հիմնադրույթները և հիմնական պահանջները), այսպես․
- ավտոմոբիլային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց կողմից բեռնափոխադրումներ կամ առաքումներ կարող են իրականացվել բացառապես էլեկտրոնային հարթակով, որի դեպքում պատվերի վճարման էլեկտրոնային ՀԴՄ էլեկտրոնային կտրոնը պատվիրատուին տրամադրում է հարթակը․
- հարթակները լիազոր մարմնին և հարկային մարմնին առցանց տրամադրում են տվյալների բազայի հասանելիություն ձևակերպված փոխադրման և առաքման պատվերների (հարկային մարմնին՝ բեռնափոխադրում և առաքում իրականացնողների) մասով տեղեկատվությանը, այդ թվում՝ բեռնափոխադրողի, առաքողի վարորդական իրավունքի վկայականի և տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի վերաբերյալ, ապահովելով անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջները: Տվյալների բազայի հասանելիության կարգը կսահմանի Կառավարությունը․
- հարթակները պետք է ապահովեն էլեկտրոնային հարթակով բեռնափոխադրման և առաքման ծառայության միջոցով բեռների փոխադրման ու առաքման յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում փոխադրման կամ առաքման ընդհանուր արժեքի մասին տեղեկատվության տրամադրումը պատվիրատուին, պատվերի վճարման էլեկտրոնային ՀԴՄ էլեկտրոնային կտրոնի տրամադրումը պատվիրատուին, փոխադրման կամ առաքման ընդհանուր արժեքից պետական տուրքի հաշվարկը, գանձումը և վճարումը պետական բյուջե՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով և կարգով․
- ֆիզիկական անձանց կողմից ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով բեռների փոխադրումը կամ առաքումը թույլատրվում է միայն էլեկտրոնային հարթակով բեռնափոխադրման և առաքման ծառայության միջոցով։
4) Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններ
- Քանի որ ֆիզիկական անձանց եկամուտներից գանձվելու է պետական տուրք՝ Օրենսգրքի 147-րդ հոդվածում ֆիզիկական անձանց համար որպես նվազեցվող եկամուտ սահմանվել է նաև էլեկտրոնային հարթակով բեռնափոխադրումներից և առաքումներից ստացվող եկամուտները։ Նվազեցվող եկամուտներ են համարվում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Տրանսպորտի մասին» օրենքներով սահմանված՝ ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ, ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու գործունեությունից, ինչպես նաև էլեկտրոնային հարթակով բեռնափոխադրումներից և առաքումներից ստացվող եկամուտները,
- hստակեցվել են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի պարտադիր կիրառության դեպքերը․
ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից էլեկտրոնային հարթակով պատվերների ձևակերպման ու ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների և առաքումների դեպքում (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից),
կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում,
hանրային սննդի գործունեություն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների (այդ թվում՝ ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով)) հիման վրա առաքվող խոհարարական արտադրանքի, ինչպես նաև խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ անմիջականորեն կապված ապրանքների առաքման ծառայությունների մատուցման դեպքում։
- էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը օրենսգրքով պարտադիր լինելու դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները կսահմանի կառավարությունը։
- սահմանվել է առանձին պատասխանատվություն էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը օրենսգրքով պարտադիր լինելու դեպքում ապրանքների մատակարարման կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքներն առանց էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կամ դրա կիրառության կանոնների խախտմամբ իրականացնելու յուրաքանչյուր դեպքի համար գանձվում է տուգանք 200 հազար դրամի չափով: Դրան զուգահեռ համապատասխան փոփոխություն է կատարվել օրենսգրքի 408-րդ հոդվածում։
5) «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններ՝
էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայության շրջանակներում ֆիզիկական անձանց կողմից բեռնափոխադրումների և առաքումների իրականացման համար արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքը կազմում է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝
կանխիկ դրամով վճարումների դեպքում անկանխիկ դրամով վճարումների դեպքում
5 տոկոսի չափով 4 տոկոսի չափով
Յուրաքանչյուր բեռնափոխադրման կամ առաքման համար նշված չափով պետական տուրքը գանձում և պետական բյուջե է վճարում էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը։
Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը էլեկտրոնային հարթակով էլեկտրոնային ծառայության միջոցով ձևակերպված պատվերով իրականացված ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների և առաքումների համար հաշվարկված, գանձված և պետական բյուջե վճարման ենթակա պետական տուրքի վերաբերյալ հայտարարությունը բացառապես էլեկտրոնային եղանակով մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ ներկայացնում են հարկային մարմին։
Պետական տուրքը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ:
- Հարակից օրենքներում կատարված փոփոխություններին համահունչ վերանվավել է հարթակի անվանումը և 2 անգամ բարձրացվել է ծանուցման համար սահմանված տարեկան պետական տուրքի դրույքաչափը։
- Պետական տուրքի գումարների գանձման և պետական բյուջե փոխանցման կարգավորումներում հարթակներին պատվիրակման մասով կատարվել են համապատասխան փոփոխություններ բեռնափոխադրումների և առաքումների մասով։
6) «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններ՝
Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. Գործունեության այլ բնագավառներ» բաժնի 14-րդ կետով սահմանված է «էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցում» գործունեության տեսակը։ Նախագծերի փաթեթով կատարվող առաջարկություններին համահունչ՝ անհրաժեշտ է նշված գործունեության տեսակը վերանվանել «էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայությունների մատուցում»։ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 4-5-րդ մասերին համապատասխան՝ նոր գործունեությունը ծանուցման ենթակա կարող է ճանաչվել դրա մասին համապատասխան օրենքը պաշտոնապես հրապարակվելուց ոչ շուտ, քան վեց ամիս հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործունեությունը, «Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն, ենթակա է լիցենզավորման: Ծանուցման ենթակա գործունեության իրականացման պայմանների ու պահանջների այնպիսի փոփոխությունը, որը սահմանափակում է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի իրավունքները կամ նրա համար նախատեսում է նոր պարտականություններ, ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխությունը պաշտոնապես հրապարակելուց ոչ շուտ, քան վեց ամիս հետո: Հետևաբար՝ առաջարկվում է, որ փոփոխությունն ուժի մեջ մտնի պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա 1-ից։ Իսկ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. Գործունեության այլ բնագավառներ» բաժնի 14-րդ կետով սահմանված կարգով ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձինք օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը կարող են զբաղվել օրենքով սահմանված գործունեության տեսակով, մինչ այդ ներկայացնելով գործունեության իրականացման նոր ծանուցում։
7) Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններ
- Սահմանել, որ հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ընդունված պատվերների մասով հարկային մարմնին և տրանսպորտի բնագավառում պետական լիազոր մարմնին իրենց տվյալների բազային առցանց հասանելիություն չտրամադրելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։
- Սահմանել, որ Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից օտարերկրացուն օրենքով սահմանված պահանջների խախտմամբ ուղևորափոխադրման, բեռնափոխադրման կամ առաքումների մեջ ներգրավելը առաջացնում է յուրաքանչյուր դեպքով տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
- սահմանել «Օտարերկրացիների մասին» օրենքը խախտելու համար օտարերկրացիներին վարչական պատասխանատվության ենթարկելու աստիճանակարգ, համաձայն որի մինչև 10 օր իրավախախտում թույլ տված օտարերկրացիների համար կիրառման ենթակա է լինելու նախազգուշացումը, իսկ նույն իրավախախտումը 10 և ավել օր թույլ տալու պարագայում վարչական տուգանք, որի սահմանաչափը որոշվում է զանցակազմի կրկնակիությամբ։
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թ․ նոյեմբերի 18-ի N 1902 -Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի՝ «Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» բաժնի 11-րդ՝ «Քաղաքացիներին, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների թվայնացում, պարզեցում և ավտոմատացում» կետից, ինչպես նաև ծրագրի «1. Էլեկտրոնային համակարգերի և ենթակառուցվածքների արդիականացում» նպատակի 1.8 Էլեկտրոնային կառավարման համակարգերի հնարավորությունների հզորացում և կատարելագործում» և «3. Հարկային հսկողության ռիսկերի կառավարման համակարգերի կատարելագործմամբ ստվերի կրճատում» նպատակի «3.1 Տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվող գործունեության օրինականության կամ գործարքների լիարժեք փաստաթղթավորման կարգապահության բարելավում, հսկողական գործիքակազմի կատարելագործում» միջոցառումներից:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
6․ Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է․
• ուղևորափոխադրման էլեկտրոնային հարթակների համակարգով ֆիզիկական անձանց հաշվառման ու հարկերի վճարման համար ճկուն, պարզ ու հարմարավետ լուծումներին համանման կարգավորումներ նախատեսել նաև բեռնափոխադրումների ու առաքումների մասով․
• ուղևորափոխադրման էլեկտրոնային հարթակներին համանման ծանուցման ենթակա գործունեության տեսակներ համարել նաև հարթակով բեռնափոխադրման և առաքման ծառայությունների մատուցումը․
• ոլորտում զբաղված օտարերկրացիներին նույնականացնելու դեպքում, պատշաճ բժշկական համապատասխան զննություններ անցած լինելու պայմանով օրենքով նրանց կարգավիճակն ամրագրելու հնարավորության նախատեսում․ հիմքեր ստեղծել, որ առանց որպես անհատ ձեռնարկատեր գրանցման և աշխատանքային պայմանագրի, օտարերկրացին կարողանա հարթակով աշխատելու պարագայում ստանալ կացության ժամանակավոր կարգավիճակ․
• պատշաճ բժշկական զննություն անցած լինելու վերաբերյալ հավաստման գործառույթների վերապահում հարթակներին․
• վերաբերելի օրենսդրության պահանջները խախտելու պատասխանատվության միջոցների խստացում․
• ֆիզիկական անձանց կողմից ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով բեռների փոխադրումը կամ առաքումը թույլատրել միայն էլեկտրոնային հարթակով բեռնափոխադրման և առաքման ծառայության միջոցով․
• ուղևորափոխադրումների համար արդեն իսկ սահմանված կարգավորումներին համապատասպան՝ պետական տուրքի սահմանում ու դրա գանձման գործառույթների պատվիրակում հարթակներին․
• հստակեցնել ՀՀ մուտքի, ելքի, օտարերկրացիների կամավոր կամ հարկադիր վերադարձի հետ կապված կարգավորումները՝ օտարերկրացիների շարժը դարձնելով առավել վերահսկելի․
• «Պետական տուրքի մասին» և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով պայմանավորված ակնկալվում է պետական բյուջեում եկամուտների ավելացում, իսկ «Օտարերկրացիների մասին» օրենքի փոփոխություններով նախատեսված անօրինական միգրանտի պահման կացարանի գործարկման պարագայում ակնկալվում է պետական բյուջեից լրացուցիչ ծախսեր։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Տևողություն
31.03.2026 16.04.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Վարչարարություն և վարչական վարույթ, Անձնագրեր և վիզաներ, Միգրացիա և քաղաքացիություն
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 199
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: