«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 3․ Օրենքում օգտագործվող հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.
անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ (այսուհետ՝ անձնագիր)` միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ, որը տրված է օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից և իրավունք է տալիս հատելու պետական սահմանը.
մուտքի վիզա` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս մուտք գործելու Հայաստանի Հանրապետություն, տարանցիկ երթևեկելու Հայաստանի Հանրապետության տարածքով, գտնվելու Հայաստանի Հանրապետությունում և դուրս գալու Հայաստանի Հանրապետությունից` դրանում նշված նպատակներով, պայմաններով և ժամկետներում.
ժամանակավոր կացության կարգավիճակ` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում՝ այդ կարգավիճակը հավաստող փաստաթղթի վավերականության ժամկետներում.
մշտական կացության կարգավիճակ` Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում՝ այդ կարգավիճակը հավաստող փաստաթղթի վավերականության ժամկետներում.
աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու թույլտվություն՝ միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից շահագործվող էլեկտրոնային հարթակներում մուտքագրվող էլեկտրոնային հաստատում, որը թույլ է տալիս օտարերկրացուն ձեռք բերել աշխատանքային մուտքի վիզա կամ ժամանակավոր կացության կարգավիճակ կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական գտնվելու ժամկետում աշխատել Հայաստանի Հանրապետությունում.
հրավեր կամ միջնորդագիր (այսուհետ՝ հրավեր)` փաստաթուղթ, որը հիմնավորում է օտարերկրացու մուտքը և գտնվելը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ դրանում նշված նպատակներով և ժամկետներով.
ծագման պետություն` պետություն, որի քաղաքացին է համարվում այն անձը կամ այն պետությունը, որում բնակվում է քաղաքացիություն չունեցող անձը կամ այն անձը, որի քաղաքացիությունը հնարավոր չէ հաստատել.
օրինական բնակության իրավունք՝ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ, ինչպես նաև սույն օրենքով (բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեղեկանքի) կամ «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ միջազգային պայմանագրերով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող այլ կարգավիճակ․
անօրինական միգրանտ՝ օտարերկրացի, ով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում առանց օրինական գտնվելու կամ բնակվելու հիմքերի առկայության և այդ հիմքերի վավերականության ժամկետի ավարտից հետո չի դիմել Հայաստանի Հանրապետությունում իր հետագա բնակությունն օրինականացնելու համար․
կամավոր վերադարձ՝ անօրինական միգրանտի գիտակցված, ազատ, առանց արտաքին հարկադրանքի կամահայտնություն` իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկիր վերադառնալու վերաբերյալ․
հարկադիր վերադարձ՝ առանց օտարերկրացու կամահայտնության վերջինիս հարկադիր հեռացումը Հայաստանի Հանրապետությունից․
արտաքսում՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում օտարերկրացու անհատական հանգամանքները հաշվի առնող օբյեկտիվ և ողջամիտ քննարկման արդյունքում Հայաստանի Հանրապետությունից օտարերկրացու հարկադիր հեռացման վերաբերյալ իրավասու պետական մարմնի կողմից ընդունված որոշում.
արտաքսման հարցերով հանձնաժողով՝ միգրացիայի և քաղաքացիության, ոստիկանության և արդարադատության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինների ներկայացուցիչներից կազմված միջգերատեսչական խումբ, որը կոչված է քննել օտարերկրացիներին Հայաստանի Հանրապետության տարածքից կամավոր վերադարձի կամ արտաքսման վերաբերյալ վարույթները և այդ վարույթների շրջանակներում կայացնել համապատասխան որոշումներ․
անօրինական միգրանտի պահման կացարան (այսուհետ Կացարան)՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտաքսման ենթակա անձանց պահման համար նախատեսված հատուկ ռեժիմի հիմնարկ․
փոխադրող` ցամաքային և օդային տրանսպորտով միջազգային ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպություն.
ուղեկցող` մշակութային, մարզական, երիտասարդական միջոցառումներին մասնակցելու կամ խմբակային զբոսաշրջության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող մինչև 18 տարեկան օտարերկրացիների խմբի ղեկավար.
ընդունող կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ, որը կազմակերպում է մինչև 18 տարեկան օտարերկրացիների մասնակցությամբ մշակութային, մարզական, երիտասարդական միջոցառումներ կամ զբոսաշրջային տուրեր.
Էլեկտրոնային միասնական հարթակ՝ էլեկտրոնային հարթակ, որի կիրառմամբ սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է օտարերկրացիներին ժամանակավոր կամ մշտական կարգավիճակ տալու, ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու, աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու թույլտվություն տալու վարույթները, այդ վարույթների շրջանակում ապահովում է պետական մարմինների, գործատուների, ուղևորների տեղափոխման, բեռների փոխադրման, առաքման պատվերների ընդունման և փոխանցման ծառայություններ մատուցողների, ուսումնական հաստատությունների, քաղաքացիների և օտարերկրացիների միջև ծանուցումների, տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակումը, ինչպես նաև իրականացվում են օտարերկրացիներին Հայաստանի Հանրապետության տարածքից կամավոր վերադարձի կամ արտաքսման վերաբերյալ վարույթները.
քվոտա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարվա համար սահմանվող կացության կարգավիճակների սահմանաչափի նախատեսում՝ ըստ կացության կարգավիճակների տեսակի, քանակի և հիմքերի։»։
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1․Օտարերկրացիները մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն պետական սահմանի անցման կետերով՝ վավերական անձնագրի, առողջապահական (ճամփորդական) ապահովագրության առկայության, մուտքի վիզայի կամ օրինական բնակության իրավունքը հավաստող փաստաթղթի հիման վրա և սահմանային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի թույլտվության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:»։
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 8. Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելը մերժելը կամ մուտք գործելն արգելելը
Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը մերժվում է, եթե՝
ա) նա զրկվել է կացության կարգավիճակից, և կացության կարգավիճակից զրկելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահից չի անցել երեք տարի.
բ) նա արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից և արտաքսման որոշման կատարման պահից հաշվարկած չի լրացել արտաքսման համար սույն օրենքով սահմանված արգելափակման ժամկետը․
գ) նա սույն օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը.
դ) օտարերկրացին չունի երաշխավորված բավարար ֆինանսական միջոցներ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում իր կեցության ծախսերը հոգալու համար, կամ վերադառնալու ծագման պետություն կամ այն պետություն որտեղից ժամանել է․
ե) օտարերկրացին կատարել է հանցագործություն ընդդեմ խաղաղության, պատերազմական հանցագործություն կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություն՝ համաձայն նման հանցագործությունների կապակցությամբ միջոցառւմներ ձեռնարկելու նպատակով ստեղծված միջազգային փաստաթղթերի․
զ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝
- վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,
- իրականացնել ահաբեկչական գործունեություն,
- սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ,
- իրականացնել մարդու թրաֆիքինգ կամ շահագործում, պետական սահմանի ապօրինի հատում կամ անօրինական միգրացիայի կազմակերպում.
է) առկա է դատարանի՝ օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշում կամ դատարանի որոշմամբ վտարվել է Հայաստանի Հանրապետությունից և վտարման պահից հաշվարկած չի լրացել վտարման համար դատարանի որոշմամբ սահմանված արգելափակման ժամկետը
ը) նա մուտքի թույլտվություն հայցելիս ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր․
թ) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ.
ժ) նա ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը․
2․Օտարերկրացու մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե՝
ա) առկա է սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքերից որևէ մեկը․
բ) բավարար հիմքեր կան ենթադրելու, որ օտարերկրացին մուտքի վիզայի ժամկետի ավարտից հետո շարունակելու է մնալ Հայաստանի Հանրապետությունում․
գ) օտարերկրացին իր խոսքով կամ գործողություններով վիրավորել է Հայաստանի Հանրապետությանը կամ սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի ներկայացուցչին։
3. Սույն հոդվածի 1-2-րդ մասերում նշված անձանց մասին տվյալները, բացառությամբ 1-ին մասի «դ», «ը», 2-րդ մասի «բ» և «գ» կետերի, մտցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկ:
Տվյալների բանկը վարում է Հայաստանի Հանրապետության անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, որն էլ անհրաժեշտ տեղեկություններ է մուտքագրում տվյալների բանկ: Տվյալների բանկում տեղեկություններ մուտքագրելու նպատակով ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին տեղեկություններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, ոստիկանությունը, միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը:
Տվյալների բանկից օգտվելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, ոստիկանությունը, միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, սահմանային հսկողություն իրականացնող լիազոր մարմինը, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետության դատարանները, Հայաստանի Հանրապետության քրեական հետապնդում իրականացնող մարմինները:
Տվյալների բանկում տեղեկություններ մտցնելու և դրանից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Սույն հոդվածով նախատեսված գործառույթները պետական սահմանի անցման կետերում իրականացնում են ազգային անվտանգության մարմինները:»։
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8․1 հոդվածով․
«Հոդված 8․1. Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի երկարաձգումը մերժելը, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելը․
1․ Օտարերկրացուն տրամադրված մուտքի վիզայի երկարաձգումը մերժվում է, եթե․
ա) նա փոխել է իր այցելության նպատակը․
բ) նա մուտքի վիզա հայցելիս ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր․
գ) օտարերկրացին չունի բավարար ֆինանսական միջոցներ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում իր կեցության ծախսերը հոգալու համար․
դ) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ։
2․ Օտարերկրացուն տրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում այն տրամադրած լիազոր մարմնի կողմից, եթե․
ա) նա մուտքի թույլտվություն հայցելիս ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր․
բ) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ․
գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝
- վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,
- իրականացնել ահաբեկչական գործունեություն,
- սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ
- իրականացնել մարդու թրաֆիքինգ կամ շահագործում, պետական սահմանի ապօրինի հատում կամ անօրինական միգրացիայի կազմակերպում։
3. Մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչված օտարերկրացու վերաբերյալ տվյալները ներմուծվում են սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում նշված տվյալների բանկ:»:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում «15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով» բառերը փոխարինել «15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «զ2» կետերով» բառերով։
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1․ Օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունից կարող են դուրս գալ վավերական անձնագրի և մինչև դուրս գալու պահը Հայաստանի Հանրապետության տարածքում նրանց օրինական գտնվելը կամ բնակվելը հավաստող վավերական փաստաթղթի, օտարերկրացու Հայաստանի Հանրապետությունից կամավոր վերադարձի կամ արտաքսման մասին որոշման, օտարերկրացու Հայաստանի Հանրապետության տարածքից վտարման մասին համապատասխան վճռի կամ արտահանձման որոշման առկայության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ օրենքով կամ միջազգային պայմանագրերով:»։
Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ2» կետով «զ.2) «Տրանսպորտի մասին» և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքներով սահմանված կարգով Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայության շրջանակներում ոչ կանոնավոր ուղևորափոխադրման և (կամ) բեռների փոխադրման և (կամ) առաքման գործունեություն իրականացնելը.»։
Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով․
«11․ Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «զ2» կետով նախատեսված դեպքում սույն հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով սահմանված ծանուցումների ստացումը և գործողությունների կատարման հավաստումը կարող է կատարվել նաև էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություն մատուցման ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի միջոցով։»։
Հոդված 9․ Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ․
«Հոդված 19. Կացության կարգավիճակ տալը մերժելու հիմքերը
1․ Օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե՝
1) նա զրկվել է կացության կարգավիճակից, և կացության կարգավիճակից զրկելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահից չի անցել երեք տարի․
2) օտարերկրացին դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով չի մարվել կամ վերացվել.
3) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում է այն կամ այնպիսի կազմակերպության անդամ է, որի նպատակն է՝
ա․վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,
բ․ իրականացնել ահաբեկչական գործունեություն,
գ․ սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր,
դ․ իրականացնել մարդու թրաֆիքինգ կամ շահագործում, պետական սահմանի ապօրինի հատում կամ անօրինական միգրացիայի կազմակերպում.
4) նա արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից և արտաքսման որոշման կատարման պահից հաշվարկած չի լրացել արտաքսման համար սույն օրենքով սահմանված արգելափակման ժամկետը.
5) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին ուղղված հիմնավորված սպառնալիքներ.
6) կացության կարգավիճակ հայցելիս օտարերկրացին ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը.
7) օտարերկրացին սույն օրենքը կամ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը․
8) վերացել է կացության կարգավիճակ տալու հիմքը.
9) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրացու հետ չի կնքվել աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր, կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «զ1» կետի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալուց հետո կարգավիճակը ստանալու համար հիմք հանդիսացող կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը լուծվել է, և 15 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրացու հետ նոր կամավոր աշխատանքի մասին պայմանագիր չի կնքվել․
10) սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ» և «դ» կետերում նշված մուտքի վիզաներից որևէ մեկով օտարերկրացին ժամանել է Հայաստանի Հանրապետություն և առանց մուտքի վիզայի տեսակը փոխելու դիմել է սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար․
11) սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օտարերկրացին մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն և առանց աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու թույլտվություն ստանալու դիմել է սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքերով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար․
12) առկա է դատարանի՝ օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության տարածքից արտաքսելու կամ վտարելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշում կամ դատարանի որոշմամբ վտարվել է Հայաստանի Հանրապետությունից և վտարման պահից հաշվարկած չի լրացել վտարման համար դատարանի որոշմամբ սահմանված արգելափակման ժամկետը․
13) լրացել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված քվոտան․
14) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «զ2» կետի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրացին չի ստացել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում և (կամ) բեռների փոխադրում և (կամ) առաքում իրականացնելու նպատակով «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված արտոնագիր։
2․ Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում օրինական կարգով բնակվող ամուսին, ծնող կամ զավակ ունեցող անձանց վրա։»։
Հոդված 10. Օրենքի 22.1-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով
Էլեկտրոնային հարթակներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրում և (կամ) բեռների փոխադրում և (կամ) առաքում իրականացնելու նպատակով օտարերկրացի ներգրավելու համար էլեկտրոնային հարթակով ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը լրացնում են Կառավարության որոշմամբ սահմանված հայտ միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից վարվող միասնական էլեկտրոնային հարթակում:»։
Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.8-րդ հոդվածով․
«Հոդված 29.8. Ոչ կանոնավոր ուղևորափոխադրման և (կամ) բեռների փոխադրման և (կամ) առաքման գործունեություն իրականացնելու հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տալը
1․ Օտարերկրացիները կարող են «Տրանսպորտի մասին» և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքներով սահմանված կարգով առանց որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման և աշխատանքային պայմանագրի կնքման, «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով Էլեկտրոնային հարթակով ոչ կանոնավոր ուղևորափոխադրման և (կամ) բեռների փոխադրման և (կամ) առաքման գործունեություն իրականացնելու հիմքով Հայաստանի Հանրապետությունում ստանալ ժամանակավոր կացության կարգավիճակ՝ Կառավարության սահմանված կարգով։
2․ Էլեկտրոնային հարթակներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրում և (կամ) բեռների փոխադրում և (կամ) առաքում իրականացնելու նպատակով օտարերկրացի ներգրավելու համար էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման կամ առաքման ծառայություն մատուցման ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը օտարերկրացու կողմից համապատասխան դիմում ստանալուց հետո, լրացնում են Կառավարության որոշմամբ սահմանված հայտ (կցելով Կառավարության սահմանանած կարգով պահանջվող տեղեկատվությունը) միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից վարվող միասնական էլեկտրոնային հարթակում առանձին այն оտարերկրացիների մասով, որոնց կողմից վերոնշյալ ծառայությունները մատուցելու համար անհրաժեշտ է տրանսպորտային միջոցների վարորդական իրավունքի վկայական և այն оտարերկրացիների մասով, որոնց կողմից վերոնշյալ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ չէ տրանսպորտային միջոցների վարորդական իրավունքի վկայական:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված հայտը հիմք է ոչ կանոնավոր ուղևորափոխադրում և (կամ) բեռների փոխադրում և (կամ) առաքում իրականացնելու հիմքով կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարերկրացին չի համապատասխանում սույն օրենքով սահմանված՝ ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու ընդհանուր պայմաններին։
Ժամանակավոր կացության կարգավիճակը և հանրային ծառայության համարանիշը ստանալուց հետո օտարերկրացին պարտավոր է սահմանված կարգով անցնել բժշկական զննություններ, որոնցով կհավաստվի, որ համապատասխանում են սույն հոդվածում նշված ոլորտներում գործունեություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին, համապատասխան փաստաթղթերը ներկայացնելով էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություններ մատուցող անձանց։ Նշված տեղեկատվությունը էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություն մատուցման ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին կարող է տրամադրվել Էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով՝ Կառավարարության սահմանած կարգով։
4. Սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու օրվանից 15 օրվա ընթացքում էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություն մատուցման ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձանց կողմից շահագործվող էլեկտրոնային հարթակների միջոցով օտարերկացիները Կառավարության սահմանած պարզեցված հաշվառման կարգով հաշվառվում են հարկային մարմնում և «Պետական տուրքի մասին» օրենքի 19.7-րդ հոդվածին համապատասխան ստանում են արտոնագիր։
5. Ոչ կանոնավոր ուղևորափոխադրում և (կամ) բեռների փոխադրում և (կամ) առաքում իրականացնելու հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրացուն սույն հոդվածի 2-3-րդ մասերով սահմանված պահանջների պահպանմամբ նույն հիմքով նոր կացության կարգավիճակ տրամադրվում է, եթե առկա է ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություն մատուցման ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձանց կողմից Կառավարության որոշմամբ սահմանված հայտ միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի կողմից վարվող միասնական էլեկտրոնային հարթակում։
6․ Ոչ կանոնավոր ուղևորափոխադրում և (կամ) բեռների փոխադրում և (կամ) առաքում իրականացնելու հիմքով կացության կարգավիճակը ճանաչվում է ուժը կորցրած նաև, եթե․
1) օտարերկրացին մինչև ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի ավարտը անընդմեջ երկու ամսից ավել ժամկետով դադարեցրել է ոչ կանոնավոր ուղևորափոխադրում և (կամ) բեռների փոխադրում և (կամ) առաքում իրականացնելը, բացակայում են «Պետական տուրքի մասին» օրենքի 19.7-րդ հոդվածին համապատասխան արտոնագրի համար պետական տուրքի վճարումները, և նշված ժամկետում որևէ Էլեկտրոնային հարթակով չի իրականացրել կանոնավոր ուղևորափոխադրում և (կամ) բեռների փոխադրում և (կամ) առաքում,
2) օրենքով սահմանված կարգով հաշվառվել է որպես անհատ ձեռնարկատեր,
3) ժամանակավոր կացության կարգավիճակը հավաստող քարտը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում չի անցել բժշկական զննություն կամ նույն ժամկետում չի հաշվառվել հարկային մարմնում և «Պետական տուրքի մասին» օրենքի 19.7-րդ հոդվածին համապատասխան չի ստացել արտոնագիր․
4) առկա են սույն օրենքով սահմանված՝ կացության կարգավիճակը ուժը կորցրած ճանաչելու ընդհանուր հիմքերը։»։
Հոդված 12. Օրենքի 5-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Գ Լ ՈՒ Խ 5
ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒ ՀԵՌԱՆԱԼԸ, ԿԱՄԱՎՈՐ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԵՎ ԱՐՏԱՔՍՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ
«Հոդված 30. Օտարերկրացիների հեռանալը Հայաստանի Հանրապետությունից
1․ Օտարերկրացին պարտավոր է հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից, եթե՝
ա) լրացել է նրա՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվելու կամ բնակվելու վավերականության ժամկետը.
բ) առկա են սույն օրենքի 8․1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված հիմքերը.
գ) մերժվել է նրա` կացության կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումը.
դ) սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ուժը կորցրած է ճանաչվել նրա կացության կարգավիճակը կամ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքը և վերջինս ուժը կորցրած ճանաչելու մասին որոշմամբ սահմանված ժամկետում չի օրինականացրել Հայաստանի Հանրապետությունում իր հետագա բնակությունը․
ե) սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերով զրկվել է կացության կարգավիճակից.
զ) գտնվելով Հայաստանի Հանրապետությունում դադարեցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը և «Քաղաքացիության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 8.1 կետում նշված ժամկետում չի օրինականացրել Հայաստանի Հանրապետությունում իր հետագա բնակությունը․
է) մերժվել է նրա՝ ապաստանի հայցը կամ դադարեցվել է վերջինիս փախստականի կարգավիճակը։
2․ Օտարերկրացին պարտավոր է հեռանալ Հայաստանի Հանրապետությունից մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերն ի հայտ գալու օրվան հաջորդող օրվա ավարտը, իսկ լիազոր մարմնի որոշմամբ հեռանալու այլ ժամկետ սահմանված լինելու դեպքում, սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդ օրվա ավարտը:
3․ Սույն օրենքի 15-րդ հոդվածի «բ» և «զ2» կետերի հիմքով կացության կարգավիճակ ձեռք բերած օտարերկրացին կացության կարգավիճակի ժամկետի ավարտից հետո պարտավոր է 15 օրվա ընթացքում հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ այդ ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գտնվելու համար նրա նկատմամբ չի կարող կիրառվել վարչական պատասխանատվության միջոց:
4․ Եթե սույն հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «դ», «ե» կամ «է» կետերով նախատեսված դեպքերում լիազոր մարմնի որոշմանը (գրավոր ակտին) ծանուցվելուց հետո օտարերկրացին մինչև համապատասխան որոշման մեջ նշված ժամկետի լրանալը այն բողոքարկել է օրենքով սահմանված կարգով, ապա օտարերկրացու հեռանալու ժամկետը կասեցվում է մինչև վերջնական որոշում կայացնելը: Եթե լիազոր մարմնի որոշումը վերադաս վարչական մարմինը կամ դատարանը թողնում է ուժի մեջ, ապա օտարերկրացին պարտավոր է գործն ըստ էության լուծող վերջնական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մինչև հաջորդ օրվա ավարտը հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից:
5․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտավորությունը չի տարածվում այն օտարերկրացու նկատմամբ, որը մարդկանց շահագործման և թրաֆիկինգի զոհ ճանաչվելու նպատակով գտնվում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքով սահմանված մտորման ժամկետում:
6․ Օտարերկրացու հեռանալու ժամկետի կասեցումն արգելվում է, եթե`
ա) առանց հարգելի պատճառների բաց է թողնվել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դիմումը կամ բողոքը ներկայացնելու ժամկետը,
բ) հիմնավոր կասկածներ կան այն մասին, որ օտարերկրացին իր հեռանալու ժամկետը կասեցնելու միջոցով փորձում է խուսափել օտարերկրյա պետությունում քրեական պատասխանատվությունից կամ պատժից,
գ) օտարերկրացին իր մասին ներկայացրել է կեղծ տեղեկություններ, կեղծ կամ անվավեր փաստաթղթեր․
դ) եթե առկա է ազգային անվտանգության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի համապատասխան դիքորոշումը:
Հոդված 31. Օտարերկրացու արտաքսման վերաբերյալ գործի հարուցումը
Եթե սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և ժամկետներում օտարերկրացին չի հեռացել Հայաստանի Հանրապետության տարածքից, ապա միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը հարուցում է արտաքսման վերաբերյալ վարույթ և ներկայացնում արտաքսման հարցերով հանձնաժողովի քննարկմանը։
Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն արտաքսման վերաբերյալ վարույթ է հարուցում և ներկայացնում արտաքսման հարցերով հանձնաժողովի քննարկմանը նաև այն օտարերկրացու նկատմամբ, ով օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցանք կատարելու համար։
Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը օտարերկրացու ազատազրկման դատապարտման մասին Հայաստանի Հանրապետության դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու մասին, բացառությամբ որպես լրացուցիչ պատիժ վտարման դատապարտված օտարերկրացու տվյալների, անհապաղ տեղեկացնում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին։
Արտաքսման հարցերով հանձնաժողովի կազմը և հանձնաժողովի աշխատակարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ»։
Հոդված 31․1. Օտարերկրացու կամավոր վերադարձը
1․ Եթե սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և ժամկետներում օտարերկրացին չի հեռացել Հայաստանի Հանրապետությունից և նրա նկատմամբ սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարուցվել է արտաքսման վերաբերյալ վարույթ, ապա մինչև արտաքսման վերաբերյալ վարույթով վերջնական որոշման կայացումը վերջինս կարող է կամավոր վերադառնալ իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկիր։
2․ Օտարերկրացու կողմից կամավոր վերադառնալու վերաբերյալ դիմումը ենթակա է քննարկման արտաքսման հարցերով որոշում կայացնելու իրավասություն ունեցող հանձնաժողովի կողմից։
3․ Օտարերկրացու կողմից կամավոր վերադարձի դիմումն ներկայացնելու պահից մինչև կամավոր վերադարձի մասին որոշմամբ սահմանված ժամկետում օտարերկրացու ՀՀ տարածքից հեռանալու պահը կասեցվում է արտաքսման վերաբերյալ վարույթը։
4․ Իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկիր կամավոր վերադարձող օտարերկրացու նկատմամբ կիրառելի չեն սույն օրենքը խախտելու համար նախատեսված վարչական պատասխանատվության կամ մուտքի արգելք սահմանելու վերաբերյալ դրույթները։
Հոդված 31․2. Կամավոր վերադարձի մասին որոշումը
1․ Կամավոր վերադարձի մասին որոշումը կայացվում է արտաքսման հարցերով հանձնաժողովի կողմից։
2․ Օտարերկրացու կամավոր վերադարձի որոշման մեջ պարտադիր նշվում է կամավոր վերադարձի ժամկետը և նշված ժամկետում կամավոր վերադարձ չապահովելու պարագայում արտաքսման վերաբերյալ վարույթը վերսկսելու լիազոր մարմնի պարտավորության մասին։
Հոդված 32. Օտարերկրյա քաղաքացիների արտաքսումն արգելող հանգամանքները
1. Արգելվում է օտարերկրացիներին արտաքսել այն պետություն, որտեղ խախտվում են մարդու իրավունքները, մասնավորապես, եթե նրան սպառնում է հետապնդում ռասայական, կրոնական պատկանելության, սոցիալական ծագման, քաղաքացիության կամ քաղաքական համոզմունքների պատճառով, կամ եթե տվյալ օտարերկրացիները կարող են ենթարկվել խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող պատժի կամ մահապատժի:
Հետապնդման սպառնալիքի կամ խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ մահապատժի իրական վտանգի գոյության մասին ապացույցները դատարան է ներկայացնում տվյալ օտարերկրացին:
2. Արգելվում է արտաքսել Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրացուն, եթե նա`
- անչափահաս է, և նրա ծնողները օրինական հիմքերով բնակվում են Հայաստանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվում է առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված կամ․
- իր խնամքի տակ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա, կամ
- 80 տարեկանից բարձր տարիքի է կամ
- ունի հիվանդություն և հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում, մինչև նշված հանգամանքների վերացումը կամ
- ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ընտանիքի անդամ կամ
- գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է օտարերկրացու արտաքսմանը:
3․ Առանց սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջների պահպանման օտարերկրացին կարող է արտաքսվել Հայաստանի Հանրապետությունից, եթե արտաքսումն անհրաժեշտ է ի շահ հասարակական կարգի կամ նրա Հայաստանի Հանրապետությունում գտնվելը սպառնում է պետության անվտանգությանը և եթե առկա է համապատասխան բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի եզրակացությունը նշված հանգամանքների հիմքով արտաքսելու վերաբերյալ: Այս պարագայում օտարերկրացու նկատմամբ կիրառելի չեն նաև կամավոր վերադարձի հետ կապված կարգավորումները։
Հոդված 33. Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները արտաքսման վերաբերյալ գործի քննության ընթացքում
1․ Օտարերկրացին, որը ենթակա է արտաքսման Հայաստանի Հանրապետությունից, օգտվում է սույն օրենքով նախատեսված բոլոր իրավունքներից և կրում է սույն օրենքով նախատեսված բոլոր պարտականությունները:
2․ Գործի քննության ընթացքում ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, անհրաժեշտության դեպքում, կարող է հսկողություն սահմանել օտարերկրացու նկատմամբ` վերջինիս գրավոր պարտավորեցնելով չթողնել բնակության վայրը և պարբերաբար ներկայանալ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում, եթե նա սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով չի ձերբակալվել կամ չի պահվում Կացարանում:
Հոդված 34. Օտարերկրացու արտաքսման մասին որոշումը
1. Արտաքսման վերաբերյալ գործի քննության արդյունքում արտաքսման հարցերով հանձնաժողովը կայացնում է որոշում օտարերկրացու արտաքսման կամ արտաքսումը մերժելու մասին:
2. Օտարերկրացուն արտաքսելու մասին որոշման մեջ պարտադիր նշվում է արտաքսման դեպքում առաջացող իրավական հետևանքների, մինչև արտաքսումն ի կատար ածելու պահը օտարերկրացու իրավունքների սահմանափակման կամ նրա վրա դրված պարտականությունների մասին։
3. Արտաքսումը մերժելու մասին դատարանի որոշման մեջ նշվում է ժամանակավոր կացության կարգավիճակ տալու` միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի պարտականության մասին:
Հոդված 35. Արտաքսման մասին որոշման բողոքարկումը
1. Արտաքսման մասին որոշումը օտարերկրացին կարող է բողոքարկել դատական կարգով:
2. Արտաքսման մասին որոշման բողոքարկման դեպքում օտարերկրացու արտաքսումը Հայաստանի Հանրապետությունից չի կասեցվում:
Հոդված 36. Օտարերկրացուն արտաքսելու մասին որոշման կատարումը
1․Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ի կատար է ածում օտարերկրացու արտաքսման մասին որոշումը:
2. Արտաքսման վերաբերյալ գործի քննության արդյունքում արտաքսման հարցերով հանձնաժողովի կողմից օտարերկրացու արտաքսման վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում օտարերկրացու արտաքսման օրը, երթուղին, պետական սահմանի անցման կետը, արտաքսման ընթացակարգը որոշվում և արտաքսումն իրականացվում է ոստիկանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանած կարգով:
3. Սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով կայացված արտաքսման որոշումն ի կատար է ածվում օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում դատավճռով սահմանված ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո: Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառում լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով համաձայնություն է ձեռք բերում դատապարտյալին պատժի մնացած մասը կրելու նպատակով իր քաղաքացիության երկիր փոխանցելու վերաբերյալ, ապա արտաքսման որոշումը համարվում է ի կատար ածված դատապարտյալի փոխանցումն իրականացնելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառում լիազորված պետական մարմնի ծանուցումն ստանալուց հետո:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով կայացված արտաքսման որոշումն ի կատար ածելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը օտարերկրացու՝ ազատազրկման ձևով պատժի կրման ժամկետն ավարտվելուց առնվազն մեկ ամիս առաջ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական մարմնին:
5․ Օտարերկրացու՝ ազատազրկման ձևով պատժի կրման ժամկետն ավարտվելուց առնվազն երկու ամիս առաջ արդարադատության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը տեղեկացնում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին՝ օտարերկրացու անձը հաստատող և ճամփորդելու իրավունք վերապահող վավեր փաստաթուղթ ունենալու կամ դրա բացակայության մասին։
Անձը հաստատող և ճամփորդելու իրավունք վերապահող վավեր փաստաթուղթի բացակայության դեպքում արդարադատության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը և միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի աջակցությամբ միջոցներ են ձեռնարկում օտարերկրացու համար ճամփորդելու իրավունք վերապահող անձը հաստատող փաստաթուղթ ձեռք բերելու ուղղությամբ։
6. Այն դեպքերում, երբ օտարերկրացին սահմանված կարգով ապաստանի հայց է ներկայացնում լիազոր մարմին, ապա սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքով կայացված արտաքսման որոշումն ի կատար է ածվում նրա հայցի վերաբերյալ վերջնական մերժման որոշումն ընդունվելուց հետո՝ ներառյալ դատական կարգով բողոքարկումը:
7․ Սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով արտաքսված օտարերկրացու նկատմամբ կիրառվում է մուտքի արգելափակում արտաքսման վերաբերյալ որոշումն ի կատար ածելու օրվանից երեք տարի ժամկետով։
Սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով արտաքսված օտարերկրացու նկատմամբ կիրառվում է մուտքի արգելափակում արտաքսման վերաբերյալ որոշումն ի կատար ածելու օրվանից ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն կատարելու դեպքում երեք տարի, ծանր հանցագործություն կատարելու դեպքում՝ հինգ տարի, իսկ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու դեպքում՝ ութ տարի ժամկետով:
Հոդված 36․1․ Արտաքսված օտարերկրացիների հաշվառումը և արտաքսման ծախսերի բաշխումը
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինն իրականացնում է արտաքսված օտարերկրացիների առանձին հաշվառում, որոնց մասին տվյալները մտցվում են սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում նշված տվյալների բանկ:
2. Արտաքսման մասին արտաքսվող օտարերկրացու ծագման պետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը կամ տվյալ պետության շահերը ներկայացնող այլ պետության դիվանագիտական ներկայացուցչությունը տեղեկացվում է եռօրյա ժամկետում:
3. Արտաքսման ծախսերը օտարերկրացու կողմից հոգալու անհնարինության դեպքում դրանք կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից: Այն դեպքում, երբ օտարերկրացին Հայաստանի Հանրապետություն է ժամանել հրավերի հիման վրա, ապա արտաքսման ծախսերը գանձվում են հրավիրողից։
4. Գործատուների կողմից օտարերկրացուն առանց Հայաստանի Հանրապետությունում գտնվելու (բնակվելու) իրավական հիմքի աշխատանքի ընդունելու դեպքում արտաքսման ծախսերը պարտավոր է վճարել գործատուն, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարերկրացին Հայաստանի Հանրապետություն է ժամանել այլ անձի հրավերով կամ աշխատանքի ընդունվել է գործատուին ներկայացված կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տեղեկությունների հիման վրա և եթե անձի կողմից կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տվյալներ ներկայացնելը հիմնավորվել է օրենքով սահմանված կարգով:»։
Հոդված 13. Օրենքի 6-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Գ Լ ՈՒ Խ 6
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՊԱՀՈՒՄԸ ԿԱՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 37. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մուտքի թույլտվություն չունեցող օտարերկրացիների պահումը
1. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` օտարերկրացուն ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից նա ժամանել է, վերադարձնելու անհնարինության դեպքում, առանց անձնագրի, անվավեր անձնագրով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանած կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում մուտքի վիզայի մերժում ստացած կամ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից մուտքի թույլտվություն չստացած օտարերկրացիները կարող են պահվել տարանցիկ գոտում կամ այլ տեղ` այդ նպատակով ստեղծված պետական սահմանի անցման կետերում ու տարանցիկ գոտիներում առկա հատուկ կացարանում:
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված օտարերկրացիներն ընտանիքի անդամներ են, ապա նրանք պահվում են համատեղ:
3. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված անձն առանց ծնողի կամ օրինական ներկայացուցչի ուղեկցությամբ երթևեկող 18 տարին չլրացած անձ է, ապա նա չի կարող պահվել պետական սահմանի անցման կետերում ու տարանցիկ գոտիներում առկա հատուկ կացարանում եւ անմիջապես պետք է ուղեկցվի ծնողի (ծնողների) կամ օրինական ներկայացուցչի մոտ կամ տեղավորվի երեխաների համար նախատեսված (հարմարեցված) կացարանում:
4. Սահմանային հսկողություն իրականացնող լիազոր մարմինը պետական սահմանի անցման կետերում ու տարանցիկ գոտիներում առկա հատուկ կացարանում օտարերկրացուն տեղավորելուց հետո` 24 ժամվա ընթացքում, դիմում է դատարան՝ օտարերկրացուն մինչև 90 օր պահելու թույլտվության վերաբերյալ որոշում ստանալու համար:
Դատարանի կողմից որոշում կայացնելու նպատակով օտարերկրացին դատարան է տեղափոխվում սահմանային հսկողություն իրականացնող լիազոր մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ:
5. Եթե 90 օրվա ընթացքում անհնար է լինում օտարերկրացու վերադարձը ծագման պետություն, ապա օտարերկրացուն միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից տրվում է ժամանակավոր թույլտվություն մինչև օտարերկրացու հեռացումը Հայաստանի Հանրապետությունից, սակայն ոչ ավել, քան 1 տարի ժամկետով:
6. Սահմանային անցման կետերում և տարանցիկ գոտիներում հատուկ կացարանների գործունեության և օտարերկրացիներին պահելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 38. Արտաքսման նպատակով օտարերկրացու ձերբակալումը
1. Օտարերկրացին սույն օրենքով սահմանված կարգով կարող է ձերբակալվել, եթե բավարար հիմքեր կան կասկածելու, որ նա կարող է թաքնվել մինչև արտաքսման վերաբերյալ վարույթի քննությունը կամ օրինական ուժի մեջ մտած արտաքսման որոշման կատարումը կամ եթե օտարերկրացին անհարգելի պատճառներով 2 անգամ չի կատարել արտաքսման մասին որոշմամբ իր վրա դրած պարտավորությունը:
Արտաքսման որոշման կայացումից հետո մինչև արտաքսման որոշման կատարումն ընկած ժամանակահատվածում ձերբակալված օտարերկրացին մինչև 72 ժամ տևողությամբ կարող է պահվել ժամանակավոր պահման խցում։
72 ժամից ավել պահելու անհրաժեշտության դեպքում օտարերկրացուն տեղավորում են Կացարանում։
Արտաքսման ենթակա օտարերկրացու ձերբակալումից հետո 48 ժամվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը դիմում է դատարան` օտարերկրացուն մինչև 90 օր պահելու թույլտվության վերաբերյալ որոշում ստանալու համար:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, օտարերկրացու գրավոր համաձայնությամբ, ձերբակալման մասին ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղեկացնում է ձերբակալված օտարերկրացու ծագման պետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին կամ տվյալ պետության շահերը ներկայացնող այլ պետության դիվանագիտական ներկայացուցչությանը և(կամ) տվյալ օտարերկրացու` Հայաստանի Հանրապետությունում գտնվող մերձավոր ազգականներին, իսկ միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին՝ արգելանքի վերցնելու պահից հետո անմիջապես:
3. Ձերբակալված օտարերկրացին Կացարանում կարող է պահվել մինչև արտաքսման վերաբերյալ վարույթի քննության արդյունքում լիազոր մարմնի կայացրած որոշումն օրինական ուժի մեջ մտնելը, բայց ոչ ավելի քան 90 օր: Լիազոր մարմնի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո օտարերկրացու նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 36-րդ հոդվածի դրույթները:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում Կացարանների գործունեության և ձերբակալված օտարերկրացիներին պահելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Սույն գլխի իմաստով սահմանված ձերբակալումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը։ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը փոխանցվում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից՝ սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով գործ հարուցելու մասին տեղեկացնելով։
Հոդված 39. Ձերբակալված կամ պահվող օտարերկրացու իրավունքները
1․ Սույն օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում պահվող կամ ձերբակալված օտարերկրացին ունի հետևյալ իրավունքները.
1) անհրաժեշտության դեպքում անվճար օգտվել թարգմանչի ծառայություններից,
2) իրեն հասկանալի լեզվով կամ թարգմանչի միջոցով տեղեկանալ իր ձերբակալման և պահման պատճառների մասին, ինչպես նաև ձերբակալվելուց հետո հատուկ կացարանի վարչակազմի ղեկավարից անմիջապես ստանալ իր իրավունքների և պարտականությունների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում,
3) իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, ինչպես անձամբ, այնպես էլ փաստաբանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմել հատուկ կացարանի վարչակազմին, նրանց վերադաս մարմիններին, դատարանին, դատախազությանը, մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին,
4) իր մոտ ունենալ իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն առնչվող փաստաթղթեր և գրառումներ, բացառությամբ այն փաստաթղթերի և գրառումների, որոնք պարունակում են պետական կամ ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք,
5) կապ հաստատել իր ընտանիքի անդամների, իր պետության դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ,
6) բողոքարկել իր վերաբերյալ կայացրած ցանկացած որոշում,
7) ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում,
8) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ իրավունքներ:
Հոդված 14. Օրենքի 42.2-րդ հոդվածի 1-ին մասը լրանել հետևյալ բովանդակությամբ 13-րդ և 14-րդ կետերով․
«13) էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություն մատուցման ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձանց կողմից շահագործվող էլեկտրոնային հարթակներ օտարերկացիների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով․
14) Էլեկտրոնային առողջապահության համակարգ` «Տրանսպորտի մասին» և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքներով սահմանված կարգով Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայության շրջանակներում ոչ կանոնավոր ուղևորափոխադրման և (կամ) բեռների փոխադրման և (կամ) առաքման գործունեություն իրականացնող օտարերկրացիների առողջական զննություն անցած լինելու վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով»։
Հոդված 15․ Օրենքի 43-րդ հոդվածը «գործատուները» բառից հետո լրացնել «և Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը» բառերով։
Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող յոթերորդ ամսվա 1-ից։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում «էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն» հասկացությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություն՝ էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ համացանցի միջոցով, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ուղևորների, բեռների փոխադրման, առաքման պատվերների ընդունման և փոխանցման ծառայությունների մատուցում։ Էլեկտրոնային հարթակով կարող են մատուցվել ուղևորափոխադրման, բեռների փոխադրման կամ առաքման պատվերների ընդունման և փոխանցման ծառայությունները ինչպես միաժամանակ, այնպես էլ առանձին առանձին։ Սույն պարբերության իմաստով այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնցով չի թույլատրվում ֆիզիկական անձի կողմից իրականացնել բեռների փոխադրման և առաքման գործունեություն, սահմանում է տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինը։ Արգելվում է ցանկում ներառված տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումների կամ առաքումների իրականացումը,»
Հոդված 2․ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Սույն կետի կիրառության իմաստով թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր ուղևորափոխադրում է համարվում նաև պատվիրատուի և փոխադրողի փոխհամաձայնությամբ առանձին պատվերով պատվիրատուին պատկանող տրանսպորտային միջոցով ուղևորափոխադրումը.»
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածում՝
5-7-րդ մասերում «Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն» բառերը փոխարինել «էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություն» բառերով։
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-6-րդ մասերով․
«3․ Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց կողմից բեռնափոխադրումներ կամ առաքումներ կարող են իրականացվել բացառապես էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայության շրջանակներում, որի դեպքում պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը պատվիրատուին տրամադրում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայության ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը։
4․ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայության ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը լիազոր մարմնին և հարկային մարմնին առցանց տրամադրում են տվյալների բազայի հասանելիություն ձևակերպված փոխադրման և առաքման պատվերների (հարկային մարմնին՝ բեռնափոխադրում և առաքում իրականացնողների) մասով տեղեկատվությանը, այդ թվում՝ բեռնափոխադրողի, առաքողի վարորդական իրավունքի վկայականի և տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի վերաբերյալ, ապահովելով անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջները: Տվյալների բազայի հասանելիության ընթացակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
5. էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայության ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պետք է ապահովեն էլեկտրոնային հարթակով բեռնափոխադրման և առաքման ծառայության միջոցով բեռների փոխադրման ու առաքման յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում՝
1) փոխադրման կամ առաքման ընդհանուր արժեքի մասին տեղեկատվության տրամադրումը պատվիրատուին.
2) պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի տրամադրումը պատվիրատուին.
3) փոխադրման կամ առաքման ընդհանուր արժեքից պետական տուրքի հաշվարկը, գանձումը և վճարումը պետական բյուջե՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով և կարգով։
6․ Ֆիզիկական անձանց կողմից Էլեկտրոնային հարթակով մատուցվող ծառայությունները չեն համարվում լիցենզիավորման կամ ծանուցման կամ թույլտվության ենթակա գործունեություն։»։
Հոդված 5.
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող յոթերորդ ամսվա 1-ից։
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. Գործունեության այլ բնագավառներ» բաժնի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«
14.էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայության մատուցում ԿՄ - - »։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող յոթերորդ ամսվա 1-ից։
Հոդված 3.Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. Գործունեության այլ բնագավառներ» բաժնի 14-րդ կետով սահմանված կարգով ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձինք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը կարող են զբաղվել սույն օրենքով սահմանված գործունեության տեսակով, մինչ այդ ներկայացնելով Օրենքով սահմանված գործունեության տեսակի իրականացման նոր ծանուցում։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 147-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«31) «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Տրանսպորտի մասին» օրենքներով սահմանված՝ ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ, ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու գործունեությունից, ինչպես նաև էլեկտրոնային հարթակով բեռնափոխադրումներից և առաքումներից ստացվող եկամուտները.»:
Հոդված 2․ Օրենսգրքի 380.1-ին հոդվածում՝
1) 1․1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1․1․ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է՝․
ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից էլեկտրոնային հարթակով պատվերների ձևակերպման ու ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների և առաքումների դեպքում (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից),
կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում,
hանրային սննդի գործունեություն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների (այդ թվում՝ ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով)) հիման վրա առաքվող խոհարարական արտադրանքի, խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ անմիջականորեն կապված ապրանքների, ինչպես նաև առևտարական գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների հիման վրա (այդ թվում՝ ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով)) ապրանքների առաքման ծառայությունների մատուցման դեպքում։
2) 2-րդ մասում «ուղևորափոխադրումների իրականացման» բառերը փոխարինել «ծառայությունների մատուցման» բառերով,
3) 4-րդ մասից հանել «, էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրումների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում կիրառության կանոնները» բառերը,
4) 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մաս՝
«4.1. Սույն հոդվածի 1.1-ին մասին համապատասխան՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը Օրենսգրքով պարտադիր լինելու դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները սահմանում է Կառավարությունը։»։
Հոդված 3. Օրենսգրքի 416-րդ հոդվածից հետո լրացնել նոր 416.1-ին հոդված՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 416.1. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության և (կամ) էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելը
1. էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը Օրենսգրքով պարտադիր լինելու դեպքում՝ ապրանքների մատակարարման կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքներն առանց էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կամ դրա կիրառության կանոնների խախտմամբ իրականացնելու յուրաքանչյուր դեպքի համար գանձվում է տուգանք 200 հազար դրամի չափով:»։
Հոդված 4.Օրենսգրքի 408-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«7. Հարկային ստուգումների ընթացքում և (կամ) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված` «Պետական տուրքի մասին» օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներն առանց արտոնագրի իրականացնելու դեպքում գանձվում է տուգանք 500 հազար դրամի չափով: Սույն մասի կիրառության իմաստով` «Պետական տուրքի մասին» օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների` առանց արտոնագրի իրականացում է համարվում նաև պետական տուրքի գումարը նույն հոդվածներով սահմանված չափից պակաս հաշվարկելը:»։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող յոթերորդ ամսվա 1-ից։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․«Տրանսպորտի մասին» 1998 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-201 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝
1) «Փոխադրող» հասկացությունը շարադրել նոր խմբագրությամբ․
«Փոխադրող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը մատուցում է ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի փոխադրման ծառայություններ, իրականացնում` առաքման գործունեություն։ Սույն օրենքի իմաստով փոխադրող է համարվում նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, որն իրականացնում է մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով կամ թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր ուղևորափոխադրում և (կամ) տրանսպորտային միջոցներով կամ հետիոտն իրականացնում է բեռների փոխադրման (այդ թվում՝ քարշակման) և առաքման գործունեություն: Սույն պարբերության իմաստով այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնցով չի թույլատրվում ֆիզիկական անձի կողմից իրականացնել բեռների փոխադրման և առաքման գործունեություն, սահմանում է տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինը։ Սույն պարբերության իմաստով թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր ուղևորափոխադրում է համարվում նաև պատվիրատուի և փոխադրողի փոխհամաձայնությամբ առանձին պատվերով պատվիրատուին պատկանող տրանսպորտային միջոցով ուղևորափոխադրումը.»,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացությունով․
«էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություն՝ էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ համացանցի միջոցով, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ուղևորների, բեռների փոխադրման, առաքման պատվերների ընդունման և փոխանցման ծառայությունների մատուցում։ Էլեկտրոնային հարթակով կարող են մատուցվել ուղևորափոխադրման, բեռների փոխադրման կամ առաքման պատվերների ընդունման և փոխանցման ծառայություններն ինչպես միաժամանակ, այնպես էլ առանձին առանձին։ Էլեկտրոնային հարթակով ֆիզիկական անձանց կողմից մատուցվող ծառայությունները չեն համարվում լիցենզիավորման կամ ծանուցման կամ թույլտվության ենթակա գործունեություն։»:
Հոդված 2․ Օրենքի 81-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով․
«Տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի սահմանած ցանկում չներառված տրանսպորտային միջոցներով կամ հետիոտն ֆիզիկական անձանց կողմից բեռնափոխադրումներ կամ առաքումներ կարող են իրականացվել բացառապես էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայության շրջանակներում, որի դեպքում պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը պատվիրատուին տրամադրում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայության ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը։ Արգելվում է տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի սահմանած ցանկում ներառված տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումների կամ առաքումների իրականացումը։
Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը լիազոր մարմնին և հարկային մարմնին առցանց տրամադրում են տվյալների բազայի հասանելիություն ձևակերպված փոխադրման և առաքման պատվերների (հարկային մարմնին՝ ուղևորափոխադրում, բեռնափոխադրում և առաքում իրականացնողների) մասով տեղեկատվությանը, այդ թվում՝ փոխադրողի, բեռնափոխադրողի, առաքողի վարորդական իրավունքի վկայականի և տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի վերաբերյալ, ապահովելով անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջները: Տվյալների բազայի հասանելիության ընթացակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պետք է ապահովեն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայության միջոցով ուղևորների և բեռների փոխադրման ու առաքման յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում՝
1) փոխադրման կամ առաքման ընդհանուր արժեքի մասին տեղեկատվության տրամադրումը պատվիրատուին.
2) պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի տրամադրումը պատվիրատուին.
3) փոխադրման կամ առաքման ընդհանուր արժեքից պետական տուրքի հաշվարկը, գանձումը և վճարումը պետական բյուջե՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով և կարգով։»։
Հոդված 3.
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող յոթերորդ ամսվա 1-ից։
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19.7-րդ հոդվածում՝
վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 19․7 Կազմակերպություններիև անհատ ձեռնարկատերերի կողմից ներքաղաքային երթուղու շահագործման, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից բեռնափոխադրումների և առաքումների իրականացման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը».
լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով․
«2․2․ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայության շրջանակներում ֆիզիկական անձանց կողմից բեռնափոխադրումների և առաքումների իրականացման համար արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր (անկախ այն հանգամանքից, թե ումից է ստացվում վճարումը) արժեքի՝
կանխիկ դրամով վճարումների դեպքում անկանխիկ դրամով վճարումների դեպքում
5 տոկոսի չափով 4 տոկոսի չափով
Յուրաքանչյուր բեռնափոխադրման կամ առաքման համար սույն մասում նշված չափով պետական տուրքը գանձում և պետական բյուջե է վճարում էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը։»,
3-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3) սույն հոդվածի 2-2.2-րդ մասերում օգտագործվող հասկացությունները կիրառվում են և «Տրանսպորտի մասին» «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքներով սահմանված իմաստով ու նշանակությամբ:»
6-րդ մասը «ուղևորափոխադրում իրականացնող» բառերից հետո լրացնել «ինչպես նաև սույն հոդվածի 2․2-րդ մասում նշված» բառերով,
7.1-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«7.1. Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը էլեկտրոնային հարթակով էլեկտրոնային ծառայության միջոցով ձևակերպված պատվերով իրականացված ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների և առաքումների համար հաշվարկված, գանձված և պետական բյուջե վճարման ենթակա պետական տուրքի վերաբերյալ հայտարարությունը, կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների արտոնագիր ստանալու նպատակով այդ գործունեությունն իրականացնելու վերաբերյալ հայտարարությունը բացառապես էլեկտրոնային եղանակով մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ ներկայացնում են հարկային մարմին։ Սույն մասում նշված հայտարարությունների ձևերը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը։»,
15-րդ մասում «մասով» բառը փոխարինել «և 2․2-րդ մասերով» բառերով։
Հոդված 2. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«20) էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքումների ծառայության մատուցման իրավունք ձեռք բերելու համար տարեկան բազային տուրքի 2000-ապատիկի չափով»:
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքումների ծառայության միջոցով ձևակերպված պատվերով իրականացող յուրաքանչյուր ուղևորափոխադրման, բեռնափոխադրման կամ առաքման համար պետական տուրքի հաշվարկման և գանձման լիազորությունները պատվիրակվում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքումների ծառայություն մատուցող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին, որոնք սույն օրենքի 19.7-րդ հոդվածի 2-րդ և 2․2-րդ մասով սահմանված չափով գանձված պետական տուրքի գումարները պետական բյուջե են վճարում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ:»։
Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածի նախավերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքումների ծառայության միջոցով ձևակերպված պատվերով իրականացող յուրաքանչյուր ուղևորափոխադրման, բեռնափոխադրման կամ առաքման համար սույն օրենքի 19.7-րդ հոդվածի 2-րդ և 2․2-րդ մաերով սահմանված պետական տուրքի գանձման և պետական բյուջե վճարման պատասխանատվությունը կրում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը:»։
Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «սույն օրենքի 19.7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված» բառերը փոխարինել «սույն օրենքի 19.7-րդ հոդվածի 2-րդ և 2․2-րդ մասով սահմանված» բառերով:
Հոդված 6.
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող յոթերորդ ամսվա 1-ից։ Սույն օրենքի 2-րդ հոդվածի դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հերթական տարեկան պետական տուրքի գումարների վրա։
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 170.6-րդ հոդվածի 3-րդ մասի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ընդունված պատվերների մասով հարկային մարմնին և տրանսպորտի բնագավառում պետական լիազոր մարմնին իրենց տվյալների բազային առցանց հասանելիություն չտրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։»:
Հոդված 2. Օրենսգրքի 201-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 201․ «Օտարերկրացիների մասին» օրենքով նախատեսված դրույթները խախտելը․
1․ Օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում մինչև 10 օր առանց օրինական հիմքերի կամ անվավեր փաստաթղթերով գտնվելը կամ բնակվելը՝
առաջացնում է նախազգուշացում։
2․ Օտարերկրացիների կողմից մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 10 օր և ավելի առանց օրինական հիմքերի կամ անվավեր փաստաթղթերով գտնվելը կամ բնակվելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 250-ապատիկի չափով:
3․ Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը կամ շարունակելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով:
4․ Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն հրավիրողի՝ հրավիրվողի կեցության ծախսերը, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու ծախսերը հոգալու մասին պարտավորությունը խախտելը`
առաջացնում է յուրաքանչյուր դեպքով տուգանքի նշանակում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով:
5․Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և առաքման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից օտարերկրացուն օրենքով սահմանված պահանջների խախտմամբ ուղևորափոխադրման, բեռնափոխադրման կամ առաքումների մեջ ներգրավելը կամ օտարերկրացուն ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու համար միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից վարվող միասնական էլեկտրոնային հարթակում սխալ տեղեկատվություն ներկայացնելը՝
առաջացնում է յուրաքանչյուր դեպքով տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով։
6․ Օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիր կնքելը, առանց «Օտարերկրացիների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի, բացառությամբ առանց նման փաստաթղթի Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք ունեցող օտարերկրացիների՝
առաջացնում է յուրաքանչյուր դեպքով տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 224․1-րդ հոդվածի 1-ին մասի «201-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «201-րդ հոդվածի 1-3-րդ մասերով» բառերով։
Հոդված 4․ Օրենսգրքի 224․2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Հայաստանի Հանրապետությունում միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը քննում է սույն օրենսգրքի 189․31-րդ, 195.1-196-րդ հոդվածներով և 201-րդ հոդվածի 1-3-րդ (բացառությամբ պետական սահմանը հատելիս հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի) և 4-5-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։»։
Հոդված 5․ Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի «201-րդ հոդվածի 3-5-րդ մասերով» բառերը փոխարինել «201-րդ հոդվածի 6-րդ մասով» բառերով։
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող յոթերորդ ամսվա 1-ից։
-
Տևողություն
31.03.2026 16.04.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Վարչարարություն և վարչական վարույթ, Անձնագրեր և վիզաներ, Միգրացիա և քաղաքացիություն
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 198
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: