Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազդարարման համակարգի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-97-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «կազմակերպություների» բառը փոխարինել «պետական հիմնարկների և կազմակերպությունների, հանրային նշանակության կազմակերպությունների և   250 և ավելի աշխատակից ունեցող մասնավոր ոլորտի կազմակերպությունների» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1.Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

      1) ազդարար՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը սույն օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ  փողերի լվացման կամ ահաբեկչական գործունեության ֆինանսավորման կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ` կապված այն պաշտոնատար անձի, մարմնի, կազմակերպության կամ կազմակերպության աշխատակցի հետ, որոնց հետ նա գտնվում կամ գտնվել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական կամ այլ հարաբերությունների մեջ, կամ որին դիմել է ծառայությունների մատուցման նպատակով, կամ որը սխալմամբ ընկալվել է որպես ազդարար: Անձը համարվում է սխալմամբ ընկալվող ազդարար, եթե նա չազդարարելով ընկալվել է որպես ազդարար այլ անձանց կողմից, կամ որի հանդեպ կիրառվել են վնասակար գործողություններ.

2) ազդարարում՝ ազդարարի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական հիմնարկներում ևկազմակերպություններում, հանրային նշանակության կազմակերպություններում,250 և ավելի աշխատակից ունեցող մասնավոր ոլորտի կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքի, փողերի լվացման կամ ահաբեկչական գործունեության ֆինանսավորման կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդում սույն օրենքով նախատեսված իրավասու մարմին.

3) ներքին ազդարարում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիներում, պետական հիմնարկներում և կազմակերպություններում, հանրային նշանակության կազմակերպություններում, 250 և ավելի աշխատակից ունեցող մասնավոր ոլորտի կազմակերպություններում ազդարարումը

4)արտաքին ազդարարում՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ազդարարումը

5)ազդարարում հանրությանը՝ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակման միջոցով ազդարարումը

6) ազդարարի հետ փոխկապակցված անձինք՝ ազդարարի ամուսինը, զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները.

7) իրավասու մարմին՝ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում թվարկված մարմիններ կամ մարմինների ղեկավարի կողմից լիազորած անձինք,որոնք սույն օրենքով սահմանված երաշխիքների ապահովմամբ պարտավոր են ընթացք տալ ազդարարմանը.

8) հանրային նշանակության կազմակերպություն՝ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություն.

9) վնասակար գործողություն՝ գործողություն կամ անգործություն, որով ազդարարման համար ազդարարին կամ նրա հետ փոխկապակցված անձին հասցվում է վնաս՝ լուծելով աշխատանքային պայմանագիրը կամ նրան ավելի ցածր պաշտոնի փոխադրելով կամ նրա հաստիքը կրճատելով կամ նրան աշխատանքային առաջադրանքներ չտրամադրելով կամ արհեստականորեն հանձնարարականներով կամ առաջադրանքներով ծանրաբեռնելով կամ նրա աշխատանքային գործունեությանն անհարկի և ապօրինի միջամտելով կամ նրա նկատմամբ խրախուսանքի միջոցների կիրառումը մերժելով կամ նրա աշխատավարձը կամ պարգևավճարները կրճատելով կամ նրա գույքին վնաս պատճառելով կամ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելով կամ նրան պատասխանատվության ցանկացած այլ միջոցի ենթարկելով, որը կվատթարացնի նրա գույքային դրությունը կամ չի արդարացնի գույքային կամ այլ առաջխաղացման ակնկալիքները կամ ազդարարումից հետ պահելուն ուղղված կամ ազդարարման հետ կապված այլ ներգործության միջոցներ կիրառելով.

10) կոռուպցիոն բնույթի դեպքեր՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով սահմանված կոռուպցիոն հանցանքներ.

11) հանրային շահերին ուղղված այլ վնաս՝ հանրային առողջությանը կամ շրջակա միջավայրին հասցված վնաս, պետության միջոցների կամ գույքի վատնում, ինչպես նաև այլ վնաս, որը պատճառվել է հասարակական կամ պետական կառավարման կարգին:»:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «կոռուպցիոն բնույթի» բառերից հետո լրացնել «, փողերի լվացման, ահաբեկչական գործունեության ֆինանսավորման» բառերով։

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը  ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում.

1.   Լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մասով

«1.1. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում թվարկված մարմինները ստեղծում են ներքին ազդարարման ընթացակարգեր, ապահովելով ազդարարի գաղտնիության պահպանումը և ազդարարումների պատշաճ քննությունը։»,

2.2-րդ մասում «դեպքերում հաղորդումների» բառերը փոխարինել «դեպքերի» բառով և «ձևակերպման» բառից հետո լրացնել «, ներքին ազդարարման ընթացակարգերի» բառերով,

3.3-րդ մասում «դեպքերում հաղորդումների» բառերը փոխարինել «դեպքերի» բառով և «ձևակերպման,»  բառից հետո լրացնել «ներքին ազդարարման ընթացակարգերի,» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1. 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ներքին ազդարարումն սկսվում է ազդարարի կողմից իր անմիջական ղեկավարի վերադասին կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձի կամ իրավասու մարմնի ղեկավարի լիազորած անձին ազդարարմամբ։

 2.Ազդարարի անմիջական ղեկավարի վերադասը կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձ, ազդարարումը ստանալուց հետո պարտավոր է այն անհապաղ փոխանցել իրավասու մարմնի ղեկավարին կամ նրա լիազորած անձին:»:

 

 

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածում.

1.   1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 1. Արտաքին ազդարարումը սկսվում է ազդարարի կողմից Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով տվյալներ ներկայացնելու կամ անանուն եղանակով ազդարարմամբ:

2.Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը ստացված ազդարարումը վերահասցեագրում է ըստ իրավասության:»,

2. 5-րդ մասում ուժը կորցրած ճանաչել,

2. լրացնել հետևյալ բովանդակակությամբ նոր 11-16-րդ մասերով

«11. Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետությունն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի, երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը:

12. Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ազդարարի անանունությունը երաշխավորվում է նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու միջոցով:

13. Միասնական էլեկտրոնային հարթակն ապահովում է հասանելիություն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:

14. Միասնական էլեկտրոնային հարթակը պետք է օժտված լինի հետադարձ կապի միջոցով անանուն ազդարարմանն առնչվող անհրաժեշտ տեղեկությունների և փաստերի հավաքման հնարավորությամբ:

15. Միասնական էլեկտրոնային հարթակը վարում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը:

16.Միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»։

 

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 8Օրենքի 91-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.Վիճակագրության մեջ պետք է զետեղված լինեն ազդարարման վերաբերյալ տեղեկությունները ըստ հետևյալ տողերի՝ ներքին, արտաքին և  հանրությանը ներկայացված:»։

 

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1 3-րդ մասում «իրավասու մարմին» բառը փոխարինել «Մարդու իրավունքների պաշտպանին» բառերով,

2 3-րդ մասի վերջին պարբերությունից հանել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ գլխով սահմանված կարգով այնքանով, որքանով իր էությամբ (mutatis mutandis) կիրառելի է» բառերը։

 

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 13. Ազդարարի բարեխիղճ գործելու պարտականությունը

1. Ազդարարը գործում է բարեխղճորեն, եթե ազդարարելու պահին նա կոռուպցիոն բնույթի դեպքի կամ  փողերի լվացման կամ ահաբեկչական գործունեության ֆինանսավորման կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ ունի կասկածի ողջամիտ հիմքեր և նրա համոզմամբ տեղեկությունը ճշմարտացի է:

2. Ազդարարը գործում է անբարեխղճորեն, եթե՝

1) բացակայում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բարեխղճորեն գործելու հատկանիշները, կամ

2) ազդարարումը կատարվել է ապօրինի եղանակով, այդ թվում՝ հանցագործության կատարմամբ կամ մարդու սահմանադրական իրավունքների խախտմամբ ձեռք բերված տեղեկությունների հիման վրա, կամ

3) այլ անձի վնաս պատճառելու նպատակով հաղորդում է կեղծ տեղեկություններ:»։

 

Հոդված 10.

Օրենքում, բացի 2-րդ հոդվածից վերաբերելի դրույթներում «հաղորդում» բառը փոխարինել «ազդարարում» բառով՝   համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 11.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի այսուհետ՝ Օրենք 101-ին հոդվածի 1-ին մասում  «և այլ օրենքներով» բառը փոխարինել «,«Ազդարարման համակարգի մասին» օրենքով կամ այլ օրենքներով» բառերով։

 

Հոդված 2.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    16.12.2025 - 01.01.2026

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1397

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

31.12.2025

2025 թվականի դեկտեմբերի 16-ին Արդարադատության նախարարության կողմից Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «Ազդարարման համակարգի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։ Նշված նախագծով առաջարկվում են մի շարք փոփոխություններ, որոնց վերաբերյալ ստորև ներկայացնում ենք մեր դիտարկումներն ու առաջարկությունները։  

1.    Նախագծի 1-ին հոդվածում առաջարկվում է «Ազդարարման համակարգի մասին» օրենքի 1-ին հոդվածում «կազմակերպությունների» բառը փոխարինել «պետական հիմնարկների և կազմակերպությունների, հանրային նշանակության կազմակերպությունների և 250 և ավելի աշխատակից ունեցող մասնավոր ոլորտի կազմակերպությունների» բառերով։ Փաստորեն, նախատեսվում է ազդարարման պահանջները տարածել միայն 250 և ավելի աշխատակից ունեցող (այսինքն՝ միայն խոշոր) կազմակերպությունների վրա, մինչդեռ միջազգային ստանդարտների համաձայն պարտադիր է առնվազն 50 և ավելի աշխատող ունեցող կազմակերպություններում ունենալ ներքին ազդարարման գործող մեխանիզմներ և ազդարարման հարցերով պատասխանատու անձ կամ առանձին միավոր։[1] Հաշվի առնելով, որ Հայաստանում ներկա պահին նույնիսկ խոշոր կազմակերպությունների պարագայում խնդրահարույց է ազդարարման համակարգերի լիարժեք գործարկումը և դրա նկատմամբ պետական հսկողությունը, թերևս կարելի է առաջնորդվել մասնավոր հատվածին վերաբերելի պահանջները փուլային մոտեցմամբ ներդնելու մոտեցմամբ՝ ապագայում համակարգը կայացնելու և ազդարարման մեխանիզմների շրջանակն ընդլայնելու ու մշակույթը տարածելու ակնկալիքով։

Միաժամանակ, տրամաբանական է ակնկալել, որ մասնավոր հատվածն առաջնորդվի իր ոլորտի համար սահմանված բարեվարքության պահանջներով։ 2024 թվականի հուլիսի 30-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի թիվ 1955-Ն հրամանով ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագիրքը», ի թիվս բարեվարքության խրախուսման այլ հարցերի, նախատեսվել են նաև ազդարարման քաղաքականություն, ընթացակարգեր ու կառուցակարգեր ունենալու վերաբերյալ կարգավորումներ, հաշվետվողականություն։ Սակայն պետք է նշել, որ այս կանոնագիրքը մասնավոր ձեռնարկությունների համար չունի պարտադիր բնույթ, իսկ պետությունը որևէ կերպ չի խթանում, որպեսզի կազմակերպություններն իրենց գործունեությունը կազմակերպեն տվյալ կանոնագրքով սահմանված սկզբունքներով ու կանոններով։ Պետության կողմից որոշակի խրախուսական միջոցների սահմանումը առանցքային դեր ունի մասնավոր կազմակերպությունների կողմից կանոնագրքով սահմանված կանոնների, այդ թվում՝ ազդարարման մեխանիզմների ներդրման առումով, ընդ որում՝ ոչ իմպերատիվ, այլ կամավոր եղանակով, ինչը համապատասխանաբար կամրապնդի մասնավոր հատվածի, ինչպես նաև մասնավոր-պետություն հարաբերությունների բարեվարքությունը և կբերի մշակույթի փոփոխության։

Առաջարկ

  • Պետություն-բիզնես հարաբերությունները (առնվազն՝ հանրային գնումները կամ այլ պայմանագրային հարաբերությունները) կարգավորող օրենքներում նախատեսել «Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագիրքն» ընդունելու և դրա համապատասխան գործելու պարտադիր պահանջ։  

 

[1] Transparency International, Assessing Whistleblowing Legislation, Methodology and guidelines for assessment

against the EU Directive and best practice, 2020,

https://images.transparencycdn.org/images/2020_Toolkit_AssessingWhistleblowingLegislation_EN.pdf;

Transparency International, A Best Practice Guide for Whistleblowing Legislation,

https://www.transparency.org/en/publications/best-practice-guide-for-whistleblowing-legislation  

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

31.12.2025

1.    Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկվում է «Ազդարարման համակարգի մասին» օրենքի 2-րդ հոդվածում փոփոխության ենթարկել «ազդարար» հասկացությունը, սահմանելով՝ «ազդարար՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը սույն օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ փողերի լվացման կամ ահաբեկչական գործունեության ֆինանսավորման կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ` կապված այն պաշտոնատար անձի, մարմնի, կազմակերպության կամ կազմակերպության աշխատակցի հետ, որոնց հետ նա գտնվում կամ գտնվել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական կամ այլ հարաբերությունների մեջ, կամ որին դիմել է ծառայությունների մատուցման նպատակով, կամ որը սխալմամբ ընկալվել է որպես ազդարար: Անձը համարվում է սխալմամբ ընկալվող ազդարար, եթե նա չազդարարելով ընկալվել է որպես ազդարար այլ անձանց կողմից, կամ որի հանդեպ կիրառվել են վնասակար գործողություններ»։ «Այլ հարաբերությունների մեջ» գտնվելու ձևակերպումը անորոշ է և հնարավորություն է տալիս երկակի մեկնաբանության։ Ազդարարումը ստացող մարմիններին տալիս է լայն հայեցողություն, իսկ ազդարարներին՝ որոշակիության պակաս, թե արդյոք նրանց վրա կտարածվի պաշտպանությունը, թե՝ ոչ, ինչը հատկապես, խնդրահարույց կարող է լինել պայմանագրային հարաբերություններից դուրս գտնվող ազդարարման համար, օրինակ՝ թափուր հաստիքների, գնումների, աճուրդների, մրցույթների մասնակիցների, բիզնես գործընկերների կողմից։ Այս մոտեցումը նաև նախատեսվում է Եվրոպական Միության դիրեկտիվով։[1]  

Առաջարկ 

  • Հաշվի առնելով «այլ հարաբերությունների մեջ» գտնվելու եզրույթի տարընթերցման հնարավորությունը՝ կա՛մ օրենքում հստակեցնել նշված հասկացությունը, կա՛մ հնարավորինս սեղմ ժամկետում մշակել և կիրառել ազդարարման վերաբերյալ հստակ և մատչելի ուղեցույցներ, որը կուղեկցվի ազդարարման հարցերով պատասխանատուների համապատասխան վերապատրաստմամբ։

 

[1] EU, Directive 2019/1937 of the European Parliament and of the Council of 23 October 2019 on the protection of persons who report breaches of Union law” (Whistleblower Protection Directive), https://eur-lex.europa.eu/legalcontent/EN/TXT/?uri=celex%3A32019L1937

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

31.12.2025

1.    Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկվում է որպես «արտաքին ազդարարում» սահմանել  Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ազդարարումը, իսկ 6-րդ հոդվածը հստակեցնում է, որ «Արտաքին ազդարարումը սկսվում է ազդարարի կողմից Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով տվյալներ ներկայացնելու կամ անանուն եղանակով ազդարարմամբ»: Ի հակադրություն, ներկայում գործող օրենքով արտաքին ազդարարումը սկսվում է ազդարարի կողմից իրավասու մարմին հաղորդում ներկայացնելով, ընդ որում՝ միաժամանակ, նախաքննություն իրականացնող մարմինների կողմից հանցագործության վերաբերյալ հաղորդումների քննարկման և լուծման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգը չի համարվում արտաքին ազդարարում։ Վերը ներկայացված փոփոխությունը հնարավոր է առաջարկվում է ազդարարումը իրավապահ մարմիններին ներկայացվող հաղորդումներից տարանջատելու և դրան առնչվող վիճակագրությունը հստակեցնելու նպատակով։ Այդուհանդերձ, սա սահմանափակ լուծում է։ Իրականում իրավապահ մարմիններին ներկայացվող հանցագործության մասին հաղորդումների զգալի մասն իրենց բնույթով հանդիսանում են «ազդարարում»։ Հաղորդում ներկայացնողները կարող են պարզապես չիմանալ ազդարարման մեխանիզմների կամ իրենց համար որպես ազդարար նախատեսված պաշտպանության միջոցների, հաղորդումների տարբերակումների մասին։ Արդյունքում, փաստորեն, նրանց հաղորդումները չեն դիտարկվի որպես «ազդարարում» «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի լույսի ներքո, և նրանց համար հասանելի չեն լինի ազդարարների համար օրենքով նախատեսված պաշտպանության միջոցները։ Բացի այդ, այս դեպքում անձը նաև կարող է քրեական պատասխանատվություն կրել սուտ մատնության համար։ Նաև բաց է մնում այն հարցը, թե իրավապահ մարմիններն ինչ հիմքով և տրամաբանությամբ պետք է տարբերակեն և տարբեր ընթացակարգերով վարեն այն գործերը, երբ անձը միաժամանակ կիրառում է հաղորդման/ազդարարման մի քանի խողովակ։ Այս առումով կարիք կա լրացուցիչ ուսումնասիրելու միջազգային պրակտիկան, այն երկրների փորձը, որոնք կարողացել են լուծել խաչվող վիճակագրության հետ կապված հարցերը։

Առաջարկ

  • Ուժը կորցրած ճանաչել «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, ըստ որի արտաքին ազդարարում չի համարվում նախաքննություն իրականացնող մարմինների կողմից հանցագործության վերաբերյալ հաղորդումների քննարկման և լուծման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգը: Փոխարենը՝ սահմանել, որ ցանկացած իրավապահ մարմնին ներկայացված հանցագործության մասին հաղորդումները դիտարկվեն «Ազդարարման համակարգի մասին» օրենքի լույսի ներքո և սահմանմանը բավարարելու դեպքում համարվեն «ազդարարում», ներառվեն վիճակագրական տվյալների մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հաղորդում տված անձինք հնարավորություն ունենան օգտվել նաև ազդարարների համար «Ազդարարման համակարգի մասին» օրենքով նախատեսված իրավունքներից և երաշխիքներից։     
  • Վիճակագրությունը վարել առանձին՝ ազդարարման միասնական հարթակի միջոցով ներկայացված հաղորդում/ազդարարումների և իրավապահ մարմիններին ներկայացված հաղորդում/ազդարարումների վերաբերյալ՝ վերջինում համապատասխանաբար տարանջատելով տարբեր մարմիններին առնչվող տվյալները։    

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: