ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«2026 թվականի ընթացքում վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման նպատակով վարժական հավաքների անցկացման, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով ՀՀ զորահավաքային մարդկային ռեսուրսները վարժական հավաքների միջոցով մարտական հերթապահության ընգրկելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագիծը ներկայացվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2025թ. համապատասխան որոշմամբ սահմանված 2026 թվականին վարժական հավաքների անցկացման ժամանակացույցի և պայմանների համաձայն:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է ՀՀ զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ՝ համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով, նպատակահարմար է պահեստազորայիններին վարժական հավաքների ընդգրկումը՝ ներգրավելով մարտական հերթապահության: Այս նպատակով Զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով: Գործընթացն իրականացվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.10.2018թ. N 1174-Ն որոշման համաձայն: Նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2025 թվականի համապատասխան որոշմամբ սահմանվել են 2026 թվականին անցկացվող վարժական հավաքների ժամանակացույցը և պայմանները, որոնց հիման վրա յուրաքանչյուր հայտարարվող վարժական հավաքների համար ՀՀ կառավարության առանձին որոշման ընդունման ժամանակատար գործընթացից զերծ մնալու նպատակով՝ նպատակահարմար է գտնվել 2026 թվականին նախատեսվող վարժական հավաքների հայտարարումն իրականացնել ՀՀ կառավարության մեկ որոշման ընդունման միջոցով՝ դրանում սահմանելով ՀՀ կառավարության 2025 թվականի համապատասխան որոշմանը համապատասխան վարժական հավաքների անցկացման ժամկետները, նպատակը, ըստ կազմերի ներգրավվող պահեստազորայինների թվաքանակը և մասնագիտությունները, ներգրավման փուլերը:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծով հայտարարվում են 2026 թվականի ընթացքում անցկացվող վարժական հավաքները՝ ըստ անցկացման ժամկետների, նպատակների, ներգրավվող քաղաքացիների պահեստազորային հաշվառման կարգավիճակի, պահեստազորայինների թվաքանակի և մասնագիտությունների, ներգրավման փուլերի: Սահմանվում է նաև, որ հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանում: Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 5-րդ կետի հետ, ի դեմս` Կառավարությունը շարունակելու է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը, ինչպես ներգրավված ուժերի, այնպես էլ տեխնիկական նոր լուծումների միջոցով, կատարելագործվելու է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության համակարգը: