Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026 ծրագրի հիմնադրույթներից, ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից, «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին օրենքից, ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին N 1802-Լ որոշումից և 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարությունինց։

Գիտության ոլորտի կառավարման և ֆինանսավորման առկա իրավիճակը. Գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ֆինանսավորման ծավալները 2010 թվականից ի վեր արձանագրել են դրական աճի միտում։ 2015-2018 թվականներին ոլորտի ֆինանսավորումը հասել է 13-14 մլրդ դրամի՝ ՀՆԱ-ի 0.24%-0.28% տիրույթում։ 2019-2021 թվականներին ոլորտին հատկացվող պետական միջոցներն աճել են՝ 16.7 մլրդ ՀՀ դրամից մինչև 19.8 մլրդ ՀՀ դրամ, ինչը համարժեք է ՀՆԱ-ի 0.25-0.28 տոկոսներին։

Զարգացման որակական շրջադարձ է արձանագրվել 2022 թվականից, երբ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով մեկնարկել է հետազոտությունների և մշակումների ոլորտային ֆինանսավորման կտրուկ ավելացման գործընթացը, որն իրականացվել է թիրախային մի շարք ուղղություններով։ Միայն 2022 թվականին հատկացվել է շուրջ 29.78 մլրդ դրամ՝    աճ նախորդ տարվա համեմատ, և ՀՆԱ-ի 0.38% ցուցանիշ։ 2023-2024 թվականներին պետական ներդրումների աճի միտումը պահպանվել է, ներառյալ կապիտալ ներդրումների ուղղությամբ իրականացված միջոցառումները։ 2025 թվականին գիտության ոլորտին հատկացվող միջոցները 2018 թվականի համեմատ աճել են շուրջ 2.8 անգամ՝ 181% ավելացմամբ։

Չնայած դրան՝ գիտության ոլորտին ուղղված ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ի նկատմամբ դեռևս մնում է 0.36%, ինչը, համեմատած Արևելյան Եվրոպայի նմանատիպ երկրների ցուցանիշների հետ, բավարար չէ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների 9-րդ (Արդյունաբերություն, նորարարություն և ենթակառուցվածքներ) թիրախ 9.5-ի ցուցանիշի համատեքստում։

Գիտության ոլորտի ֆինանսավորումն իրականացվում է Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենքի[1] 23-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված երեք ձևերով` բազային, նպատակային-ծրագրային և գիտական դրամաշնորհային:

  1. Բազային ֆինանսավորում՝ գիտական կազմակերպությունների ինստիտուցիոնալ աջակցության համար,
  2. Նպատակային-ծրագրային ֆինանսավորում՝ պետական կարիքներից բխող հետազոտությունների և փորձակոնստրուկտորական ծրագրերի համար,
  3. Գիտական դրամաշնորհային ֆինանսավորում՝ մրցութային նախագծերի և անհատական գիտական նախաձեռնությունների համար։

2010-2019 թվականներից բազային ֆինանսավորումն ընդգրկել է պետական միջոցների 70-80%-ը, ինչը՝ որպես ֆինանսավորման ձև, ըստ էության, գիտահետազոտական կազմակերպությունների և բուհերի գիտահետազոտական մասի ինստիտուցիոնալ ֆինանսավորումն է, որին ավելանում են նաև գիտական աստիճանի և ակադեմիայի անդամության համար տրամադրվող հավելավճարները և պատվովճարները, գիտական սարքավորումների ձեռքբերման կամ սպասարկման համար մրցութային եղանակով հատկացվող գումարները և միջազգային պայմանագրերով ծագած պարտավորությունների սպասարկումը:

Սակայն, 2018 թվականից սկսած, այն նվազել է՝ հասնելով 46%-ի (18.5 մլրդ դրամ), ինչի հաշվին ավելացել են նպատակային և դրամաշնորհային ծրագրերի ծավալները։
Նպատակային ֆինանսավորումն աճել է 2.6 մլրդ-ից մինչև 4.3 մլրդ դրամ, որի էական մասը հատկացվում է հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական ծրագրերի տեսքով, իսկ դրամաշնորհային ֆինանսավորումն՝ մինչև 6.65 մլրդ դրամ՝ կազմելով ընդհանուրի 18%-ը, իսկ 2023 թվականից ոլորտում ֆինանսավորումն իրականացվում է նաև կապիտալ ծրագրերի տեսքով։

Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման մեջ, անկախ ֆինանսավորման ձևերից, ֆինանսավորման մի մասը հատկացվում է մրցութային եղանակով: Զուգահեռաբար աճել է մրցութային և ոչ մրցութային եղանակներով հատկացվող գումարների համամասնությունը․ 2016-2024 թվականների ընթացքում այն փոփոխվել է՝ հօգուտ մրցութային բաղադրիչի մասնաբաժնի ավելացման։ Մինչ այդ գերակշռում էին ոչ մրցութային հատկացումները, ինչին նպաստել են 2020 և 2021 թվականի պետական բյուջեով գիտական և գիտատեխնիկական գործունեությանը հատկացված գումարների ավելացումը և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 524-Ն որոշման համաձայն ոլորտին 2021 թ. ֆինանսավորման ավելացումը 2.78 մլրդ դրամով, որն ամբողջությամբ հատկացվել է մրցութային ծրագրերին։

Բացի այդ, ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 747-Լ որոշմամբ սահմանվել են գիտական կադրերի նվազագույն պաշտոնային դրույքաչափերը: Որոշման համաձայն՝ 2022 թվականից ոլորտի ֆինանսավորման ավելացման մի մասը բազային ֆինանսավորման ոչ մրցութային եղանակով ուղղվել է գիտական աշխատողների աշխատավարձերի նորմավորված բարձրացմանը` ըստ 2021 թվականին իրականացված ատեստավորման արդյունքների:

Գիտական պաշտոնների յուրաքանչյուր տարակարգին ներկայացվող արդյունավետության չափանիշները և պաշտոնեական պարտավորությունները հստակեցնելու նպատակով ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշմամբ հաստատվել է գիտական կադրերի ատեստավորման և արդյունավետության գնահատման միասնական կարգը, որով կարգավորվում են գիտական պետական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական ստորաբաժանումներում գիտական կադրերի՝ ըստ տարակարգերի ատեստավորման և կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոններն ու դրանց գնահատման նվազագույն չափանիշների հետ կապված հարաբերությունները:

Գիտության ոլորտի կադրային կազմը.

2025 թվականի դրությամբ պետական բյուջեից բազային ֆինանսավորում է տրամադրվում 54 գիտահետազոտական կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և բուհերի կազմում ընդգրկված գիտահետազոտական ինստիտուտների, հիվանդանոցների և առանձին գերատեսչություններին պատկանող կազմակերպությունների, որոնցից 42-ի գործունեության պետական ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվում է բազային ֆինասավորման շրջանակներում, որոնցից միայն 13-ում է գիտական աշխատողների թվաքանակը մեծ 100-ից:

Գիտական գործունեության ոլորտում ընդգրկված աշխատողների ընդհանուր թվաքանակն, ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների[2], 2013-2022 թվականներին աստիճանաբար նվազել է՝ 5718-ից (2011 թ.) հասնելով 4864-ի (2022 թ.)։ Միաժամանակ, 2022-ից սկսած որոշակի կայունացում է նկատվում, և գիտական կազմակերպությունների 2024 թվականի հաշվետվությունների համաձայն` 2024 թվականի տվյալներով գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ծրագրերում ներգրավված է 3761 գիտաշխատող, որոնցից 2071-ը ունի գիտական աստիճան։

Հարկ է նկատի ունենալ նաև, որ 2019 թվականին 55-ից բարձր տարիքային խմբում գտնվող գիտական աշխատողների թվաքանակը 5 տարվա կտրվածքով տեղափոխվում է 60-ից բարձր տարիքային խումբ` նվազելով 274-ով։ Սա փաստում է գիտական կադրերի ծերացման և սերնդափոխության դանդաղման մասին։ Կադրային համալրումը հիմնականում կատարվում է երիտասարդ գիտնականների ներհոսքով, սակայն այստեղ առկա է պատրաստվածության լուրջ խնդիր, քանի որ բուհական համակարգը բավարար գիտելիք և հմտություններ չի ապահովում գիտահետազոտական աշխատանքի համար։

ԲՏՃՄ (բնագիտական, տեխնիկական, ճարտարագիտական և մաթեմատիկական) ոլորտներում ներգրավված գիտաշխատողների թիվը կազմում է 3103 մարդ կամ ընդհանուրի 78.3%, ինչը ցույց է տալիս այդ ուղղությունների գերակշռությունը։ Գիտաշխատողների միջին տարիքային շեմը մնում է բարձր, և նրանց 29.5%-ը 65 տարեկանից բարձր է։ Սեռային համամասնությունը գրեթե հավասարակշռված է՝ 53.6% կանայք և 46.4% տղամարդիկ, իսկ մինչև 50 տարեկան խմբում կանանց մասնաբաժինը հասնում է 58.3%-ի, ինչը ցույց է տալիս, որ սեռային համամասնության խնդիրներ չկան կամ կան արական սեռի երիտասարդների դեպի գիտություն ավելի պակաս կողմնորոշվելու տեսքով:

Միաժամանակ, գիտական ղեկավարների կազմում (442 անձ) կանանց մասնաբաժինը կազմում է միայն 30%, ինչը վկայում է կառավարման մակարդակներում սեռային անհամամասնության մասին։ Բացի այդ, 48.4% ղեկավարները կենսաթոշակային տարիքից բարձր են, ինչն ընդգծում է գիտության ոլորտում գիտական ղեկավարների (բաժնի պետ/վարիչ, լաբորատորիայի վարիչ, խմբի ղեկավար, կենտրոնի ղեկավար) տարիքային ու սեռային համակազմի սերնդափոխության և ինստիտուցիոնալ շարունակականության խնդիրը։

Հանրային հատվածում աշխատանքի լրիվ ծանրաբեռնվածության համարժեքով (FTE) գիտաշխատողների թիվը Հայաստանում կազմում է 3012, ինչը 1 միլիոն բնակչի հաշվարկով կազմում է 1004 գիտաշխատող։ Այս ցուցանիշով Հայաստանը ՄԱԿ-ի ԿԶՆ 9-րդ նպատակին առնչվող թիրախ 9.5-ի ցուցիչ 9.5.2 շարքում[3] զբաղեցնում է 48 երկրներից 40-րդ տեղը՝ զգալիորեն զիջելով համաշխարհային միջինին (միջինը կազմում է 3563)[4]։ Ցածր ցուցանիշը վկայում է գիտահետազոտական համակարգի մարդկային ներուժի սահմանափակ լինելու, ֆինանսավորման պակասի և երիտասարդ կադրերի արտահոսքի մասին։

Բազային ֆինանսավորում ստացող գիտական կազմակերպություններում վարչասպասարկող անձնակազմը կազմում է 32.5% (1814 անձ), այսինքն՝ յուրաքանչյուր չորս հետազոտողի հաշվին գործում է մեկ վարչական աշխատակից։ Սա համեմատաբար բարձր ցուցանիշ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ բուհերում բազային ֆինանսավորման ծրագրերում վարչական կազմի ֆինանսավորում որպես կանոն չի հատկացվում։

Ասպիրանտուրայի և հայցորդության համակարգերը շարունակում են մնալ գիտական կադրերի հիմնական պատրաստման ուղիները, սակայն 2012 թվականից աստիճանաբար նվազել է ինչպես գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստացողների, այնպես էլ գիտությունների դոկտորի գիտական աստիճան ստացողների մասով: 2025 թվականին կատարված վերլուծության համաձայն՝ 2023 և 2024 թվականներին նոր գիտական աստիճան ստացող 350 անձանցից միայն 107-ն է (30.6%) ներգրավված պետական ֆինանսավորմամբ ծրագրերում։ Հատկապես ցածր ներգրավվածություն ունի հասարակական գիտությունների ոլորտը, որտեղ 137 նոր թեկնածուներից միայն 9-ն են գիտական պետական ֆինանսավորման ծրագրերում։ Սա փաստում է ոլորտների միջև անհամաչափությունը և գիտահետազոտական աշխատանքի նկատմամբ տարբեր մոտեցումների առկայությունը։

Գիտական աստիճանի հայցման դեպքում հրապարակումների պահանջը դեռևս հնարավորություն է տալիս դրանք ապահովել հիմնականում ներպետական պարբերականներում։ 2025 թվականի դրությամբ Հայաստանում գործում է 183 գիտական պարբերական, որոնցից միայն 104-ն է ընդունելի ատենախոսության պաշտպանության համար։ Ատենախոսություն պաշտպանողների և հասանելի պարբերականների փոքր հարաբերակցությունը սահմանափակում է գիտական հրատարակչության մրցակցայնությունը, ինչը բացասաբար է անդրադառնում թե՛ հրապարակումների, թե՛ պարբերականների ընդհանուր որակի վրա։

Միաժամանակ, 2024 թվականի պաշտպանությունների վերլուծությունը ցույց է տվել, որ գիտական աստիճան ստացողների միայն 45%-ը իր ասպիրանտական կրթությունը կամ հայցորդությունը ամփոփել է առնվազն մեկ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (ՄԳՇ) ինդեքսավորվող պարբերականում, մնացած մասը ստացել է աստիճանը ՀՀ-ում հրատարակվող, չինդեքսավորվող պարբերականներում, իսկ ԲՏՃՄ մասնագիտություններով պաշտպանած 82 թեկնածուներից միայն 10-ն են ստացել աստիճան առանց ՄԳՇ պարբերականներում հրապարակումների, մինչդեռ հասարակագիտական և հումանիտար բնագավառների 112 թեկնածուներից միայն 15-ն են ունեցել ՄԳՇ հրապարակումներ: 2022–2024 թվականներին Վեբ օֆ Սայնս շտեմարանում ՀՀ հետազոտողների կողմից այդ մասնագիտություններով հրապարակվել է 289 հոդված (216 + 73), իսկ Scopus-ում՝ 808 հոդված (490 + 318) ։ Հաշվի առնելով հոդվածների քանակի ոչ գծային աճի միտումը՝ կարելի է նշել, որ միջազգային հրապարակման պահանջը խոչընդոտ չի հանդիսանում ոլորտի կադրերի համալրման համար, մյուս կողմից որոշակի վերապահումների հաշվառմամբ կարելի է պնդել, որ հասարակագիտական և հումանիտար գիտություններում կադրերի պատրաստման գործընթացի մեծ մասը իրականացվում է առանց ոլորտի արդյունավետ գիտնականների ներգրավման, ինչը անհրաժեշտ է հաշվի առնել գիտական աստիճանի շնորհման նոր քաղաքականության մշակման ընթացքում։

Համագործակցությունների շրջանակը.

Հայաստանի Հանրապետությունը մասնակցում կամ անդամակցում է մի շարք միջազգային հարթակների և կառույցների՝ Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ (ՌԴ, Դուբնա), Բարձր էներգիաների ստերեոսկոպիկ համակարգ (H.E.S.S.), Կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիում (iBOL), ինչպես նաև Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցություն (COST Association)։ Բացի այդ, Հայաստանը Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) հիմնադիր պետություն է և ակտիվ համագործակցում է Լայբնիցի անվան Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի հետ:

Հայաստանի գիտական կազմակերպությունները հնարավորություն ունեն օգտվելու համաշխարհային առաջատար գիտատեղեկատվական շտեմարաններից, մասնավորապես՝ Clarivate Analytics - Web of Science գիտատեղեկատվական շտեմարանի ռեսուրսներ[5], Elsevier հրատարակչական ընկերության, Science Direct[6] պորտալի, Elsevier գիտատեղեկատվական ռեսուրսների՝ SCOPUS, SCIVAL, «Reaxys Base» և «Reaxys Medical Chemistry»[7] հարթակներ: Այս բաժանորդագրությունները զգալիորեն ընդլայնում են գիտնականների հետազոտական դաշտը՝ ապահովելով մուտք նորագույն գիտական տվյալների և միջազգային հրապարակումների բազաներ։

Միաժամանակ, գիտության ոլորտում երկկողմ համագործակցության շրջանակում Հայաստանը հաջողությամբ իրականացնում է մի շարք համատեղ գիտական ծրագրեր՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետազոտության, տեխնոլոգիաների և տիեզերքի նախարարության[8], Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի[9], Չինաստանի Ժողովրդական Հանրապետության երկրաշարժերի վարչության[10], Վրաստանի Շոթա Ռուստավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի[11] և Մոլդովայի Հանրապետության հետազոտությունների և մշակումների ազգային գործակալության[12] հետ:

2025 թվականի դրությամբ իրականացվում է շուրջ 17 համատեղ ծրագիր, որոնց թվում է նաև միջազգային ասոցացված լաբորատորիա՝ «Երկրաշարժի մշտադիտարկում և մոդելավորում» թեմայով։ Սրանցից բացի, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն դրամաշնորհային ծրագրերում որպես պարտադիր պայման է սահմանել արտերկրի գիտնականների ներգրավումը։ Այս մոտեցումը նպաստում է գիտական կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանը և ինստիտուցիոնալ համագործակցությունների ձևավորմանը։
Գործընկերության աշխարհագրությունը 2025 թ․ դրությամբ գործող 160 խոշոր դրամաշնորհային ծրագրերի մասով[13] ներառում է համագործակցություն 5 աշխարհամասի 32 երկրի, իսկ փոքր ծրագրերի մասով՝ 36 երկրի հետ։ Բացի այդ, 2015-2024 թվականների հրապարակած գիտական հոդվածների վերլուծությունը ցույց է տալիս, որ անհատական մակարդակում, առանց հաշվի առնելու խոշոր միջազգային համագործակցությունները[14], առկա է համագործակցություն աշխարհի 167 երկրների գիտական կենտրոնների հետ, ինչը վկայում է համագործակցության աշխարհագրական լայն ընդգրկման մասին։

 Հայաստանի համար կարևորագույն քայլ էր նաև Եվրոպական Միության հետազոտությունների և նորարարության «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության ասոցացված անդամակցությունը, որի արդյունքում հայաստանյան կազմակերպությունները ներգրավել են ավելի քան 4,196,514.36 եվրո ծավալով դրամաշնորհներ։ Ծրագրին ներկայացվել է 312 հայտ, որոնցից 35-ը ստացել է ֆինանսավորում։

Հաջողությամբ շարունակվել է Եվրոպական միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային 9-րդ ծրագրին Հայաստանի մասնակցության համաձայնագրի շրջանակներում «Հորիզոն Եվրոպա» ծրագրում ՀՀ կազմակերպությունների ներգրավումը 7,894,852.43 եվրո ծավալով դրամաշնորհային ֆինանսավորմամբ` մասնակցելով 23 ծրագրերի, որոնցից 4-ում ՀՀ կազմակերպությունները հանդիսանում են ծրագրի համակարգող: Հայաստանը նաև 1994 թվականից հանդիսանում է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադիր պետություն, և այդ ժամանակահատվածում ՀՀ գիտական կառույցներին 215 ծրագրերի միջոցով հատկացվել է ավելի քան 30,847,255.00 դոլարի դրամաշնորհային կամ ծրագրային աջակցություն։ Այս համագործակցությունը նպաստել է գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում միջազգային կապերի խորացմանը և գիտական արդյունքների կիրառականացմանը։

Գիտական արդյունավետությունը.

2015–2024 թվականներին Հայաստանի գիտահետազոտական կազմակերպությունների և բուհերի կողմից Վեբ օֆ Սայնս շտեմարանում հրապարակվել է 13 707 գիտական հոդված: Առաջիկա ռազմավարության նպատակներով 2025 թվականին նախատեսվում է 1 800, իսկ 2030 թվականի համար՝ 3 200 հրապարակում: Հրապարակումների մեծ մասը ներառված է առաջին քառորդում ընդգրկված ամսագրերում, իսկ միջազգային խոշոր համագործակցությունները կարևոր են ինչպես քանակի, այնպես էլ որակի համար։ Հրապարակումների բաշխումն ըստ բնագավառների ցույց է տալիս, որ 33.3%-ը վերաբերում է ֆիզիկա և աստղագիտություն մասնագիտությանը, որին հաջորդում է կլինիկական բժշկությունը` 6.1%, կենսաբանությունը՝ 5.0% և այլն:

Ընդ որում, ֆիզիկա և աստղագիտություն մասնագիտությունը պահպանում է առաջատար դիրքերը նաև առանց միջազգային խոշոր համագործակցային ծրագրերի և միայն ԱԳ ունեցող պարբերականներում տպագրված հոդվածների[15]։ Հասարակական և հումանիտար գիտություններ բնագավառներում 2015-2024 թվականներին, ըստ Վեբ օֆ Սայնս (Web of Science)-ի ԻնՍայտես (InCites) շտեմարանի տվյալների, հրապարակվել են համապատասխան 738 և 661 գիտական հրապարակումներ, որոնցից համապատասխանաբար 378-ը և 93-ը՝ ԱԳ ունեցող պարբերականներում։ Միևնույն ժամանակ, սակայն, ՀՀ-ն, ըստ 1 մլն բնակչության հրապարակումների, քանակով զիջում է բնակչության քանակով կամ մակերեսով համեմատելի մի շարք եվրոպական և միջինարևելյան երկրների ցուցանիշին: 2025 և 2030 թվականների համար Հայաստանի վերափոխման ռազմավարությամբ դրված թիրախներին հասնելն անգամ չի տեղափոխի ՀՀ ցուցանիշը դեպի նշված երկրների նույնիսկ միջին կատարողականի ցուցանիշին, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է աշխատել ավելի բարձր թիրախային արժեքների հասնելու ուղղությամբ (տարեկան կտրվածքով 3600-ի փոխարեն` շուրջ 6000), ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձնել գիտական ինստիտուտներում նոր և մրցունակ խմբերի ձևավորմանը ու արդյունավետ աշխատող հետազոտողների քանակի աճին:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության նախագծով սահմանվում են գիտության ոլորտի զարգացման ռազմավարության սկզբունքները և հիմնական ռազմավարական նպատակները՝ հետազոտությունների գերազանցության խթանում, տնտեսական ազդեցության մեծացում, սոցիալական պատասխանատվության բարձրացում ու վերակազմավորում և առաջխաղացում։ Ռազմավարական նպատակներից բխող միջոցառումները միտված են ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացմանը, հետազոտությունների ազդեցության ուժեղացմանը, գերակա ուղղություններով հասցեական հետազոտությունների իրականացմանը, ինչպես նաև հասարակական և հումանիտար գիտությունների և հայագիտության բնագավառներում որակյալ հետազոտությունների խթանմանը։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

«Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից։

4. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը միտված է մինչև 2030 թվականը արդյունավետ կառավարվող և միջազգային մակարդակով մրցունակ գիտական համակարգի ձևավորմանը: Համակարգը կգործի Եվրոպական հետազոտական տարածքի (ԵՀՏ) պահանջներին համահունչ՝ հիմնված բարձր որակավորում ունեցող գիտական կադրերի, զարգացած և օպտիմալ հետազոտական ենթակառուցվածքների և հետազոտությունների միջազգային գերազանցության վրա: Այն ծառայելու է ժամանակակից և առաջանցիկ ուղղություններում հետազոտական և մարդկային ներուժի զարգացմանը, հանրապետության մրցունակության և պաշտպանունակության բարձրացման նպատակով համապատասխան բարձր որակավորմամբ և հավելյալ արժեք ստեղծելու ընդունակ մասնագետների պատրաստմանը, հանրապետության կարիքներից բխող կիրառական հետազոտությունների և մշակումների իրականացմանը, ինչպես նաև հանրային կյանքում հետաքրքրասիրության սերմանմանը և մարդկության ժամանակակից ձեռքբերումների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը: Գիտության ոլորտը արդյունավետորեն ինտեգրված է լինելու բարձրագույն կրթության համակարգին` հետազոտության բոլոր տեսակներում ապահովելով երիտասարդ կադրերի արդյունավետ և համակարգված ներգրավումը և նպաստելով նոր կադրերի ձևավորմանը, ինչպես նաև արդյունավետորեն ծառայելու է պետական կարիքներից բխող կամ առևտրայնացման հեռանկար ունեցող մրցունակ հետազոտությունների իրականացմանը, տեխնոլոգիաների փոխանցմանը և համապատասխանելու է առավելագույն ազդեցության հրամայականին:

5. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է`

- «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետից, այն է՝ «Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման հնգամյա ռազմավարական ծրագրի և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցի հաստատումը» կետից,

- ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 4-րդ` «Մարդկային կապիտալի զարգացում» կետի 4.4 «Գիտության» մասով սահմանված` Գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործում նպատակից,

- ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Գիտության» բաժնի 26-րդ «Գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործում» կետի 26.5-րդ ««Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի» ենթակետի կատարումն ապահովելու նպատակից:

[1] https://www.arlis.am/documentview.aspx?docid=191180

[2] https://armstat.am/am/?nid=586

[3] Indicator 9.5.2 Researchers (in full-time equivalent), per 1,000,000 population: https://w3.unece.org/SDG/en/Indicator?id=124

[4] Վրաստան – 1463.8, Լատվիա – 1792.1, Լիտվա – 3190.7, Էստոնիա – 3855.3, Սլովենիա – 4854.6

[5] https://clarivate.com/academia-government/scientific-and-academic-research/research-discovery-and-referencing/web-of-science/

[6] https://www.elsevier.com/

[7] https://www.elsevier.com/products/reaxys

[8] https://www.bmftr.bund.de/DE/Home/home_node.html

[9] https://www.cnr.it/en

[10] http://www.cea-igp.ac.cn/en/

[11] https://rustaveli.org.ge/eng

[12] https://ancd.gov.md/en/content/nard

[13] Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ | «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում» մրցույթ | «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» մրցույթ | «Գիտական ստորաբաժանումների ամրապնդման ծրագիր» մրցույթ:

[14] Համահեղինակների քանակը ≤50-ից

[15] Article, Review, Letter

  • Քննարկվել է

    09.10.2025 - 07.11.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Հանրային հարցման ամսաթիվ

    04.11.2025

  • Հանրային հարցման հասցե

    ք. Երևան, Օրբելի եղբայրների 22

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 21817

Տպել

Առաջարկներ`

Arpine Piloyan

06.11.2025

Գիտության զարգացումը ձևավորում է համայն մարդկության զարգացումը, պետության համար այն չի կարող միտված լինել միայն կրթության վերաբերյալ որդեգրած ռազմավարության ինչ-որ մի ածանցյալ։ Այս դեպքում լավ խոսք կա՝ թնդանոթով մոծակ ենք սպանում։ Մյուս հարցն էլ այն է, թե որքանով է կրթությանը նպաստելու այն նախաձեռնությունը, որի անունը «Ակադեմիական քաղաք » դրված։ Գիտության Առողջ ռազմավարությունը պետք է արտացոլի գիտության անմիջական ազդեցությունը տնտեսության զարգացման, էներգետիկ, առողջապահական, պաշտպանական, տեխնոլոգիական, նորարարական , համամարդկային արժեքների ու նաև կրթության զարգացման վրա։ Այս ամենից բացի, եթե կատարվում է որևէ փոփոխություն հանիւն զարգացման, պետք է ապահովի առաջին հերթին եղած զարգացումների ու ձեռքբերումների պահպանումը։ Ներկայացված ռազմավարության դեպքում այդ ձեռքբերումները զրոյանալու են ու նորերը , անգամ եթե լինեն ըստ ռազմավարության, համարժեք չեն այդ կորուստներին։ Այդպիսի ձեռքբերումներ են կայացած դպրոցները, նրանց ճանաչումն ու ուրույն տեղը միջազգային գիտական հանրության կողմից, գրեթե առանց ֆինանսական պատասխանատվության եղած խոշորագույն ու կարևորագույն համագիրծակցությունները։ Այս ամենին գումարվում է գիտության համար շատ կարևոր հանգամանքը՝ ազատությունն , անկախությունը ու մրցակցային միջավայրի բացակայությունը ռազմավարության մեջ։ Գուցե առանձին մարդիկ մրցակցեն, որը կործանիչ է, բայց ոչ համակարգեր։ Կրթությունը լինելով առաջին հերթին բիզնես ունի իր զարգացման օրենքները ու ճանապարհը, այն կարող է որոշակի գիտական խնդիրներ փորձի լուծել ելնելով իր ֆինանսական հետաքրքրությունից, սակայն գիտության առաջ, որպես ամբողջություն , բոլորովին այլ արժեքներ ու խնդիրներ են դրված։ Այսպիսով գիտության ու կրթության կապը ու համագործակցությունը կարևորելով՝ միևնույն է նրանք չեն կարող այսպես սերտաճած լինել։

Մարիետա Մելիքյան

04.11.2025

Կազմակերպել մասնագիտացված վերապատրաստումներ ԲՏՃՄ առարկաների օլիմպիական խմբակների ղեկավարների համար՝ նրանց հնարավորություն տալով ծանոթանալ նորագույն գիտական մոտեցումներին և օլիմպիական խնդիրների լուծման արդի մեթոդներին։

Ապահովել օլիմպիական խմբակները համապատասխան մասնագիտական գրականությամբ և նյութատեխնիկական բազայով, ինչպես նաև դպրոցներում ստեղծել պայմաններ՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ օլիմպիական խմբակներում դասավանդելու համար։

Մարիետա Մելիքյան

03.11.2025

Որպես ուսուցիչ՝ ողջունում եմ «Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագիրը»՝ այն կարևորելով գիտության կառավարման, ֆինանսավորման և միջազգային համագործակցության զարգացման տեսանկյունից։ Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում ծրագրի իրականացման ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել կրթության և գիտության կապի ամրապնդմանը։

Նպատակահարմար է ռազմավարության շրջանակում ներառել․


  • դպրոցականների և ուսուցիչների մասնակցությամբ գիտական ակումբների ու STEM-լաբորատորիաների ստեղծում,
  • ուսուցիչների հետազոտական կարողությունների զարգացում,

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: