Հիշել նախագիծը

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետում «բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունների կամ առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների» բառերը փոխարինել «առողջապահական կազմակերպությունների` ներառյալ բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունների և բժշկական կազմակերպությունների» բառերով:

          Հոդված 2. Օրենքի 5-րդ գլխի վերնագրում «բաժնեմաս ունեցող» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև համայնքային» բառերը:

          Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 32. Առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերություններում և պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունները

1. Առողջապահական` ներառյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերություններում և պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով:

2. Առողջապահական` ներառյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերություններում և պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում ընթացիկ գործունեությունը ղեկավարում է գործադիր մարմինը, որը նշանակվում և ազատվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

3. Առողջապահական` ներառյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերություններում, լիազոր մարմնի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններում, մեկից ավելի գյուղական բնակավայրերում տեղակայված մասնաճյուղ ունեցող առողջության կենտրոններում ընթացիկ գործունեությունը ղեկավարող գործադիր մարմնի հավակնորդ կարող է լինել.

          1)       բարձրագույն բժշկական կրթություն և հետբուհական մասնագիտական կրթություն ունեցող կամ սույն օրենքի 32.1-ին հոդվածի 1-ին մասով հաստատվող Կառավարության որոշմամբ սահմանված մագիստրոսական որակավորման պահանջներին բավարարող այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի առողջապահության բնագավառի ղեկավար պաշտոն զբաղեցնելու առնվազն չորս տարվա կամ մասնագիտական հինգ տարվա աշխատանքային ստաժ, կամ

          2)       սույն օրենքի 32.1-ին հոդվածի 1-ին մասով հաստատվող Կառավարության որոշմամբ սահմանված բարձրագույն կրթություն ունեցող, կրթական և մագիստրոսական որակավորման պահանջներին բավարարող այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի առողջապահության բնագավառի ղեկավար պաշտոն զբաղեցնելու առնվազն չորս տարվա կամ մասնագիտական հինգ տարվա աշխատանքային ստաժ:

4. Առողջապահական` ներառյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանվածների, ընթացիկ գործունեությունը ղեկավարող գործադիր մարմնի հավակնորդ կարող է լինել.

          1)       բարձրագույն բժշկական կրթություն և հետբուհական մասնագիտական կրթություն ունեցող կամ սույն օրենքի 32.1-ին հոդվածի 1-ին մասով հաստատված Կառավարության որոշմամբ սահմանված կրթական պահանջներին բավարարող այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի առողջապահության բնագավառի ղեկավար պաշտոն զբաղեցնելու առնվազն երեք տարվա կամ մասնագիտական չորս տարվա աշխատանքային ստաժ, կամ

          2)       սույն օրենքի 32.1-ին հոդվածի 1-ին մասով հաստատված Կառավարության որոշմամբ սահմանված բարձրագույն կրթություն ունեցող և կրթական պահանջներին բավարարող այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի առողջապահության բնագավառի ղեկավար պաշտոն զբաղեցնելու առնվազն երեք տարվա կամ մասնագիտական չորս տարվա աշխատանքային ստաժ:

5. Առողջապահական` ներառյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերություններում ընթացիկ գործունեությունը կազմակերպող գործադիր մարմնի ղեկավարը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքից և ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի կամ սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերից:

6. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, մարզի տարածքում գործող բաժնետիրական ընկերություններում համապատասխան մասնագետի բացակայության և տվյալ մասնագետի համալրման անհնարինության դեպքում` գործադիր մարմնի ղեկավարը կարող է վճարովի հիմունքներով իրականացնել համապատասխան բժշկական մասնագիտական գործունեություն նույն ընկերությունում`

1) մարզպետարանի ենթակայության ընկերություններում` մարզպետի պատճառաբանված միջնորդության` նշելով որոշակի ժամկետ, և լիազոր մարմնի գրավոր համաձայնության (համապատասխան ժամկետի նշմամբ) հիման վրա կայացրած մարզպետի որոշմամբ.

          2) լիազոր մարմնի ենթակայության ընկերություններում` լիազոր մարմնի որոշմամբ:

7. Մարզային հոգեկան առողջության կենտրոնի գործադիր մարմնի ղեկավարը տվյալ ընկերությունում կարող է կատարել հոգեբույժի վճարովի աշխատանք:

8. Առողջապահական` ներառյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող՝ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում ընթացիկ գործունեությունը կազմակերպող գործադիր մարմնի ղեկավարը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքից և ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի կամ սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքից:

9. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող՝ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում ընթացիկ գործունեությունը կազմակերպող գործադիր մարմնի ղեկավարը տվյալ կազմակերպությունում կարող է կատարել թերապևտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի վճարովի աշխատանք:

10. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարները պարտավոր են`

          1) կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել իրենց պաշտոնի նշանակող և ազատող համապատասխան իրավասու մարմին և լիազոր մարմին: Հաշվետվությանը ներկայացվող պահանջները, հաշվետվության ներկայացման կարգը և ձևը հաստատում է Կառավարությունը.

          2) ապահովել իրենց կողմից ներկայացված կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգով սահմանված միջոցառումների կատարումը.

          3) ապահովել Կառավարության որոշմամբ հաստատված այդ կազմակերպությունների զարգացմանը և բարեխոխմանը ներկայացվող պահանջների կատարումը:

11. Սույն հոդվածի 10-րդ մասում սահմանված` գործադիր մարմնի ղեկավարի պարտականություններն ամրագրվում են նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևում:

12. Սույն հոդվածի 10-րդ մասում սահմանված հաշվետվությունը չներկայացնելու կամ հաշվետությունը Կառավարության սահմանված կարգի և պահանջների խախտմամբ ներկայացնելու կամ գործադիր մարմնի ղեկավարի կողմից ներկայացված կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգով սահմանված միջոցառումները չկատարելու կամ Կառավարության որոշմամբ հաստատված կազմակերպությունների զարգացմանը և բարեփոխմանը ներկայացվող պահանջները չկատարելու դեպքում գործատուն իրավունք ունի լուծելու գործադիր մարմնի ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը` առանց նրան ծանուցելու:

13. Սույն հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով սահմանված հաշվետվությունը հիմք է լիազոր մարմնի կողմից` այդ հաշվետվությունը ներկայացրած գործադիր մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակող և ազատող համապատասխան իրավասու մարմին ներկայացնելու միջնորդություն` գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ:»:

          Հոդված 4. Օրենքի 32.1-ին հոդվածում`

          1) վերնագրում «համայնքային առողջապահական» բառերը փոխարինել «համայնքային» բառով.

          2) 1-ին մասում «Առողջապահական՝» բառից հետո լրացնել «ներառյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող`» բառերը.

          3) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

          «2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման թեստային առաջադրանքների հարցաշարերը կազմում է լիազոր մարմինը, իսկ հարցազրույցի հարցաշարերը` կախված այդ կազմակերպությունների ենթակայությունից, կազմվում են իրենց պաշտոնի նշանակող և ազատող համապատասխան իրավասու մարմնի կողմից:»:

          Հոդված 5. Օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետից հանել «առողջապահական կամ» բառերը:

          Հոդված 6. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասում «առողջապահական բնագավառում» բառերը փոխարինել «առողջապահության բնագավառում» բառերով:

          Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող իրավական ակտը կընդունվի սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգամսյա ժամկետում:

  • Քննարկվել է

    17.10.2024 - 01.11.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 673

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ