«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները, նախագծերի ընդունման անհրաժեշտությունը
1) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ գլխով կարգավորվում են առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերություններում և պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունները, այդ թվում սահմանվում են նշված կազմակերպություններում ընթացիկ գործունեությունը կազմակերպող գործադիր մարմնի ղեկավարին ներկայացվող պահանջները: Օրենքի 5-րդ գլխում, 32-րդ հոդվածի վերնագրում և 32.1-ին հոդվածում գործածվում է «առողջապահական կազմակերպություն» բառակապակցությունը, իսկ 32-րդ հոդվածում` «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական կազմակերպություն»: Այս առումով հարկ է նշել, որ առողջապահական կազմակերպության գործունեությունն ենթադրում է մարդու և հանրության առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված գործունեություն և ընդգրկում է նշված գործունեության ավելի լայն շրջանակ, քան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից գործունեությունը: Օրենքի 2-րդ հոդվածով սահմանված է «բժշկական օգնություն և սպասարկման» հասկացությունը և «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի» հասկացությունը, այն է` օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված, բժշկական օգնության և սպասարկման որոշակի տեսակ կամ տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից, սեփականության ձևից, կամ պետական կամ համայնքային հիմնարկ: Միչդեռ առողջապահական կազմակերպություն դիտարկվում է ոչ միայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը (բժշկական կազմակերպությունը), այլ նաև առողջապահության բնագավառում (ոլորտ, որտեղ իրականացվում է մարդու և հանրության առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված գործունեություն) կրթական գործունեություն և գիտական հետազոտություններ անցկացնող կազմակերպությունները, դեղերի և բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման ոլորտներում փորձաքննություններ ու մասնագիտական դիտարկումներ իրականացնող կազմակերպությունը, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների կանխարգելում իրականացնող կազմակերպությունները, բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունները (ասոցիացիա), դեղատները, դեղ արտադրողները (դեղագործական ընկերությունները), ինչպես նաև մարդու և հանրության առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունները: Նախագծով առաջարկվող կարգավորումներն ուղղված են Օրենքում տարանջատելու «բժշկական կազմակերպությունը» և «առողջապահական կազմակերպությունը»:
2) Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև առողջապահական կազմակերպությունների տնօրենների ընտրության և նշանակման գործընթացում ի հայտ եկած տարբեր խնդիրները օրենսդրորեն կարգավորելու անհրաժեշտությամբ: Այսպես, Օրենքի 32-րդ հոդվածում վերանայվել են առողջապահական (ներառյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող) կազմակերպություններում ընթացիկ գործունեությունը ղեկավարող գործադիր մարմնի հավակնորդին ներկայացվող պահանջները: Ի տարբերություն գործող կարգավորումների, առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերություններում ընթացիկ գործունեությունը ղեկավարող գործադիր մարմնի հավակնորդի համար «բարձրագույն բժշկական կրթություն կամ առողջապահության կառավարում և կազմակերպում մասնագիտական կրթություն ունենալու» պահանջը փոխարինվել է հետևյալով`
- բարձրագույն բժշկական կրթություն և հետբուհական մասնագիտական կրթություն ունենալու կամ նույն օրենքի 32.1-ին հոդվածի 1-ին մասով հաստատվող Կառավարության որոշմամբ սահմանված մագիստրոսական որակավորման պահանջներին բավարարելը.
- նույն օրենքի 32.1-ին հոդվածի 1-ին մասով հաստատվող Կառավարության որոշմամբ սահմանված բարձրագույն կրթություն ունեցող, կրթական և մագիստրոսական որակավորման պահանջներին բավարարելը:
Նմանատիպ փոփոխություններ են կատարվել նաև
Առողջապահական` ներառյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում ընթացիկ գործունեությունը ղեկավարող գործադիր մարմնի հավակնորդի մասով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 3-ի N 129-Ն որոշման հավելված N 1-ով կարգավորվում են առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման հետ կապված հարաբերությունները: Նույն հավելվածի 5-րդ կետով սահմամված է, որ համապատասխան մասնագետի բացակայության և (կամ) տվյալ մասնագետի համալրման անհնարինության դեպքում մարզպետարանի պատճառաբանված միջնորդությամբ և առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի գրավոր թույլտվությամբ մարզային բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը կարող է իրականացնել համապատասխան բժշկական մասնագիտական գործունեություն նույն բժշկական կազմակերպությունում: ՀՀ կառավարության որոշման վերոնշյալ դրույթները սահմանվել էին որպես ժամանակավոր կարգավորումներ մարզային բժշկական կազմակերպություններում ավագ բուժաշխատողների բացակայության հարցը լուծելու նպատակով:
2023 թվականի նոյեմբերի 17-ին ուժի մեջ է մտել Օրենքի 5-րդ գլխի նոր խմբագրությունը (25.10.2023թ. ՀՕ -321-Ն օրենք), որի 32-րդ հոդվածով սահմանվել են նոր պահանջներ առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերություններում և պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար: Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերություններում ընթացիկ գործունեությունը կազմակերպող գործադիր մարմնի ղեկավարը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն և կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքից և ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի դեպքերից: Արդյունքում բացառվել է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերություններում տնօրենների նույն բժշկական կազմակերպությունում բժշկական մասնագիտական գործունեություն իրականացնելու հնարավորությունը, ինչն էլ բացասական է անդրադառնում մարզային բժշկական կազմակերպությունների ընթացիկ աշխատանքների և բժշկական օգնության և սպասարկման հասանելիության վրա:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր մարզերում` մասնավորապես հեռավոր մարզերում, առկա են գրեթե բոլոր մասնագիտություններով բժիշկների պահանջարկ, և առողջապահության համակարգը չի կարող զարգանալ, եթե մարզերում առողջապահական ծառայությունները բավարար հասանելի չեն, ուստի անհրաժեշտություն է առաջացել Օրենքի 32-րդ հոդվածում պետական մարզային բժշկական կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարի մասով նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք կհանդիսանան բացառություն նույն հոդվածի 5-րդ մասով նրանց համար սահմանված այլ պաշտոն զբաղեցնելու և այլ վճարովի աշխատանք կատարելու արգելքից:
3) Միաժամանակ, 2023 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության թիվ Վ/198-2023 արձանագրության 3-րդ կետի 1.13 ենթակետի կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նաև Օրենքում սահմանել կարգավորումներ առ այն, որ գործադիր մարմնի ղեկավարները պարտավոր են կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվություն (ներառյալ նաև ֆինանսական) ներկայացնեն ինչպես իրենց պաշտոնի նշանակող և ազատող համապատասխան իրավասու մարմին, անպես էլ լիազոր մարմին (Առողջապահության նախարարություն), անկախ այն հանգամանքից, թե որ մարմնի ենթակայությամբ է գործում այդ առողջապահական կազմակերպությունը:
Օրենքի 32-րդ հոդվածում նշված առողջապահական կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների կողմից կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելուց բացի, վերջիններիս համար օրենքով ամրագրվել է հետևյալ պահանջները`
- ապահովել իրենց կողմից ներկայացված կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգով սահմանված միջոցառումների կատարումը (խոսքը հաղթող ճանաչված մասնակցի կողմից ներկայացված հայեցակարգով` ըստ ժամանակացույցի սահմամնված միջոցառումների կատարման մասին է).
- ապահովել Կառավարության որոշմամբ հաստատված այդ կազմակերպությունների զարգացմանը և բարեխոխմանը ներկայացվող պահանջների կատարումը: Տվյալ դեպքում խոսքը գնում է կազմակերպությունների զարգացմանը և բարեխոխմանն ուղղված այն պահանջների և ցուցանիշների մասին, որը հաղթող մասնակիցը պարտավոր է ապահովել կազմակերպության ղեկավարման ընթացքում` անկախ իր կողմից ներկայացրած զարգացման և բարեփոխման հայեցակարագի միջոցառումների:
Բացի այդ, օրենքով գործատուին (իրենց պաշտոնի նշանակող և ազատող համապատասխան իրավասու մարմնին կամ լիազոր մարմնին` կախված կազմակերպության ենթակայությունից) իրավունք է վերապահվել վերոնշյալ պարտականությունների խախտման դեպքում լուծելու գործադիր մարմնի ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:
Ընդ որում, այն դեպքերում, երբ առողջապահական կազմակերպությունը գործում է այլ պետական մարմնի (ոչ Առողջապահության նախարարության) ենթակայությամբ, և այդ կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի ներկայացված հաշվետվության արդյունքներով Առողջապահության նախարարության կողմից կպարզվեն խախտումներ և անհամապատասխանություններ վերոնշյալ պահանջներին` ապա դա հիմք է նախարարության կողմից այդ հաշվետվությունը ներկայացրած գործադիր մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակող և ազատող համապատասխան իրավասու մարմին միջնորդություն ներկայացնելու համար` այդ գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ:
Բացի օրենքից, գործադիր մարմնի ղեկավարի վերոնշյալ պարտականություններն ամրագրվելու են նաև նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևում: Սակայն Օրենքում վերոնշյալ դրույթների նախատեսումը պայմանավորված է հետևյալով. օրենքում այս կարգավորումների մասով հիմք է ընդունվել` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի դրույթները` աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով, և նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները` իրավաբանական անձանց գործադիր մարմինների (կոլեգիալ և միանձնյա) անդամների լիազորությունների դադարեցման և նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի լուծման առանձնահատկությունները սահմանվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և այդ իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով: «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն` բաժնետիրական ընկերությունների գործունեությունը կարգավորվում է Օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, «Պետական ոչ առեվտրային կազմակերպությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ պետական կազմակերպությունների մասին օրենսդրությունը բաղկացած է ՀՀ քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերից: Իսկ վերջին երկու օրենքներում նշված կազմակերպությունների գործունեությունը կարգավորող «այլ օրենքը» տվյալ դեպքում ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքն է:
Հաշվի առնելով, որ նախագծով կատարվող վերոնշյալ փոփոխությունների արդյունքում Օրենքի 32-րդ հոդվածը պարունակում է աշխատանքային իրավունքի նորմեր, այդ թվում աշխատանքային հարաբերությունների առողջապահական կազմակերպությունների բնագավառում կարգավորման առանձնահատկություններ, փոփոխության է ենթարկվել նաև հոդվածի վերնագիրը, նշելով, որ հոդվածը բովանդակում է նշված կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունների մասին:
2. Կարգավորման նպատակը և բնույթը, ակնկալվող արդյունքը
««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ Օրենքում, այդ թվում 5-րդ գլխում կտարանջատվի «բժշկական կազմակերպությունը» և «առողջապահական կազմակերպությունը»:
Վերանայվել են առողջապահական` ներառյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ղեկավարող գործադիր մարմնի հավակնորդին ներկայացվող պահանջները` առավել որակյալ, բանիմաց կադրերի ընտրություն և նշանակում առողջապահական կազմակերպությունների տնօրենների պաշտոնում, ինչը կբարձրացնի կազմակերպությունների ղեկավարման և ընդհանուր գործունեության արդյունավետությունը:
Մարզային ընկերություններում համապատասխան մասնագետի բացակայության և տվյալ մասնագետի համալրման անհնարինության դեպքում` մարզպետի պատճառաբանված միջնորդության և լիազոր մարմնի գրավոր թույլտվության հիման վրա կայացրած մարզպետի որոշմամբ, գործադիր մարմնի ղեկավարը իրավունք կունենա իրականացնել համապատասխան բժշկական մասնագիտական գործունեություն նույն բժշկական կազմակերպությունում: Մարզային հոգեկան առողջության կենտրոնի գործադիր մարմնի ղեկավարը տվյալ ընկերությունում կկարողանա կատարել հոգեբույժի վճարովի աշխատանք: Փոփոխությունը կնպաստի մարզային բժշկական կազմակերպությունների բժշկական օգնության և սպասարկման հասանելիության բարձրացմանը:
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի նաև առողջապահական կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվողականությունը լիազոր մարմնին և իրենց պաշտոնի նշանակող և ազատող համապատասխան իրավասու մարմնին, և արդյունքում կբարձրանա առողջապահական կազմակերպությունների ղեկավարման և ընդհանուր գործունեության արդյունավետությունը:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերի մշակումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծերի ընդունմամբ 2024 թվականի պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Սույն նախագծերը չեն բխում ռազմավարական կամ ծրագրային որևէ փաստաթղթից:
-
Քննարկվել է
17.10.2024 - 01.11.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 675
Տպել