Հիշել նախագիծը

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ՏԱՐԱԿԱՐԳ ՍՏԱՑԱԾ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

__          ___________ի 2024 թվականի N    -Ն

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ՏԱՐԱԿԱՐԳ ՍՏԱՑԱԾ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«Մասնագիտական  կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել`

1) Մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման կարգը և չափը` համաձայն N 1 հավելվածի:

2) Մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների հավելավճարի սահմանման կարգը և չափը` համաձայն N 2 հավելվածի:

  1. Միջնակարգ կրթության երրորդ մակարդակին համապատասխան առարկայական ծրագիր վարող մանկավարժը կարող է ատեստավորվել և տարակարգ ստանալ «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված ուսուցչի ատեստավորման և տարակարգի շնորհման ընթացակարգերով:
  2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում 2024 թվականի դեկտեմբերի 1-ից, իսկ 2-րդ ենթակետը և միջնակարգ կրթության երրորդ մակարդակին համապատասխան առարկայական ծրագիր վարող մանկավարժական աշխատողի տարակարգի հավելավճարը՝ 2025 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ն. Փաշինյան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 20
24 թվականի
__________ի    -ի N         -Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՎԱԾ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով սահմանվում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ատեստավորված մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման իրավահարաբերությունները։
  2. 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 07-Ն հրամանի 2-րդ հավելվածով հաստատված կարգի (այսուհետ՝ Ատեստավորման կարգ) 40-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված արդյունք ցուցաբերած մանկավարժական աշխատողների դրույքաչափը փոխվում է՝ սահմանվելով 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար, որի նկատմամբ կիրառվում է համապատասխան չափով հավելավճարը: Սույն կետով սահմանված դրույքաչափը նվազեցման ենթակա չէ:
  3. Ատեստավորումն անցած մանկավարժական աշխատողներին հավելավճար սահմանվում է Ատեստավորման կարգի 40-րդ կետի 1-3 ենթակետերով սահմանված դեպքերում` 5 տարի ժամկետով, հետևյալ տրամաբանությամբ՝

1) ատեստավորման 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 50 % հավելավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար.

2) ատեստավորման 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 40 % հավելավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար.

3) ատեստավորման 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 30 % դրամ հավելավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար.

4) հավելավճարը հաշվարկվում է միայն ատեստավորված ուղղությամբ բոլոր հաստատություններում փաստացի դասավանդվող դրույքաչափերի նկատմամբ։

  1. Մեկ հաստատությունից մանկավարժական աշխատողի այլ հաստատություն տեղափոխման արդյունքում հավելավճարը պահպանվում է:
  2. Ատեստավորման կարգի 40-րդ կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված արդյունքների դեպքում մանկավարժական աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ երկրորդ անգամ դիմել և մասնակցել ատեստավորման գործընթացին`

1) նախորդ արդյունքին հավասար արդյունք ցուցաբերելու դեպքում մանկավարժական աշխատողի հավելավճարի չափը պահպանվում է, որի համար սահմանվում է հնգամյա նոր ժամկետ.

2) Ատեստավորման կարգի 40-րդ կետի 2-3-րդ ենթակետերով սահմանված արդյունք ցուցաբերած արդյունքի համեմատ ավելի բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում մանկավարժական աշխատողը հավելավճար է ստանում վերջին արդյունքի հիման վրա, որի համար սահմանվում է հավելավճար ստանալու հնգամյա նոր ժամկետ.

3) նախորդ արդյունքի համեմատ ավելի ցածր արդյունք ցուցաբերելու դեպքում հավելավճարը պահպանվում է արդեն սահմանված չափով և ժամկետով։

  1. Ատեստավորում անցած մանկավարժական աշխատողը ատեստավորում անցած ուղղությամբ համատեղությամբ աշխատելու դեպքում հավելավճար ստանում է և՛ հիմնական, և՛ համատեղությամբ աշխատավայրից, որոնց հանրագումարային ծանրաբեռնվածությունը չի կարող գերազանցել աշխատանքային օրենսգրքով սահմանված առավելագույն աշխատաժամանակը:
  2. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված հավելավճարները ներառում են աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարներ։

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2024 թվականի
_______ի
     -ի N      -Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԿԱՐԳ ՍՏԱՑԱԾ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԻ

  1. Սույն կարգով սահմանվում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների տարակարգ ստացած դասախոսի, վարպետի և հրահանգչի (այսուհետ՝ մանկավարժ) հավելավճար սահմանելու կարգը:
  2. Կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով տարակարգ ստացած մանկավարժներին ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին սահմանվում է հավելավճար երեք տարի ժամկետով՝

1) երրորդ աստիճանի տարակարգի համար` մանկավարժական դրույքի 50 տոկոսի չափով.

2) երկրորդ աստիճանի տարակարգի համար` մանկավարժական դրույքի 30 տոկոսի չափով.

3) առաջին աստիճանի տարակարգի համար` մանկավարժական դրույքի 20 տոկոսի չափով:

  1. Ատեստավորման միջոցով որակավորման տարակարգ ստացած մանկավարժական աշխատողի հասանելիք հավելավճարը սահմանվում է յուրաքանչյուր ամիս` աշխատավարձի հետ միասին:
  2. Համատեղությամբ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական այլ ուսումնական հաստատությունում դասավանդելու դեպքում տարակարգ ստացած մանկավարժին հավելավճար տրամադրվում է նաև տվյալ հաստատությունում:
  3. Հանրային և մասնավոր ՄՈՒՀ-երի մանկավարժական աշխատողը կարող է լիազոր մարմնի սահմանած կարգով մասնակցել տարակարգի շնորհման գործընթացին ՄՈՒՀ-ի կամ սեփական և այլ ֆինանսական միջոցների հաշվին։
  • Քննարկվել է

    11.10.2024 - 01.11.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 593

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Քրիստինե Ղազարյան

24.10.2024

Հարգելի՛ գործընկեր,ես ուսուցիչ եմ և երկար տարիներ զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով։Մենք աշխատում ենք երեխայի հետ,որը ամենալուսավոր էակն է ողջ տիեզերքում։Ուսուցիչ լինելը կոչում է,ուսուցչությամբ զբաղվելը՝ հետաքրքիր,բայց և բարդ աշխատանք։Ուսուցիչը լույսի աղբյուր է և յուրաքանչյուր երեխայի ապագայի պատասխանատուներից մեկը։Սակայն ուսուցիչը նաև մարդ է և ունի կենսական պահանջներ։ Շնորհակալ ենք,որ ատեստավորման միջոցով մեզ տրվեց մեր աշխատավարձը բարձրացնելու հնարավորություն։ Ինձ շնորհվել է տարակարգի երրորդ աստիճան։Նախագծում նշված է,որ տարակարգի ժամկետը փոփոխվում է ՝ դառնալով երեք տարի։Խնդրում ենք պահպանել հինգ տարի ժամկետը։Ուսուցիչը մեր օրերում տիտանական աշխատանք է կատարում՝ առաջին հերթին աշխատելով զարգացած,ակտիվ երեխաների հետ,որոնք նոր մոտեցումներ են պահանջում,և դա ընդունելի է։Ուսուցիչը տարակարգի դիմելու համար աշխատում է գրեթե մեկ ուսումնական տարի՝ համակարգելով պահանջվող բոլոր նյութերը։ Մեր ունենք գիտակ,վերլուծող,հավասարակշված ուսուցիչներ,որոնք խոնարհման են արժանի։Սակայն տարակարգի ժամկետը կարճատև լինելու դեպքում նա արդեն չի դիմի՝ ևս մեկ անգամ տարակարգ ստանալու համար,քանզի կերկմտի՝ կատարի՞ այդ պատասխանատու գործը,թե՞ ոչ։Արդյունքում կնվազի աշխատավարձը,և խոր հիասթափություն կառաջանա։Իսկ մարդուն,անկախ ամեն ինչից,ապրել է անհրաժեշտ։ Բոլոր դեպքերում աշխատավարձը կարող է ինչ-որ չափով դրական ազդել և ոգևորել մարդուն։Ի վերջո,մեզ խելացի,գիտակից,ճկուն մտածողություն ունեցող,ստեղծագործող և ժպտացող քաղաքացիներ են պետք։ Շնորհակալ ենք։

Տեսնել ավելին