Լրամշակման փուլում է
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր:
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
«ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և նպատակը
- Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, օգտագործման և կառավարման իրավահարաբերությունները:
- Սույն օրենքի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների՝ որպես բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, կրթական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, ռեկրեացիոն արժեք ներկայացնող էկոհամակարգերի, բնության համալիրների ու առանձին օբյեկտների բնականոն զարգացումը, վերականգնումը, վերարտադրությունը, օգտագործումը պահպանությունը և պաշտպանությունը, բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելումը կամ մեղմացումը, ինչպես նաև արդյունավետ կառավարումը:
Հոդված 2. Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրությունը
Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները
- Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են.
- ազգային պարկ` մարդու գործունեության ընթացքում փոփոխություների ենթարկված, սակայն մեկ կամ մի քանի ամբողջական անխաթար էկոհամակարգեր ընդգրկող ընդարձակ տարածք, որն ընդգրկում է արգելոցային, արգելավայրային, ռեկրեացիոն և տնտեսական տարածքագործառնական գոտիներ, որտեղ ներկայացված են բույսերի և կենդանիների աճելավայրերի կամ ապրելավայրերի, գեոմորֆոլոգիական օբյեկտներ առկայությամբ տվյալ տարածաշրջանին բնորոշ լանդշաֆտներ, ունի հատուկ գիտական, կրթական, հոգևոր, ռեկրեացիոն և զբոսաշրջային նշանակություն և որի համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ,
- արգելավայր` բուսական, կենդանական աշխարհի առանձին տեսակների, դրանց պոպուլյացիաների աճելավայրերի և ապրելավայրերի պահպանության և վերականգնման նպատակով առանձնացված տարածք, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են նաև մարդու սահմանափակ միջամտությամբ և օգտագործվում են գիտական ուսումնասիրությունների, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, բուսական, կենդանական և բնական օբյեկտների վերարտադրության, շարունակական կամ ժամանակավոր օգտագործման, էկոլոգիական զբոսաշրջության և ռեկրեացիայի նպատակներով և որի համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ,
- արգելոց` առավելապես բնական երևույթների ազդեցությամբ, առանց մարդու անմիջական միջամտության իր բնական հատկություններով և էկոլոգիական, երկրաբանական, ֆիզիկա-աշխարհագրական և այլ առանձնահատկություններով պահպանվող տարածք, որտեղ բնական երևույթների զարգացման գործընթացներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության և կարող է օգտագործվել միայն գիտական ուսումնասիրությունների և մոնիթորինգի իրականացման, էկոլոգիական զբոսաշրջության, էկոլոգիական դաստիարակության, պահպանության ու կրթական միջոցառումների կազմակերպման համար և որի համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ,
- բնական օբյեկտ՝ բնական էկոհամակարգեր, բնական լանդշաֆտներ և դրանց բաղադրիչներ, որոնք պահպանել են իրենց բնական հատկությունները,
- բնապատմական բնության հուշարձան` երկրաբանական, ջրաերկրաբանական և կենսաբանական ծագման եզակի, գիտական և գեղագիտական արժեք ներկայացնող բնական օբյեկտներ և դրանց համալիրներ, որոնք ներդաշնակորեն կապված են պատմամշակութային հուշարձանների և դրանց համալիրների, բնակատեղիների, կամ պատմական իրադարձությունների ու լեգենդների հետ,
- բնության հատուկ պահպանվող տարածք՝ հողի, մակերևութային ու ստորերկրյա ջրերի, ընդերքի և համապատասխան օդային ավազանի` բնական միջավայրերի երկարաժամկետ պահպանության համար սույն օրենքով սահմանված կարգով առանձնացված տարածքներ և առանձին բնական օբյեկտներ, որոնք բնապահպանական, գիտական, կրթական, առողջարարական, պատմամշակութային, ռեկրեացիոն, զբոսաշրջության, գեղագիտական արժեք են ներկայացնում, և որոնց համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ,
- բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստր` տեղեկատվության և փաստաթղթերի անընդհատ լրացվող համահավաք, որը ներառում է բնության հատուկ պահպանվող տարածքների աշխարհագրական տեղաբաշխման, սահմանների, պահպանության ռեժիմի, կենսաբանական բազմազանության հաշվառման ու վիճակի, բուսական և կենդանական պաշարների ու դրանց օգտագործման ձևերի, գիտական, տնտեսական, իրավական, սոցիալական և պատմամշակութային արժեքների քանակական ու որակական բնութագրերի վերաբերյալ համադրելի թվային և փաստաթղթային տվյալներ,
- բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման պլան` պաշտոնական փաստաթուղթ, որով սահմանվում են բնության հատուկ պահպանվող տարածքի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ գործողությունները՝ որոշակի ժամանակահատվածում,
- բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգ` էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների որակական և քանակական ցուցանիշների, վիճակի ռեժիմային դիտարկումների, մարդածին և ոչ մարդածին ազդեցությունների գնահատման, արագ արձագանքման ու զարգացման ընթացքի կանխատեսման համակարգ,
- բնության հուշարձան` եզակի, գիտական, գիտաճանաչողական, բնապատկերային, պատմամշակութային և գեղագիտական առանձնահատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտի կամ համալիրի բնական վիճակի պահպանության նպատակով առանձնացված տարածք, որն օգտագործվում է գիտական ուսումնասիրությունների, մոնիթորինգի, գիտակրթական, մշակութային միջոցառումների և ռեկրեացիայի իրականացման նպատակներով և որի համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ,
- երկրաբանական բնության հուշարձան` երկրաբանական ծագման եզակի, գիտական և գեղագիտական արժեք ներկայացնող առանձին վերցրած բնական օբյեկտներ կամ բնական համալիրներ, որոնք լինում են` հրաբխային (հրաբխային կոներ, խառնարաններ, լավային ծածկոցներ, քարանձավներ), տեկտոնական (կամարածալքեր, աններդաշնակություններ, մակերեսային պատռվածքներ, շերտագրական, օգտակար հանածոներ, հազվագյուտ հանքանյութեր), արտածին (հողմահարման և տեղատարման հետևանքով առաջացած ռելիեֆի յուրահատուկ ձևեր` կիրճեր, մնացորդային բուրգեր, քարափներ, վիհեր, հողմային խորշեր, քարայրներ, թունելներ, կամուրջներ, քարե քանդակներ), հնէաբանական (բրածո բույսերի և կենդանիների մնացորդներ, քարացուկներ, դրոշմներ կամ մերկացումներ) և նստվածքային (շերտագրական՝ մասսայական անհետացման վկայություններ),
- Էկոլոգիական զբոսաշրջություն` բնության ճանաչողությանն ուղղված զբոսաշրջության ձև, որն օժանդակում է բնական և մշակութային ժառանգության պահպանությանը, ինչպես նաև ազգաբնակչության էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացմանը,
- էկոլոգիական հավասարակշռություն՝ բնական էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների, բնական երևույթների և մարդածին գործոնների դինամիկ հավասարակշռություն, որն ապահովում է էկոհամակարգի երկարատև և կայուն գոյատևումը,
- Էկոլոգիական միջանցք` էկոլոգիական ցանցի գործառնական բաղադրիչ, որը նպատակաուղղված է բնության հատուկ պահպանվող տարածքների և արժեքավոր բնական էկոհամակարգերի փոխկապակցվածության, դրանց էկոհամակարգերի կայունության, պահպանության, բույսերի տարածվածության, կենդանիների տեղաշարժի և էկոլոգիական ցանցի ամբողջականության ապահովմանը,
- Էկոլոգիական ցանց` էկոլոգիական միջանցքներով միմյանց հետ փոխկապակցված տարբեր կատեգորիաների պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքների և արժեքավոր բնական էկոհամակարգերի համակարգ, որն ապահովում է բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ գործունեությունը, էկոհամակարգերի էկոլոգիական հավասարակշռությունը և դրա բաղադրիչների պահպանությունը, պաշտպանությունը, վերարտադրությունն ու կենդանիների անարգել տեղաշարժն ու միգրացիան,
- էկոհամակարգ՝ բույսերի, կենդանիների, սնկերի և միկրոօրգանիզմների համակեցությունների, ինչպես նաև դրանց անկենդան շրջակա միջավայրի դինամիկ զարգացող համալիր, որոնք փոխազդում են որպես միասնական գործառնական ամբողջություն,
- Էկոհամակարգի բաղադրիչներ` էկոհամակարգերի կենդանի (միկրոօրգանիզմներ, սնկեր, բույսեր, կենդանիներ) և անկենդան (հող, ջուր, մթնոլորտային օդ) միջավայրի փոխկապակցված տարրերի առանձին միավորներ,
- լանդշաֆտ` աշխարհագրական թաղանթի տեղամաս, որի բնույթը բնական և մարդկային գործոնների ազդեցության կամ փոխազդեցության արդյունք է, և որի համասեռ բնական հատվածները բնորոշվում են ուրույն երկրաբանական կառուցվածքի, ռելիեֆի, կլիմայի, հողաբուսական ծածկույթի և կենդանական աշխարհի ամբողջականությամբ,
- կենսաբանական բազմազանություն՝ ցամաքային, օդային և ջրային էկոհամակարգերի բաղադրիչներ համարվող կենդանի օրգանիզմների տարատեսակություն, որը ներառում է բազմազանությունը տեսակի շրջանակներում, տեսակների միջև և էկոհամակարգերի բազմազանությունը,
- կենսաբանական բնության հուշարձան` կենսաբանական ծագման եզակի, գիտական և գեղագիտական արժեք ներկայացնող առանձին վերցրած հազվագյուտ, անհետացող, ռելիկտային բույսերի տեսակներ և դրանց բնական պոպուլյացիաներ, բնական աճելավայրերում հանդիպող երկարակյաց ծառեր, ինչպես նաև հազվագյուտ և անհետացող կենդանիների բնադրավայրեր,
- կենսաբանական պաշար` աշխարհագրական որոշակի տարածքում առկա բուսական և կենդանական տեսակների, դրանց համակեցությունների օգտագործման ենթակա ընդհանուր քանակություն,
- կենսոլորտային պահպանավայր` գիտական, ճանաչողական, գեղագիտական և տնտեսական բարձրարժեք լանդշաֆտների, էկոհամակարգերի և դրանց առանձին բաղադրիչների, ինչպես նաև բնական և մարդածին տարբեր աստիճանի ներգործության ենթարկված տարածքների համակարգ, որտեղ գիտահետազոտական ուսումնասիրությունների և տարածաշրջանային համընդհանուր մոնիթորինգի հիման վրա ապահովվում են տարածաշրջանի կենսաբանական բազմազանության կայուն կառավարումը՝ պահպանությունը, վերարտադրությունը, վերականգնումն ու զարգացումը,
- շահագրգիռ կողմեր` բնության հատուկ պահպանվող տարածքների, դրանց պահպանման գոտիների, էկոլոգիական ցանցի, էկոլոգիական միջանցքի և կենսոլորտային պահպանավայրի կառավարման խնդիրներին առնչվող պետական կառավարման, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններ, ֆիզիկական և իրավաբանական անձինք,
- պահպանման գոտի՝ բնության հատուկ պահպանվող տարածքը շրջափակող, սույն օրենքով սահմանված կարգով առանձնացված տարածք, որտեղ սահմանվում է օգտագործման ռեժիմ՝ բնության հատուկ պահպանվող տարածքի էկոլոգիական համակարգերին և դրանց բնականոն զարգացմանը չվնասող հողային, շինարարական և տնտեսական գործունեություն:
- պահպանվող լանդշաֆտ` մարդու գործունեության ու բնական միջավայրերի փոխազդեցության արդյունքում ժամանակի ընթացքում ձևավորված բնապահպանական, մշակութային, գեղագիտական արժեք ներկայացնող առանձնացված տարածք, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են ակտիվ կառավարման միջամտությամբ և օգտագործվում են գիտական ուսումնասիրությունների, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, էկոլոգիական դաստիարակության, էկոլոգիական զբոսաշրջության և ռեկրեացիայի կազմակերպման, պատմամշակութային օբյեկտների վերականգնման, հողօգտագործման ավանդական ձևերի զագացման նպատակներով, և որի համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ,
- ջրաերկրաբանական բնության հուշարձան` հրաբխային, տեկտոնական, ամբարտակային և սառցադաշտային ծագման եզակի, գիտական և բալնեոլոգիական արժեք ներկայացնող առանձին բնական օբյեկտներ կամ բնական համալիրներ, որոնք լինում են` հանքային և քաղցրահամ ջրերի բնական ելքեր (աղբյուրներ), կարստային քարանձավներ, կիրճեր, կանյոններ, առանձին վերցրած ջրային օբյեկտներ, որոնք լինում են` հրաբխային, տեկտոնական, սողանքային և սառցադաշտային ծագման լիճ, ջրվեժ, խոնավ տարածքներ,
- օգտագործման վճար՝ բնության հատուկ պահպանվող տարածքի օգտագործման թույլատրված ձևերի (ըստ պահպանության ռեժիմների) համար գանձվող վճար,
29) արժեքավոր բնական էկոհամակարգ՝ բնապահպանական տեսակետից արժեք ներկայացնող տարածք (այդ թվում բույսերի աճելավայրերը և կենդանիների ապրելավայրերը), որոնց գնահատման և ստեղծման համար հիմք են հանդիսանում նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներով, համաձայնագրերով նախատեսված և ծրագրերով առանձնացված բնական էկոհամակարգերը,
30) տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք՝ համայնքի վարչական սահմաններում գտնվող, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ստեղծված պահպանվող լանդշաֆտ, որի կառավարումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից,
31) հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված բնության հատուկ պահպանվող տարածք, որի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման, պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված պետական մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) կողմից՝ իր ենթակայության տակ գործող պետական կազմակերպությունների կամ սույն օրենքով նախատեսված դեպքում՝ իրավաբանական անձի միջոցով:
Հոդված 4. Բնության հատուկ պահպանվող տարածքների դասակարգումը
- Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքներն ըստ հողի նկատմամբ սեփականության ձևի՝ լինում են պետական կամ համայնքային։
- Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքները դասակարգվում են՝
ա) ըստ նշանակության` հանրապետական կամ տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների,
բ) ըստ կատեգորիաների` արգելոցի, ազգային պարկի, բնության հուշարձանի, արգելավայրի, պահպանվող լանդշաֆտի:
Հոդված 5. Բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծումը
- Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նպատակն է`
- լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության պահպանության, բնականոն զարգացման, վերականգնման, վերարտադրության և բանական օգտագործման ապահովումը.
- բնական էկոհամակարգերի կայունության և էկոլոգիական հավասարակշռության ապահովումը,
- Էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների գիտական, ռեկրեացիոն, պատմամշակութային և գեղագիտական արժեք ներկայացնող օբյեկտների պահպանության ապահովումը,
- էկոհամակարգերի բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելումը կամ մեղմացումը,
- էկոհամակարգերում բնական երևույթների բնականոն ընթացքի և բնական օբյեկտների գիտական ուսումնասիրությունների և շրջակա միջավայրի մոնիթորինգի ապահովումը,
- կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումը,
- բնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության իրականացման աշխատանքներին նպաստելը:
- Բնության հատուկ պահպանվող տարածքները ստեղծվում են Կառավարության որոշմամբ՝ բացառությամբ տեղական տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների:
- Հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքները ստեղծվում են պետական սեփականություն հանդիսացող հողերի վրա, իսկ տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքները ստեղծվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վրա:
- Տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքը ստեղծվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, ավագանու որոշմամբ՝ կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված սեփական լիազորությունների շրջանակում` նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ։
- Հողի սեփականատերը կամ օգտագործողը պարտավոր է պահպանել բնության հատուկ պահպանվող տարածքների համար սույն օրենքով սահմանված պահպանության համապատասխան ռեժիմը և օգտագործման կարգը: Պահպանության ռեժիմների ապահովումը խթանելու համար Հայաստանի Հանրապետության օրենքով կարող են սահմանվել հարկերի և այլ պարտադիր վճարների վճարման գծով արտոնություններ:
Հոդված 6. Բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի սեփականությունը
- Արգելվում է քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վրա ստեղծված բնության հատուկ պահպանվող տարածքների հողերը:
- Բնության հատուկ պահպանվող տարածքների հողերը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով նախատեսված հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության բնապահպանական գործառնական նշանակության հողերն են:
- Բնության հատուկ պահպանվող տարածքների առկայությունը, դրանց կատեգորիաների համար սահմանված ռեժիմները և սահմանափակումները ներառվում են տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերում, տարածքային հատակագծման նախագծերում, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներում, հողաշինարարական, անտառաշինական և քաղաքաշինական ծրագրային այլ փաստաթղթերում:
Հոդված 7. Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը
- Հայաստանի Հանրապետությունում հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնում է լիազորված մարմինն իր ենթակայության տակ գործող պետական կազմակերպությունների միջոցով՝ համաձայն սույն օրենքի, տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման պլանի (այսուհետ՝ Կառավարման պլան), բացառությամբ՝ բնության հուշարձանների:
- Բնության հուշարձանի կառավարումը լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով՝ կարող է իրականացվել նաև տեղական ինքնակառավարման մարմնի կամ իրավաբանական անձանց (ոչ պետական կազմակերպությունների) միջոցով՝ որի նպատակով լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության անունից կնքում է պայմանագիր։ Կառավարումն իրականացվում է համաձայն բնության հուշարձանի անձնագրի և պայմանագրում ամրագրված դրույթների:
- Հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը՝ բացառությամբ արգելոցների, արգելավայրերի կամ ազգային պարկերի արգելոցային կամ արգելավայրային գոտիների, լիազորված մարմնի կողմից կարող է տրամադրվել վարձակալության կամ կառուցապատման իրավունքով՝ մրցութային կարգով։
- Տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքը կառավարվում է տեղական ինքնակառավարման այն մարմինների կողմից, որոնց վարչական սահմաններում գտնվում է տվյալ տարածքը՝ այդ նպատակով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ստեղծված համայնքային կազմակերպությունների միջոցով:
- Բնության հատուկ պահպանվող տարածքների սահմաններում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանական գոտիների և դրանցում սահմանված ռեժիմների հետ առնչվող բոլոր աշխատանքները համաձայնեցվում են հուշարձանների պահպանության և քաղաքաշինության բնագավառների պետական կառավարման համակարգի լիազորված մարմինների հետ:
Հոդված 8. Բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման պլանը
- Բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման պլանը հաստատվում է բնության հատուկ պահպանվող տարածքի ստեղծման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համայնքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում: Մինչև կառավարման պլանի հաստատումը կառավարման հիմնական գործառույթները՝ պահպանության և գիտական ուսումնասիրությունների ոլորտում իրականացվում են հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների դեպքում՝ լիազորված մարմնի կողմից, տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների դեպքում՝ ավագանու որոշմամբ հաստատված աշխատանքային ծրագրերի` անընդհատ ռեժիմով:
- Կառավարման պլանը կազմվում է համաձայն լիազորված մարմնի կողմից հաստատված մեթոդական ուղեցույցի:
- Կառավարման պլանն ընդգրկում է՝
- բնության հատուկ պահպանվող տարածքի մասին հիմնական տեղեկատվությունը, այդ թվում` էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների (ներառյալ` կենսաբազմազանության, դրանց պաշարների, վիճակի և սպառնացող վտանգների) նկարագրությունը և անցած ժամանակաշրջանում դրանց փոփոխությունների գնահատականն ու զարգացման հեռանկարները,
- բնության հատուկ պահպանվող տարածքի գոտիավորման, սահմանների, կենսաբանական բազմազանության, այդ թվում՝ կենսաբանական պաշարների տեղաբաշխման, հողօգտագործման և այլ թեմատիկ քարտեզներն ու հատակագծերը,
- բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանման գոտու սոցիալ-տնտեսական խնդիրները,
- բնության հատուկ պահպանվող տարածքի համապատասխան գոտու օգտագործման առանձնահատկությունները,
- բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությանը և օգտագործմանը մասնակցող կողմերը,
- բնության հատուկ պահպանվող տարածքի մոնիթորինգի տվյալների հիման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելմանն ու մեղմացմանը (վերացմանը) ուղղված գործողությունների ամենամյա պլանը և ժամանակացույցը,
- բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության, գիտահետազոտական ուսումնասիրության և այլ աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ծախսերը և ֆինանսավորման աղբյուրները,
- կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների ծրագրերը,
- բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման ներուժի բացահայտումն ու լավագույնս օգտագործման ուղիները:
- բնության հատուկ պահպանվող տարածքներում հակահրդեհային անվտանգության միջոցառումների (գործողությունների) իրականացման ամենամյա պլանը և ժամանակացույցը:
- Բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման պլանը հաստատվում է 5-ից 10 տարի ժամանակահատվածի համար: Նոր կառավարման պլանի մշակման աշխատանքները սկսվում են մինչև նախորդ կառավարման պլանի սահմանված ժամկետի ավարտը: Սահմանված ժամկետի ավարտից հետո բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման պլանը շարունակում է գործել մինչև տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքի համար կառավարման նոր պլանի ուժի մեջ մտնելը: Այդ ժամանակահատվածի համար լիազորված մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը հաստատում է բնության հատուկ պահպանվող տարածքի տարեկան միջոցառումների ծրագրեր:
Հոդված 9. Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ծախսերը
- Հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, դրանցում գիտական ուսումնասիրությունների և բնապահպանական միջոցառումների կատարման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցներից, տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարումն իրականացնող կազմակերպության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված միջոցներից, հովանավորչական, նվիրատվական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:
- Տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, դրանցում գիտական ուսումնասիրությունների և բնապահպանական միջոցառումների կատարման ծախսերը ֆինանսավորվում են համայնքային բյուջեից, տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարումն իրականացնող կազմակերպության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված միջոցներից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 10. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
- Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման և կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են՝
- բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կարգի սահմանումը,
- հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների, տարածքի չափի և դրանց սահմանների հաստատումը,
- բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանների հաստատումը՝ բացառությամբ տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանի,
- բնության հատուկ պահպանվող տարածքների կանոնադրությունների հաստատումը,
- բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգի սահմանումը,
- բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի վարման կարգի սահմանումը,
- բնության հատուկ պահպանվող տարածքները կամ դրանց գոտիները կառավարման տրամադրման մրցութային կարգի և պայմանագրի օրինակելի ձևի հաստատումը,
- բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող լիազորված մարմնի կազմակերպությանն անժամկետ, անհատույց իրավունքով ամրացված բնապահպանական հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման մրցութային կարգի և պայմանագրի օրինակելի ձևի հաստատումը,
- բնության հատուկ պահպանվող տարածքներում հանրային լողափերի ստեղծումը,
- Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 11. Լիազորված մարմնի լիազորությունները
- Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման և կառավարման բնագավառում լիազորված մարմնի լիազորություններն են`
- բնության հատուկ պահպանվող տարածքների պետական քաղաքականության մշակումը,
- բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բնագավառում պետական ծրագրերի, միջոցառումների, ռազմավարության մշակումը և հաստատումը,
- բնության հատուկ պահպանվող տարածքների պետական քաղաքականության իրականացումը,
- հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող պետական կազմակերպությունների կանոնադրությունների հաստատումը,
- բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կարգի մշակումը,
- հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների, դրանց պահպանման գոտիների, էկոլոգիական միջանցքների, արժեքավոր բնական էկոհամակարգերի և կենսոլորտային պահպանավայրերի ստեղծման, սահմանների հաստատման և դրանց համապատասխան փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարություն,
- բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանների մշակումը՝ բացառությամբ տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանի,
- բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգի մշակումը, մոնիթորինգի իրականացումը,
- բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի վարման կարգի մշակումը և կադաստրի վարումը,
- բնության հուշարձանների ցանկի հաստատումը,
- բնության հուշարձանների անձնագրերի հաստատումը,
- ազգային պարկի ռեկրեացիոն և տնտեսական գոտիների, արգելավայրի, պահպանվող լանդշաֆտի տարածքներում կենսաբանական պաշարների օգտագործման ենթակա չափաքանակների սահմանումը և տեսակների սահմանումը․
- արգելոցներ, արգելավայրեր կամ ազգային պարկի արգելոցային կամ արգելավայրային գոտիներ, բնության հուշարձաններ մուտքի թույլտվության տրամադրման կարգի սահմանումը,
- բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանների կազմման մեթոդական ուղեցույցի մշակումն ու հաստատումը,
- բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող լիազորված մարմնի համակարգում գործող պետական կազմակերպությունների և լիազորված մարմնի՝ Հայաստանի Հանրապետության անունից կնքված պայմանագրի օրինակելի ձևի հաստատումը,
- բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիների, էկոլոգիական ցանցերի, էկոլոգիական միջանցքների, արժեքավոր բնական էկոհամակարգերի և կենսոլորտային պահպանավայրերի գործունեության արդյունավետ իրականացման նպատակով հասարակական հիմունքներով գործող խորհրդատվական մարմնի ստեղծումը՝ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ,
- հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների և դրանց կառավարումն իրականացնող պետական կազմակերպությունների կանոնադրությունների մշակումը,
- հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի օգտագործման վճարների չափի սահմանումը՝ բացառությամբ համայնքի կողմից ստեղծված պահպանվող լանդշաֆտի,
- էկոլոգիական ցանցի հայեցակարգի և քարտեզ-սխեմայի մշակումը,
- բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացման և կրթադաստիարակչական ծրագրերի մշակումը,
- արժեքավոր բնական էկոհամակարգերի ստեղծման ընթացակարգերի սահմանումը,
- արժեքավոր բնական էկոհամակարգերի ցանկի հաստատումը,
- արժեքավոր բնական էկոհամակարգերի կառավարման պլանների հաստատումը,
- ըստ կատեգորիաների բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման չափորոշիչների սահմանումը,
- Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 12. Տարածքային կառավարման մարմինների լիազորությունները
- Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման և կառավարման բնագավառում տարածքային կառավարման մարմինների լիազորություններն են`
- բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական քաղաքականության, կառավարման բնագավառում պետական ծրագրերի ու ռազմավարության մշակման գործընթացի շրջանակներում առաջարկությունների ներկայացումը,
- բնության հատուկ պահպանվող տարածքների, դրանց պահպանման գոտիների, էկոլոգիական միջանցքների, կենսոլորտային պահպանավայրերի ստեղծման և սահմանների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
- կառավարման պլանների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտում գտնվող համայնքների զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների գործընթացի շրջանակներում կարծիքի տրամադրումը,
- բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացման, ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մշակման և իրականացման միջոջառումների իրականացումը,
- տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքներում մոնիթորինգի կազմակերպման միջոցառումների ապահովումը,
- մարզի տարածքում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման միջոցառումների իրականացումը,
- մարզի տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքների uտեղծման վերաբերյալ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման լիազորված պետական մարմնին առաջարկությունների և կարծիքների ներկայացումը,
- Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 13. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները
1․ Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման և կառավարման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն են`
- համայնքի ավագանու կողմից համայնքի ղեկավարի կամ ավագանու առաջարկությամբ համայնքի վարչական սահմաններում գտնվող պահպանվող լանդշաֆտ կատեգորիայի բնության հատուկ պահպանվող տարածք ստեղծելու վերաբերյալ որոշման ընդունումը և այդ որոշումներով սահմանված նորմերի պահպանման նկատմամբ հսկողությունը,
- համայնքի ավագանու կողմից ստեղծված համայնքի վարչական սահմաններում գտնվող պահպանվող լանդշաֆտ կատեգորիայի բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման պլանի մշակումը և հաստատումը,
- տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի մոնիթորինգի կազմակերպման ապահովումը,
- համայնքի վարչական uահմաններում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող պետական ծրագրերի ու կառավարման պլանների մշակման շրջանակներում առաջարկությունների ներկայացումը, իրեն վերապահված գործառույթների իրականացման ապահովումը,
- համայնքի վարչական uահմաններում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման միջոցառումների իրականացումը,
- համայնքի վարչական uահմաններում բնության հատուկ պահպանվող տարածքների uտեղծման վերաբերյալ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման լիազորված պետական մարմնին առաջարկությունների և կարծիքների ներկայացումը,
- բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ հաuարակության իրազեկման բարձրացման աշխատանքների իրականացումը,
- համայնքի ավագանու կողմից՝ համայնքի ղեկավարի կամ ավագանու առաջարկությամբ համայնքի վարչական սահմաններում գտնվող լանդշաֆտ կատեգորիայի բնության հատուկ պահպանվող տարածքի օգտագործման վճարների չափի սահմանումը,
- սույն օրենքով սահմանված կարգով՝ բնության հուշարձանի կառավարումը:
Գ Լ ՈՒ Խ 3
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳԻՏԱԿԱՆ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ, ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԸ
Հոդված 14. Բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող գիտական ուսումնասիրությունը
- Բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող գիտական ուսումնասիրությունների նպատակն է էկոհամակարգերի ու դրանց բաղադրիչների, այդ թվում` բուսական և կենդանական տեսակների և պաշարների պահպանության, պաշտպանության, վերարտադրության միջոցառումների և օգտագործման մեխանիզմների գիտական հիմնավորումը, մասնավորապես`
- կենսաբանական բազմազանության տեսակային կազմի, տարածվածության, քանակի, աճելավայրերի, ապրելավայրերի, կենդանիների միգրացիայի ուղիների ուսումնասիրումը,
- կենսաբանական պաշարների օգտագործման ենթակա թույլատրելի չափաքանակների գիտական հիմնավորումը և դրանց ողջամիտ օգտագործման մեխանիզմների մշակումը,
- պահպանության տարբեր ռեժիմների պայմաններում՝ գիտահետազոտական հիմնարկների, բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների, իրավաբանական անձանց, և համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ֆիզիկական անձանց կողմից բուսական և կենդանական տեսակների էկոլոգիական առանձնահատկությունների բացահայտումը,
- կենսաբանական բազմազանության պահպանության, պաշտպանության և վերարտադրության արդյունավետ մեթոդների ու միջոցառումների վերաբերյալ առաջարկների մշակումը,
- տարածքների գործառնական գոտիավորման վերաբերյալ առաջարկների մշակումը,
- տարածքի կենսաբանական բազմազանության մասին տվյալների բազայի ստեղծումը:
- Բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող գիտական ուսումնասիրությունների թեմատիկ ուղղվածությունները սահմանվում են կառավարման պլանով և իրականացվում են հիմնարար կամ կիրառական ուղղություններով՝ պետական բյուջեի, համայնքային բյուջեի, բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման վճարներից առաջացած ֆինանսական միջոցների, հովանավորչական, նվիրատվական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ֆինանսական այլ միջոցների հաշվին:
- Բնության հատուկ պահպանվող տարածքներն ուսումնասիրող սուբյեկտներն են՝
1) գիտահետազոտական հիմնարկները,
- բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունները,
- իրավաբանական անձինք, որոնց կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան կամ նպատակները ներառում են կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտների, էկոհամակարգերի ուսումնասիրությունը, կամ որոնք պայմանագրեր են կնքել կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտների կամ էկոհամակարգերի ուսումնասիրության ոլորտում մասնագիտական որակավորում ունեցող անձանց հետ (ներառյալ աշխատանքային պայմանագրերը),
- ոլորտի մասնագիտական որակավորում ունեցող ֆիզիկական անձինք:
4․ Բնության հատուկ պահպանվող տարածքներն ուսումնասիրող սուբյեկտները պարտավոր են յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 1-ը լիազորված մարմնին տրամադրել բնության հատուկ պահպանվող տարածքների ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ նախորդ տարվա տեղեկատվությունը։
Հոդված 15. Բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգը
- Բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի նպատակն է՝
- կենսաբանական բազմազանության տարածվածության, տեսակային կազմի, քանակի, աճելավայրերի և ապրելավայրերի, կենդանիների միգրացիայի ուղիների առկա վիճակի բացահայտումը,
- էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների քանակական և որակական փոփոխությունների գնահատումն ու կանխատեսումը և դրանց վրա բնական ու մարդածին գործոնների ազդեցության բացահայտումը,
- էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների վրա բացասական ազդեցությունների կանխարգելման ու վերացման կամ մեղմացման միջոցառումների մշակումը:
- Հանրապետական նշանակության կամ տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգն իրականացվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, համայնքային բյուջեի, ինչպես նաև տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման վճարներից առաջացած ֆինանսական միջոցների, հովանավորչական, նվիրատվական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ֆինանսական այլ միջոցների հաշվին:
Հոդված 16. Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրը
- Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի վարման նպատակն է`
- կադաստրային տվյալների հիման վրա բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր վիճակի գնահատումը,
- գիտական ուսումնասիրությունների և մոնիթորինգի իրականացման ընթացքում ստացված տվյալների հավաքագրումը, դասակարգումը և տեղեկատվական բազայի ստեղծումը,
- բնության հատուկ պահպանվող տարածքների և դրանց բուսական ու կենդանական պաշարների օգտագործման վերաբերյալ տվյալների հաշվառումը, ամփոփումն ու վերլուծումը:
- Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի տվյալները օգտագործվում են բնապահպանական, գիտական, սոցիալական, տնտեսական ծրագրերի և այլ փաստաթղթերի մշակման համար, ինչպես նաև որպես տեղեկատվության աղբյուր:
- Հանրապետական նշանակության կամ տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի վարումը կատարվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, համայնքային բյուջեի, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման վճարներից առաջացած ֆինանսական միջոցների, հովանավորչական, նվիրատվական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ֆինանսական այլ միջոցների հաշվին:
Գ Լ ՈՒ Խ 4
ԱՐԳԵԼՈՑ
Հոդված 17. Արգելոցի ստեղծման նպատակը
- Արգելոցը ստեղծվում է բնական էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների բնականոն զարգացումը ապահովելու, էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների բնական վիճակի պահպանության և բնական գործընթացների խախտում առաջացնող գործողությունները կանխելու, գիտական ուսումնասիրությունների և մոնիթորինգի իրականացման նպատակով, որտեղ բնական երևույթների զարգացման գործընթացներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության և կարող է օգտագործվել միայն էկոլոգիական զբոսաշրջության, էկոլոգիական դաստիարակության և կրթական միջոցառումների կազմակերպման համար:
Հոդված 18. Արգելոցի պահպանության ռեժիմը
1․ Արգելոցի տարածքում արգելվում է`
- ջրային ռեսուրսների օգտագործումը՝ բացառությամբ արգելոցի ստեղծման նպատակի, տարածքում պահպանության ռեժիմով թույլատրված գործունեության, արգելոցի կանոնադրական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ ջրօգտագործման դեպքերի,
- բնակելի, հասարակական և արտադրական օբյեկտների, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների շինարարությունն ու շահագործումը՝ բացառությամբ արգելոցի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության (անտառապահի տնակ, արգելափակոց, սահմանանշան, դիտակետ, հակահրդեհային ճանապարհներ, նախազգուշացնող և տեղեկատվական ցուցանակներ, արգելոցի մուտքի մոտ այցելուների կենտրոն (ոչ հիմնական շինություններով), էկոլոգիական զբոսաշրջության համար երթուղիներ, գիտական ուսումնասիրության նպատակով փորձահրապարակ, ինչպես նաև ազգային անվտանգության կամ պետական սահմանների պաշտպանության ապահովման համար խիստ անհրաժեշտ միջոցառումների),
- բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների աճելավայրերի և ապրելավայրերի պայմանների խախտումը,
- որսորդությունը, ձկնորսությունը,
- կենդանիների և բույսերի ինվազիվ՝ օտարածին տեսակների, կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված կենդանի վերափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծումը և կլիմայավարժեցումը, ինչպես նաև առանձին տեսակների քանակի փոփոխության կամ կարգավորման նպատակով իրականացվող որևէ աշխատանք կամ միջոցառում,
- կենդանիների և բույսերի հավաքը, պտուղների ու սերմերի մթերումը, բացի արգելոցի տարածքի գիտական հետազոտությունների համար նախատեսված աշխատանքներից և հավաքածուների հավաքից,
- անտառհատումները, անասունների արածեցումը, խոտհունձը և բուսական ծածկույթի այլ խախտումներ՝ բացառությամբ հրդեհային անվտանգության աշխատանքների իրականացման նպատակով նախատեսվող միջոցառումների,
- թունաքիմիկատների, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը,
- արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման թափոնների գործածությունը, ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը և տարանցիկ տեղափոխումը,
- երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները,
- օգտակար հանածոների հանքավայրերի շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների, լցակույտերի, պոչամբարների և հանքարդյունաբերության հետ առնչվող ցանկացած այլ օբյեկտների տեղաբաշխումը,
- ընդհանուր օգտագործման ճանապարհներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կայանելը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում՝ բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ կետով սահմանված դեպքերի,
- սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերից բացի այլ նպատակներով մուտքն արգելոցի տարածք:
- Արգելոցի տարածքում թույլատրվում է`
- բնական էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների գիտական ուսումնասիրությունը, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը,
- արգելոցի կառավարման պլանով սահմանված երթուղիներով էկոլոգիական զբոսաշրջության կազմակերպումը,
- կառավարումն իրականացնող կազմակերպության կողմից տրանսպորտային միջոցների օգտագործումը,
- հրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը,
- ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական միջոցառումների (դպրոցականների համար բաց դասերի, էքսկուրսիաների, ցուցահանդեսների կազմակերպում) և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը,
- իրազեկման նպատակով բնապահպանական միջոցառումների, բնապահպանական օրերի նշումների, նկարահանումների կազմակերպումը և իրականացումը:
- Արգելոցի տարածքի օգտագործումը սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում վճարովի է։
- Իրավաբանական կամ ֆիզիկական անձինք արգելոցի կառավարումն իրականացնող կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար արգելոցի համապատասխան անցակետում վճարում են մուտքի վճար, իրավաբանական անձինք կարող են նաև դա իրականացնել պայմանագրային հիմունքներով:
- Յուրաքանչյուր արգելոցի մուտքի վճարի առավելագույն չափը, միաժամանակ մուտք գործող անձանց թույլատրելի քանակը և տարածքում գտնվելու ժամանակահատվածը սահմանում է լիազորված մարմինը:
- Նույնատիպ ծառայությունների մատուցման դիմաց արգելոցի կառավարումն իրականացնող կազմակերպության կողմից միևնույն կատեգորիայի այցելուների համար սահմանվում են հավասար վճարաչափեր:
- Յուրաքանչյուր արգելոցի համար սահմանված մուտքի վճարը մուտքագրվում է տվյալ արգելոցի կառավարումն իրականացնող կազմակերպության դրամարկղ և օգտագործվում է տվյալ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:
- Արգելոցի մուտքը գիտական ուսումնասիրությունների, մոնիթորինգի և կրթադաստիարակչական միջոցառումների իրականացման նպատակով անվճար է և կատարվում է լիազորված մարմնի կողմից հաստատված անցագրով, որը տրվում է արգելոցի կառավարումն իրականացնող կազմակերպության կողմից:
Գ Լ ՈՒ Խ 5
ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ
Հոդված 19. Ազգային պարկի ստեղծման նպատակը
- Ազգային պարկը ստեղծվում է բնական էկոհամակարգերի ու դրանց բաղադրիչների պահպանությունը, վերականգնումը, գիտական ուսումնասիրությունների և մոնիթորինգի իրականացումը, ինչպես նաև կայուն օգտագործումն ապահովելու նպատակով, որտեղ բնական երևույթների զարգացման գործընթացներն ընթանում են բնականորեն կամ մարդու անմիջական միջամտությամբ և կարող է օգտագործվել բնահեն տնտեսական գործունեության իրականացման, ինչպես նաև գիտակրթական ու մշակութային միջոցառումների, էկոլոգիական զբոսաշրջության և ռեկրեացիայի կազմակերպման համար:
Հոդված 20. Ազգային պարկի գոտիավորումը
- Ազգային պարկի տարածքն ըստ գործառնական նշանակության բաժանվում է՝ արգելոցային, արգելավայրային, ռեկրեացիոն, տնտեսական (կայուն օգտագործման) գոտիների, որոնք ձևավորվում են՝ հաշվի առնելով տարածքի էկոլոգիական, գիտական, ռեկրեացիոն, սոցիալական, տնտեսական, պատմամշակութային ու գեղագիտական արժեքները:
- Ազգային պարկի տարածքագործառնական գոտիների բաժանման նպատակն է՝
- Արգելոցային գոտու տարածքի բնական վիճակի պահպանությունը,
- արգելավայրային գոտու տարածքի հազվագյուտ, էնդեմիկ, ռելիկտային, Կարմիր գրքում գրանցված բուսական, կենդանական աշխարհի առանձին տեսակների և դրանց պոպուլյացիաների աճելավայրերի և ապրելավայրերի պահպանությունը,
- ռեկրեացիոն գոտու տարածքի հանգստի, առողջարարական, զբոսաշրջային ծառայությունների կազմակերպումը` տարածքի բնական, գեղագիտական և պատմամշակութային արժեքների պահպանության ապահովումը,
- տնտեսական (կայուն օգտագործման) գոտու տարածքի վերականգնվող բնական պաշարների շարունակական կայուն օգտագործման ապահովումը, ինչպես նաև ազգային պարկի վարչական ենթակառուցվածքների ստեղծման և տեղաբաշխման ապահովումը:
Հոդված 21. Ազգային պարկի պահպանության ռեժիմը
- Ազգային պարկի արգելոցային գոտու նկատմամբ կիրառվում է սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված դրույթները:
- Ազգային պարկի արգելավայրային գոտու նկատմամբ կիրառվում է սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված դրությները։
- Ազգային պարկի ռեկրեացիոն գոտում արգելվում է՝
- ջրային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ՝
ա․ մարդկանց բարեկեցության և շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման (ինչպես դա սահմանվում է ազգային ջրային պաշար հասկացությամբ) նպատակների` առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման և ջրահեռացման գերակայությունը՝ այն դեպքում, երբ ռեկրեացիոն գոտու տարածքում ջրօգտագործում իրականացնելուց բացի, ջրի այլընտրանքային աղբյուր առկա չէ,
բ․ գյուղատնտեսական նպատակներով, ջրախնայող համակարգերի միջոցով ջրօգտագործման, այն դեպքում՝ երբ ռեկրեացիոն գոտու տարածքում գյուղատնտեսական նպատակով ջրօգտագործում իրականացնելուց բացի, ջրի այլընտրանքային աղբյուր առկա չէ,
գ․ ազգային պարկի ստեղծման նպատակի,
դ․ ռեկրեացիոն գոտու տարածքում սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված գործունեության տեսակների,
ե․ ազգային պարկի կանոնադրական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ ջրօգտագործման դեպքերի,
- բուսական և կենդանական աշխարհի տեսակների աճելավայրերի և ապրելավայրերի պայմանների խախտումը,
- անասունների արածեցումը,
- որսը (որսորդությունը)՝ բացառությամբ սիրողական ձկնորսության,
- բույսերի և կենդանիների ինվազիվ՝ օտարածին տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները,
- թունաքիմիկատների, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը,
- արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման թափոնների գործածությունը, ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը,
- երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները, օգտակար հանածոների հանքավայրերի շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների, լցակույտերի, պոչամբարների և հանքարդյունաբերության հետ առնչվող ցանկացած այլ օբյեկտների տեղաբաշխումը,
- անտառհատումները (բացառությամբ սանիտարական, խնամքի կամ այլ հատումների),
- արդյունագործական նպատակով բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների և դրանց արգասիքների օգտագործումը,
- ընդհանուր օգտագործման ճանապարհներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կայանելը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում՝ բացառությամբ ազգային պարկի գործունեության համար անհրաժեշտ միջոցառումների ինչպես նաև ազգային անվտանգության կամ պետական սահմանների պաշտպանության ապահովման համար խիստ անհրաժեշտ միջոցառումների։
- Ազգային պարկի ռեկրեացիոն գոտում թույլատրվում է՝
- քաղաքացիների հանգիստը,
- բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության և դրանց բաղադրիչների գիտական ուսումնասիրությունը, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը այդ թվում՝ քաղաքացիների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մոնիթորինգը,
- էկոլոգիական զբոսաշրջության կազմակերպումը,
- սիրողական ձկնորսությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով,
- ռեկրեացիայի նպատակով հողերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան, կառուցապատման կամ վարձակալության իրավունքով տրամադրումն ու սպասարկման ծառայությունների կազմակերպումը,
- սանիտարական, խնամքի կամ այլ հատումները,
- էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները, այդ թվում` կենսաբանական մեթոդներով հիվանդությունների տարածումը կանխարգելող, հակահրդեհային, կառավարման պլանի համաձայն խախտված էկոհամակարգերի վերականգնման, ինչպես նաև անտառվերականգնման կամ անտառապատման միջոցառումների իրականացումը,
- կառավարման պլանով նախատեսված հանգստի և զբոսաշրջային երթուղիների ենթակառուցվածքների ձևավորում և սպասարկում,
- ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը,
- տրանսպորտային միջոցների մուտքն ու կայանելը` այդ նպատակով առանձնացված վայրերում:
- Ազգային պարկի տնտեսական (կայուն օգտագործման) գոտու տարածքում արգելվում է՝
- ջրային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ՝
ա․ մարդկանց բարեկեցության և շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման (ինչպես դա սահմանվում է ազգային ջրային պաշար հասկացությամբ) նպատակների` առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման և ջրահեռացման գերակայությունը՝ այն դեպքում, երբ տնտեսական գոտու տարածքում ջրօգտագործում իրականացնելուց բացի ջրի այլընտրանքային աղբյուր առկա չէ,
բ․ գյուղատնտեսական նպատակներով, ջրախնայող համակարգերի միջոցով ջրօգտագործման, այն դեպքում՝ երբ տնտեսական գոտու տարածքում ջրօգտագործում իրականացնելուց բացի ջրի այլընտրանքային աղբյուր առկա չէ,
բ․ ազգային պարկի ստեղծման նպատակի,
գ․տնտեսական (կայուն օգտագործման) գոտու տարածքում թույլատրված գործունեության,
դ․ ազգային պարկի կանոնադրական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ ջրօգտագործման դեպքերի,
- բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների աճելավայրերի և ապրելավայերի պայմանների խախտումը,
- անտառհատումները՝ բացառությամբ սանիտարական, խնամքի կամ այլ հատումների,
- բույսերի և կենդանիների ինվազիվ՝ օտարածին տեսակների, ինչպես նաև՝ կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները,
- թունաքիմիկատների օգտագործումը բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը,
- արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման թափոնների գործածությունը, ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը,
- ընդերքի շահագործումը,
- հանքանյութեր վերամշակող օբյեկտների, լցակույտերի, պոչամբարների և հանքարդյունաբերության հետ առնչվող ցանկացած այլ օբյեկտների տեղաբաշխումը,
- ընդհանուր օգտագործման ճանապարհներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կայանելը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում՝ բացառությամբ ազգային պարկի գործունեության համար անհրաժեշտ միջոցառումների ինչպես նաև ազգային անվտանգության կամ պետական սահմանների պաշտպանության ապահովման համար խիստ անհրաժեշտ միջոցառումների,
- որսը (որսորդությունը)՝ բացառությամբ սիրողական կամ արդյունագործական ձկնորսության,
- անասնապահությունը։
- Ազգային պարկի տնտեսական (կայուն օգտագործման) գոտում թույլատրվում են սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված գործունեության ձևերն ըստ նպատակների, ինչպես նաև գործունեության հետևյալ ձևերը`
- էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, այդ թվում` օրգանական պարարտանյութերի օգտագործմամբ,
- օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի և կենդանիների արհեստական վերարտադրությունն ու օգտագործումը, այդ թվում` արդյունագործական ձկնորսությունը,
- խոտհունձը և անասունների արածեցումը՝ կառավարման պլանով նախատեսված վայրերում,
- արածեցման նպատակով արոտավայրերի հերթափոխային օգտագործումը:
- Ազգային պարկի արգելավայրային գոտիներում մեղվապահություն կարող է իրականացվել միայն ազգային պարկի կառավարումն իրականացնող կազմակերպության կողմից, իսկ ռեկրեացիոն և տնտեսական (կայուն օգտագործման) գոտում՝ նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից:
- Ազգային պարկի արգելոցային, արգելավայրային, ռեկրեացիոն և տնտեսական գոտիներում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող կազմակերպությունների կողմից սպասարկման ծառայություններ մատուցելու համար սահմանվում է օգտագործման վճարի տեսակ՝ սպասարկման ծառայությունների համար նախատեսված վճար:
Գ Լ ՈՒ Խ 6
ԱՐԳԵԼԱՎԱՅՐ
Հոդված 22. Արգելավայրի ստեղծման նպատակը
- Արգելավայրը ստեղծվում է առանձնացված տարածքում էկոհամակարգերի ու դրանց բաղադրիչների, բուսական, կենդանական աշխարհի առանձին տեսակների, այդ թվում՝ հազվագյուտ, էնդեմիկ, ռելիկտային, Կարմիր գրքում գրանցված տեսակների և դրանց պոպուլյացիաների ապրելավայրերի պահպանության, վերականգնման, գիտական ուսումնասիրությունների և մոնիթորինգի իրականացման, ինչպես նաև՝ բուսական, կենդանական պաշարների պահպանության, վերարտադրության, շարունակական կամ ժամանակավոր օգտագործման, էկոլոգիական զբոսաշրջության և ռեկրեացիայի նպատակով:
Հոդված 23. Արգելավայրի պահպանության ռեժիմը
- Արգելավայրի տարածքում արգելվում է.
- ջրային ռեսուրսների օգտագործումն՝ այդ թվում ջրային համակարգերի միջոցով, բացառությամբ՝
ա․ մարդկանց բարեկեցության և շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման (ինչպես դա սահմանվում է ազգային ջրային պաշար հասկացությամբ) նպատակով՝ առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման և ջրահեռացման գերակայությունը՝ այն դեպքում, երբ արգելավայրի տարածքում ջրօգտագործում իրականացնելուց բացի ջրի այլընտրանքային աղբյուր առկա չէ,
բ․ արգելավայրի տարածքում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործունեության,
գ․ արգելավայրի ստեղծման նպատակի,
դ․ արգելավայրի կանոնադրական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ ջրօգտագործման դեպքերի,
- պահպանության ենթակա բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների աճելավայրերի և ապրելավայրերի պայմանների խախտումը,
- որսը՝ բացառությամբ սիրողական ձկնորսության,
- բույսերի և կենդանիների ինվազիվ՝ օտարածին տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված կենդանի վերափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները,
- անտառհատումները՝ բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների,
- թունաքիմիկատների, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը,
- արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման թափոնների գործածությունը, ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը,
- ընդհանուր օգտագործման ճանապարհներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում,
- երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով), օգտակար հանածոների հանքավայրերի շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների, լցակույտերի, պոչամբարների և հանքարդյունաբերության հետ առնչվող ցանկացած այլ օբյեկտների տեղաբաշխումը:
- Հասարակական, բնակելի և արտադրական օբյեկտների, ինժեներական ենթակառուցվածքների, հաղորդակցուղիների համակարգերի (ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների) շինարարությունն ու շահագործումը (բացառությամբ արգելավայրի պահպանության համար նախատեսված ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների շինարարությունն ու շահագործումը ինչպես նաև ազգային անվտանգության կամ պետական սահմանների պաշտպանության ապահովման համար խիստ անհրաժեշտ միջոցառումների):
- Արգելավայրի տարածքում թույլատրվում է՝
- բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը,
- կառավարման պլանով սահմանված երթուղիներով էկոլոգիական զբոսաշրջության կազմակերպումը, այդ թվում` տեղանքին համահունչ հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը,
- էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման, այդ թվում` անտառվերականգնման միջոցառումները,
- պահպանության ենթակա բուսական և կենդանական տեսակների վերարտադրությունը, դրանց պոպուլյացիաների վերականգնմանը նպաստող միջոցառումները,
- մեղվապահությունը՝ բացառապես կազմակերպված արգելավայրի կառավարումն իրականացնող կազմակերպության կողմից,
- սանիտարահիգիենիկ և հրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը,
- իրազեկման նպատակով բնապահպանական միջոցառումների, բնապահպանական օրերի նշումների, նկարահանումների կազմակերպումը և իրականացումը,
- ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը,
- կենդանական աշխարհի, այդ թվում՝ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը գիտահետազոտական նպատակով,
- կենդանական աշխարհի, այդ թվում՝ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակով,
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված թույլտվության, պայմանագրերի առկայության դեպքում՝ բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը:
- Արգելավայրի տարածքի օգտագործումը սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 10-րդ կետերով սահմանված դեպքերում վճարովի է։
- Արգելավայրերում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող կազմակերպությունների կողմից, կազմակերպության կանոնադրության շրջանակներում՝ սպասարկման ծառայություններ մատուցելու համար սահմանվում է օգտագործման վճարի տեսակ՝ սպասարկման ծառայությունների համար նախատեսված վճար:
Գ Լ ՈՒ Խ 7
ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ
Հոդված 24. Բնության հուշարձանի ստեղծման նպատակը
- Բնության հուշարձանը ստեղծվում է առանձին վերցրած եզակի, գիտական գիտաճանաչողական, բնապատկերային, պատմամշակութային և գեղագիտական առանձնահատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտի կամ համալիրի բնական վիճակի պահպանության, գիտական ուսումնասիրությունների, մոնիթորինգի, գիտակրթական, մշակութային միջոցառումների և ռեկրեացիայի իրականացման նպատակով:
Հոդված 25. Բնության հուշարձանների դասակարգումը
1.Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանները դասակարգվում են` երկրաբանական, ջրաերկրաբանական, կենսաբանական և բնապատմական հուշարձանների:
Հոդված 26. Բնության հուշարձանների պահպանության ռեժիմը
- Բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է`
- բնության հուշարձանի տեսքը խաթարող ցանկացած գործունեություն` աղտոտումը, գրառումները, մոմավառությունը, ծիսական պարագաների տեղադրումը, նմուշների ձեռք բերումը, խարույկ վառելը, հիմնական կամ ոչ հիմնական կառուցապատումը, ցուցանակների տեղադրումը (բացառությամբ տվյալ հուշարձանի անձնագրով ամրագրված պահպանության կամ օգտագործման համար նախատեսված դեպքերի),
- երկրաբանական բնության հուշարձանների տարածքից ապարների, հողածածկույթի կամ առանձին միավորների դուրս բերումը,
- ջրաերկրաբանական բնության հուշարձանների տարածքից ջրային պաշարների օգտագործումը, որը հանգեցնում է լճերի, աղբյուրների կամ ջրվեժների արտաքին տեսքի խաթարմանը,
- կենսաբանական հուշարձանի տարածքում կենդանական և բուսական աշխարհի տեսակների աճելավայրերի և ապրելավայրերի խախտումը, բնափայտի, արմատների, տերևների, ցողունների, ծաղիկների, պտուղների, սերմերի հավաքը, կենդանական աշխարհի տեսակների որսը և թռչունների ձվերի հավաքը,
- ցանկացած գործունեություն, որը խախտում է բնական համակարգերը և օբյեկտները կամ սպառնում է դրանց պահպանությանը:
- Բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում թույլատրվում է`
- էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը,
- էկոլոգիական զբոսաշրջության և ռեկրեացիայի կազմակերպումը, տարածքի բարեկարգումը,
- ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը,
- էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները,
- սանիտարահիգիենիկ կամ հրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը:
- Բնության հուշարձանի համար կազմվում է անձնագիր, որն ընդգրկում է`
- անվանումը և դասակարգումը,
- տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները,
- նկարագրությունը, չափագրությունը,
- սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը,
- պահպանության, պաշտպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները,
- տվյալներ կառավարող մարմնի մասին:
- Պետական կառավարման համակարգի մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական կամ ֆիզիկական անձինք պարտավոր են պահպանել բնության հուշարձանի անձնագրով սահմանված պահպանության, պաշտպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները:
- Բնության հուշարձանի տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող կազմակերպությունների կողմից սպասարկման ծառայություններ մատուցելու համար սահմանվում է օգտագործման վճարի տեսակ՝ սպասարկման ծառայությունների համար նախատեսված վճար:
Գ Լ ՈՒ Խ 8
ՊԱՀՊԱՆՎՈՂ ԼԱՆԴՇԱՖՏ
Հոդված 27. Պահպանվող լանդշաֆտի ստեղծման նպատակը
1.Պահպանվող լանդշաֆտը ստեղծվում է բնական, ինչպես նաև մարդու և բնության փոխազդեցության արդյունքում ձևափոխված բնապահպանական, մշակութային, գեղագիտական արժեք ներկայացնող տարածքների պահպանության, վերականգնման, գիտական ուսումնասիրությունների, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, էկոլոգիական դաստիարակության, էկոլոգիական զբոսաշրջության և ռեկրեացիայի նպատակով:
Հադված 28. Պահպանվող լանդշաֆտի պահպանության ռեժիմը
- Պահպանվող լանդշաֆտի տարածքում արգելվում է`
- ջրային ռեսուրսների օգտագործումն այդ թվում՝ ջրային համակարգերի միջոցով, բացառությամբ՝
ա․ մարդկանց բարեկեցության և շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման (ինչպես դա սահմանվում է ազգային ջրային պաշար հասկացությամբ) նպատակով` առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման և ջրահեռացման գերակայությունը՝ այն դեպքում, երբ լանդշաֆտի տարածքում ջրօգտագործում իրականացնելուց բացի, ջրի այլընտրանքային աղբյուր առկա չէ,
բ․ գյուղատնտեսական նպատակներով, ջրախնայող համակարգերի միջոցով ջրօգտագործման, այն դեպքում՝ երբ լանդշաֆտի տարածքում ջրօգտագործում իրականացնելուց բացի, ջրի այլընտրանքային աղբյուր առկա չէ,
գ․ պահպանվող լանդշաֆտի տարածքում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործունեության,
դ․ պահպանվող լանդշաֆտի ստեղծման նպատակի,
ե․ պահպանվող լանդշաֆտի կանոնադրական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ ջրօգտագործման դեպքերի,
- բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների աճելավայրերի և ապրելավայրերի պայմանների խախտումը,
- բույսերի և կենդանիների ինվազիվ՝ օտարածին տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները,
- անտառհատումները, բացառությամբ սանիտարական, խնամքի կամ այլ հատումների,
- արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման թափոնների գործածությունը, ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը,
- երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով), օգտակար հանածոների հանքավայրերի շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների, լցակույտերի, պոչամբարների և հանքարդյունաբերության հետ առնչվող ցանկացած այլ օբյեկտների տեղաբաշխումը,
- պահպանվող լանդշաֆտի գեղագիտական տեսքը խաթարող գործունեություն:
- Պահպանվող լանդշաֆտի տարածքում թույլատրվում է`
- բնական էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների գիտական ուսումնասիրությունը, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը այդ թվում՝ քաղաքացիների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մոնիթորինգը,
- էկոլոգիական զբոսաշրջության կազմակերպումը, այդ թվում` լանդշաֆտին համահունչ հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը` էսքիզային նախագծերը քաղաքաշինության ոլորտի պետական լիազորված մարմնի հետ համապատասխան գրությամբ համաձայնեցնելուց հետո,
- ռեկրեացիայի նպատակով հողերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան, կառուցապատման իրավունքով տրամադրումն ու սպասարկման ծառայությունների կազմակերպումը,
- արածեցման նպատակով արոտավայրերի հերթափոխային օգտագործումը,
- խոտհունձը՝ պահպանվող լանդշաֆտի կառավարումն իրականացնող կազմակերպության կողմից հաստատված կարգով,
- սանիտարական և խնամքի հատումները, անտառվերականգնումը, տարածքին բնորոշ ծառերի և բույսերի տնկումը,
- լանդշաֆտների հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները, այդ թվում` վարակիչ հիվանդությունները կանխարգելող, հակահրդեհային, ինչպես նաև խախտված լանդշաֆտների վերականգնման միջոցառումները` համաձայն կառավարման պլանի,
- սանիտարահիգիենիկ և հրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը,
- մշակութային լանդշաֆտների և պատմամշակութային հուշարձանների վերականգնումը,
- ավանդական և օրգանական գյուղատնտեսական աշխատանքները,
- սիրողական ձկնորսությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Պահպանվող լանդշաֆտի տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող տեղական ինքնակառավարման մարիմինների կազմակերպությունների կողմից սպասարկման ծառայություններ մատուցելու համար սահմանվում է օգտագործման վճարի տեսակ՝ սպասարկման ծառայությունների համար նախատեսված վճար:
Գ Լ ՈՒ Խ 9
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 29. Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության իրականացումը
1․ Հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացնում է Էկոպարեկային ծառայությունը՝ «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով։ Բնության հուշարձանի պահպանությունն իրականացվում է տվյալ հուշարձանի անձնագրով սահմանված, տվյալ հուշարձանի կառավարումն իրականացնող սուբյեկտի կողմից:
- Տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացվում են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված կարգով։
Գ Լ ՈՒ Խ 10
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ
Հոդված 30. Բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործողները
- Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործողներ կարող են հանդիսանալ` պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:
- Բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործումը վճարովի է (բացառությամբ՝ կրթադաստիարակչական միջոցառումների կամ գիտական ուսումնասիրությունների): Oգտագործման վճարները օգտագործվում են տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարումն իրականացնող կազմակերպության կողմից՝ սույն օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:
Հոդված 31. Օգտագործողների իրավունքներն ու պարտականությունները
- Օգտագործողն իրավունք ունի՝
- ընտրել սույն օրենքով սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքի օգտագործման ձևերը,
- իրացնել օգտագործումից ստացվող արտադրանքը և տնօրինել եկամուտները:
- Օգտագործողը պարտավոր է՝
- գործել սույն օրենքի պահանջներին համապատասխան,
- ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքից իրեն հատկացված հողատարածքի (ջրատարածքի) պահպանությունը, սանիտարահիգիենիկ նորմերը, հրդեհային անվտանգության կանոնները, չխախտել բնական էկոհամակարգերի ամբողջականությունը,
- չխոչընդոտել բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունն իրականացնող պաշտոնատար անձին՝ կատարելու իր ծառայողական պարտականությունները,
- ժամանակին կատարել բնության հատուկ պահպանվող տարածքից օգտվելու համար սահմանված վճարները,
- չխախտել բնության հատուկ պահպանվող տարածքի այլ օգտագործողների իրավունքները:
- Բնության հատուկ պահպանվող տարածքից օգտվելու իրավունքը դադարում է՝
1) սույն հոդվածի 2-րդ մասի պահանջները խախտելու դեպքում,
2) օգտագործողի կամավոր հրաժարման կամ մահվան դեպքում,
3) բնության հատուկ պահպանվող տարածքն օգտագործող իրավաբանական անձի լուծարման դեպքում,
4) պայմանագրի ժամկետն ավարտվելու դեպքում,
5) օրենքով սահմանված այլ դեպքերում:
Գ Լ ՈՒ Խ 11
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆ, ԱՐԺԵՔԱՎՈՐ ԲՆԱԿԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԸ, ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔԸ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՑԱՆՑԸ
Հոդված 32. Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանման գոտին
- Բնության հատուկ պահպանվող տարածքի էկոհամակարգերի և դրա բաղադրիչների վրա բացասական մարդածին ներգործությունը մեղմացնելու նպատակով սահմանված կարգով ստեղծվում է պահպանման գոտի:
- Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը։
- Պահպանման գոտու ստեղծումը հողերի նկատմամբ սեփականության ձևերի փոփոխություն չի նախատեսում:
- Պահպանման գոտու սահմանների որոշման համար հիմք են հանդիսանում բնության հատուկ պահպանվող տարածքի վրա ազդեցության գոտու ռելիեֆային առանձնահատկությունները` ջրբաժաններ, ձորակներ, գետեր, գագաթներ և այլն, որոնք համեմատաբար կայուն սահմաններ են:
- Պահպանման գոտու տարածքում տնտեսական գործունեության տեսակները կարգավորվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով։
Հոդված 33. Էկոլոգիական ցանց և էկոլոգիական միջանցք
- Էկոլոգիական ցանցի ստեղծման նպատակն է՝
- տարբեր բնության հատուկ պահպանվող տարածքների և արժեքավոր բնական էկոհամակարգերի փոխկապակցվածության, կենդանիների տեղաշարժի ու միգրացիայի ապահովումը,
- բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բարելավումը և ներդաշնակեցումը,
- բնության հատուկ պահպանվող տարածքներին առնչվող գործընթացներում շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավվածությունը դյուրին դարձնելը,
- սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում բնության հատուկ պահպանվող տարածքների ինտեգրման ապահովումը,
- Էկոլոգիական ցանցի ամբողջականության ապահովման և բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի և արժեքավոր բնական էկոհամակարգերի միջև փոխկապակցվածության բարելավման և կենդանիների տեղաշարժն ու միգրացիան ապահովելու նպատակով ստեղծվում է էկոլոգիական միջանցք:
- Բնության հատուկ պահպանվող տարածքներից դուրս էկոլոգիական միջանցքի կամ արժեքավոր բնական էկոհամակարգի ստեղծումը հողերի նկատմամբ սեփականության ձևերի փոփոխություն չի նախատեսում:
- Էկոլոգիական միջանցքում կիրառվող սահմանափակումները ամրագրվում են դրանցում ընդգրկված հողամասերի սեփականատերերի միջև կնքվող պայմանագրով:
- էկոլոգիական միջանցքում տնտեսական գործունեության տեսակները կարգավորվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով։
Գ Լ ՈՒ Խ 12
ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՊԱՀՊԱՆԱՎԱՅՐ
Հոդված 34. Կենսոլորտային պահպանավայրի ստեղծման նպատակը
- Կենսոլորտային պահպանավայրը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` շրջակա միջավայրի պահպանության, մարդկանց և կենսոլորտի միջև հավասարակշռված փոխազդեցությունը ապահովելու և բնօգտագործման արդյունավետ մեթոդների, ձևերի մշակման ու ներդրման նպատակով:
- Կենսոլորտային պահպանավայրը կարող է ընդգրկվել միջազգային էկոլոգիական ցանցում՝ միջազգային կազմակերպությունների կանոնակարգերին և ընթացակարգերին համապատասխան:
Հոդված 35. Կենսոլորտային պահպանավայրի կառուցվածքը
- Կենսոլորտային պահպանավայրը կազմված է կենտրոնական գոտուց (միջուկ կամ միջուկներ), ինչպես նաև պահպանման և անցումային գոտիներից:
- Կենսոլորտային պահպանավայրի միջուկը կամ միջուկները տարբեր կատեգորիայի պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքներ են, որտեղ գործում են սույն օրենքով այդ կատեգորիաների համար սահմանված պահպանության ռեժիմները:
- Կենսոլորտային պահպանավայրի պահպանման և անցումային գոտիների օգտագործման ռեժիմները սահմանվում են միջազգային կազմակերպությունների կանոնակարգերին և ընթացակարգերին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 13
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
|
Հոդված 36. Հանրությանը տրամադրվող տեղեկատվությունը
- Լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում՝
1) բնության հատուկ պահպանվող տարածքում նախատեսվող գործունեության մասին,
2) բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության և օգտագործման վերաբերյալ որոշումների մասին,
3) բնության հատուկ պահպանվող տարածքների էկոլոգիական իրավիճակի մասին:
- Լիազորված մարմնի կողմից բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման միջոցներն են՝
1) զանգվածային լրատվության միջոցները,
2) էլեկտրոնային հաղորդակցության միջոցները,
3) հասարակական լսումների կազմակերպումը,
4)Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարցումներին պատասխանելը:
Հոդված 37. Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին տեղեկատվություն ստանալու հանրության իրավունքը
- 1. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի պահանջելու և ստանալու բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, օգտագործման և իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի:
- Անձը բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող է դիմել լիազորված պետական մարմնին կամ տեղական ինքնակառավարման այն մարմնին, որի վարչական սահմաններում գտնվում է բնության հատուկ պահպանվող տարածքը:
Գ Լ ՈՒ Խ 14
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 38. Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքը խախտելու համար պատասխանատվությունը
Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի խախտումն առաջ է բերում պատասխանատվություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 39. Բնության հատուկ պահպանվող տարածքների վերահսկողությունը
- Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների մասով սահմանված նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում և գործիքակազմով:
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, օգտագործման և կառավարման բնագավառի գործող իրավական ակտերը համապատասխանեցնել սույն օրենքին:
- Օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում:
- Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված կարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
- Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված կարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
- Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով չափաքանակների և տեսակների սահմանումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
- Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված կարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում:
- Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով սահմանված պայմանագրի օրինակելի ձևն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում:
- Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով սահմանված ընթացակարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում:
- Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով սահմանված չափորոշիչներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում:
-
Քննարկվել է
30.09.2024 - 18.10.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Քաղաքաշինություն, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Պետական գույքի կառավարում, Կադաստր, Պետական գույքի օտարում, Պետական գույքի հաշվառում, Պետական գույքի նվիրատվություն և նվիրաբերություն, Ջրային տնտեսություն, Կառավարչական իրավահարաբերություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 1124
Տպել