«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
4 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«2. Տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումների հրամանում կամ հանձնարարագրում նշվում է նաև ստուգման ընթացքում տեսանկարահանում կամ լուսանկարահանում իրականացնելու մասին:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-րդ հոդվածով.
«Հոդված 3.1. Ստուգման ընթացքում տեսանկարահանումը կամ լուսանկարահանումը
- Տեսչական մարմնի ծառայողը (ստուգում իրականացնող պաշտոնատար անձը) ստուգման ընթացքում կարող է իրականացնել տեսանկարահանում կամ լուսանկարահանում օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման փաստը, ինչպես նաև ստուգման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներն արձանագրելու համար:
- Տեսչական մարմնի ծառայողը տեսանկարահանող կամ լուսանկարահանող միջոցներն օգտագործում է բացառապես ոչ գաղտնի եղանակով: Տեսանկարահանման մոնտաժն արգելվում է:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակով օգտագործվող տեսանկարահանող կամ լուսանկարահանող միջոցներով (այսուհետ նաև՝ տեխնիկական միջոցներ) ամրագրված տեսաձայնագրությունը կամ լուսանկարները հանդիսանում են խախտումը կամ ստուգման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքը հիմնավորող ապացույց ստուգման վարույթում, իսկ ստուգման արդյունքները, տեսչական մարմնի ծառայողի գործողությունը կամ անգործությունը դատական կամ վարչական կարգով բողոքարկելու դեպքում նաև՝ համապատասխանաբար բողոքարկման վարույթում կամ գործի դատական քննության ընթացքում՝ առանց այլ անձանց նույնականացնող տվյալների հրապարակման կամ դրանց նվազագույն հրապարակմամբ:
4․ Ստուգման ընթացքում տեսանկարահանում կամ լուսանկարահանում չիրականացնելը կամ սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ իրականացնելն ազդեցություն չի ունենում ստուգման ամբողջականության, ինչպես նաև ստուգման արդյունքում կազմված ակտի կամ տեղեկանքի արժանահավատության վրա կամ վարույթի շրջանակներում։
5․ Ստուգման ընթացքում տեսաձայնագրումը կամ լուսանկարահանումը կիրառվում է ստուգում իրականացնելու վերաբերյալ հրամանում նշված լինելու դեպքում։
6․ Ստուգման ընթացքում տեսաձայնագրում կամ լուսանկարահանում կիրառելու մասին տեսչական մարմնի ծառայողը տեսաձայնագրում կամ լուսանկարահանում իրականացնելուց առաջ բանավոր տեղեկացնում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչներին:
7․ Տեսաձայնագրումը և լուսանկարահանումը պետք է հնարավորինս իրականացվեն այնպես, որ չպարունակեն ստուգում իրականացնելու հետ առնչություն չունեցող անձանց (բացառությամբ, եթե նրանք խոչընդոտում են ստուգում իրականացնելուն) վերաբերյալ անձնական տվյալներ, ինչպես նաև ստուգում իրականացնելու հետ առնչություն չունեցող օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Նշված անձնական տվյալների առկայության դեպքում դրանք ապանձնավորվում են, իսկ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները ներկայացվում են դրանց բովանդակությունը բացահայտելու հնարավորությունը բացառող եղանակով:
8․ Ստուգման ընթացքում տեսաձայնագրում կամ լուսանկարահանում իրականացնելու դեպքում այդ մասին նշում է կատարվում ստուգման ակտում կամ տեղեկանքում։
9․ Սույն հոդվածով նախատեսված նպատակներից բացի, այլ նպատակներով տեսաձայնագրություններն ու լուսանկարները օգտագործելը (այդ թվում՝ հրապարակելը) արգելվում է:
10․ Տեսչական մարմինը սույն հոդվածով սահմանված կարգով կատարած տեսաձայնագրությունը կամ լուսանկարները կցվում են վարույթին, պահպանվում են մինչև ստուգման արդյունքում կայացված վարչական ակտն անբողոքարկելի դառնալը, որից հետո ոչնչացվում են:
11․ Տնտեսավարող սուբյեկտի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի գրավոր պահանջով (դիմումը տեսչական մարմին մուտքագրվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում) տեսչական մարմինը տրամադրում է խախտումն ամրագրած տեսաձայնագրության կամ լուսանկարի կրկնօրինակը: Տնտեսավարող սուբյեկտին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին հանձնվող տեսաձայնագրությունում կամ լուսանկարում արձանագրված անձանց պատկերները մթնեցվում են՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք առնչվում են խախտման փաստին:
12․ Տեսաձայնագրման և լուսանկարահանման արդյունքները պահվպանվում են թվային կրիչների վրա, իսկ լուսանկարները անհրաժեշտության դեպքում նաև տպագրվում են։ Տեսաձայնագրությունների և լուսանկնարների շտեմարան մուտք գործելու և տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, տվյալներից օգտվելու, տվյալները պահպանելու, ոչնչացնելու կարգը, տեխնիկական միջոցների ցանկը, տեխնիկական միջոցներ օգտագործելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանում է տեսչական մարմնի ղեկավարը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
-
Քննարկվել է
07.08.2024 - 23.08.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 935
Տպել