Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ներկայումս տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումների ընթացքում հաճախ հանդիպում է մի իրավիճակ, երբ ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից առաջանում ստուգման շրջանակներում հայտնաբերված խախտումների ամրագրելու, ինչպես նաև հետագայում բողոքարկման շրջանակներում խախտումների փաստը հիմնավորելու համար որպես ապացույց օգտագործելու նպատակով իրականացնելու տեսանկարահանում կամ լուսանկարահանում: Խնդիրը կայանում է նրանում, որ տեսաձայնագրությունն ու լուսանկարը, լինելով տարբեր տեսակի վարույթների և դատավարության շրջանակում օգտագործվող ապացույցներ, այլ տեսակի ապացույցների համեմատ ունակ են ավելի բարձր մակարդակով արտացոլել օբյեկտիվ իրականությունը՝ ժամանակի ընթացքում չենթարկվելով որակական փոփոխությունների և աղավաղումների: Լուսանկարների ու տեսագրությունների միջոցով ամրագրվում և վերարտադրվում են օբյեկտիվ իրականության մեջ տեղի ունեցած իրադարձությունները, գործողությունները, վերջիններիս մասնակիցներին ու նրանց վարքագիծը «իրենց բնական վիճակում»:

Լուսանկարների և տեսագրությունների ապացուցողական արժեքը մեծացնում է նաև այն, որ դրանք, ի տարբերություն անձնական բնույթի և մարդկանցից ելնող ապացույցների, զերծ են վերը նշված տարատեսակ սուբյեկտիվ ազդեցություններից, իսկ դրանց կեղծումը (բովանդակության ձևափոխումը, մշակումը, մոնտաժումը, աղավաղումը) շատ ավելի հեշտ է հայտնաբերել:

Իսկ տեսչական մարմինների ստուգումների իրականացումը միշտ ենթադրում է տարբեր տեսակի սուբյետիվ իրավիճակներ (տեսչական մարմնի ծառայող-տնտեսավարող սուբյեկտ), պայմանավորված այն հանգամանքով, որ դրանք իրականացվում են տնտեսավարող սուբյեկտների մոտ, իսկ ստուգման արդյունքով տեսչական մարմիննրն ընդունում եմ բավականին միջամտող բնույթ ունեցող վարչակա ակտեր՝ վարչական պատասխանատվության միջոցների կիրառում, գործունեության կասեցում և այլն։ Այս համատեքստում կարծում ենք, որ տեսչական մարմինների կողմից ստուգման ընթացքում տեսանկանարահանման կամ լուսանկարահանման կիրառման անհրաժեշտությունը կասկած չի հարուցում։

Բացի այդ, անհրաժեշտ է նշել, որ վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից տեսանկարահանում և լուսանկարահանում կիրառելու վերաբերյալ իրավակարգավորումներ առկա է նաև հարուստ համեմատական փորձ, մասնավորապես, Իռլանդիայի, Կանադայի, ԱՄՆ-ի և այլ երկրների օրենսդրություններում: Օրինակ՝ Իռլանդիայի «Արտադրության անվտանգության, հիգիենայի և առողջության մասին» 2005 թ․ օրենքի համաձայն տեսուչներն իրավունք ունեն իրականացնելու ցանկացած չափումներ, լուսանկարելու կամ կատարելու ցանկացած ձայնագրություն, էլեկտրոնային կամ այլ գրառումներ, որոնք տեսուչը անհրաժեշտ է համարում ցանկացած ստուգման նպատակով՝ համապատասխան օրենսդրական դրույթներին համաձան[1]։

Կանադայի սննդամթերքի տեսչության գործակալության տեսուչները ստուգման արդյունքները հաստատելու համար կարող են օգտագործվել թվային գրառումներ: Այնուամենայնիվ, դրանք նախատեսված չեն ստուգման ընթացքում կազմվող փաստաթղթերին կամ ստուգման այլ գործողություններին փոխարինելու համար: Թվային գրառում է համարվում ցանկացած լուսանկար, տեսանյութ կամ աուդիո ձայնագրություն (ներառյալ տեսանյութի ձայնային մասը), որն արվել է թվային սարքի միջոցով (ներառյալ դրա անալոգները)։ Թվային գրառում իրականացնող սարք է համարվում Գործակալության ցանկացած անվտանգ սարք, տեսախցիկ, բջջային հեռախոս, պլանշետ, նոութբուք, սմարթֆոն, տեսախցիկ կամ աուդիո ձայնագրիչ (ներառյալ անալոգները)[2]։

Լուսանկարները ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալության (FDA) ստուգման անբաժանելի մասն են, քանի որ դրանք օբյեկտիվ և համապատասխան պատկերացում են տալիս ձեռնարկության պայմանների վերաբերյալ: Լուսանկարների միջոցով արդյունավետորեն փաստագրված պայմանների կամ պրակտիկայի օրինակները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով. կրծողների կամ միջատների վարակման նշաններ. սարքավորումների կամ շինությունների նախագծման կամ պահպանման թերություններ. արտադրանքի պահպանման պայմաններ. արտադրանքի պիտակներ վրա նշումներ. ինչպես նաև բաղադրիչների, տարաների, կափարիչների կամ արտադրանքի տեսանելի աղտոտում: FDA տեսուչի կողմից լուսանկարվելուն խոչընդոտելը կամ դրան հակազդելը կարող է դիտարկվել որպես խոչընդոտում, եթե տեսուչը գտնում է, որ նման լուսանկարներն անհրաժեշտ են տվյալ կոնկրետ ստուգումն արդյունավետ իրականացնելու համար[3]:

ԱՄՆ Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման վարչության (OSHA) աշխատակիցները 29 CFR 1903.7(b) դրույթին համապատասխան ստացել են «ստուգման նպատակի հետ կապված լուսանկարներ անելու կամ ստանալու իրավասություն»: Ստուգման ընթացքում լուսանկարելը Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման վարչության համար սովորական գործիք է, որն օգտագործվում է վարչության աշխատակիցների կողմից՝ ստանդարտների ակնհայտ խախտումները հաստատելու համար[4]:

ՀՀ իրավական համակարգում վերահսկողության շրջանակներում տեսանակարահանում կամ լուսանկարահանում կիրառելու լիազորություն ունեն նաև Պետական եկամուտների կոմիտեն և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ 

2.Առաջարկվող կագավորումների բնույթը.

 Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում՝ նախատեսելով Տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումների ընթացքում խախտման փաստը, ինչպես նաև ստուգման վարույթի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներն արձանագրելու համար տեսանկարահանման կամ լուսանկարահանման հնարավորություն:

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից։ 

4.Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ իրավական հիմք կստեղծվի Տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումների շրջանակներում խախտման փաստը, ինչպես նաև ստուգման վարույթի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներն արձանագրելու համար տեսանկարահանում կամ լուսանկարահանում իրականացնելու համար:

Նշված իրավակարագավորումը հնարավորություն կընձեռի ոչ միայն բարձրացնել վերահկսողության արդյունավետությունը, ալլ նաև ապահովել դրա օրինակիանությունը: 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը վերոնշյալ փաստաթղթերի հետ փոխկապակցված չէ։

  1. 6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում: 

  1. 7. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք. 

Նախագծի ընդունումը այլ իրավական ակտի ընդունում, իսկ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի:

 

 

  • Քննարկվել է

    07.08.2024 - 23.08.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 934

Տպել