Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

 

«ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

 

Հոդված 1. «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-293-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 45-50-րդ կետերով.

«45) տոմսերի վաճառքի գործակալ՝  ուղևորափոխադրման տոմսեր վաճառելու իրավունք ունեցող և երկաթուղային տրանսպորտի կազմակերպութան անունից կամ իր անունից տոմսեր վաճառող՝ երկաթուղային տրանսպորտի ոլորտի ծառայությունների ցանկացած գործակալ.

46)  ձեռքի ուղեբեռ՝  ուղևորի կողմից իր վրա կամ իր հետ ունեցած հեշտ տնօրինվող պարագաներ՝ ուսապարկ կամ ճամպրուկ.

47) կենդանի/կենդանիներ՝ մանր տնային/սենյակային/ կենդանիների այն տեսակները՝ որոնք, որպես ուղեբեռ,  կարող են տեղափոխվել երկաթուղային տրանսպորտով, առանց վնաս, անհանգստաթյուն կամ անհարմարություն պատճառելու այլ  ուղևորների․

48)  մեքենավար, մեքենավարի օգնական՝ անձ, ով ունի սույն օրենքով, պաշտոնեական հրահանգով պահանջվող աշխատանքային ստաժ և երկաթուղային շարժակազմ վարելու թույլտվություն/վկայական/․

49) ուսումանական կենտրոն` վերապատրաստման դասընթացներ տրամադրող և ենթակառուցվածքի կառավարչի կամ ենթակառուցվածքի սեփականատիրոջ կազմում գործող ստորաբաժանում կամ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություն․

50) ազատ տեխնիկատնտեսական հզորություն՝ տեխնիկական սարքավորումների, սահմանված աշխատանքային ռեժիմի լիարժեք և փաստացի օգտագործման տարբերություն»:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում

 1) 1-ին մասը լրացնել 6)-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝

«6) ենթակառուցվածքի օգտագործման թույլտվություն ստացած փոխադրողներին և/կամ օպերատորներին՝  լրացուցիչ օժանդակ վճարովի ծառայություններ պատվիրելու դեպքում ապահովվել դրանց կատարումը: Լրացուցիչ օժանդակ ծառայութունների ցանկը, պայմանները և վճարի չափը  սահմանում է ենթակառուցվածքի կառավարիչը։»

2) 2-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ՝

 «Ենթակառուցվածքի կառավարիչը, ենթակառուցվածքի ազատ տեխնիկատնտեսական հզորությունների և թողունակության կարողության պայմաններում, ենթակառուցվածքի օգտագործման վճարի դիմաց ապահովվում է փոխադրողների և/կամ օպերատորների մուտքը ենթակառուցվածք։»:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածում՝

 1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ուղևորների, բեռների, ուղեբեռների, բեռնածանրոցների փոխադրումը երկաթուղային տրանսպորտով իրականացվում է սույն օրենքով, ՀՀ երկաթուղային տրանսպորտի տեխնիկական շահագործման կանոններով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կնքված փոխադրման պայմանագրերով, որոնցով սահմանվում են փոխադրման ընդհանուր պայմանները։»:

2) լրացնել նոր 7-րդ և 8-րդ մասերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«7. Փոխադրողը կամ տոմսի վաճառքի գործակալը պարտավոր է երկաթուղային տրանսպորտով միջազգային ուղևորություն կատարելու համար տոմսեր վաճառելիս ուղևորներին հասանելի տարբերակով տեղեկացնել իրենց իրավունքների և պարտականությունների մասին։

  1. Երկաթուղային տրանսպորտի ուղևորատար ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլոր անձանց՝ այդ թվում հաշմանդամություն և/կամ տեղաշարժման սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց։»:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել նոր 19.1-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«Հոդված 19.1. Ուղևորների ձեռքի ծանրոցի, ուղեբեռների և կենդանիների փոխադրման պայմանները

  1. Շարժակազմում տեխնիկական հնարավորություն ունենալու դեպքում, փոխադրողը, թույլ է տալիս ուղևորներին գնացք բարձրացնել հեծանիվ՝ դրա համար գանձելով վճար։

Վճարման չափը, կարգը ու պայմանները սահմանում է ենթակառուցվածքի սեփականատերը կամ երկաթուղու ենթակառուցվածքի  կառավարիչը՝ կառավարման ողջ ժամանակահատվածի ընթացքում:

  1. Ուղևորները կարող են իրենց հետ գնացք բարձրացնել հեշտ տնօրինվող պարագաներ (ձեռքի ծանրոց) և կենդանիներ՝ եթե դրանք վտանգ չեն ներկայացնում մյուս ուղևորների համար։ Կենդանիների փոխադրման համար վճարի չափը, կարգը ու պայմանները սահմանում է ենթակառուցվածքի սեփականատերը կամ երկաթուղու ենթակառուցվածքի կառավարիչը՝ կառավարման ողջ ժամանակահատվածի ընթացքում:
  2. Միջազգային ուղևորության ընթացքում ուղևորները պետք է պահպանեն մաքսային և այլ վարչական մարմինների կողմից պահանջվող ձևակերպումների պահանջները, երբ փոխադրելիս իրենց հետ կրում են պարագաներ (ձեռքի ծանրոց, գրանցված ուղեբեռ) կամ կենդանիներ: Ուղևորը պետք է ներկա գտնվի այդ պարագաների զննման ընթացքին` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
  3. Իր հետ վերցրած ձեռքի ծանրոցի և կենդանիների հսկման պարտականությունը կրում է ուղևորը:
  4. Ուղևորի մահվան կամ առողջությանը վնաս պատճառվելու դեպքում փոխադրողը պատասխանատվություն է կրում ուղևորի վրա կամ նրա հետ ունեցած պարագաների լրիվ կամ մասնակի կորստի կամ դրանց հասցված վնասի համար սույն հոդվածի 11-րդ, 12-րդ և 13-րդ մասերի կարգով։

Վերոգրյալ դեպքերում  փոխադրողը պատասխանատու է նաև ուղևորի հետ ունեցած կենդանիների կորստի կամ դրանց հասցված վնասի համար։

  1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում գրանցված ուղեբեռի լրիվ կամ մասնակի կորստի կամ դրան հասցված վնասի համար, որն առաջացել է փոխադրողի կողմից այն վերցնելու և այն հետ հանձնելու միջև ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև ուղեբեռի հանձնումն ուշացնելու ընթացքում։
  2. Փոխադրողը պատասխանատու չէ պարագաների, ձեռքի ծանրոցի կամ կենդանիների լրիվ կամ մասնակի կորստի կամ վնասի համար, եթե դրանց հսկողությունը ուղևորի պատասխանատվությունն է՝ բացառությամբ եթե դրանց կորուստը կամ վնաս պատճառելը եղել է փոխադրողի սխալի արդյունքում։
  3. Փոխադրողն ազատվում է պարագաների կորստի կամ վնասի համար պատասխանատվությունից, եթե կորուստը կամ վնասը առաջացել է ուղևորի կողմից մաքսային կամ այլ վարչական մարմինների սահմանած պարտադիր ձևակերպումների պահանջները չպահպանելու հետևանքով։
  4. Փոխադրողն ազատվում է պատասխանատվությունից, եթե կորուստը, վնասը կամ հանձնման ուշացումը տեղի է ունեցել ուղևորի սխալի, գրանցված ուղեբեռի խոտանի կամ այլ հանգամանքների հետևանքով, որոնցից փոխադրողը չէր կարող խուսափել և չէր կարող կանխել հետևանքները։
  5. Փոխադրողն ազատվում է պատասխանատվությունից, եթե կորուստը կամ վնասն առաջանում է փաթեթավորման բացակայության կամ սխալ փաթեթավորման հետևանքով, ինչպես նաև ուղևորի կողմից անթույլատրելի պարագաների փոխադրման դեպքում։
  6. Միջազգային ուղևորության ընթացքում գրանցված ուղեբեռի լրիվ կամ մասնակի կորստի դեպքում փոխադրողը պետք է փոխհատուցի՝
    1) եթե հասցված կորստի կամ վնասի գումարի չափն ապացուցված է՝ այդ գումարին համարժեք

2) եթե հասցված կորստի կամ վնասի գումարի չափը ապացուցված չէ՝ ուղեբեռի գրանցված զանգվածի մեկ կիլոգրամի համար՝ 10 000 ՀՀ դրամ։

  1. Միջազգային ուղևորության ընթացքում գրանցված ուղեբեռի լրիվ կամ մասնակի վնասի դեպքում փոխադրողը, պետք է կատարի ուղեբեռի հասցված վնասին համարժեք փոխհատուցում։
  2. Սույն հոդվածի 11-րդ և 12-րդ մասերով նախատեսված փոխհատուցումներից բացի, փոխադրողը պարտավոր է փոխհատուցել ուղեբեռի փոխադրման համար գանձված վճարը և կորած կամ վնասված ուղեբեռի հետ կապված փոխադրողին վճարված այլ գումարները, ինչպես նաև վճարված մաքսային տուրքերը և ակցիզային հարկերը։
  3. Երկաթուղային տրանսպորտի կազմակերպության կողմից հաշմանդամություն ունեցող կամ տեղաշարժման սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց կողմից օգտագործվող տեղաշարժման միջոցի կամ այլ հատուկ սարքավորման ամբողջական կամ մասնակի կորստի կամ վնասի համար պատասխանատու լինելու դեպքում դրամական փոխհատուցման սահմանափակում կիրառելի չէ։»:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել նոր 23.1-րդ, 23.2-րդ և 23.3-րդ հոդվածներով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 23.1. Երկաթուղային տրանսպորտով միջազգային փոխադրման ծառայություններին ներկայացվող որակի չափորոշիչները

  1. Երկաթուղային տրանսպորտի կազմակերպությունները, անկախ կառավարման տեսակից, պարտավոր են սահմանել, կառավարել և վերահսկել երկաթուղային միջազգային ուղևորատար ծառայությունների ոլորտում որակի չափորոշիչներ:
  2. Ծառայությունների որակի չափորոշիչները առնվազն պետք է ներառեն՝

1) տեղեկությունների և տոմսերի տրամադրման կարգն ու պայմանները,

2) ծառայությունների ճշտապահությունը,

3) մատուցվող ծառայությունների և հետաձգումների ընդհատումների խնդիրները լուծելու ընդհանուր սկզբունքները.

4) կայարանի և շարժակազմի մաքրությունը (վագոններում օդի որակը, սանիտարահիգիենիկ հարմարությունների մաքրությունը և այլն)

5) բողոքների լուծման կարգը:

  1. Երկաթուղային տրանսպորտի կազմակերպությունները յուրաքանչյուր տարի մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը հրապարակում են ծառայության որակի չափորոշիչների համապատասխանության վերաբերյալ հաշվետվություն:

 

«Հոդված 23.2. Միջազգային փոխադրման ընթացքում պատճառված վնասի և մահվան դեպքում պատասխանատվության հիմքերը

  1. Երկաթուղու շահագործման կաննոների խախտման հետ կապված պատահարի հետևանքով ուղևորի մահվան կամ նրան պատճառած ֆիզիկական վնասի համար փոխադրողը պատասխանատու է սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի կարգով։
  2. Ուղևորի մահվան դեպքում վնասի փոխհատուցումը ներառում է մահվան հետ կապված կատարված ծախսերը, ներառյալ՝ մարմնի տեղափոխումը և հուղարկավորության ծախսերը:

Եթե մահը վրա է հասել առողջությանը վնաս պատճառվելուց որոշ ժամանակ անց, ապա փոխհատուցումը ներառում է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծախսերը:

  1. Ուղևորի առողջությանը հասցված վնասի դեպքում փոխհատուցումը ներառում է՝

1)  բուժհաստատություն տեղափոխման և բուժման հետ կապված անհրաժեշտ ծախսերը

2) աշխատունակության լրիվ կամ մասնակի կորստի հետ կամ բուժման ընթացքում հավելյալ ծախսերի հետ կապված դրամական փոխհատուցումը:

  1. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված փոխհատուցումից բացի, փոխադրողը պարտավոր է ունենալ ուղևորների ապահովագրություն, ընդ որում ուղևորի մահվան դեպքում ապահովագրման գումարը չպետք է ավելի լինի 7 000 000 ՀՀ դրամից: Սույն դրույթը չի տարածվում, եթե առկա է գործող կոնցեսիոն իրավահարաբերություն: Ապահովագրական գումարի վճարումը պետք է իրականացվի անձի ինքնության բացահայտումից 15 աշխատանքային օրվա ընթացքում:
  2. Փոխադրողն ազատվում է պատասխանատվությունից, եթե՝

1) պատահարը տեղի է ունեցել երկաթուղու շահագործման կանոնների հետ չկապված հանգամանքներում, որից, չնայած փոխադրողի կողմից ձեռնարկված միջոցների, հնարավոր չէր խուսափել, և որի հետևանքները փոխադրողը չէր կարող կանխել,

2) պատահարը տեղի է ունեցել ուղևորի կողմից երկաթուղու շահագործման անվտանգության կանոնների խախտման հետևանքով,

3) պատահարը տեղի է ունեցել երրորդ անձի գործողությունների հետևանքով, և չնայած փոխադրողի կողմից ձեռնարկված միջոցների, հնարավոր չէր դրանից խուսափել, և որի հետևանքները փոխադրողը չէր կարող կանխել:

  1. Ուղևորը պաստախանատվություն է կրում փոխադրողին պատճառած կորստի կամ վնասի համար, որը առաջացել է նրա մեղավորությամբ կամ ծագել է ուղևորի մոտ առկա ապրանքների և/կամ կենդանիների նկատմամբ ոչ պատշաճ հսկողության հետևանքով, բացառությամբ, եթե ուղևորն ապացուցում է, որ վնասը կամ կորուստն առաջացել է այնպիսի հանգամանքների հետևանքով, որոնք ինքը չէր կարող կանխատեսել կամ չէր կարող խուսափել դրանից, և որոնց հետևանքները, չնայած իր կողմից ողջամտորեն ձեռնարկված ջանքերի, չի կարողացել կանխել։»:

 

Հոդված 23.3  Ենթակառուցվածքի օգտագործման համար մեկից ավելի հայտերի քննարկման կարգը

  1. Ենթակառուցվածքի օգտագործման համար մեկից ավելի հայտերի առկայության դեպքում, ենթակառուցվածքի սեփականատերը և/կամ ենթակառուցվածքի կառավարիչը, համաձայն ազատ տեխնիկատնտեսական հզորությունների և թողունակության կարողությունների ժամանակացույցի, բաշխում է հայտերի ապահովումը: Ազատ տեխնիկատնտեսական հզորությունների և թողունակության կարողությունների նախնական ժամանակացույցը հաստատում է ենթակառուցվածքի կառավարիչը:
  2. Ենթակառուցվածքի օգտագործման համար մեկից ավելի հայտերի առկայության պարագայում, ազատ տեխնիկատնտեսական հզորությունների և թողունակության կարողությունների բաշխման ժամանակացույցը հաստատում է ենթակառուցվածքի կառավարիչը՝ իր կողմից երեսունօրյա ժամկետում կազմակերպվող քննարկման արդյունքում, հրավիրելով բոլոր հայտատուներին: Հայտատուների կողմից ժամանակացույցով սահմանված պայմաններին անհամաձայնություն հայտնելու դեպքում, ենթակառուցվածքի կառավարիչը կայացնում է միանձնյա որոշում՝ հաստատելով ժամանակացույցը:»:

Հոդված 6. Օրենքը լրացնել նոր 29.1-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

Հոդված 29.1 Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում գնացքների անվտանգ երթևեկության և ուղևորների սպասարկման կազմակերպմանն անմիջականորեն մասնակցող աշխատակիցների որակավորումը:

1.Մեքենավար, մեքենավարի օգնական կարող է աշխատել 20 տարեկանը լրացած այն անձը, ով ունի առնվազն իննամյա կամ միջին մասնագիտական կրթություն, պաշտոնեական հրահանգով սահմանված համապատասխան աշխատանքային ստաժ և մասնագիտական փորձառություն, անցել է ՀՀ գործող օրենդրությանը համապատասխան բժշկական զննություն, ունի երկաթուղային շարժակազմ վարելու թույլտվություն/վկայական/:  Երկաթուղային շարժակազմ վարելու թույլտվության տրամադրման, կասեցման, դադադերցման կարգն ու պայմանները սահմանում է ենթակառուցվածքի սեփականատերը կամ ենթակառուցվածքի կառավարչի կողմից հաստատված ներքին իրավական ակտով:

  1. Մասնագիտական գիտելիքների ամրապնդման, բարձրացման և վերապատրաստման համար մեքենավարը և մեքենավարի օգնականը պետք է առնվազն տարին մեկ անգամ հանձնեն տեսական և գործնական քննություն: Տեսական և գործնական քննության, վերաքննություն անցկացման կարգը, պայամնները սահմանում է ենթակառուցվածքի սեփականատերը կամ ենթակառուցվածքի կառավարչի կողմից սահմանված ներքին իրավական ակտով:
  2. Երկաթուղային շարժակազմ վարելու թույլտվության վկայականը տրամադրում է ենթակառուցվածքի սեփականատերը կամ ենթակառուցվածքի կառավարիչը, ով աշխատանք է տրամադրել կամ պայմանագիր է կնքել մեքենավարի, մեքենավարի օգնականի հետ: Վկայականը հանդիսանում է տվյալ ենթակառուցվածքի սեփականատիրոջ կամ ենթակառուցվածքի կառավարչի սեփականությունը:
  3. Երկաթուղային շարժակազմ վարելու թույլտվությունը /վկայականը/վավերական է միայն դրանում նշված ենթակառուցվածքների եւ շարժակազմերի շահագործման համար և վավեր է տրամադրման պահից 10 տարի ժամկետով:
  4. Երթևեկության անանվտանգության ապահովման խնդիրներին ամիջականորեն առնչություն ունեցող այլ աշխատակիցները ևս պետք է մասնագիտական գիտելիքների ամրապնդման, բարձրացման և վերապատրաստման համար հանձնեն տեսական և/կամ գործնական քննություններ: Տեսական և/կամ գործնական քննությունների անցկացման կարգն, պայմանները և ցանկը սահմանվում է ենթակառուցվածքի սեփականատիրոջ կամ ենթակառուցվածքի կառավարչի ներքին իրավական ակտով:
  5. ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող մեքենավար և/կամ մեքենավարի օգնականը ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերով երկաթուղային շարժակազմ վարելու համար պետք է անցնի վերապատրաստում: Վերապատրաստման կարգն ու պայմանները մշակում է ենթակառուցվածքի կառավարիչը, որը հաստատում է ՀՀ պետական լիազոր մարմինը:»:

 

Հոդված 7. Օրենքի հավելված 2-ի 158-րդ կետը կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«158. Ուղևորային փոխադրումներ իրականացնելիս փոխադրողը պարտավոր է անվճար տրամադրել երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվողներին գնացքների մեկնման և ժամանման, ուղևորատոմսերի, ինչպես նաև լրացուցիչ ծառայությունների արժեքի, տոմսարկղերի աշխատաժամերի, կայարանաշենքի տարածքների տեղակայման, քաղաքացիների որոշակի խմբերին տրամադրվող ծառայությունների և զեղչերի/առկայության պայմաններում/ վերաբերյալ հավաստի տեղեկատվություն:

Տեսալսողական խնդիրներ ունեցող ուղևորներին վերոնշյալ տեղեկատվությունները պարտավոր է տրամադրել նրանց հասանելի տարբերակով։»։

 

Հոդված 8. Օրենքի հավելված 2-ի 160-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

                                    Հայաստանի Հանրապետության

                Նախագահ                                                                               Վ․ Խաչատուրյան

 

 

  • Քննարկվել է

    18.03.2024 - 03.04.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1438

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ