Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի N 914-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 914-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ Քաղաքացիական օրենսգրքի 1086-րդ հոդվածի, Աշխատանքային օրենսգրքի 236-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 15-ի «Ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատողներին աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին կանոնները հաստատելու մասին» N 579 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար՝ սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչման դեպքում համապատասխան վճարների կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգը հաստատելու մասին» N 914-Ն որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանի 30.11.2021 N ՍԴՈ-1618 որոշման 3-րդ կետի համաձայն՝ ՀՀ կառավարության 15.11.1992 N 579 որոշմամբ ամրագրված իրավակարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ մինչև ՀՀ կառավարության 22.07.2004 N 1094-Ն որոշմամբ կատարված փոփոխությունն ուժի մեջ մտնելն (ուժի մեջ է մտել 26.08.2004) աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնաս կրած անձինք կազմակերպության գործունեության դադարեցման դեպքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պարագայում պահպանում են պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունքը:

Սահմանադրական դատարանի վերը նշված որոշումից բխող քայլերի վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի են ունեցել մի շարք հանդիպում-քննարկումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։ Քննարկման արդյունքներով Սահմանադրական դատարանի 30.11.2021 N ՍԴՈ-1618 որոշման 3-րդ կետի պահանջն իրացնելու համար ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի N 914-Ն որոշման կարգավորումներում որոշակի փոփոխություններ և լրացումներ իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել։

2, Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, լուծումները

ՀՀ կառավարության 1992 թվականի նոյեմբերի 15-ի N 579 որոշմամբ հաստատված՝ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին կանոնների՝ մինչև 2004 թվականի օգոստոսի 26-ը գործող 16-րդ կետով սահմանված էր, որ աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման համար պատասխանատու կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետևանքով նրա գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է (վնասի փոխհատուցումը շարունակում է) նրա իրավահաջորդը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` սոցիալական ապահովության մարմինը պետական բյուջեի հաշվին:

Վերոնշյալ կետն ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 22.07.2004 N 1094-Ն որոշմամբ: Վերջինս ուժի մեջ է մտել 2004 թվականի օգոստոսի 26-ին:

Ներկայում ՀՀ պետական բյուջեի միջոցներից աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված առողջության վնասման հետևանքով պատճառված վնասի հատուցում է վճարվում այն անձանց (խոսքը շուրջ 300 անձի մասին է), որոնց պատճառված վնասի համար պատասխանատու ճանաչված կազմակերպությունները լուծարվել են մինչև 2004 թվականի օգոստոսի 26-ը (մինչև ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի թիվ 1094-Ն որոշման ուժի մեջ մտնելը):

3․ Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի մշակման նպատակը մինչև 2004 թվականի օգոստոսի 26-ն աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնաս կրած անձանց՝ կազմակերպության գործունեության դադարեցման դեպքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պարագայում պետական բյուջեի միջոցներից փոխհատուցում ստանալու կարգը սահմանելն է։

4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն, 2050», Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի մշակումը ռազմավարական փաստաթղթերի հետ կապված չէ:

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

2023-2025 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով վնասի հատուցման իրավունք ունեցող ավելացած 200 շահառուների մասով հետագա հատուցման համար յուրաքանչյուր տարվա կտրվածքով նախատեսվել է 54,000.0 հազ.դրամ, իսկ 2023 թվականի տարեսկզբին հասանելիք պարտքերը պետական բյուջեից միանվագ մարելու համար նախատեսվել է 100,000.0 հազ. դրամ։

6․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

7․ Ակնկալվող արդյունքը

ՀՀ կառավարության 23.07.2009 N 914-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելն է, որով կապահովվի Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ արձանագրված՝ մինչև ՀՀ կառավարության 22.07.2004 N 1094-Ն որոշմամբ կատարված փոփոխության ուժի մեջ մտնելը աշխատավայրում աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնաս կրած անձանց, ինչպես նաև աշխատանքային պարտականությունները կատարելիս աշխատողի մահվան դեպքում` ՀՀ պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունքը։

 

  • Քննարկվել է

    20.12.2022 - 05.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3114

Տպել

Առաջարկներ`

Արա Սաղումյան

21.12.2022

Համաձայն լինելով ներկայացված նախագծին՝ կարծում եմ, որ Հավելված 2-ի 2-րդ կետը հստակեցման կարիք ունի, քանի որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված է. «Օրենսգրքի 1078-1087 հոդվածների գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ քաղաքացու կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մինչև 1999 թվականի հունվարի 1-ը, սակայն ոչ շուտ, քան մինչև 1996 թվականի հունվարի 1-ը»: Համաձայն ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի՝ «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»: Վերոգրյալի հիման վրա արդյո՞ք անհրաժեշտ չեք համարում փոփոխություն կատարել նաև վերը նշված օրենքի 17-րդ հոդվածում, որպեսզի մինչև 01.01.1996թ. կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված անձինք նույնպես հնարավորություն ունենան ստանալու փոխհատուցում:

Տեսնել ավելին