Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի N 914-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«     »  «                 »  202... թվականի N ...... -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 914-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչման դեպքում համապատասխան վճարների կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգը հաստատելու մասին» N 914-Ն որոշման (այսուհետև՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
  • որոշման վերնագրում «ՎՃԱՐԵԼՈՒ» բառից հետո լրացնել «, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՊԻՏԱԼԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ՝ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽԵՂՄԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՇԽԱՏՈՂԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ԱՅԼ ՎՆԱՍԻ ԿԱՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՀԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ» բառերով.
  • որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով.
  • որոշման մեջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետ.

«1.1. Հաստատել պատճառված վնասի փոխհատուցման համար պատասխանատու իրավաբանական անձի լուծարման դեպքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պարագայում՝ աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման կամ մասնագիտական հիվանդության կամ աշխատողի առողջությանը պատճառված այլ վնասի կամ աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում մահանալու դեպքում փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից տրամադրելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի».

  • որոշման հավելվածի վերևի աջ անկյունում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.
  • որոշման մեջ լրացնել նոր՝ N 2 հավելված՝ համաձայն հավելվածի:
  1. Սահմանել, որ պատճառված վնասի փոխհատուցման համար պատասխանատու իրավաբանական անձի լուծարման պահից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար սույն որոշման հավելվածով նախատեսված վնասի փոխհատուցում ստանալու իրավունք ձեռք բերած անձանց փոխհատուցման համար հասանելիք գումարները վճարվում են միանվագ, իսկ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ընկած ժամանակահատվածի համար՝ պարբերական վճարումների եղանակով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
  3. Սույն որոշման գործողությունը տարածվում է մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի N 1094-Ն որոշման ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա։

 

   

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 202… թվականի

___________ N         -Ն որոշման 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 23-ի N 914-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՊԻՏԱԼԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ՝ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽԵՂՄԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՇԽԱՏՈՂԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ԱՅԼ ՎՆԱՍԻ ԿԱՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՀԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ 

  1. Սույն կարգով սահմանվում է պատճառված վնասի փոխհատուցման համար պատասխանատու իրավաբանական անձի (այսուհետև՝ կազմակերպություն կամ պատասխանատու կազմակերպություն) լուծարման դեպքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պարագայում՝ աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման կամ մասնագիտական հիվանդության կամ աշխատողի առողջությանը պատճառված այլ վնասի կամ աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում մահանալու դեպքում փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից տրամադրելու կարգը:
  2. Սույն կարգի շրջանակներում փոխհատուցում ստանալու իրավունք ունեն այն անձինք, որոնց աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղում կամ մասնագիտական հիվանդություն կամ աշխատողի առողջության այլ վնասում ստացել են մինչև ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի N 1094-Ն որոշման ուժի մեջ մտնելը, և որոնք կազմակերպության լուծարման արդյունքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պատճառով չեն ստացել (կամ ստանում) կրած վնասի փոխհատուցումը։
  3. Սույն կարգի շրջանակներում փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նաև աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում մահացած անձի՝

1) խնամքի ներքո գտնվող կամ նրա մահվան օրը նրանից խնամք ստանալու իրավունք ունեցող անաշխատունակ անձինք.

2) մահվանից հետո ծնված նրա երեխան.

3) ծնողը, ամուսինը կամ ընտանիքի անդամը` անկախ նրա աշխատունակությունից, որը չի աշխատում և զբաղված է մահացածի խնամքի ներքո գտնվող նրա տասնչորս տարեկան չդարձած կամ թեկուզև նշված տարիքին հասած, սակայն բժշկական մարմինների եզրակացությամբ իր առողջական վիճակով կողմնակի խնամքի կարիք ունեցող երեխաների, թոռների, եղբայրների կամ քույրերի խնամքով.

4) խնամքի ներքո գտնվող և նրա մահվանից հետո հինգ տարվա ընթացքում անաշխատունակ դարձած անձինք:

  1. Սույն կարգի 3-րդ կետով նշված դեպքերում վնասի փոխհատուցումը վճարվում է`

1) անչափահասներին` մինչև տասնութ տարեկան դառնալը.

2) տասնութ տարեկանից բարձր տարիքի սովորողներին` մինչև ցերեկային ուսուցման ձևով ուսումնական հաստատություններում ուսման ավարտը, սակայն ոչ ավելի, քան մինչև քսաներեք տարեկան դառնալը.

3) հիսունհինգ տարեկանը լրացած կանանց և վաթսուն տարեկանը լրացած տղամարդկանց` ցմահ.

4) հաշմանդամություն ունեցող անձանց` հաշմանդամության ամբողջ ժամանակահտվածի համար.

5) ծնողին, ամուսնուն կամ ընտանիքի այլ անդամին, որն զբաղված է մահացածի խնամքի տակ գտնվող նրա երեխաների, թոռների, եղբայրների կամ քույրերի խնամքով` մինչև վերջիններիս տասնչորս տարեկան դառնալը (բացառությամբ այն դեպքում, երբ տասնչորս տարեկանը լրացած երեխան, թոռը, եղբայրը կամ քույրը բժշկական մարմինների եզրակացությամբ առողջական վիճակով կողմնակի խնամքի կարիք ունեն):

  1. Աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման կամ մասնագիտական հիվանդության կամ աշխատողի առողջությանը պատճառված այլ վնասի կամ աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում մահանալու դեպքում վնասի փոխհատուցման (այսուհետև՝ վնասի փոխհատուցում) չափը որոշվում է աշխատողի` մինչև աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը ստացած միջին ամսական վաստակից ելնելով` մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանին համապատասխան տոկոսաչափով, իսկ տուժողի մահվան դեպքում՝ վնասի փոխհատուցման չափը սահմանվում է մահացածի միջին վաստակի (միջին վաստակի մեջ կենսաթոշակները հաշվի չեն առնվում) չափով, հանած նրա խնամքի տակ գտնված, աշխատունակ անձանց բաժնեմասերը:
  2. Վնասի փոխհատուցում ստանալու իրավունքը ծագում է կազմակերպության լուծարման պահից։
  3. Վնասի փոխհատուցման չափը հաշվարկելու համար հիմք է ընդունվում աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը կայուն աշխատունակության կորստի առաջացման ամսին նախորդող 12 օրացուցային ամիսների միջին ամսական վաստակը (բացառությամբ տուժողի մահվան դեպքում):
  4. Միջին ամսական վաստակը հաշվարկելիս (բացառությամբ տուժողի մահվան դեպքում)՝ այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը հիվանդության, պարապուրդի, երեխայի խնամքի կամ այլ հարգելի պատճառներով ընդհանրապես կամ մասնակիորեն չի աշխատել հանվում են հաշվարկից: Այն դեպքում, երբ միջին ամսական վաստակը հաշվարկելու (բացառությամբ տուժողի մահվան դեպքում) պահանջն առաջացել է մինչև աշխատողի առաջին աշխատանքային տարին լրանալը, ապա միջին աշխատավարձը հաշվարկվում է տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով (հանվում են այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը հիվանդության, պարապուրդի, երեխայի խնամքի կամ այլ հարգելի պատճառներով ընդհանրապես կամ մասնակիորեն չի աշխատել)։
  5. Եթե վնասի փոխհատուցման համար դիմելու պահին (բացառությամբ տուժողի մահվան դեպքում) չեն պահպանվել տուժողի այն ժամանակաշրջանի փաստացի վաստակի վերաբերյալ փաստաթղթերը, որից պետք է հաշվարկվեր վնասի փոխհատուցման չափը, ապա փոխհատուցման գումարը հաշվարկվում է տուժողի դիմելու պահին «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից ելնելով:
  6. Վնասի փոխհատուցման չափի որոշման համար հիմք ընդունվող վաստակի մեջ են մտնում աշխատանքի վարձատրության բոլոր այն տեսակները, որոնց նկատմամբ հաշվարկվել ու կատարվել են պետական սոցիալական ապահովագրության վճարներ:
  7. Վնասի փոխհատուցման չափը (բացառությամբ տուժողի մահվան դեպքում) չի կարող պակաս լինել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 20 տոկոս գումարի և դրա նկատմամբ հաշվարկված աշխատողի աշխատունակության կորստի աստիճանով հաշվարկված գումարի հանրագումարից:
  8. Տուժողի մահվան դեպքում՝ վնասի փոխհատուցման չափի հաշվարկման համար հիմք հանդիսացող՝ մահացածի միջին վաստակի (միջին վաստակի մեջ կենսաթոշակները հաշվի չեն առնվում) չափը չի կարող ցածր լինել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից։ Այն դեպքում, երբ վնասի փոխհատուցման չափի հաշվարկման համար հիմք հանդիսացող՝ մահացածի միջին վաստակի (միջին վաստակի մեջ կենսաթոշակները հաշվի չեն առնվում) չափը ցածր է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից՝ մահացածի միջին վաստակի փոխարեն հիմք է ընդունվում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը։
  9. Վնասի փոխհատուցում ստանալու համար անձն անձամբ կամ դրա անհնարինության դեպքում վերջինիս կողմից լիազորված անձի միջոցով գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն (այսուհետև՝ Միասնական սոցիալական ծառայություն):
  10. Դիմումում նշվում են վճարումներ ստանալու իրավունք ունեցող քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը, բնակության կամ հաշվառման վայրը, քաղաքացու բանկային հաշվեհամարը:
  11. Դիմումին կից ներկայացվում են անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը, վնասի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձի անվամբ բացված հաշվեհամարի վերաբերյալ տեղեկանքը՝ հաշվեհամարը սպասարկող բանկից, աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման մասին ակտի պատճենը, պատասխանատու կազմակերպության կողմից քաղաքացուն վճարված վնասի հատուցման վերաբերյալ փաստաթղթերի պատճենները (դրանց առկայության դեպքում), պատասխանատու կազմակերպությունում՝ աշխատողի սույն կարգի 7-րդ կետում նշված միջին ամսական վաստակը հաշվարկելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերի պատճենները (բացառությամբ տուժողի մահվան դեպքում), աշխատունակության կորստի աստիճանը հաստատող բժշկասոցիալական փորձաքննական որոշման պատճենը, ինչպես նաև վնասի հատուցման կամ փոխհատուցման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պատճենը (առկայության դեպքում): Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքում՝ դիմումին կից ներկայացվում է նաև աշխատողի մահը հաստատող համապատասխան փաստաթղթի պատճենը և մահացածի ու դիմում ներկայացնող անձի՝ սույն կարգի 3-րդ կետի ենթակետերից որևէ մեկով սահմանված ազգակցական կապը հաստատող փաստաթղթի պատճենը։
  12. Միասնական սոցիալական ծառայությունն անձի սույն կարգի 13-րդ կետով սահմանված դիմումը և սույն կարգի 15-րդ կետով ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, ըստ անհրաժեշտության ստուգում է`
  • ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը (ըստ անհրաժեշտության, կարող է ներկայացված փաստաթղթերի հավաստիությունն ստուգել փաստաթղթերը տված մարմիններին, կազմակերպություններին հարցումներ կատարելու կամ օրենքով սահմանված այլ միջոցներով).
  • աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառվելու ժամանակահատվածը.
  • կազմակերպության լուծարված լինելու փաստը.
  • կազմակերպության լուծարման դեպքում վնասի փոխհատուցման գումարները կապիտալացված չլինելու կամ կապիտալացված միջոցների անբավարարության հանգամանքը:
  1. Սույն կարգի 15-րդ կետում նշված փաստաթղթերում կամ 16-րդ կետում նշված տեղեկատվության մեջ սխալների կամ վրիպակների դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ անհրաժեշտ են լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր, սխալները կամ վրիպակները ենթակա են ճշգրտման կամ փաստաթղթերը ենթակա են լրացման սույն կարգի 13-րդ կետով սահմանված դիմումը ներկայացնելու ամսաթվից հետո 30 օրվա ընթացքում։
  2. Սույն կարգի 17-րդ կետում նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ Միասնական սոցիալական ծառայության կողմից ըստ անհրաժեշտության կարող է դիմումատուին ներկայացվել սույն կարգի 15-րդ կետով նախատեսված փաստաթղթերի կամ դրանց մի մասի կրկին ներկայացնելու պահանջ։
  3. Վնասի փոխհատուցում ստանալու դիմումը մերժվում է, եթե՝
  • աշխատողն աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղում կամ մասնագիտական հիվանդություն ստացել կամ աշխատողի առողջությանն այլ վնաս պատճառվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի N 1094-Ն որոշման ուժի մեջ մտնելուց հետո.
  • պետական միասնական գրանցամատյանում բացակայում են կազմակերպության լուծարման վերաբերյալ տվյալներ.
  • կազմակերպության լուծարման արդյունքում վնասի փոխհատուցման գումարները կապիտալացվել են բավարար չափով և վճարվել կամ շարունակվում են վճարվել դիմումատուին:
  1. Վնասի փոխհատուցումը կատարում է Միասնական սոցիալական ծառայությունը` յուրաքանչյուր ամիս՝ մինչև տվյալ ամսի 15-ը, ամսական հասանելիք գումարը վնասի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձի անվամբ բացված հաշվեհամարին փոխանցելու միջոցով:»:

 

 

 

 

  • Քննարկվել է

    20.12.2022 - 05.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3113

Տպել

Առաջարկներ`

Արա Սաղումյան

21.12.2022

Համաձայն լինելով ներկայացված նախագծին՝ կարծում եմ, որ Հավելված 2-ի 2-րդ կետը հստակեցման կարիք ունի, քանի որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված է. «Օրենսգրքի 1078-1087 հոդվածների գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ քաղաքացու կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մինչև 1999 թվականի հունվարի 1-ը, սակայն ոչ շուտ, քան մինչև 1996 թվականի հունվարի 1-ը»: Համաձայն ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի՝ «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»: Վերոգրյալի հիման վրա արդյո՞ք անհրաժեշտ չեք համարում փոփոխություն կատարել նաև վերը նշված օրենքի 17-րդ հոդվածում, որպեսզի մինչև 01.01.1996թ. կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված անձինք նույնպես հնարավորություն ունենան ստանալու փոխհատուցում:

Տեսնել ավելին