ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » 2022թ. N -Ն
ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սահմանել, որ սույն կարգի կիրառման իմաստով՝
1) մարտական խնդիրների շրջանակը ներառում է համազորային, հատուկ նշանակության, հետախուզական, հրթիռային, հրետանային, հակաօդային պաշտպանության, ռադիացիոն քիմիական պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի, ավիացիոն, անօդաչու թռչող սարքերի, կապի, ինժեներական կամ ռազմատեղագրական մասնագիտական գործունեությունը և այդ գործունեության օպերատիվ, տեխնիկական, թիկունքային կամ բժշկական ապահովմանը, մարտական կամ զորահավաքային կամ բարոյահոգեբանական պատրաստության և զինվորական ծառայության կազմակերպմանն ուղղված գործունեությունը.
2) մարտական խնդիրների իրականացման գործառույթներ ունեցող են հանդիսանում սույն կետի 1-ին ենթակետում սահմանված գործունեության անմիջական իրականացում նախատեսող պաշտոնները.
3) մարտական խնդիրների պլանավորման գործառույթներ ունեցող են հանդիսանում սույն կետի 1-ին ենթակետում սահմանված գործունեության կազմակերպման և իրականացման գործընթացի պլանավորում նախատեսող պաշտոնները.
4) մարտական խնդիրների վերահսկման գործառույթներ ունեցող են հանդիսանում սույն կետի 1-ին ենթակետում սահմանված գործունեության կազմակերպման և իրականացման գործընթացի նկատմամբ վերահսկողություն նախատեսող պաշտոնները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ.
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի -ի N -Ն որոշման
ԿԱՐԳ
ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման գործընթացի իրականացման հետ կապված հարաբերությունները:
- 2. Ատեստավորման նպատակն է գնահատել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների (այսուհետ՝ զինծառայող) մասնագիտական գիտելիքները, ծառայողական պարտականությունների իմացությունը, ֆիզիկական և կրակային պատրաստության աստիճանն ու գնահատման արդյունքներով որակավորման համար զինծառայողներին վճարել հավելավճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափերով և կարգով:
- Ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներն առաջին անգամ մասնակցում են կամավոր:
- Զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող զինծառայողները ենթակա են ատեստավորման պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո և ոչ ուշ, քանի չորրորդ ամիսը լրանալու օրը: Սույն կետում նախատեսված ժամկետում ատեստավորման ենթակա են նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն նոր պայմանագիր կնքած և մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոնի նշանակված զինծառայողը՝ անկախ այն հանգամանքից, թե համապատասխան պաշտոնը զինծառայողը զբաղեցնում է առաջին անգամ, թե ոչ:
- Զինվորական պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող զինծառայողները ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Սույն կետով սահմանված դեպքում՝
1) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող զինծառայողն ատեստավորման ենթակա է ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո և ոչ ուշ, քանի չորրորդ ամիսը լրանալու օրը.
2) հերթական արձակուրդում կամ գործուղման կամ բուժման մեջ գտնվող զինծառայողը ենթակա է ատեստավորման հերթական արձակուրդի կամ գործուղման կամ բուժման ավարտից հետո եռամսյա ժամկետում:
- ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
- Սույն կարգի 3-րդ կետի համաձայն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների կողմից կամավոր հիմունքներով ատեստավորմանը մասնակցելու նպատակով ատեստավորման անցկացման մասին տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրաման, որը ներառում է`
1) ատեստավորման անցկացման ժամկետը, որը չի կարող պակաս լինել հրամանի ուժի մեջ մտնելուց հետո 30 և ավելի` 50 օրացուցային օրվանից.
2) ատեստավորմանը մասնակցելու հայտերի ընդունման սկիզբը և վերջնաժամկետը, ընդ որում, վերջնաժամկետը չի կարող գերազանցել հրամանի ուժի մեջ մտնելուց հետո 25 օրացուցային օրը.
3) ատեստավորում անցկացնող մարմինները և ատեստավորման անցկացման վայրերը.
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զորամասերի և զինվորական կառավարման մարմինների հրամանատարներին (պետերին) տրված հանձնարարականը՝ զորամասում կամ զինվորական կառավարման մարմնում մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողներին հրամանը գրավոր ծանոթացնելու վերաբերյալ:
- Սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված ատեստավորման հայտերը չեն ընդունվում և այդ մասին գրավոր տեղեկացվում է զինծառայողին` նշելով հայտի չընդունման պատճառը: Սույն կետով սահմանված կարգով չի ընդունվում նաև ատեստավորման այն հայտը, որը ներկայացրած զինծառայողը չի զբաղեցնում օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զինվորական պաշտոնների անվանացանկում նշված պաշտոն:
- Ատեստավորման հայտը զինծառայողը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության (այսուհետ՝ գլխավոր վարչություն) պետի անունով:
- Զինծառայողի ատեստավորման հայտը գլխավոր վարչություն է ուղարկվում զինծառայողի ծառայության վայրի զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) ուղեկցող գրությամբ, որին, բացի զինծառայողի ատեստավորման հայտից, կցվում է նաև զորամասի (զինվորական կառավարման մարմնի) տեղեկանքը, որում նշվում է զինծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, զինվորական կոչումը, զինվորական հաշվառման մասնագիտությունը, զբաղեցրած պաշտոնը և խումբը, իսկ զինծառայողի կողմից սույն կարգի 14-րդ կետում նախատեսված՝ չթույլատրվող ֆիզիկական վարժությունների ցանկում նշված համապատասխան հիվանդություն ունենալու դեպքում՝ նաև դրա վերաբերյալ տեղեկատվություն:
- Ներկայացված ատեստավորման հայտերի հիման վրա սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետի ավարտի օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վարչության կողմից կազմվում է ատեստավորմանը մասնակցող զինծառայողների անվանացուցակ, որի վերաբերյալ վարչության կողմից մեկօրյա ժամկետում էլեկտրոնային եղանակով գրավոր տեղեկացվում է ատեստավորման հայտ ներկայացրած զինծառայողի ծառայության վայրի զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարին (պետին)՝ առաջարկելով ատեստավորման անցկացման վայրի, օրվա և ժամի վերաբերյալ գրավոր տեղեկացնել զինծառայողին, ինչպես նաև ատեստավորման անցկացման օրը զինծառայողին արձակել ծառայության վայրից՝ ատեստավորմանը մասնակցելու համար:
- ՊԱՐՏԱԴԻՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
- Սույն կարգի 4-րդ կետի համաձայն զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն նոր պայմանագիր կնքած և մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոնի նշանակված զինծառայողների ատեստավորման անցկացման նպատակով պաշտոնի զբաղեցման կամ պաշտոնի նշանակման օրվանից հետո ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում զինծառայողի ծառայության վայրի զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) ուղեկցող գրությամբ գլխավոր վարչություն է ներկայացվում սույն հրամանի 9-րդ կետում նշված տեղեկանքը: Սույն կետում նշված ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում գլխավոր վարչության կողմից կազմվում է ատեստավորմանը մասնակցող զինծառայողների անվանացուցակ, որի վերաբերյալ գլխավոր վարչության կողմից մեկօրյա ժամկետում էլեկտրոնային եղանակով գրավոր տեղեկացվում է զինծառայողի ծառայության վայրի զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարին (պետին)՝ առաջարկելով ատեստավորման անցկացման վայրի, օրվա և ժամի վերաբերյալ գրավոր տեղեկացնել զինծառայողին, ինչպես նաև ատեստավորման անցկացման օրը զինծառայողին արձակել ծառայության վայրից՝ ատեստավորմանը մասնակցելու համար:
- Սույն կարգի 5-րդ կետի համաձայն զինվորական պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող զինծառայողների ատեստավորման անցկացման նպատակով զինծառայողի ատեստավորման եռամյա ժամկետը լրանալու օրվանից ոչ շուտ, քան 90 օրացուցային օր առաջ և ոչ ուշ, քան 75 օրացուցային օր առաջ կամ հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրված արձակուրդից զինծառայողի վերադառնալու կամ զինծառայողի հերթական արձակուրդի կամ գործուղման կամ բուժման ավարտի օրվանից հետո 15-օրյա ժամկետում զինծառայողի ծառայության վայրի զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) ուղեկցող գրությամբ վարչության կողմից վարչություն է ներկայացվում սույն հրամանի 9-րդ կետում նշված տեղեկանքը: Սույն կետում նշված համապատասխան վերջնաժամկետի օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վարչության կողմից կազմվում է ատեստավորմանը մասնակցող զինծառայողների անվանացուցակ, որի վերաբերյալ վարչության կողմից մեկօրյա ժամկետում էլեկտրոնային եղանակով գրավոր տեղեկացվում է զինծառայողի ծառայության վայրի զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարին (պետին)՝ առաջարկելով ատեստավորման անցկացման վայրի, օրվա և ժամի վերաբերյալ գրավոր տեղեկացնել զինծառայողին, ինչպես նաև ատեստավորման անցկացման օրը զինծառայողին արձակել ծառայության վայրից՝ ատեստավորմանը մասնակցելու համար:
- ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
- Սույն կարգի համաձայն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ատեստավորման կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվում են ատեստավորման 5 կենտրոններ և 10 հանձնաժողովներ: Յուրաքանչյուր հանձնաժողովը կազմվում է 10 անձից՝ հանձնաժողովի նախագահ և իննը անդամներ, որոնք հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ բաժանվում են երեք խմբերի, հանձնաժողովի անդամներից երեքն անցկացնում են ատեստավորմանը մասնակցող զինծառայողների ֆիզիկական պատրաստության աստիճանի գնահատումը, երեքը՝ կրակային պատրաստության աստիճանի գնահատումը, իսկ մյուս երեքը՝ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության գնահատումը:
- Զինծառայողների ֆիզիկական և կրակային պատրաստության աստիճանի գնահատումն իրականացվում է համապատասխան գործնական վարժությունների, իսկ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության գնահատումը՝ գրավոր թեստավորման միջոցով: Ֆիզիկական պատրաստության աստիճանը գնահատվում է ըստ զինծառայողների տարիքային խմբերի համար սահմանված ֆիզիկական վարժությունների, իսկ կրակային պատրաստության գնահատումը՝ ըստ զինծառայողի անհատական կրակային վարժությունների ծրագրային նորմացույցերի: Ֆիզիկական պատրաստության աստիճանի գնահատման համապատասխան գործնական վարժության կատարումից ազատվում է այն զինծառայողը, ով ունի Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված չթույլատրվող ֆիզիկական վարժությունների ցանկով նախատեսված համապատասխան գործնական վարժության կատարման հակացուցում: Թեստավորման առաջադրանքը բաղկացած է 50 հարցից, որից 5-ը՝ պաշտպանության ոլորտի օրենսդրության, 35-ը՝ զինծառայողի զինվորական հաշվառման մասնագիտության, իսկ 10-ը՝ գործառութային պարտականությունների վերաբերյալ: Թեստերը բաղկացած են ընտրովի և կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից:
- Գլխավոր վարչությունը յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ զորամասեր (զինվորական կառավարման մարմիններ) է ուղարկում մեթոդական ուղեցույց, որում ներկայացվում են թեստերի կառուցվածքը, թեստային առաջադրանքներում ընդգրկվող նյութը և առաջադրանքների նմուշները, ֆիզիկական և կրակային պատրաստության աստիճանի գնահատման գործնական վարժությունների նորմատիվները, ըստ յուրաքանչյուր ուղղությամբ գնահատման ձևաթղթերի լրացման կարգը:
- Ատեստավորումն անցկացվում է 3 օրում, որից առաջին երկու օրն իրականացվում է ֆիզիկական և կրակային պատրաստության աստիճանի գնահատումը, իսկ երրորդ օրը՝ թեստավորումը: Ֆիզիկական և կրակային պատրաստության աստիճանի գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում գործող նորմատիվների համաձայն:
- Թեստավորման սենյակում աշխատանքներն սկսվելուց մեկ ժամ առաջ հանձնաժողովի նախագահը թեստավորման սենյակում թեստավորման խմբին է տրամադրում թեստի հարցերի պատասխանների ձևաթղթի ծրարը և թեստավորմանը մասնակցող զինծառայողների ցուցակը:
- Պատասխանների ձևաթղթի ծրարը պարունակում է թեստավորմանը մասնակցող զինծառայողների թվով պատասխանների ձևաթուղթ, որոնք տրվում են զինծառայողներին և երկու լրացուցիչ ձևաթուղթ, որոնք օգտագործվում են պատասխանների ձեւաթղթերի խոտանման դեպքում:
- Զինծառայողների մուտքը թեստավորման սենյակ սկսվում է ատեստավորման կենտրոնի ղեկավարի հրահանգով, սենյակում զինծառայողը ստանում պատասխանների ձեւաթուղթը, ցուցակում ստորագրում է իր անվան դիմաց և նստում է համարակալված որևէ նստարանի:
- Գրավոր աշխատանքն սկսվելուց 15 րոպե առաջ հանձնաժողովի նախագահը զինծառայողների համար ընթերցում է թեստավորման անցկացման կարգը:
- Զինծառայողը պատասխանների ձեւաթղթում լրացնում է իր կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը, այնուհետև խմբի անդամները մոտենում են զինծառայողներին, կտրում պատասխանների ձևաթղթերի` անձնական տվյալները պարունակող մասերը, հաշվում են և հանձնում հանձնաժողովի նախագահին:
- Հանձնաժողովի նախագահը պատասխանների ձևաթղթերի անձնական տվյալները պարունակող մասերը խմբի անդամների մասնակցությամբ հաշվում, ստուգում, այնուհետև տեղավորում է այդ նպատակով ստացված ծրարում` ծրարի վրա գրելով կտրված մասերի թիվը:
- Հանձնաժողովի նախագահը համապատասխան թեստերի փաթեթները ցուցադրում է զինծառայողներին` նրանց ուշադրությունը հրավիրելով փաթեթների փակ և ամբողջական լինելու հանգամանքի վրա, որից հետո բացում է դրանք` բոլորին տեսանելի ձևով: Փաթեթների բացման վերաբերյալ արձանագրությունների համապատասխան տողում խմբի անդամները կատարում են նշում:
- Խմբի անդամները զինծառայողներին են բաժանում են թեստերը: Զինծառայողը, ստանալով իր թեստը, ստուգում է այն և թեստի շապիկի համապատասխան մասում գրում իր կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը և նստարանի համարը: Հայտարարվում է գրավոր աշխատանքի սկիզբը, տևողությունը, ցուցատախտակի վրա կատարվում է նշում գրավոր աշխատանքի սկզբի և ավարտի վերաբերյալ: Թեստավորմանը հատկացվում է 2 ժամ:
- Գրավոր աշխատանքի սկիզբը հայտարարվելուց հետո արգելվում է ուշացած զինծառայողի մուտքը թեստավորման սենյակ:
- Գրավոր աշխատանքի ընթացքում արգելվում է այլ զինծառայողների հետ խոսելը, թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, միմյանցից արտագրելը, բջջային հեռախոսներ կամ կապի այլ միջոցներ թեստավորման սենյակ բերելը, այլ նստարանին նստելը: Սույն կետով սահմանված խախտումների դեպքում հանձնաժողովի նախագահը մեկ անգամ բանավոր նախազգուշացնում է զինծառայողին, իսկ կրկնվելու դեպքում՝ դադարեցնում է զինծառայողի թեստավորումը և զինծառայողին դուրս հրավիրում թեստավորման սենյակից՝ արձանագրելով խախտումը և զինծառայողի տվյալները: Այս դեպքում կայացվում է եզրակացություն՝ ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար:
- Գրավոր աշխատանքի ընթացքում թեստավորման սենյակից զինծառայողը կարող է դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում` հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ խմբի անդամներից մեկի ուղեկցությամբ:
- Թեստավորման սենյակում թեստի բովանդակության վերաբերյալ զինծառայողի հարցերը չեն քննարկվում:
- Գրավոր աշխատանքի ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող թեստերն ու պատասխանների ձևաթղթերը նորերով փոխարինում է հանձնաժողովի նախագահը` արձանագրությունների համապատասխան տողում նշելով այդ փաստը: Թերություններ ունեցող պատասխանների ձևաթղթերի և թեստերի վրա գրվում են «Խոտանված է» բառերը:
- Գրավոր աշխատանքի ամբողջ ընթացքում թեստավորման սենյակում կարող են ներկա գտնվել միայն հանձնաժողովի նախագահը և խմբի անդամները:
- Գրավոր աշխատանքի ավարտից 30 րոպե առաջ հանձնաժողովի նախագահը զինծառայողների ուշադրությունն է հրավիրում ժամանակի վրա և հիշեցնում առաջադրանքների պատասխանները թեստերից պատասխանների ձևաթղթերի վրա անցկացնելու մասին:
- Գրավոր աշխատանքն ավարտած զինծառայողը թեստը և պատասխանների ձևաթուղթը հանձնում է հանձնաժողովի նախագահին` ստորագրելով թեստավորմանը մասնակցող զինծառայողների ցուցակի՝ իր վերաբերյալ տվյալների տողում: Հանձնաժողովի նախագահը համեմատում է թեստի և պատասխանների ձևաթղթում նշված թեստի համարները, այնուհետև պատճենահանում է պատասխանների ձևաթուղթը և պատճենահանված օրինակը հանձնում է զինծառայողին, որը զինծառայողը պահում է իր մոտ:
- Հանձնաժողովի նախագահը պատասխանների ձևաթղթերի (օգտագործված, չօգտագործված, խոտանված), թեստավորմանը մասնակցած զինծառայողների ցուցակի ծրարները, պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի ծրարները և թեստերը (օգտագործված, չօգտագործված) հաշվում է և արձանագրում:
- Պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի վերծանումից հետո ստուգման տվյալները գրանցվում են որպես զինծառայողի թեստավորման արդյունք:
- Ատեստավորման արդյունքները հանձնաժողովների կողմից ամփոփվում են ատեստավորման ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, որի ժամանակ կազմվում է արձանագրություն և, ըստ ատեստավորման արդյունքների, յուրաքանչյուր զինծառայողի վերաբերյալ տրվում է գրավոր եզրակացություն՝
1) ենթակա է հաշվարկվելու հավելավճար, կամ
2) ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը կամ
3) ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար:
- Ատեստավորման արդյունքներով որակավորված է համարվում ֆիզիկական և կրակային պատրաստության վարժություններից յուրաքանչյուրից «լավ» գնահատական ստացած և թեստային առաջադրանքներից 35 և ավելի հարցին ճիշտ պատասխանած զինծառայողը:
- Ատեստավորման արձանագրությունը, գրավոր եզրակացությունը և ըստ յուրաքանչյուր ուղղությամբ գնահատման ձևաթղթերը հանձնաժողովների կողմից մեկօրյա ժամկետում ներկայացվում են գլխավոր վարչություն:
- Ատեստավորման արդյունքներով որակավորված կամ ատեստավորումը չանցած զինծառայողների վերաբերյալ գլխավոր վարչությունը 3-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է զինծառայողի ծառայության վայրի զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարին (պետին)՝ կից ուղարկելով նաև զինծառայողի վերաբերյալ կայացված գրավոր եզրակացության և ըստ յուրաքանչյուր ուղղությամբ գնահատման ձևաթղթերի պատճեները, որոնք պարտադիր կցվում են զինծառայողի անձնական գործին:
- Գլխավոր վարչությունը վարում է ատեստավորմանը մասնակցած զինծառայողների էլեկտրոնային գրանցամատյան, որում գրառվում են սույն կարգի 9-րդ կետում նախատեսված տեղեկությունները, զինծառայողի ատեստավորման ժամկետը, ատեստավորման արդյունքները և կայացված եզրակացությունները:
- Ատեստավորմանը մասնակցած զինծառայողը մեկօրյա ժամկետում պարտադիր ծանոթացվում է ատեստավորման արդյունքներին և կայացված եզրակացությանը: Զինծառայողն իրավունք ունի վերադասության կարգով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին բողոքարկելու ատեստավորման արդյունքները և կայացված եզրակացությունը՝ դրանց ծանոթանալու օրվանից հետո ոչ ուշ, քան տաս աշխատանքային օրվա ընթացքում, կամ վարչական դատավարության կարգով:
- Ատեստավորման արդյունքների և կայացված եզրակացության վերադասության կարգով բողոքարկումը չի կարող հանգեցնել նոր ատեստավորման անցկացման: Քննարկելով բերված բողոքը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն իրավունք ունի`
1) բավարարելու բողոքն ամբողջությամբ՝ հանձնարարելով ատեստավորման հանձնաժողովին կայացնելու նոր եզրակացություն.
2) մերժելու բողոքը` ատեստավորման հանձնաժողովի եզրակացությունը թողնելով անփոփոխ:
- Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած զինծառայողը կարող է կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի դեպքում զինծառայողի ատեստավորումը կազմակերպվում և անցկացվում է սույն կարգի 2-րդ և 4-րդ գլուխների պահանջների համաձայն: