Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Զբոսաշրջության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայատանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը

Ներկայացվող ՀՀ օրենքների նախագծերը մշակվել են` ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650 - Լ որոշմամբ հաստատված հավելված N 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» կատարումն ապահովող միջոցառումների 258.1-ին կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902 - Լ որոշմամբ հաստատված հավելված N 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 10.1-ին կետի։

Գործող իրավական դաշտի բարելավման անհրաժեշտությունն առաջացել է զբոսաշրջության բնագավառին բնորոշ դինամիկ զարգացման և նոր մարտահրավերների պայմաններում զբոսաշրջային գործունեության սուբյեկտների և զբոսաշրջիկների  փոխադարձ իրավունքների և պարտավորությունների հստակեցման, զբոսաշրջային ծառայություններին ներկայացվող պահանջների հստակեցման և զբոսաշրջային գործունեության նկատմամբ վերահսկողության միջոցների հստակեցման իրական անհրաժեշտությունից: 

Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխությունները և լրացումները նպաստելու են քաղաքացիների սպառողական իրավունքների պաշտպանությանը, զբոսաշրջային գործունեության ծառայություններին և սուբյեկտերին ներկայացվող պահանջների հստակեցմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը  և այլն:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
  2. Հայաստանում զբոսաշրջության զարգացման ներկա միտումների և մարտահրավերների պայմաններում անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները.
  • հստակեցնել ՀՀ օրենսդրությամբ ոլորտում կարգավորման շրջանակը.
  • զբոսաշրջության բնագավառում ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրման և որակյալ ուսումնասիրությունների ու վերլուծությունների իրականացման, առկա ռեսուրսների գնահատման և պետական քաղաքականության առավել արդյունավետ մշակման ու իրականացման նպատակով՝

ա) բարելավել զբոսաշրջության ոլորտի վարչական վիճակագրության վարումը՝ զբոսաշրջության ոլորտի վարչական ռեգիստրի և զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյանների վարման մեխանիզմների ներդրմամբ,

բ) արդիականացնել և հստակեցնել զբոսաշրջության բնագավառում օգտագործվող հասկացությունները.

  • զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավման, քաղաքացիների սպառողական իրավունքների լիարժեք պաշտպանության ապահովման նպատակով ներդնել զբոսաշրջային ծառայությունների նկատմամբ միջազգային չափանիշներին համապատասխանող կարգավորումներ և սահմանել դրանց պահպանման և արդյունավետ իրականացման համար վերահսկողական մեխանիզմներ, ինչը ենթադրում է

ա) զբոսաշրջային ծառայությունների տրամադրման պայմանների հստակեցում՝ ներառյալ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց պարտադիր հաշվառման համակարգի մշակում,    

բ) զբոսաշրջության ծառայությունների մատուցման պայմանագրերում ներառվող պարտադիր նվազագույն պահանջների հստակեցում և գրավոր պայմանագրերի կնքման ապահովման մեխանիզմների ներմուծում,

գ) զբոսաշրջային ծառայություններ մատուցողների նկատմամբ ներկայացվող պահանջների հստակեցում,

դ) զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ արդյունավետ վերահսկության և պատասխանատվության կիրառման համակարգերի հստակեցում.

  • հաշվի առնելով զբոսաշրջային ակտիվ սեզոնի ընթացքում կայանատեղերի բացակայությունը՝ ներդնել զբոսաշրջային ավտոտրանսպորտային ուղևորափոխադրողների հաշվառման համակարգ և ապահովել զբոսաշրջային ավտոտրանսպորտային ուղևորափոխադրողների համար հատուկ առանձնացված կայանատեղեր,
  • հստակեցնել զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններին ներկայացվող պահանջները:

 Նշված խնդիրների լուծման համար անհրաժեշտ է վերանայել գործող իրավական դաշտը՝ հետևյալ ուղղություններով՝

  1. ապահովել ամբողջական վիճակագրություն, որակյալ հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ` ի նպաստ պետական քաղաքականության արդյունավետ մշակման ու իրականացման,
  2. ապակենտրոնացնել զբոսաշրջությունը դեպի ՀՀ մարզեր, այդ թվում նաև գյուղական համայնքներ,
  3. բարելավել և զարգացնել ենթակառուցվածքները,   
  4. ամրապնդել և շարունակական բարձրացնել ծառայությունների որակը,
  5. զարգացնել մարդկային ռեսուրսները,
  6. բարելավել զբոսաշրջային կենտրոնների և զբոսաշրջային գրավչության օբյեկտների կառավարումը,
  7. աջակցել զբոսաշրջության բնագավառում գործող, մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների գործունեությանը,
  8. ամրապնդել և շարունակական ակտիվացնել միջազգային համագործակցությունը,
  9. ձևավորել  զբոսաշրջիկների և զբոսաշրջային ծառայություններ մատուցողների իրավունքների պաշտպանություն ապահովող օրենսդրություն:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Ներկայացված նախագծերը վերոնշյալ խնդիրների լուծմանն ու նպատակների իրականացմանն ուղղված համալիր միջոցառումների էական մասն են կազմում և ուղղված են զբոսաշրջային արդյունաբերության մասնավոր հատվածի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ բազմաթիվ քննարկումների ընթացքում բարձրացված, ինչպես նաև գործող օրենսդրության կիրառման արդյունքում առաջացած գործնական խնդիրների լուծմանը:

Առաջարկվող փոփոխություններով և լրացումներով, մասնավորապես՝

  1. հստակեցվել են զբոսաշրջության բնագավառում օգտագործվող հասկացությունները և սահմանվել են նոր հասկացություններ,
  2. զբոսաշրջության բնագավառում ճշգրիտ վիճակագրության վարման, որակյալ հետազոտությունների և վերլուծությունների իրականացման և ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման գործընթացի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև նոր, մրցունակ զբոսաշրջային արդյունքի ձևավորման ու հայկական զբոսաշրջային արդյունքի և զբոսաշրջային շուկաների դիվերսիֆիկացման գործընթացին նպաստելու նպատակով նախատեսվել են դրույթներ ոլորտի վարչական ռեգիստրի ներդրման և զբոսաշրջային ռեսուրսների գույքագրման և գրանցամատյանի վարման վերաբերյալ,
  3. քաղաքացիների սպառողական իրավունքների պաշտպանության նպատակով նախատեսվել է զբոսաշրջային փաթեթների պարտադիր ապահովագրության դրույթ,
  4. զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավման, ծառայությունների նկատմամբ չափանիշների սահմանման և պահպանման, սպառողի իրավունքների լիարժեք իրականացման ապահովման և այդպիսով Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման  նպատակով նախատեսվել է զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջային գործակալների, հյուրանոցային ծառայությունների, գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա գործունեության տեսակ, զբոսավարների և ուղեկցորդների սերտիֆիկացում, ինչպես նաև նախատեսվել են պահանջներ զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների նկատմամբ, իսկ զբոսաշրջային ավտոբուսների և  հանրային սննդի օբյեկտների համար նախատեսվել է կամավոր որակավորման հնարավորություն․
  5. Զբոսաշրջության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների  խախտումների կանխարգելման և վերացման նպատակով նախատեսվել են օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողությանը և խախտումների համար վարչական պատասխանատվության միջոցների հստակեցմանը վերաբերող դրույթներ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակման բոլոր փուլերում հանդիպումների միջոցով քննարկվել է զբոսաշրջային արդյունաբերությունը ներկայացնող պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացված առաջարկությունները քննարկվել են բոլոր շահագրգիռ կողմերի, ինչպես նաև զբոսաշրջության բնագավառը կարգավորող օրենսդրության միջազգային փորձագետի հետ: Օրենքի կարգավորման ենթակա հարցերը հաշվի են առնվել նախագծում, մնացած առաջարկությունները կքննարկվեն և հաշվի կառնվեն օրենքի պահանջներից բխող այլ իրավական ակտերի նախագծերում:

Նախագծերը մշակելիս հաշվի են առնվել միջազգային, այդ թվում` եվրոպական լավագույն փորձը:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծերով նախատեսվող որակյալ ուսումնասիրությունների իրականացումը, զբոսաշրջային ռեսուրսների գույքագրումն ու դրա տվյալների հիման վրա նոր մրցունակ զբոսաշրջային արդյունքների մշակումն ու խթանումը, հայկական զբոսաշրջային արդյունքի և զբոսաշրջային շուկաների դիվերսիֆիկացումը, զբոսաշրջային ծառայությունների որակի բարձրացումը, սպառողի իրավունքների իրականացման ապահովումը էապես կնպաստեն Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, զբոսաշրջային համաշխարհային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի և Հայաստանի` որպես զբոսաշրջային երկրի մրցունակության բարձրացմանը: Նախագծերի ընդունումը նշանակալի ներդրում կունենա Հայաստանում տնտեսական զարգացման, Հայաստանի տարածքային համաչափ զարգացման, մարզերում և համայնքներում ենթակառուցվածքների զարգացման և եկամուտների լրացուցիչ աղբյուրների ձևավորման, հանրապետությունում զբաղվածության ավելացման խնդիրների լուծման գործում: Այն նաև լայն թափ կհաղորդի ընթացիկ զբոսաշրջային ծրագրերի բարեհաջող իրականացմանը և նոր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

  1. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերը բխում են Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի 16-րդ «Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան» մեգանպատակից և «Վերափոխենք հարյուր միլիոնավոր օտարերկրացիների և նրանց առաջնորդների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ» «Զանգվածային վերափոխման իմաստը»-ից (հղում՝ https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Armenia2050_7_5.pdf, 28-րդ և 70-րդ էջեր), Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «2 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետի «Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում» բաժնի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ պարբերություններից և «2.5 Զբոսաշրջություն» բաժնից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1363hav.pdf, 27-րդ, 28-րդ և 38-39-րդ էջեր) և ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 10․1 կետ (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf 231-232-րդ էջ)։  

  • Քննարկվել է

    22.08.2022 - 06.09.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Հանրային քննարկում

22.08.2022 15:22

Զբոսաշրջության մասին Հայաստանի Հանրապետության օրենք

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6431

Տպել

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

06.09.2022

Ուղղել «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծի 25-րդ հոդվածի համարակալումը և 1-ին մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «4) հաշմանդամություն ունենալու պարագայում պահանջել և ստանալ խելամիտ հարմարեցումներ.»։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

06.09.2022

«Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծի 23-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի «օտար լեզվով» բառերից առաջ լրացնել «հայերեն ժեստերի լեզվով կամ» բառերով։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

06.09.2022

«Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծի 23-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Զբոսավարների, ուղեկցորդների մասնագիտական որակավորման և վերապատրաստման դասընթացները պետք է տրամադրեն նվազագույն գիտելիքներ զբոսաշրջային ծառայությունների մատչելիության և հաշմանդամություն ունեցող անձանց հետ հաղորդակցության վերաբերյալ, այդ թվում՝ խթանեն զբոսավարների և ուղեկցորդների՝ հայերեն ժեստերի լեզվի նվազագույն անհրաժեշտ իմացությունը։»։

Տեսնել ավելին