Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով սահմանվում է հանրային ծառայությունների ցանկի բարելավման և թվայնացման մեթոդաբանությունը՝ նպատակ ունենալով նվազեցնել ավելորդ վարչարարությունը, ապահովել ծառայությունների միասնական թվային ճարտարապետությանը համապատասխան զարգացում և քաղաքացիների համար ծառայությունների մատուցման գործընթացը դիտարկել «կյանքի իրադարձությունների» տրամաբանությամբ։

Նախագծով նախատեսվում է պետական մարմիններին հանձնարարել՝ սահմանված ժամկետներում օպտիմալացնել գործող հանրային ծառայությունները, ներկայացնել թվայնացման ենթակա ծառայությունների ցանկը և մշակել դրանց իրականացման ճանապարհային քարտեզներ։ Բացի այդ, սահմանվում են «կյանքի 12 իրադարձություններ», որոնց շրջանակում ծառայությունները ենթակա են համալիր վերանայման, իրավական և տեխնոլոգիական վերլուծության ու ամբողջական թվայնացման։

Նախագծի նպատակն է ապահովել հանրային ծառայությունների համակարգային վերափոխում, թվային կառավարման արդյունավետության բարձրացում և ծառայությունների մատուցման քաղաքացինակենտրոն մոտեցման ներդրում։

  • Տևողություն

    12.05.2026 27.05.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային ծառայություն

  • Գերատեսչություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 394

Տպել

Առաջարկներ`

Սուրեն Սեմերջյան

15.05.2026

Նախագծի 2-րդ կետի 1-ին ենթակետով պետական կառավարման համակարգի մարմիններին հանձնարարվում է օպտիմալացնել և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն (այսուհետ՝ ՀՏՀԳ) հիմնադրամի հետ համագործակցությամբ թվայնացման ենթակա ծառայությունների ցանկը ներկայացնել Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի հաստատմանը։ Միաժամանակ, նախագծով հստակեցված չէ, թե ցանկերի կազմման գործընթացում ՀՏՀԳ-ն կոնկրետ ինչ գործառույթներ է իրականացնելու, ինչ բնույթի մեթոդաբանական, տեխնիկական կամ կազմակերպչական աջակցություն է տրամադրելու պետական կառավարման համակարգի մարմիններին, ինչպես նաև՝ ինչ ձևաչափով և ժամկետներում։ Մինչդեռ, հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է թվայնացման գործընթացի մեթոդաբանությանը, նման հարցերը պետք է կարգավորվեին հենց մեթոդաբանությամբ՝ որպես միասնական և կանխատեսելի գործընթաց ապահովող ուղեցույց։ Հակառակ դեպքում, ՀՏՀԳ-ն փաստացի ինքնուրույն է որոշելու համագործակցության և աջակցության ձևաչափը, ինչը կարող է հանգեցնել տարբեր մարմինների նկատմամբ տարբեր մոտեցումների կիրառման։ Նույն դիտողությունը վերաբերում է նաև նախագծի 2-րդ կետի 2-րդ ենթակետին։

Սուրեն Սեմերջյան

15.05.2026

Նախագծի հավելվածի 6-րդ և 7-րդ կետերով սահմանվում է, որ այն ծառայությունների դեպքում, որոնք իրենց բնույթով ենթակա չեն լիարժեք թվայնացման, անհրաժեշտ է դիտարկել դրանց ներքին գործընթացների բարելավումը և տվյալների ինքնաշխատ ստացման հնարավորությունը՝ ապահովելով ֆիզիկական ծառայությունից օգտվող անձանց դրական փորձառությունը։ Միաժամանակ սահմանվում է, որ պետական մարմինները պետք է բացահայտեն և խմբավորեն թվային եղանակով չմատուցվող ծառայությունները և ապահովեն դրանց ներքին գործընթացների բարելավումը թվային գործիքների միջոցով։ Սակայն նախագծով որևէ պարտականություն կամ ուղեցույց չի սահմանվում՝

  • թվայնացման ոչ ենթակա ծառայությունների ցանկերի ներկայացման,
  • դրանց բարելավման ուղղությամբ ճանապարհային քարտեզների կամ ժամանակացույցերի մշակման,
  • ինչպես նաև այդ միջոցառումների իրականացման ժամկետների և կատարողականի գնահատման չափանիշների մասով։

Բացի այդ, պարզ չէ, թե ինչ չափանիշներով պետք է պետական կառավարման համակարգի մարմինները տարբերակեն թվայնացման ենթակա և ոչ ենթակա ծառայությունները։ Այս առումով ևս առաջանում է ՀՏՀԳ-ի մեթոդաբանական ներգրավվածության, համակարգման և աջակցման ձևաչափի հստակ սահմանման անհրաժեշտություն։

Սուրեն Սեմերջյան

15.05.2026

Նախագծի հավելվածի 9-րդ կետի համաձայն՝ պետական մարմինները, համագործակցելով միմյանց հետ, պետք է բացահայտեն և խմբավորեն նույնաբովանդակ ծառայությունները, ինչպես նաև ապահովեն դրանց միավորումը՝ սահմանելով պետական մարմինների հստակ դերաբաշխում։ Գործնականում տվյալ մոտեցումը ենթադրում է, որ յուրաքանչյուր պետական մարմին պետք է կապ հաստատի մյուս բոլոր պետական մարմինների հետ՝ համեմատելու իր կողմից առանձնացված ծառայությունները այլ մարմինների ծառայությունների ցանկերի հետ՝ նույնաբովանդակ ծառայությունները բացահայտելու նպատակով։ Այնուհետև պետք է իրականացվեն միջգերատեսչական քննարկումներ՝ որոշելու համար, թե որ մարմնի շրջանակներում պետք է իրականացվի ծառայությունների միավորումը և ինչ ձևաչափով։ 

Նման կարգավորումը գործնականում դժվար իրագործելի և ոչ արդյունավետ է՝ հաշվի առնելով գործընթացի ծավալը և ներգրավված մարմինների քանակը։ Առավել նպատակահարմար կլիներ նույնաբովանդակ ծառայությունների բացահայտման և համակարգման գործառույթը վերագրել մեկ համակարգող մարմնի, օրինակ՝ ՀՏՀԳ-ին, որը կապահովեր գործընթացի կենտրոնացված և միասնական իրականացումը։ Նույն դիտողությունը վերաբերում է նաև նախագծի հավելվածի 9-րդ կետին։

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: