Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

 

«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

1.    Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են մի շարք իրավական, ինստիտուցիոնալ և գործնական հիմնավորումներով, որոնք անհրաժեշտ են «Կինեմատոգրաֆիայի մասին» գործող օրենքի դրույթների վերանայման և դրանց համապատասխանեցման համար՝ ՀՀ օրենսդրության ընդհանուր սկզբունքներին, իրական իրավիճակին և ոլորտի զարգացման ընթացիկ պահանջներին։ Հաշվի առնելով, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» գործող օրենքի մի շարք դրույթներ չեն արտահայտում ոլորտի իրական պահանջներն ու զարգացումը՝ անհրաժեշտ է օրենքի վերանայում, ձևակերպումների ճշգրտում և նոր գործիքների ներդրում։

2.    Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Օրենքի մի շարք հիմնական հասկացություններ (օրինակ՝ «կինոթատրոն», «ֆիլմ», «ֆիլմի ցուցադրում», «ֆիլմարտադրող», և այլն) իրենց բովանդակությամբ չեն համապատասխանում ՀՀ գործող օրենսդրության կիրառվող հասկացություններին։ Նման սահմանումների առկայությունը խոչընդոտում է օրենքի հստակ ընկալմանը և կիրառելիությունը։ Հետևաբար, դրանց հստակեցումը և բովանդակային վերաիմաստավորումը պայմանավորված է գործնական անհրաժեշտությամբ։ Նախագծով վերանայվել է «ազգային ֆիլմ» հասկացությունը՝ այն առավել հստակեցնելու նպատակով։ Նախկին ձևակերպումը չէր ապահովում ազգային ֆիլմերի սահմանման բովանդակային ճշգրտություն։ Առաջարկվում է մի շարք հոդվածների գործողությունը դադարեցնել, քանի որ դրանք կրկնվում են կամ հակասում են օրենսդրության այլ նորմերին:

Ստորև նշվում է յուրաքանչյուր հոդվածի և կետի առաջարկվող փոփոխությունները և լրացումները իրենց հիմնավորումներով՝

Հոդված 1. «Կինեմատոգրաֆիայի մասին» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը դադարեցնել։

2)       Եթե միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Սույն մասի գործողությունը դադարեցնելը հիմնավորվում է նրանով, որ ՀՀ Սահմանդրության 5-րդ հոդվածով սահմանված է իրավական նորմերի աստիճանակարգությունը, մասնավորապես նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: Ուստի իրավական ակտերի կառուցակարգերի իմաստով կարծում ենք նպատակահարմար չէ նույն աստիճանակարգումը կրկնել նաև «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1)       2-րդ կետի գործողությունը դադարեցնել.

 «Աջակցող» հասկացության առկայությունը Օրենքում առարկայազուրկ է, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով արդեն իսկ առկա են կարգավորումներ նման գործընթացներ իրականցնելու համար:

2)       4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «4) դրամագլուխ՝ պետական բյուջեից և Օրենքով չարգելված այլ աղբյուրներից ձևավորվող կամ համալրվող դրամական միջոցների ֆոնդ, որի ծախսերը կատարվում են միայն սույն օրենքի հիման վրա»։

Սույն կետը նոր խմբագրությամբ շարադրելը նպատակ ունի առավել հստակեցնել «դրամագլուխ» հասկացությունը և ձևավորել առավել արդյունավետ գործիքակազմ և մեխանիզմներ դրա կիրառման և ոլորտի զարգացման ապահովման համար:

3)       9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) կինոթատրոն` ֆիլմի ցուցադրման համար նախատեսված վայր, որը հագեցված է էկրանով և տեխնիկական միջոցներով»։

Սույն կետը նոր խմբագրությամբ շարադրելը նպատակ է հետապնդում օրենսդրությունը մոտեցնել իրականում Հայատանում առկա իրավիճակին, քանի որ ոչ բոլոր կինոթատրոնները, հատկապես մարզերում գործող, ունեն պայմաններ 50 և ավելի դիտողներ ապահովելու համար: Ուստի նշված փոփոխությունը առաջին հերթին կնպաստի մարզային կինոթատրոնների ստեղծմանն ու զարգացմանը:

4)       10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) կինոժառանգություն` ֆիլմ որևէ տեսակի կրիչի վրա, ինչպես նաև ֆիլմի ստեղծման համար անհրաժեշտ պարագաները (բեմադրական իր, կահույք, հագուստ, սարք, սարքավորում, առարկա, կառույց) և շարժական գույքը, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը ունի գույքային իրավունքներ, ինչպես նաև այնպիսի ֆիլմեր, որոնց հիմնանյութը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության պահպանությանը»։

5)       11-րդ կետում հանել «ազգային» բառը.

Գործող կարգավորումը չի բխում Օրենքի տրամաբանությունից, ինչպես նաև չի համապատասխանում կինեմատոգրաֆիայի ոլորտում պետության շահերին, քանի որ կինոռեեստրում տեղ են գտնելու ոչ միայն ազգային ֆիլները: Նախատեսվում է, որ օտարերկրյա ֆիլմերը ևս ներառվեն կինոռեեստրում, որի նպատակն է հաշվառել ՀՀ տարածքում ցուցադրված ֆիլմերը՝ այսինքն իրականացնել ոչ միայն ազգային, այլ նաև օտարերկրյա ֆիլմերի վիճակագրական հաշվառում: Համապատասխան փոփոխություններ անհրաժեշտ է կատարել նաև ՀՀ Կառավարության 07.12.2023թ. N 2127-Ն որոշման մեջ:

6)       13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13) կինոփառատոն` մշակութային միջոցառում, որը հանդիսանում է նպատակային ընտրված ֆիլմերի ցուցադրություն, տեղի է ունենում դրա կազմակերպիչների կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան և կարող է իր մեջ ներառել մեկ և ավելի անվանակարգերում ֆիլմերի մրցութային և ոչ մրցութային ծրագիր»»:

Սույն կետը նոր խմբագրությամբ շարադրելը նպատակ է հետապնդում առավել հստակեցնել կինոփառատոն հասկացությունը:

7)       22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

22)     «վարձութային վկայական` Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի տարածման համար պարտադիր հանդիսացող ազգային մարմնի կողմից տրամադրվող թույլտվություն սահմանող փաստաթուղթ.»:

Սույն փոփոխությունը կատարելով պարզեցվում է վարձութային վկայականի տրամադրման նպատակը և ավելի է հստակեցվում առանց տվյալ փաստաթղթի ֆիլմի տարածելու և ցուցադրութուն իրականցնելու անհնարինությունը: 

8)       23.1 կետը «ապրանքների և ծառայությունների» բառերը փոխարինել «ապրանքների, ծառայությունների և աշխատանքների» բառերով:

Սույն կետով լրացվում է այն ծախսերի ցանկը, որոնց դեպքում ֆիլմարտադրողները կարող են ստանալ ներդրումների մասնակի վերադարձը, մասնավորապես ձեռք բերված աշխատանքների մասով:

9)       26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26) ֆիլմ տարածող (դիստրիբյուտոր)` տնտեսավարող սուբյեկտ, որը իրավունք ունի ֆիլմ տարածելու, ինչպես նաև իրականացնում կամ կազմակերպում է դրա տարածումը.»։

Սույն կետի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ գործող ձևակերպման մեջ ամբողջությամբ նկարագրված չեն ֆիլմ տարածողի (դիստրիբյուտորի) գործառույթները,

10)     27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27) ֆիլմ ցուցադրող` տնտեսավարող սուբյեկտ, որը իրավունք ունի ֆիլմ ցուցադրելու, ինչպես նաև իրականացնում կամ կազմակերպում է դրա ցուցադրումը.»։

Սույն կետի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ գործող ձևակերպման մեջ ամբողջությամբ նկարագրված չեն ֆիլմ ցուցադրողի գործառույթները,

11)      35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«35) ֆիլմի ցուցադրում` ֆիլմի հրապարակային ցուցադրում կինոթատրոնում, հեռարձակում հաղորդալարով (ներառյալ մալուխային կապը) կամ առանց հաղորդալարի (ներառյալ հեռուստատեսային կամ արբանյակային կապը) և այլ տեխնիկական միջոցներով.»:

Սույն կետը նոր խմբագրությամբ շարադրելը նպատակ է հետապնդում առավել հստակեցնել և ընդլայնել ֆիլմի ցուցադրություն հասկացությունը, քանի որ գործող ձևակերպմամբ ֆիլմի ցուցադրության որոշ տեսակներ դուրս էին մնացել օրենքի կարգավորման դաշտից:

12)  Լրացնել 36-րդ կետը հետևյալ բովանդակությամբ

«36) պետական ֆինանսավորում` պետական բյուջեի միջոցների հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտին տրամադրվող ֆինանսավորում։»։

Օրենքի մի շարք հոդվածներում օգտագործվում է «պետական ֆինանասավորում» հասկացությունը, ինչի պատճառով անհրաժեշտություն է առաջացել ավելի հստակ ձևակերպել այն Օրենքում:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում՝

1)       1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) հաստատում է պետական ֆինանսավորում տրամադրելու կարգը.»:

Քանի որ սույն նախագծով Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների ցանկում առաջարկվում է ավելացնել «պետական ֆինանսավորում» հսակացությունը, այդ առաջարկին համապատասխան կատարվում է տվյալ փոփոխությունը:

2)       2-րդ կետի գործողությունը դադարեցնել.

Նպատակահարմար չէ նման կարգավորումները իրականացնել Օրենքով, քանի որ այն ներառվելու է Կառավարության կողմից հաստատվող պետական բյուջեի միջոցների հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտին ֆինանսավորում (այսուհետ՝ պետական ֆինանսավորում) տրամադրելու կարգում։

3)       3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) հաստատում է ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, տրամադրումը մերժելու և դադարեցնելու կարգը, ժամկետները, պայմաններն ու հիմքերը»:

Սույն փոփոխությունով հստակեցվում է Կառավարության տվյալ լիազորության բովանդակությունը։

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝

1)  1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«1) հանդիսանում է կինեմատոգրաֆիայի ոլորտի հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություն.»:

Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն՝ հեղինակային և հարակից իրավունքների արդյունավետ պաշտպանությունն ու իրացումը, այդ թվում՝ գույքային իրավունքների կառավարման կազմակերպման հարցերը, կարող են իրականացվել կոլեկտիվ հիմունքներով գործող կառավարման կազմակերպությունների միջոցով: Նկատի ունենալով, որ հիմնադրամը հանդիսանում է ՀՀ կողմից ստեղծված և պետական քաղաքականություն իրականացնող մշակութային կառույց՝ տրամաբանական և իրավաչափ է, որ այն ունենա իրավասություն իրականացնել նաև գույքային իրավունքների կոլեկտիվ կառավարում: Միևնույն ժամանակ, հիմնադրամը, ունենալով բացառապես ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ, կիրականացնի նշված գործառույթը թափանցիկ և հաշվետու՝ ապահովելով հեղինակների շահերի պաշտպանությունը և գործառընթացի համահունչ լինելը պետական մշակութային քաղաքականության նպատակներին։

2) 4-րդ կետում «նպատակով» բառը փոխարինել «միջոցներով» բառով.

Վերաբերում է Օրենքում ավելացվող «պետական ֆինանսավորում» հսակացության ներդրման հետ:

3) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) իրականացնում է կինոժառանգության վերականգնումը ու թվայնացումը.»:

Սույն փոփոխությունը առաջարկվում է կատարել հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազգային մարմինը փաստացի իրականացնում է կինոժառանգության վերականգնման ու թվայնացման գործընթացը, որը իր մեջ ներառում է աջակցությունը:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Ազգային մարմինը Հայաստանի Հանրապետության հիմնադրած մշակութային հիմնադրամ է, որն ունի Օրենքով սահմանված բացառիկ լիազորություններ և հանդիսանում է կինեմատոգրաֆիայի ոլորտի աջակցող մարմին:».

2) 2-րդ մասի գործողությունը դադարեցնել:

Ազգային մարմինը իրականացնում է կինոժառանգության պահպանման և տարածման գործընթացը։ Միաժամանակ այն իրավասու է իր կանոնադրական նպատակների իրականացման շրջանակներում իրականացվող ծրագրերի համար ներգրավել միջոցներ այլ աղբյուրներից:

Սույն կետով նախատեսված սահմանափակումները նվազեցնում են ազգային մարմնի լիազորությունները, հատկապես՝ ֆինանսական միջոցների ներգրավման, գործընկերային ծրագրերի իրականացման և ոլորտի արդյունավետ զարգացման ուղղությամբ։

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում «ղեկավարը՝ ի պաշտոնե» բառերից հետո լրացնել «կամ ներկայացուցիչը» բառերը:

Ղեկավարների ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով՝ նպատակահարմար է, որպեսզի ազգային մարմնի խորհրդի կազմում պետական մարմինների ղեկավարներից բացի ընդգրկվեն նաև  նրանց ներկայացուցիչները, ինչը կնպաստի խորհրդի աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպմանը:

Հոդված 7. Օրենքի 4-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԸ, ԿԻՆՈՌԵԵՍՏՐԸ ԵՎ ՖԻԼՄԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»:

Սույն փոփոխությունը անհրաժեշտ է կատարել Օրենքի 13-րդ հոդվածում առաջարկվող փոփոխություններին համաատասխանեցնելու համար:

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Ազգային ֆիլմ է համարվում այն ֆիլմը, որը միաժամանակ բավարարում է հետևյալ բոլոր պայմաններին.

1) ֆիլմի ստեղծագործական խմբի կեսից ավելին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.-

2) ֆիլմարտադրությանը մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտ կազմակերպություն.

3) ֆիլմի բնօրինակը հայերեն է, կամ Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնություններից որևէ մեկի լեզվով, բացառությամբ այն դեպքերի, երբ օտար լեզվի օգտագործումը ֆիլմում հանդիսանում է ստեղծագործական գաղափարի անբաժանելի մաս.

 2. Ազգային ֆիլմեր են համարվում նաև այն ֆիլմերը, որոնց գույքային իրավունքները փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը կամ ազգային մարմնին:

3. Ազգային ֆիլմի կարգավիճակ տրվում է Լիազոր մարմնի որոշմամբ՝ Կառավարության կողմից սահմանված կարգով։»

 Սույն փոփոխություններով առաջին հերթին փոփոխվում են ազգային ֆիլմ համարվելու պայմանները՝ վերացնելով ֆիլմի սցենարի հեղինակի և (կամ) բեմադրող ռեժիսորի ՀՀ քաղաքացի լինելու պարտադիր պայմանը: Միաժամանակ սահմանվում է, որ ազգային ֆիլմ կարող է համարվել միայն այն ֆիլմը, որը արտադրվել է ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից և պարտադիր հայերեն լեզվով, ինչը բնականաբար բխում է «ազգային ֆիլմ» որակմանը ներկայացվող էության և բովանդակության պահանջներից:

Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1)       1-ին մասից հանել «Ազգային» բառը.

2)       2-րդ մասում հանել «հանրային» բառը.

3)       3-րդ մասի գործողությունը դադարեցնել։

ՀՀ կառավարության 18.01.2024 թվականի N 92-Ն որոշմամբ սահմանվում է վարձութային վկայական տրամադրելու ընթացակարգը: Նույն որոշմամբ նաև սահմանված է, որ վարձութային վկայականը տրամադրելուց հետո ֆիլմերը մուտքագրվում են կինոռեեստր, ընդ որում, ինչպես ազգային ֆիլմերը, այնպես էլ բոլոր այլ ֆիլմերը: Սույն փոփոխությունը կատարվում է իրավական ակտերը միմյանց  համապատասխանեցնելու անհրաժեշտությունից ելնելով:

«Հանրային օգտագործում» տերմինը իրավական առումով պատշաճ ձևակերպում չէ, և դրա կիրառումը չի ապահովում իրավական որոշակիության պահանջը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթներով արդեն իսկ առկա են նման գործընթացներ իրականցնելու համար անհրաժեշտ կարգավորումներ:

Սույն կետի գործողությունը դադարեցնելը նպատակ է հետանդում հավասար պայմաններ ստեղծել բոլոր ֆիլմ ցուցադրողների համար՝ բացառելով որևէ մեկի արտոնյալ կարգավիճակը:

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածի 3-ին մասի 3-րդ կետի գործողությունը դադարեցնել։

Սույն փոփոխությունը առաջարկվում է կատարել, քանի որ Հայաստանի Հանրապետությունում ցուցադրվող ֆիլմերի զգալի մասը հեռարձակվում է արբանյակային և մալուխային կապի միջոցով և գործող կարգովորումներով դրանց նկատմամբ հնարավոր չէր կիրառել Օրենքով նախատեսված ֆիլմերին ներկայացվող պահանջները։

Հոդված 11   Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1 Ֆիլմարտադրողին ներդրումների մասնակի վերադարձի շրջանակներում կարող է վերադարձվել ներդրվող դրամական ծախսերի 10-40 տոկոսը, որի տրամադրման և տրամադրումը մերժելու կարգը, ժամկետները, պայմաններն ու հիմքերը սահմանվում են Կառավարության կողմից։»

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3 Ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում չեն հաշվարկվում ֆիլմարտադրողի կողմից իրականացված այն ծախսերը, որոնք կատարվել են դրամագլխից և պետական ֆինանսավորման արդյունքում ստացված դրամական միջացներով։»

3) 4-րդ մասի գործողությունը դադարեցնել.

4) 6-րդ մասի գործողությունը դադարեցնել.

5) 7-րդ մասի գործողությունը դադարեցնել.

Հոդված 12. Օրենքի 21-րդ հոդվածի գործողությունը դադարեցնել ։

Նշված աջակցության տեսակները պետք է կարգավորեն այլ ոլորտային իրավական ակտերով։

Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1)       վերնագրում «Պետական բյուջեի հաշվին ֆինանսավորումը» բառերը փոխարինել «Պետական ֆինանսավորման առանձնահատկությունները»  բառերով.

2)       1-ին մասում «Պետական բյուջեի հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորումն իրականացվում է» բառերը փոխարինել «Պետական ֆինանսավորումն իրականացվում է» բառերով.

3)       3-րդ մասի գործողությունը դադարեցնել.

4)       4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4)  Յուրաքանչյուր տարվա համար հատկացված պետական ֆինանսավորումը ամբողջությամբ չօգտագործելը հիմք չէ հաջորդ տարվա համար պետական ֆինանսավորման միջոցներ չնախատեսելու կամ պակաս նախատեսելու համար:».

5)       5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5) պետական ֆինանսավորման համար նախատեսված և տվյալ տարում չօգտագործված միջոցները փոխանցվում են դրամագլխին՝ մինչև ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ավարտը:».

6)       6-րդ մասի գործողությունը դադարեցնել։

Սույն հոդվածով սահմանված փոփոխությունները նպատակ ունեն  համապատասխանեցնել բոլոր դրույթները Օրենքին՝ կատարվելիք բոլոր փոփոխությունների արդյունքում առաջացած անհրաժեշտությունից ելնելով:

Օրենքի 13-րդ հոդվածով արդեն իսկ կարգավորվում է ներդրումների մասնակի վերադարձի դրամական ծախսերի ֆինանսավորման գործընթացը, այդ իսկ պատճառով անհարկի կրկնությունից խուսափելու նպատակով առաջակվում է դադարեցնել Օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասի գործողությունը:

Հոդված 14. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում «շահառուներին տրամադրվում են» բառերը փոխարինել «օգտագործվում են» բառերով, իսկ «ազգային» բառից հետո լրացնել «և այլ» շաղկապով և բառով։

Դրամագլխի միջոցների բաշխումը կարգավորվում է ազգային մարմնի Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ծրագրերով որտեղ նշվում են դրանց  ծախսման նպատակային ուղղությունները: Սույն կարգավորման առկայության պարագայում սահմանափակվում է ազգային մարմնի նպատակային ծրագրերի, այդ թվում շահառուներին տրամադրաման հնարավորությունը:

Հոդված 15. Օրենքի 27-րդ հոդվածի գործողությունը դադարեցնել

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով արդեն իսկ սահմանված է պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար:

Հոդված 16. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «2030 թվականի հունվարի 1-ից» բառերը և թվերը փոխարինել «2026 թվականի հուլիսի 1-ից» բառերով և թվերով:

Օտարալեզու ֆիլմի հայերեն կրկնօրինակումը և (կամ) տեսանելի ու հստակ ենթագրումը նախատեսվում է դարձնել պարտադիր ավելի վաղ ժամկետում քան սահմանված է ներկայիս կարգավորումներով:

2) 5-րդ մասի գործողությունը դադարեցնել։

Քանի որ մի շարք Կառավարության որոշումներն ու այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունվել են ավելի ուշ, քան սույն մասով նախատեսված 6 ամիսը, իսկ մի շարք այլ ակտեր դեռ պետք է ընդունվեն, այդ իսկ պատճառով սույն կետը չի համապատասխանում ներկայումս գոյություն ունեցող իրավիճակին:

3.   Կարգավորման նպատակը և բնույթը.

 

Նախագծի ընդունումը պայմանավորված է իրավական հստակեցման, ֆինանսական կայունության ապահովման, ոլորտի զարգացման խթանման և օրենսդրական բացերի վերացման անհրաժեշտությամբ։ Ներկայացվող փոփոխությունները միտված են՝

        ամրապնդել կինեմատոգրաֆիայի ոլորտի իրավական և ինստիտուցիոնալ հիմքերը,

        մշակութային արտադրանքի աջակցման արդիական մեխանիզմներ ներդնել,

        բարձրացնել ազգային ֆիլմարտադրության մրցունակությունը ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակներում։։

 

4.   Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի մասնագետների կողմից:

 

5.   Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.

Չկան:

6.   Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.

 

                   Հստակեցնել իրավական սահմանումները և ապահովել օրենսդրական ամբողջականություն,

                   Տրամադրել ազգային մարմնին բավարար իրավասություններ՝ ոլորտի պետական աջակցության արդյունավետ համակարգ ապահովելու համար,

                   Նվազեցնել իրավական հակասությունները և բազմիմաստ մեկնաբանությունները,

                   Նոր մոդելների ներդրում՝ ֆիլմերի պետական աջակցությունը պայմանավորելով դրանց մշակութային արժեքով, ստեղծագործական մակարդակով և հանրային հասանելիությամբ։

 

7.           Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.

 

1.            «Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2024 թվականի հունվարի 18-ի N 92-Ն որոշում:

2.     «Կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի  N 2127-Ն որոշում:

3.      Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.

Համապատասխանում է:

 

8.          Այլ տեղեկություններ.

 

Չկան:

 

  • Discussed

    05.03.2026 - 20.03.2026

  • Type

    Law

  • Area

    Cultural

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 613

Print

Suggestions

Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան

20.03.2026

Օրենքի փոփոխությունների առաջարկում կա անօրինական հասկացություն, որը մի քանի անգամ կրկնվում է ընթացքում․ գույքային իրավունքի պատկանելը պետությանը կամ ազգային մարմնին։ Այսպիսով՝

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվում է անընդունելի տարբերակ՝

«1) հանդիսանում է կինեմատոգրաֆիայի ոլորտի հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություն.»:

Չի կարող ժողովրդավարական երկրում լինել որևէ կազմակերպություն, որն իրավունք ունի կոլեկտիվ կառավել հեղինակների գույքային իրավունքները․ հեղինակների գույքային իրավունքները կարող են պատկանել հեղինակներին և ֆիլմարտադրող կազմակերպություններին ինչպես երկրի ներսում, այպես էլ համատեղ՝ երկրից դուրս գործընկերների հետ, որը յուրաքանչյուր ֆիլմի դեպքում կլինի և պետք է լինի տարբեր։

 

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 2. Ազգային ֆիլմեր են համարվում նաև այն ֆիլմերը, որոնց գույքային իրավունքները փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը կամ ազգային մարմնին:

Նույն մեկնաբանությունը․ գույքային իրավունքը չի կարող պատկանել ո՛չ ՀՀ-ին, ո՛չ էլ ազգային մարմնին, քանի որ մենք ժողովրդավարական երկիր ենք։

Այս կետերը հակասում են ստեղծագործական ազատության ժամանակակից ժողովրդավարական ստանդարտներին։

Armine Anda

19.03.2026

Քանի որ մեկնաբանությունները, որոնք ես տեղադրել եմ մարտի 16-ին ի-դրաֆթում, և որոնք պետք է որ արդեն հայտնված լինեին, չեն հայտնվել, և քանի որ ես նույնիսկ պասիվ մասում չեմ տեսնում իմ որոշ մեկանբանություններ, որոնք պետք է որ երևային, դրանք տեղադրում եմ երկրորդ անգամ, քանի որ վստահ չեմ, որ ներառված են; դրանք առնչվում են նախագծի Հոդված 6-9-ին։

 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՀՈԴՎԱԾ 6-7

 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՀՈԴՎԱԾ 6.

 

 Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում «ղեկավարը՝ ի պաշտոնե» բառերից հետո լրացնել «կամ ներկայացուցիչը» բառերը:

Ղեկավարների ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով՝ նպատակահարմար է, որպեսզի ազգային մարմնի խորհրդի կազմում պետական մարմինների ղեկավարներից բացի ընդգրկվեն նաև  նրանց ներկայացուցիչները, ինչը կնպաստի խորհրդի աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպմանը:

 

Նախագիծն այս կետով առաջարկում է Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում «ղեկավարը՝ ի պաշտոնե» բառերը փոխարինել «ներկայացուցիչը» բառով։

Այս առաջակը ազգային մարմնի խորհրդի կազմում պետական մարմինների ղեկավարների փոխարեն թույլ է տալիս ընդգրկել նրանց լիազորված ներկայացուցիչներին։

Կարծում եմ, ԿԳՄՍ նախարարը պետք է լինի խորհրդի նախագահը, և դա չի կարող փոխարինվել լիազորված ներկայացուցչով։

 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀՈԴՎԱԾ 7.

 

Օրենքի 4-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԸ, ԿԻՆՈՌԵԵՍՏՐԸ ԵՎ ՖԻԼՄԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»:

 

Օրենքի 4-րդ գլուխը «ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԸ, ԿԻՆՈՌԵԵՍՏՐԸ, ՖԻԼՄԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԻԼՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ» վերնագրում գույքային իրավունքների բառակապակցության դուրս բերումը հասկանալի չէ, թե ինչ նպատակ ունի։ Ազգային ֆիլմը նաև գույքային իրավուքներ ունի, և դա է պատճառը որ Օրենքի Հոդված 14-ում հստակ գրված է թե ինչպես գույքային իրավունքը փոխանցվում ֆիլմարտադրողին։

 

Առաջարկվող նախագծից ընդհանրապես դուրս է բերված այդ կետը՝ ֆիլմարտադրողի կողմից գույքային իրավուքներ ձեռք բերելու կետը, որի հիմքով պետք է իրար հետ աշխատեն արտադրողն ու ստեղծագործական խումբը։ Ի՞նչ նպատակ ունի այս կետի դուրս բերումը, ՀՀ ինչ օրենքով է արտադրողը օրինակ զգեստների նկարչից գույքային իրավունք ձեռք բերելու։ Հեղինակային և հարակից իրավունքների Օրենքը ոլորտի անհարժեշտ իրավական դաշտը չի ապահովում, և հենց դրա համար է նաև Կինեմատոգրաֆիայի Օրենք ստեղծվել։ Հոդվածի վերնագիրը փոխելը, և ֆիլմարտադրողի կողմից ստեղծագործակաան կազմից գույքային իրավունքի ձեռքբերման պահանջի դուրս բերումն անընդունելի է և ունի դարձյալ անհասկանալի նպատակ։

 

Armine Anda

19.03.2026

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀՈԴՎԱԾ 8.

 

Նախագծի այս հոդվածն առաջարկում է Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Ազգային ֆիլմ է համարվում այն ֆիլմը, որը միաժամանակ բավարարում է հետևյալ բոլոր պայմաններին.

1) ֆիլմի ստեղծագործական խմբի կեսից ավելին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.-

2) ֆիլմարտադրությանը մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտ կազմակերպություն.

3) ֆիլմի բնօրինակը հայերեն է, կամ Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնություններից որևէ մեկի լեզվով, բացառությամբ այն դեպքերի, երբ օտար լեզվի օգտագործումը ֆիլմում հանդիսանում է ստեղծագործական գաղափարի անբաժանելի մաս.

 2. Ազգային ֆիլմեր են համարվում նաև այն ֆիլմերը, որոնց գույքային իրավունքները փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը կամ ազգային մարմնին:

3. Ազգային ֆիլմի կարգավիճակ տրվում է Լիազոր մարմնի որոշմամբ՝ Կառավարության կողմից սահմանված կարգով։»

 

Ազգային ֆիլմի սահմանման փոփոխության վտանգները․

 

Ա․ Ռեժիսորի կամ սցենարիստի ՀՀ քաղաքացի լինելու պահանջի դուրս բերումը «Ազգային ֆիլմ»-ի սահմանումից՝ ունի ռազմավարական վտանգ։ Նախ, ինչպես կարո՞ղ է Ազգային ֆիլմի ո՛չ ռեժիսորը, ո՛չ էլ սցենարիստը չլինել ՀՀ քաղաքացի։ Շատ երկրներում, ռեժիսորի քաղաքացի և նույնիսկ ռեզիդենտ լինելը պահանջ է (ինչին, օրինակ համաձայն եմ ես)։ Տվյալ երկրի ֆինասավորումը առաջին հերթին և մեծամասամբ իր երկրի քաղաքացիների համար է։ Քանի որ այլ երկրի քաաքացիները ֆինանսավորումներ ստանալու հնարավորություն ունեն նաև այն երկրներում, որի քաղաքացի են։ Եվ ռազմավարությունը, որը որդեգրել են ամենատարբեր երկրների Ազգային հիմնադրամների ստվար մեծամասնությունը, կառուցված է հենց այդ սկզբունքի վրա։ Ռեժիսորի կամ սցենարիստի ՀՀ քաղաքացի լինելը թույլ չի տալիս հիմնական ֆինանսավորումը տրամադրել այլ երկրի հեղինակների ֆիլմերին, սակայն նրանք կարողանում են դիմել նվազագույն մասնակցությամբ ֆիլմի դեպքում։ Եվ վերջապես, հայ ռեժիսորը կամ հայ սցենարիստն է պատմում Հայաստանում ծնված պատմություններ։

 

Բ․Կինոթատրունում ցուցադրության համար նախատեսված լինելը բխում է նաև Կինեմատոգրաֆիայի համատեղ արտադրության կոնվենցիայի պահանջներից (Հոդված 3, կետ «ա»):

 

Գ․ Գույքային իրավունքների փոխանցման մասին խոսելիս չի կարելի դուրս բերել «Ժառանգաբար փոխանցվել են» արտահայտությունը։ (Տես Հոդված 2, կետ 10-ի մեկնաբանությունը և Բեռնի կոնվենցիան)։

 

Դ․Հասկանալի չէ, թե ինչու է Ազգային ֆիլմի սահմանման մեջ նշվում, թե ում կողմից է այն տրվում, երբ դա կարող է արվել տվյալ մարմնի լիազորություններին վերաբերվող հոդվածում։ Սահմանումը չի կարող ներառել նման մանրամասն։ Սահմանումը սահմանում է, և վաղը կարող է փոխվել այն մարմինը, որն այն տալիս է։

 

Ե․Ֆիլմի բնօրինակը կարող է պահանջ ունենալ հայերեն լեզվի տոկոսային չափի մասին, որր կարող է լինել Մրցույթի Առավելագույն մասնակցությաn հայտերի պահանջ։ Ազգային ֆիլմի սահմանման մեջ այն ունի վտանգ։ Եթե հայ արտադրողը անգլերեն լեզվով ֆիլմ նկարահանի, այն Ազգային ֆիլմ չէ՞։

 

Զ․ Ռեզիդենտ թե Հայաստանում գրանցում ունեցող կազմակերպության վերաբերյալ առաջարկը, կարծում եմ, պետք է ուսումնասիրվի։

 

Առաջարկում եմ վերադառնալ Օրենքի սահմանմանը, իսկ լեզվի պահանջը կարելի է ներառել առավելագույն մասնակցությամբ ֆինանսավորման դիմելու պայմաններում․

 

Մեջբերում Օրենքից․ «Հոդված 13․ Ազգային ֆիլմը.

1. Ազգային ֆիլմ է համարվում կինոթատրոնում ցուցադրելու համար նախատեսված այն ֆիլմը, որը բավարարում է հետևյալ պայմանները.

1) ֆիլմի ստեղծագործական խմբի մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.

2) ֆիլմի սցենարի հեղինակը և (կամ) բեմադրող ռեժիսորը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.

3) ֆիլմարտադրությանը մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ֆիլմարտադրողը։

2. Ազգային ֆիլմեր են համարվում նաև այն ֆիլմերը, որոնց գույքային իրավունքները ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը»։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: