Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Armine Anda 16.03.2026 17:15:30

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՀՈԴՎԱԾ 3-4

 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀՈԴՎԱԾ 3 

 

Այս կետով նախագիծն առաջարկում է Օրենքի 7-րդ 2-րդ կետի գործողությունը դադարեցնել, որն էր Կառավարության լիազորությունների մեջ ներառել․ «հաստատում է ֆիլմի առանձին կատեգորիաների պետական ֆինանսավորման մասնաբաժինները և սահմանաչափերը»։

 

Եթե այս հոդվածով առաջարկվում է դադարեցնել երկրորդ կետի գործողությունը, պետական ֆինանսավորման մասնաբաժինները և սահմանաչափերի սահմանումը պետք է ներառվի Օրենքի Հոդված 8-ում (Լիազորված մարմնի լիազորություններում)։ Սա անչափ կարևոր է, սակայն այդպիսի առաջարկ ներառված չէ Հոդված 8-ում։ 

 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀՈԴՎԱԾ 4.

 

Այս կետով նախագիծն առաջարկում է Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «1) հանդիսանում է կինեմատոգրաֆիայի ոլորտի հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություն.»:

 

Նախ և առաջ, այս առաջարկությամբ Օրենքից դուրս է բերում «ապահովում է շահերի բախման կառավարելիությունը», և առաջարկի  հիմնավորման մեջ չի նշվում, Ի՞նչ նպատակով։ Եվ ինչով է դա հիմնավորվում։

 

Հիմա անդրադառնամ առաջարկվող կետին․

 

Կինեմատոգրաֆիայի ոլորտի հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարելը Ազգային մարմնի կողմից անօրինական է։ Այն հակասում է «Հեղինակային իրավունի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն. «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների իրավատերերի գույքային իրավունքների կառավարումն ապահովելու նպատակով, երբ այդ իրավունքների իրականացումն անհատական կարգով գործնականում դժվար է կամ անհնար, ստեղծվում են գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող ոչ առևտրային, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններ (այսուհետ՝ կազմակերպություն): Այդպիսի կազմակերպությունները ստեղծվում են անմիջականորեն հեղինակների կամ հարակից իրավունքների իրավատերերի կողմից և իրականացնում են գույքային իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարումը նրանցից գրավոր պայմանագրով ստացված լիազորությունների շրջանակում»։

 

Ինչպես տեսնում ենք, օրենքով չկա նախատեսված հնարավորություն օրենքի ուժով, իրավատերերի կամքին հակառակ ստեղծելու կոլեկտիվ կառավարման կազմակերպություն ու պարտադրելու վերջինիս անդամակցություն․․․։

 

Ազգային մարմինը մի կողմից ուզում է վարել ձեռանրկատիրական գործունեություն /այն առաջարկված է այս նախագծով, և ի դեպ, Ժառանգության մասով այսպպես թե այնպես վարելու է, մյուս կողմից լինել գույքային իրավունքների կոլեկտիվ կառավարողը։ Չխոսելով արդեն այն մասին, որ Ազգային մարմինը չի կարող միաժամանակ լինել և «ժառանգության տերը» և հեղինակների իրավուքնների պաշտպանությունը իրականացնողը։ Այս նախագիծը ոչ մեկ ուղղությամբ փորձում է ստեղծել ոլորտում գերակշիռ դիրք և մենաշնորհի չարաշահման դաշտ։ 

Ընդունվել է ի գիտություն

2 Armine Anda 16.03.2026 17:17:40

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՀՈԴՎԱԾ 12 - ՀՈԴՎԱԾ 14

 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՀՈԴՎԱԾ 12

 

Նախագծի այս հոդվածով առաջարկվում է դադարեցնել Օրենքի 21-րդ հոդվածի գործողությունը՝    Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցության ամբողջական հոդվածի գործողությունը, ինչը թե վերը նշված, թե այլ բազմաթիվ պատճառներով անընդունելի է։ 

Եվ միակ հիմանվորումն արված է մեկ տողով․ «Նշված աջակցության տեսակները պետք է կարգավորեն այլ ոլորտային իրավական ակտերով»։

 

Ինչպես և այս նախագծի բազմաթիվ կետերի փոփոխության հիմնավորումներում, այս հիմնավորումը ևս միայն մեխանիկական մոտեցումով է արված, պետք է արվեն այլ ակտերով։ որտե՞ղ են փաստարկները, որ պետք է արվեն այլ ակտերով և չեն կարող արվել կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգովորող Օրենքով; Ի՞նչ նպատակով և ի՞նչ պատասխանատվությամբ է այդքան կարևոր կետերի գործողությունը դադարեցվելու առաջարկ արվում, կա՞ հնարավոր հետևանքների վերլուծություն։ Եթե կա էլ, այն ներառված չէ այս փաստաթղթում; այսինքն՝ հիմնավորում չկա։ 

 

Հասկանալի չէ, թե ի՞նչ նպատակ է հետապնում ներդրումների մասնակից վերադարձի մեխանիզմը, եթե այս փաստաթղթի առաջարկի արդյունքում պետական աջակցությունը դառնում է մանիպուլիատիվ և կամայական, մաքսային գործընթացները չեն պարզեցվում, ֆիլմարտադրության նպատակով ՀՀ ժամանող անձինք չեն կարող մասնակցել ֆիլմի նկարահանումներին՝ առանց աշխատանքի թույլտվության, և վերջապես ինչի՞ է համար է ներդրումների մասնակից վերադարձի մեխանիզմը, եթե այս փաստաթղթի արդյունքում մասնավոր կինոարտադրությունը քայլելու է դեպի Սովետական Միություն կամ 2006 թվականի ՊՈԱԿ։ Հասկանալի չէ, թե ինչու է դադարեցվում կետ 5-ի գործողությունը, եթե ոչ ևս մեկ անգամ կինոարտադրողին վնաս հասցնելու նապտակով։ Եվ ինչու է դադարեցվում կետ 6-ը, երբ հենց դա պեքտ է շահագրգռեր հեռուստատեսություններին և կինոթատրոններին Ազգային ֆիլմեր ցուցադրել։

 

Պահանջում եմ «Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցությունը» հոդվածի գործողությունը չդադարեցնել։ Պահանջում եմ որևէ փոփոխություն՝ առանց հիմնավորման և հետագա զարգացումների վերաբերյալ վերլուծության՝ չանել։

 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՀՈԴՎԱԾ 14․

 

Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում «շահառուներին տրամադրվում են» բառերը փոխարինել «օգտագործվում են» բառերով, իսկ «ազգային» բառից հետո լրացնել «և այլ» շաղկապով և բառով։

Դրամագլխի միջոցների բաշխումը կարգավորվում է ազգային մարմնի Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ծրագրերով որտեղ նշվում են դրանց  ծախսման նպատակային ուղղությունները: Սույն կարգավորման առկայության պարագայում սահմանափակվում է ազգային մարմնի նպատակային ծրագրերի, այդ թվում շահառուներին տրամադրաման հնարավորությունը:

 

Այս առաջարկի հետւանքում կարող են առաջանալ կոռուպցիոն մեծ ռիսկեր։ Այս առաջարկը չունի ռազմավարական վերլուծություն, որ այդպիսի որոշումը ավելի ճիշտ է, քան Օրենքում ձևակերպված որոշումը՝ Դրամագլխի կառավարումից ստացված եկամուտները շահառուներին տրամադրել ազգային ֆիլմերի ստեղծման, տարածման և կինոժառանգության պահպանման նպատակով, բացառությամբ այդ եկամուտների 10 տոկոսը չգերազանցող գումարների, որոնք կարող են օգտագործվել ազգային մարմնի վարչակառավարչական ծախսերը ֆինանսավորելու նպատակով։  Նաև, հասկանալի չէ, թե ինչու է «Ազգային» բառից հետո առաջարկվում և այլն։ Այսինքն դրամագլուխը ֆինանսական միջոցներ պետք է տրամադրի ոչ հայկական ֆիլմերի՞ն։ Որտե՞ղ է վերլուծությունը հիմնավորումը, որ դա հայ կինոյի զարգացմանն ուղղված ռազամվարություն է։

Անհրաժեշտ եմ համարում վերադառնալ Օրենքի ձևակերպմանը։

 

Մեջբերում Օրենքից․ «Հոդված 23. Դրամագլխի հաշվին ֆինանսավորումը․

1. Դրամագլխի հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորումն իրականացվում է խորհրդի հաստատած տարեկան ծրագրով՝ դրամագլխի կառավարմամբ ստացված եկամուտների տարեկան գումարների սահմաններում:

2. Դրամագլխի կառավարումից ստացված եկամուտները շահառուներին տրամադրվում են ազգային ֆիլմերի ստեղծման, տարածման և կինոժառանգության պահպանման նպատակով, բացառությամբ այդ եկամուտների 10 տոկոսը չգերազանցող գումարների, որոնք կարող են օգտագործվել ազգային մարմնի վարչակառավարչական ծախսերը ֆինանսավորելու նպատակով։

3. Դրամագլխի կառավարմամբ ստացված եկամուտների բաշխման կարգն ու ձևը, ֆինանսավորման ուղղությունները, սահմանաչափերն ու մասնաբաժինները, ինչպես նաև դրանց հաշվին ազգային մարմնի վարչակառավարչական ծախսերի ֆինանսավորման չափը հաստատում է խորհուրդը։

4. Դրամագլուխը կառավարելու նպատակով ազգային մարմինը բացում է հաշիվ կենտրոնական գանձապետարանում և վարում է առանձնացված հաշվառում՝ դրանց մասին տեղեկություններն արտացոլելով խորհրդին ներկայացվող հաշվետվություններում»:

 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՀՈԴՎԱԾ 15

 

Այս նախագծով առաջարկվում է դադարեցնել Օրենքի 27-րդ հոդվածի գործողությունը դադարեցնել։ Հասկանալի չէ, թե ինչու է դուրս բերվում Օրենքի խախտման համար պատասխանատվության հոդվածը։ Կրկնվեմ, սա է ոլորտի փոստաթուղոը որով առաջնորդվելու է ոլորտը, և իրավունք ունի պատասխանատվության հոդված ունենալ Օրենքում։ Եթե Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը ամեն ինչ ներառեր, Կինեմատոգրաֆիայի Օրենքի կարիքը չէր լինի։

 

ՎԵՐՋԱԲԱՆ

 

Նախագծի այս մանրամասն վերլուծությունն արել եմ հետեւյալ իրավունքը վաստակելու համար․ պահանջում եմ Ի-դրաֆթում դրված նախագիծը չշարունակել։ Պահանջում եմ լիիրավ գործողության մեջ դնել գործող Օրենքը /ներառյալ Ծառայությունները Դրամաշնորհով փոխարինելու միակ հնարավոր օրինական մեխանիզմը/, որին սպասում ենք արդեն 5 տարի՝ ապահովելով իրավական օրինականություն և մշակութային ու բարոյական արդարություն։ Պետք է հիասթափեցնեմ, այս նախագիծը փոխել հնարավոր չէ, քանի որ հիսունից ավել կետերի 90 տոկոսը պետք է դուրս բերվի։ Դրա փոխարեն, Լեզվի վերաբերյալ դրույթը կարելի է փոփոխել առանձին։ Իսկ եթե Լիազորված մարմինը իսկապես ունի այլ խնդիրներ, որոնց լուծումները չեն գտնվում, մեկ անգամ չէ, որ առաջարկել ենք մեզ տրամադրել այդ խնդիրները և օրինական ու ոլորտին չվնասող լուծումներ փնտրել միասին՝ առանց շտապելու, վերլուծությունների և հետազոտությունների հիման վրա։

 

Հազարավոր ՀՀ քաղաքացիների մասնագիտական ապագան կախված է նաև Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ Օրենքից։

 

Շնորհակալ եմ իմ գործընկերներին, հին և նոր։

 

Արմինե Անդա 

Ռեժիսոր, Պրոդյուսեր

Անիմացիայի գիլդիայի նախագահ

ՀՀ կինոգործիչների միության անդամ

ՀՀ և Եվրոպական կինոակադեմիաների անդամ

Ընդունվել է ի գիտություն, կդիտարկվի լրացուցիչ

3 Armine Anda 19.03.2026 14:18:05

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՀՈԴՎԱԾ 13

 

Նախագիծն առաջարկում է Օրենքի Հոդված 13-ի. 22-րդ հոդվածում՝ 3-րդ մասի գործողությունը դադարեցնել, ինչը բացարձակապես անընդունելի է։

 

Մեջբերում եմ Օրենքի 22-րդ հոդվածում՝ 3-րդ կետը․

 

«Պետական ֆինանսավորումն իրականացվում է ըստ ֆիլմի տարբեր կատեգորիաների համար Կառավարության հաստատած սահմանաչափերի և մասնաբաժնի, որոնք սահմանվում են առանձին՝ 1) խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմ անվանակարգերի համար. 2) լիամետրաժ ֆիլմ և կարճամետրաժ ֆիլմ տեսակների համար. 3) ֆիլմի զարգացման, արտադրության և հետարտադրության փուլերի համար. 4) ազգային ֆիլմ և այլ համատեղ արտադրության ֆիլմ կարգավիճակների համար. 5) դեբյուտային ֆիլմ, մանկապատանեկան ֆիլմ և այլ քվոտաների համար»։

 

Այս կետի գործողությունը դադարեցնելու որևէ հիմնավորում նախագծում չկա։  Փոխարենը, այս կետը Օրենքում ներառված է պետական ֆինանսավորման հիմնական ռազմավարական թիրախները կամայականության հույսին չթողնելու նպատակաով, քանի որ հենց դա է Օրենքի նպատակը՝ հիմնական թիրախներին ուղղված հիմնական ռազմավարություն։

 

Նախագիծն առաջարկում է շարադրել 4-րդ կետը հետևյալ խմբագրությամբ՝ «4)  Յուրաքանչյուր տարվա համար հատկացված պետական ֆինանսավորումը ամբողջությամբ չօգտագործելը հիմք չէ հաջորդ տարվա համար պետական ֆինանսավորման միջոցներ չնախատեսելու կամ պակաս նախատեսելու համար:»

Մեջբերում Օրենքից․ «4. Կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված միջոցները տվյալ տարվա ընթացքում ամբողջությամբ չօգտագործելը հիմք չէ հաջորդ տարվա պետական բյուջեով կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորման նպատակով միջոցներ չնախատեսելու կամ պակաս նախատեսելու համար»:

Վերաձեւակերպումը բացարձակապես հասկանալի չէ, հիմնավորում չունի։ Նույնը վերաբերվում է 5-րդ կետի վերաշարադրման առաջարկին։ ։

 

Հոդված 13-ի մեկնաբանությունը ընդունվել է ի գիտություն, կդիտարկվի լրացուցիչ

4 Armine Anda 19.03.2026 14:25:05

Քանի որ մեկնաբանությունները, որոնք ես տեղադրել եմ մարտի 16-ին ի-դրաֆթում, և որոնք պետք է որ արդեն հայտնված լինեին, չեն հայտնվել, և քանի որ ես նույնիսկ պասիվ մասում չեմ տեսնում իմ որոշ մեկանբանություններ, որոնք պետք է որ երևային, դրանք տեղադրում եմ երկրորդ անգամ, քանի որ վստահ չեմ, որ ներառված են; դրանք առնչվում են նախագծի Հոդված 6-9-ին։

 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՀՈԴՎԱԾ 6-7

 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՀՈԴՎԱԾ 6.

 

 Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում «ղեկավարը՝ ի պաշտոնե» բառերից հետո լրացնել «կամ ներկայացուցիչը» բառերը:

Ղեկավարների ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով՝ նպատակահարմար է, որպեսզի ազգային մարմնի խորհրդի կազմում պետական մարմինների ղեկավարներից բացի ընդգրկվեն նաև  նրանց ներկայացուցիչները, ինչը կնպաստի խորհրդի աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպմանը:

 

Նախագիծն այս կետով առաջարկում է Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում «ղեկավարը՝ ի պաշտոնե» բառերը փոխարինել «ներկայացուցիչը» բառով։

Այս առաջակը ազգային մարմնի խորհրդի կազմում պետական մարմինների ղեկավարների փոխարեն թույլ է տալիս ընդգրկել նրանց լիազորված ներկայացուցիչներին։

Կարծում եմ, ԿԳՄՍ նախարարը պետք է լինի խորհրդի նախագահը, և դա չի կարող փոխարինվել լիազորված ներկայացուցչով։

 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀՈԴՎԱԾ 7.

 

Օրենքի 4-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԸ, ԿԻՆՈՌԵԵՍՏՐԸ ԵՎ ՖԻԼՄԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»:

 

Օրենքի 4-րդ գլուխը «ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԸ, ԿԻՆՈՌԵԵՍՏՐԸ, ՖԻԼՄԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԻԼՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ» վերնագրում գույքային իրավունքների բառակապակցության դուրս բերումը հասկանալի չէ, թե ինչ նպատակ ունի։ Ազգային ֆիլմը նաև գույքային իրավուքներ ունի, և դա է պատճառը որ Օրենքի Հոդված 14-ում հստակ գրված է թե ինչպես գույքային իրավունքը փոխանցվում ֆիլմարտադրողին։

 

Առաջարկվող նախագծից ընդհանրապես դուրս է բերված այդ կետը՝ ֆիլմարտադրողի կողմից գույքային իրավուքներ ձեռք բերելու կետը, որի հիմքով պետք է իրար հետ աշխատեն արտադրողն ու ստեղծագործական խումբը։ Ի՞նչ նպատակ ունի այս կետի դուրս բերումը, ՀՀ ինչ օրենքով է արտադրողը օրինակ զգեստների նկարչից գույքային իրավունք ձեռք բերելու։ Հեղինակային և հարակից իրավունքների Օրենքը ոլորտի անհարժեշտ իրավական դաշտը չի ապահովում, և հենց դրա համար է նաև Կինեմատոգրաֆիայի Օրենք ստեղծվել։ Հոդվածի վերնագիրը փոխելը, և ֆիլմարտադրողի կողմից ստեղծագործակաան կազմից գույքային իրավունքի ձեռքբերման պահանջի դուրս բերումն անընդունելի է և ունի դարձյալ անհասկանալի նպատակ։

 

Հոդված 6-ի մեկնաբանությունը ընդունվել է ի գիտություն

Հոդված 7-ի մեկնաբանությունը ընդունվել է ի գիտություն, կդիտարկվի լրացուցիչ

5 Armine Anda 19.03.2026 14:25:05

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀՈԴՎԱԾ 8.

 

Նախագծի այս հոդվածն առաջարկում է Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Ազգային ֆիլմ է համարվում այն ֆիլմը, որը միաժամանակ բավարարում է հետևյալ բոլոր պայմաններին.

1) ֆիլմի ստեղծագործական խմբի կեսից ավելին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.-

2) ֆիլմարտադրությանը մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտ կազմակերպություն.

3) ֆիլմի բնօրինակը հայերեն է, կամ Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնություններից որևէ մեկի լեզվով, բացառությամբ այն դեպքերի, երբ օտար լեզվի օգտագործումը ֆիլմում հանդիսանում է ստեղծագործական գաղափարի անբաժանելի մաս.

 2. Ազգային ֆիլմեր են համարվում նաև այն ֆիլմերը, որոնց գույքային իրավունքները փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը կամ ազգային մարմնին:

3. Ազգային ֆիլմի կարգավիճակ տրվում է Լիազոր մարմնի որոշմամբ՝ Կառավարության կողմից սահմանված կարգով։»

 

Ազգային ֆիլմի սահմանման փոփոխության վտանգները․

 

Ա․ Ռեժիսորի կամ սցենարիստի ՀՀ քաղաքացի լինելու պահանջի դուրս բերումը «Ազգային ֆիլմ»-ի սահմանումից՝ ունի ռազմավարական վտանգ։ Նախ, ինչպես կարո՞ղ է Ազգային ֆիլմի ո՛չ ռեժիսորը, ո՛չ էլ սցենարիստը չլինել ՀՀ քաղաքացի։ Շատ երկրներում, ռեժիսորի քաղաքացի և նույնիսկ ռեզիդենտ լինելը պահանջ է (ինչին, օրինակ համաձայն եմ ես)։ Տվյալ երկրի ֆինասավորումը առաջին հերթին և մեծամասամբ իր երկրի քաղաքացիների համար է։ Քանի որ այլ երկրի քաաքացիները ֆինանսավորումներ ստանալու հնարավորություն ունեն նաև այն երկրներում, որի քաղաքացի են։ Եվ ռազմավարությունը, որը որդեգրել են ամենատարբեր երկրների Ազգային հիմնադրամների ստվար մեծամասնությունը, կառուցված է հենց այդ սկզբունքի վրա։ Ռեժիսորի կամ սցենարիստի ՀՀ քաղաքացի լինելը թույլ չի տալիս հիմնական ֆինանսավորումը տրամադրել այլ երկրի հեղինակների ֆիլմերին, սակայն նրանք կարողանում են դիմել նվազագույն մասնակցությամբ ֆիլմի դեպքում։ Եվ վերջապես, հայ ռեժիսորը կամ հայ սցենարիստն է պատմում Հայաստանում ծնված պատմություններ։

 

Բ․Կինոթատրունում ցուցադրության համար նախատեսված լինելը բխում է նաև Կինեմատոգրաֆիայի համատեղ արտադրության կոնվենցիայի պահանջներից (Հոդված 3, կետ «ա»):

 

Գ․ Գույքային իրավունքների փոխանցման մասին խոսելիս չի կարելի դուրս բերել «Ժառանգաբար փոխանցվել են» արտահայտությունը։ (Տես Հոդված 2, կետ 10-ի մեկնաբանությունը և Բեռնի կոնվենցիան)։

 

Դ․Հասկանալի չէ, թե ինչու է Ազգային ֆիլմի սահմանման մեջ նշվում, թե ում կողմից է այն տրվում, երբ դա կարող է արվել տվյալ մարմնի լիազորություններին վերաբերվող հոդվածում։ Սահմանումը չի կարող ներառել նման մանրամասն։ Սահմանումը սահմանում է, և վաղը կարող է փոխվել այն մարմինը, որն այն տալիս է։

 

Ե․Ֆիլմի բնօրինակը կարող է պահանջ ունենալ հայերեն լեզվի տոկոսային չափի մասին, որր կարող է լինել Մրցույթի Առավելագույն մասնակցությաn հայտերի պահանջ։ Ազգային ֆիլմի սահմանման մեջ այն ունի վտանգ։ Եթե հայ արտադրողը անգլերեն լեզվով ֆիլմ նկարահանի, այն Ազգային ֆիլմ չէ՞։

 

Զ․ Ռեզիդենտ թե Հայաստանում գրանցում ունեցող կազմակերպության վերաբերյալ առաջարկը, կարծում եմ, պետք է ուսումնասիրվի։

 

Առաջարկում եմ վերադառնալ Օրենքի սահմանմանը, իսկ լեզվի պահանջը կարելի է ներառել առավելագույն մասնակցությամբ ֆինանսավորման դիմելու պայմաններում․

 

Մեջբերում Օրենքից․ «Հոդված 13․ Ազգային ֆիլմը.

1. Ազգային ֆիլմ է համարվում կինոթատրոնում ցուցադրելու համար նախատեսված այն ֆիլմը, որը բավարարում է հետևյալ պայմանները.

1) ֆիլմի ստեղծագործական խմբի մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.

2) ֆիլմի սցենարի հեղինակը և (կամ) բեմադրող ռեժիսորը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.

3) ֆիլմարտադրությանը մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ֆիլմարտադրողը։

2. Ազգային ֆիլմեր են համարվում նաև այն ֆիլմերը, որոնց գույքային իրավունքները ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը»։

Հոդված 8-ի մեկնաբանությունը ընդունվել է ի գիտություն, կքննարկվի լրացուցիչ

6 Armine Anda 19.03.2026 14:25:05

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՀՈԴՎԱԾ 9

 

Նախագիծն առաջարկում է Օրենքի 14-րդ հոդվածում՝ 1-ին մասից հանել «Ազգային» բառը /ինչը նշանակում է, որ ոչ թե Ազգային ֆիլմերը, այլ ՀՀ վարձույթ մտած ցանկացած ֆիլմ պետք է մտնի հայկական կինոռեեստր; 2)       2-րդ մասում հանել «հանրային» բառը, որին հետեւելու է կինոժառանգության հանրային օգտագործման բացառումն ընդհանրապես; 3) 3-րդ մասի գործողությունը դադարեցնել, որն է ստեղծագործական խմբից գույքային իրավունք ֆիլմարտադրողի կողմից ձեռք բերելու դրույթը։

 

Մեջբերում եմ Օրենքը․ «Հոդված 14 1․ Ազգային ֆիլմերի, դրանց ստեղծագործական խմբի անդամների ու ֆիլմարտադրողների մասին տվյալները ազգային մարմինը հավաքում և գրանցում է կինոռեեստրում՝ Կառավարության սահմանած կարգով։ 2. Ֆիլմի պահպանությունը, հեղինակային իրավունքի ու հարակից իրավունքների պաշտպանությունը և կինոժառանգության հանրային օգտագործումը կազմակերպելու նպատակով ազգային ֆիլմի փաստաթղթերը, այդ թվում՝ ֆիլմի հիմնանյութերն ու ֆիլմի բնօրինակը հանձնվում են մշտական պահպանության՝ Կառավարության սահմանած կարգով։ 3. Ֆիլմի ստեղծման մասին ֆիլմարտադրողի հետ կնքված պայմանագրով ֆիլմի նկատմամբ բացառիկ գույքային իրավունքներն անցնում են ֆիլմարտադրողին՝ վերջինիս կողմից ֆիլմի ստեղծման մասին պայմանագրի հիման վրա ստեղծագործական խմբի անդամներին վճարված հեղինակային վարձատրության (ռոյալթիի) դիմաց»։

 

Այս հոդվածի փոփոխության ամբողջական առաջարկը և հիմնավորումը իրենցից ներկայացնում են իրավական աբսուրդ և ունեն մեծ վտանգներ։ Փաստարկները՝ ստորև։

 

Մեջբերում նախագծի հիմնավորումից․ «ՀՀ կառավարության 18.01.2024 թվականի N 92-Ն որոշմամբ սահմանվում է վարձութային վկայական տրամադրելու ընթացակարգը: Նույն որոշմամբ նաև սահմանված է, որ վարձութային վկայականը տրամադրելուց հետո ֆիլմերը մուտքագրվում են կինոռեեստր, ընդ որում, ինչպես ազգային ֆիլմերը, այնպես էլ բոլոր այլ ֆիլմերը: Սույն փոփոխությունը կատարվում է իրավական ակտերը միմյանց  համապատասխանեցնելու անհրաժեշտությունից ելնելով:

 

Առաջին, ոչ թե օրենքն է համապատասխանեցվում Կառավարության որոշումներին, այլ հակառակը։

 

Երկրորդ, կա Կառավարության երկու որոշում․ Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը հաստատելու մասին Կառավարության որոշումը (7 դեկտեմբերի 2023 թվականի N 2127-Ն), այսուհետ ՈՐՈՇՈՒՄ 1, և Կինոռեեստրը վարելու և Ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձննելու կարգը հաստատելու մասին կառավարության որոշումը (18 հունվարի 2024 թվականի N 92-Ն), այսուհետ Որոշում 2: ՈՐՈՇՈՒՄ 2-ում, ինպես և Օրենքում խոսվում է միայն Ազգային ֆիլմերի մասին։ ՈՐՈՇՈՒՄ 1-ի ո՞ր դրույթն է պարտադրում Հայաստանի Հանրապետութոյւն մտած ցանկացած ֆիլմ մուտքագրել կինոռեեստր, երբ կինոռեեստրը ստեղծվել է Ազգային ֆիլմերի հաշվառման և պահպանման համար, հասկանալի չէ։ Այդպիսի դրույթ այս կետի հիմնավորման մեջ նշված չէ, և այն «չի գտնվում»։ Նույնիսկ եթե գտնվեր, ավելի ուշ հատատված ՈՐՈՇՈՒՄ 2-ը, ինչպես և Օրենքը, խոսում են միայն Ազգային ֆիլմի մասին։

 

Ի՞նչ է ստացվում, որ սկզբում այս նախագծով հանում ենք «Ազգային» բառը Կառավարության որոշմանը համապատասխանեցնելու համար (ի դեպ առանց ապացույցի, որ չի համապատասխանում), հետո փոխում ենք Կառավարության որոշումները, որ դրանք համապատասխանեն օրենքին։ Եվ այդպես անվե՞րջ։

 

Մեջբերման շարունակություն․ «Հանրային օգտագործում» տերմինը իրավական առումով պատշաճ ձևակերպում չէ, և դրա կիրառումը չի

ապահովում իրավական որոշակիության պահանջը»:

 

Նախագծի հիմնավորումից մեջբերման շարունակություն․ «Հանրային օգտագործում» տերմինը իրավական առումով պատշաճ ձևակերպում չէ, և դրա կիրառումը չի ապահովում իրավական որոշակիության պահանջը․․․»։

 

«Հանրային օգտագործում» տերմինը Հեղինակային իրավունքի միջազգային կոնվենցիաներում գոյություն ունեցող տերմին է (public domain)։ Այն երբեմն թարգմանվում է «Հանրային սեփականություն», երբեմն՝ «Հանրային օգտագործում» բառակապակցություններով, արտահայտելով նույն բովանդակությունը Եվ առանց այդ տերմինի անհնար է խոսել մշակույթի ժառանգականության և Հանրային սեփականության օրենքների մասին, որոնք Հեղինակային իրավունքների մաս են կազմում «Բեռնի կոնվենցիա», ՀՀ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենք»

 

Եվ վերջապես, այս հոդվածում առաջարկվող՝ կետ 3-ի դադարեցման մասին, որն առաջարկում է ոչ միայն իրավական, այլ մասնագիտական աբսուրդ։

Մեջբերում եմ կետը, որի գործողությունը առաջարկվում է դադարեցնել

 

«3. Ֆիլմի ստեղծման մասին ֆիլմարտադրողի հետ կնքված պայմանագրով ֆիլմի նկատմամբ բացառիկ գույքային իրավունքներն անցնում են ֆիլմարտադրողին՝ վերջինիս կողմից ֆիլմի ստեղծման մասին պայմանագրի հիման վրա ստեղծագործական խմբի անդամներին վճարված հեղինակային վարձատրության (ռոյալթիի) դիմաց»։

 

Նախագծի հիմնավորումից մեջբերման շարունակություն․ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթներով արդեն իսկ առկա են նման գործընթացներ իրականցնելու համար անհրաժեշտ կարգավորումներ: Սույն կետի գործողությունը դադարեցնելը նպատակ է հետանդում հավասար պայմաններ ստեղծել բոլոր ֆիլմ ցուցադրողների համար՝ բացառելով որևէ մեկի արտոնյալ կարգավիճակը»:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթներով արդյո՞ո առկա են գործընթքացներ կինոարտադրության ոլորտում ստեղծագործական խմբից գույքային իրավունք վերցնելու- Օրենքի հիմնական նպատակներից մեկը հենց դա է ոլորտի կարգավորման պահանջներին տալ օրենքի ուժ։ Ֆիլմարտադրողը պետք է ֆիլմ արտադրի՝ առանց ստեղծագործական կազմից գույքային իրավունք ձեռք բերելու՞։ Ի՞նչ հիմքով է արտադրելու։ Ֆիլմերի ֆինանսավորման մրցույթներին մասնակցելու, կանոնակարգերում ներառված (այդ թվում և հենց Հիմնադրամի կանոնակարգում ներառված), գործընկեր ձեռք բերելու համար ամենակարևոր փաստաթղթերից մեկը սցենարի գույքային իրավունքն է։ Ֆիլմարտադրողը ֆիլմ է անելու առանց իրավունքների՞։ Ի՞նչ հիմքով է ֆիլմ անելու։ Համատեղ ատրադրողների հետ ի՞նչ իրավուքներ ենք կիսելու (Կոնվենցիա, հոդված 7): Անօրինական ֆիլմեր ե՞նք արտադրելու, առանց ստեղծագործական կազմի հետ պայմանագրերի՞։ Ի՞նչ տրամաբանությամբ՝ ոլորտի հիմքը կազմող փաստաթղթից դուրս է բերվում կինոարտադրության հիմքը կազմող ամենակարևոր պահանջը, որի վրա պետք է կանգնեն արտադրողներն ու ստեղծագործական խումբը՝ որպես հիմք։ Ինչո՞ւ ենք հետ գնում՝ առաջ գնալու և օրենսդարական դաշտում կինոարտադրություն իրականացնելու փոխարեն։ Առաջարկված քաոսի հետեւանքներն ուսումնասիրվե՞լ են ԿԳՄՍ նախարարաության կողմից։

 

Նախագծի հիմնավորումից մեջբերման շարունակություն․ «Սույն կետի գործողությունը դադարեցնելը նպատակ է հետանդում հավասար պայմաններ ստեղծել բոլոր ֆիլմ ցուցադրողների համար՝ բացառելով որևէ մեկի արտոնյալ կարգավիճակը»:

 

Որևէ հրաշքով հնարավոր չէ հասկանալ, թե ինչ կապ ունի ֆիլմ ցուցադրողների համար հավասար պայմանաները ֆիլմարտադրողների հիմքային պահանջի հետ, բացի նրանից, որ որևէ մեկը չի կարող ցուցադրել ֆիլմ, որի իրավունքներն ի սկզբանե ֆիլմարտադրողինը չեն։

 

Մնում է ասել․ ինչ լավ է, որ Օրենքի Հոդված 14, կետ 3-ի գործողությունը դադարեցնելու այս առաջարկը խախտում է Կինեմատոգրաֆիայի համատեղ արտադրության կոնվենցիայի Հոդված 7-ը (Որպեսզի մենք ունենանք իրավուքներ, մենք նախ և առաջ դրանք պետք է ձեռք բերենք) և հետևաբար Հոդված 14, կետ 3-ի գործողությունը չի կարող դադարեցվել։

 

Եթե մտադրություն չունենք ամբողջ կինոարտադրությունը նետել քաոսի մեջ, առաջարկում եմ վերադառնալ գործող Օրենքի ձևակերպումներին։ 

Հոդված 9-ի մեկնաբանությունը ընդունվել է ի գիտություն, կքննարկվի լրացուցիչ

7 Inna Sahakyan 19.03.2026 12:06:10

Նախաբան

Որպես կինոարտադրության ոլորտում և միջազգային համատեղ արտադրություններում երկարամյա փորձ ունեցող մասնագետ, ծանոթացել եմ առաջարկվող փոփոխությունների հիմնավորումներին։ Ցավոք, ներկայացված փաստաթուղթը չի տալիս խորքային վերլուծություն այն մասին, թե ինչպես են այս փոփոխությունները բարելավում օրենքը, ինչպես նաև հակասում է ՀՀ մի շարք օրենքների և միջազգային կոնվենցիաների, մասնավորապես «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային։

Այստեղ մաս-մաս տեղադրում եմ իմ առաջարկները, միևնույն ժամանակ կցում եմ ամբողջական pdf ֆայլը։

 

 

Հոդված 1. («Կինեմատոգրաֆիայի մասին» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը դադարեցնել)։

Դեմ եմ այս մասի գործողության դադարեցմանը։ Եթե անգամ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածով արդեն իսկ սահմանված է իրավական նորմերի աստիճանակարգությունը և միջազգային պայմանագրերի առաջնահերթությունը, նպատակահարմար եմ գտնում այդ դրույթը պահպանել նաև «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում։ Քանի որ ներկայումս ակնկալվում են սահմանադրական փոփոխություններ, կարևոր է, որ միջազգային համագործակցության և համատեղ արտադրության համար հիմնարար հանդիսացող այս սկզբունքը ամրագրված լինի նաև կինոյի մասին ոլորտային օրենքում։ Սա կապահովի լրացուցիչ իրավական կայունություն և հստակություն միջազգային գործընկերների համար՝ անկախ հնարավոր սահմանադրական բարեփոխումներից։

 

Հոդված 2 (Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մաս) Առաջարկվում է դադարեցնել 2-րդ կետի գործողությունը, որը սահմանում է «Աջակցող» հասկացությունը։ Նպատակահարմար է այս կետը պահպանել օրենքում, քանի որ այն վերաբերում է օրենքի հիմնարար առանցքին։ Պետությունը հանդիսանում է կինոարտադրության ոլորտի աջակցող՝ դրամաշնորհների տրամադրման սկզբունքներով, և «Աջակցողի» բնորոշումը՝ որպես անձ, որը միջոցներ է հատկացնում առանց գործընթացներին միջամտելու և գույքային իրավունքներ ձեռք բերելու, առանցքային է։

 

Հոդված 2 (Օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետ) Կարևոր է, որպեսզի պահպանվի «անձեռնմխելի կապիտալ» հասկացությունը։ Սա անհրաժեշտ նախապայման է, որը կանխարգելում է դրամագլխի միջոցների ուղղումը այլ գործունեության։

 

Հոդված 2 (Օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ կետ) Կինոթատրոններ հասկացողության վերաբերյալ։Եթե 50 դիտողի ապահովումը համարվում է մեծ թիվ, առաջարկում եմ այն իջեցնել, բայց նշել հստակ սահման՝ օրինակ՝ առնվազն 30 դիտող։ Սա թույլ կտա, որ մի քանի հոգով ցուցադրության կազմակերպումը չդիտվի որպես կինոթատրոնային ցուցադրում, և փոքր միջոցառումների դեպքում չառաջանա վկայականի անհիմն պահանջ։

 

Հոդված 2 (Օրենքի 3-րդ հոդվածի նոր 36-րդ կետ) Առաջարկում եմ ավելացնել «տրամադրվող ֆինանսական աջակցություն» ձևակերպումը։ Տրամադրվող ֆինանսավորման աջակցության (դրամաշնորհային) մեխանիզմը օրենքի կարևորագույն մասերից մեկն է։

Դիտել կցված փաստաթուղթը

Ընդունվել է ի գիտություն, կդիտարկվի լրացուցիչ

8 Inna Sahakyan 19.03.2026 12:07:55

Հոդված 3 (Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետ) Այս կետի դադարեցումը համարում եմ անհիմն։ Կարևոր է օրենքում պահպանել դրույթը, որ կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորումը Կառավարության լիազորությունն է, և ոչ թե որևէ այլ մարմնի։

 

Հոդված 4 (Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մաս) Խստորեն առարկում եմ «կինեմատոգրաֆիայի ոլորտի հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարում» ձևակերպման դեմ։

  • Անհասկանալի է, թե ինչ է սա նշանակում և ովքեր են այս դեպքում համարվում «հեղինակներ»։ Ըստ գործող կարգի, ստեղծագործողների հեղինակային թիմի գույքային իրավունքները պայմանագրով փոխանցվում են պրոդյուսերական ընկերությանը՝ արտադրությունն ու դիստրիբյուցիան իրականացնելու համար։
  • Ի՞նչ է նշանակում կոլեկտիվ հիմունքներով կառավարում։ Եթե ստեղծագործական թիմի ռոյալթիների հավաքագրումը և բախշումն է, ապա ինչպես է դա իրականացվելու, եթե դիստրիբյուցիոն պայմանագրերը կնքվում են պրոդյուսրերական ընկերության հետ։ Եթե Ազգային մարմինը ստանձնի այս գործառույթը, ստացվում է, որ այն խլում է պրոդյուսերական ընկերությունների դերը և անհասկանալի է, թե ինչպե՞ս է սահմանազատվելու պրոդյուսերի սեփականության իրավունքը և «կոլեկտիվ կառավարումը»։ Սա լրջորեն կվնասի միջազգային դիստրիբյուցիային, որտեղ իրավունքների միակ իրավատերը պետք է լինի պրոդյուսերը։
  • Այս կետը դեմ է կոնվենցիային, որտեղ նշվում է որ ֆիլմերի իրավատերերը կարող են լինել միայն արտադրող/պրեսյուսերական ընկերությունները։ Դրա առկայությունը լրջորեն կվնասի ֆիլմերի համատեղ արտադրություններին և միջազգային դիստրիբյուցիային։
  • Կենտրոնացված կառավարումը կխոչընդոտի հայկական ֆիլմերի մրցունակությանը և կբարդացնի օտարերկրյա ներդրումների ներգրավումը։
  • «Պետական մշակութային քաղաքականության նպատակներին համահունչ լինելը» կարող է դառնալ գործիք՝ սահմանափակելու ստեղծագործողի անկախությունը։
  • Նման խմբագրումը կարող է լինել միայն հեղինակների կամավոր համաձայնության դեպքում և չի կարող պարտադիր լինել բոլորի համար։

 

Հոդված 5 (Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մաս) Կտրականապես դեմ եմ այս կետի դադարեցմանը։ Ազգային մարմինը պետք է մնա որպես աջակցող և չպետք է ձեռք բերի գույքային իրավունքներ կամ իրականացնի ձեռնարկատիրական գործունեություն։ Սա օրենքի և համատեղ արտադրության եվրոպական կոնվենցիայի հիմքն է։ Հակառակ դեպքում ստեղծվում են մեծ կոռուպցիոն ռիսկեր, երբ ֆինանսավորող մարմինը դառնում է նաև արտադրող։

Ընդունվել է ի գիտություն, կդիտարկվի լրացուցիչ

9 Inna Sahakyan 19.03.2026 12:09:25

Հոդված 7 (Օրենքի 4-րդ գլուխ և 13-րդ հոդված) Վերնագրից «ՖԻԼՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ» հանելը համարում եմ անհիմն և արտադրողի իրավունքների ոտնահարում։ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ։ Առաջարկում եմ օրենքի 13-րդ հոդվածում ավելացնել նոր կետ, որտեղ հստակ կամրագրվի, որ ազգային ֆիլմի գույքային իրավունքները պետք է պատկանեն Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ֆիլմարտադրողին։ Սա անհրաժեշտ է տեղական արտադրողի շահերը պաշտպանելու և իրավական հստակություն հաստատելու համար։

 

Հոդված 7 (13-րդ հոդված, լեզվի հարցը) Լեզվի պահանջի վերաբերյալ առաջարկում եմ հետևյալ վերաշարադրանքը. «Ֆիլմի բնօրինակը հայերեն է... բացառությամբ այն դեպքերի, երբ օտար լեզվի օգտագործումը ստեղծագործական գաղափարի անբաժանելի մաս է, ինչպես նաև երբ օտար լեզուն բխում է ֆիլմի համատեղ արտադրության և դիստրիբյուցիայի պահանջներից։ Բացառության դեպքերում արտադրողը պարտավորվում է ստեղծել նաև ֆիլմի լիարժեք հայերեն թարգմանությամբ տարբերակը»։

 

Հոդված 9 (Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մաս) Կտրականապես դեմ եմ այս կետի դադարեցմանը։ Բացառիկ գույքային իրավունքների անցումը արտադրողին՝ վճարված ռոյալթիի դիմաց, միջազգային ընդունված փորձ է։ Սրա բացառումը կպարալիզացնի կինոարտադրությունը և կբացառի համատեղ արտադրությունները, ինչպես նաև հայկական ֆիլմերի ներկայությունը միջազգային աշխարհում։

 

Հոդված 19 - ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ (Համատեղ արտադրության նախնական կարգավիճակ)  

1․ Վավերագրական ֆիլմերի նկարահանումները հաճախ սկսվում են շատ ավելի վաղ, քան ֆինանսական պլանների ամփոփումըж Հատկապես վավերագրության մեջ և երբեմնն նաև այլ նախագծերում համատեղ արտադրողները կարող են հաստատվել/փոփոխվել նկարահանումները սկսելուց հետո, ինչից հետո կարիք կարող է առաջանալ դիմել կարգավիճակի նախնական տրամադրման։

Առաջարկում եմ մտցնել բացառություն. «Վավերագրական ֆիլմերի դեպքում և այլ նախագծերում միջազգային նոր համաարտադրողների ներգրավման դեպքում կարող են դիմել նախնական կարգավիճակի համար նաև նկարահանումները սկսելուց հետո»։

 

2․ Հոդված 19.2 (2-րդ կետ) Վերջնական կարգավիճակի փուլում սցենարի պահանջը անհիմն է, քանի որ ֆիլմն արդեն ավարտված է։ Այս փուլում պետք է ստուգվի ծախսերի աուդիտը և ստեղծագործական միավորների համապատասխանությունը։

 

Հոդված 13 (Օրենքի 22-րդ հոդված) 3-րդ մասի դադարեցման համար չկան հիմնավորումներ։ 5-րդ կետի փոփոխությունը ձևակերպված է անհասկանալի. եթե սա նշանակում է, որ գումարը պետք է ծախսվի մինչև 1-ին եռամսյակի ավարտը, ապա դա հակասում է հիմնադրամների մասին օրենքին, քանի որ հիմնադրամները չունեն գումարը տվյալ տարում ծախսելու պարտադրանք։ Եթե վերաբերվում է չծախսվախ գումարի փոխանցմանը դրամագլխի կապիտալին, ապա առարկություն չունեմ, բայց խնդրում եմ ձևակերպումը հստակեցնել։

 

Հոդված 14 (Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մաս) Դեմ եմ առաջարկվող փոփոխությանը, քանի որ դրամագլխի գումարների ծախսման նպատակն է արտադրողների (այս դեպքում շահառուների) և ոլորտի աջակցությունը անկախ մրցութային հիմունքներով, իսկ այս փոփոխությունը առաջացնում է գումարների ծախսման բաց, կոռուպցիոն դաշտ։ Դեմ եմ «այլ» շաղկապի օգտագործմանը, քանի որ այն ստեղծում է կոռուպցիոն դաշտ և կամայական ֆիլմերի ֆինանսավորման վտանգ։ Քանի որ համատեղ արտադրության ֆիլմերի աջակցությունը թույլատրելի է օրենքի սահմանում, բայց համատեղ արտադրության ֆիլմերը պարտադիր չէ, որ լինեն ՛ազգային", առաջարկում եմ ավելացնել ՛և համատեղ արտադրությամբ սույն օրենքին համապատասխանող" արտահայտությունը։

 

Հոդված 26 ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ (Համատեղ արտադրություն) Համատեղ արտադրություն հոդվածը առավել համապատասխանեցնելու համար «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային, ըստ որի համարտադրող ընկերությունները հանդիսանում են ֆիլմի իրավունքների համասեփականատերերը, ինչպես նաև հնարավորություն տալու կոնվենցիայի օգտվել նաև հնարավոր միայն ֆինանսական համարտադրությունից, առաջարկում եմ։ .

  • 1-ին կետի 3-րդ ենթակետում. «Համատեղ արտադրություն պայմանագիրը պարտադիր սահմանում է, որ յուրաքանչյուր համաարտադրող պետք է հանդիսանա ֆիլմի գույքային իրավունքների համասեփականատեր՝ իր ներդրմանը համամասնորեն»։
  • Ավելացնել 4-րդ ենթակետ. «Համատեղ արտադրության կողմերից մեկի ներդրումը կարող է լինել բացառապես ֆինանսական»։

 

Հոդված 16. Օրենքի 28-րդ հոդվածի վերաբերյալ նշված է, որ ՀՀ կառավարության 18.01.2024 թվականի N 92-Ն որոշմամբ սահմանվում է վարձութային վկայական տրամադրելու ընթացակարգը, սակայն անհասկանալի է ինչպե՞ս է որոշվում, թե ո՞ր կազմակերպությունն է տրամադրում վկայականը, և որոնք են այդ կազմակերպության որակական ու մասնագիտական հատկանիշները։ Այս գործառույթի ներկա մենաշնորհումը մեկ ՍՊԸ-ի ձեռքում պարունակում է կոռուպցիոն մեծ ռիսկ և մասնագիտական անպատասխանատվություն։ Առաջարկում եմ այս կետում սահմանել «Վարձույթային վկայական» տրամադրող կազմակերպության որակական և մասնագիտական չափանիշներ և սահմանել մրցութային ընտրություն՝ բացառելով մենաշնորհային դիրքը։

 

 

Եզրակացություն

Կոչ եմ անում վերանայել նշված կետերը՝ պահպանելով այն հիմնարար սկզբունքները, որոնց վրա հենված է անկախ կինոարտադրությունը և այս օրենքը ի սկզբանե։ Օրենքի առաջարկվող փոփոխությունները պետք է միտված լինեն արտադրողի պաշտպանվածությանը և միջազգային համագործակցության ընդլայնմանը։ Օրենքը պետք է լինի գործիք ստեղծագործողին աջակցելու, այլ ոչ թե նրա իրավունքները սահմանափակելու համար։Ազգային մարմնի կողմից արտադրողի իրավունքների կառավարման կամ ձեռնարկատիրական գործունեության ցանկացած փորձ հարվածելու է ոլորտի թափանցիկությանը և հեղինակների անկախությանը, ինչպես նաև միջազգային առաջխաղացմանը։

Ընդունվել է ի գիտություն, կդիտարկվի լրացուցիչ

10 Գրիգոր Պողոսյան 19.03.2026 13:06:05

Գույքային իրավունքների որևէ կերպ ֆինանսավորող մարմնին կամ հիմնադրամին փոխանցելն աընդունելի է

Ընդունվել է ի գիտություն

11 Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան 20.03.2026 21:04:21

Օրենքի փոփոխությունների առաջարկում կա անօրինական հասկացություն, որը մի քանի անգամ կրկնվում է ընթացքում․ գույքային իրավունքի պատկանելը պետությանը կամ ազգային մարմնին։ Այսպիսով՝

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվում է անընդունելի տարբերակ՝

«1) հանդիսանում է կինեմատոգրաֆիայի ոլորտի հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություն.»:

Չի կարող ժողովրդավարական երկրում լինել որևէ կազմակերպություն, որն իրավունք ունի կոլեկտիվ կառավել հեղինակների գույքային իրավունքները․ հեղինակների գույքային իրավունքները կարող են պատկանել հեղինակներին և ֆիլմարտադրող կազմակերպություններին ինչպես երկրի ներսում, այպես էլ համատեղ՝ երկրից դուրս գործընկերների հետ, որը յուրաքանչյուր ֆիլմի դեպքում կլինի և պետք է լինի տարբեր։

 

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 2. Ազգային ֆիլմեր են համարվում նաև այն ֆիլմերը, որոնց գույքային իրավունքները փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը կամ ազգային մարմնին:

Նույն մեկնաբանությունը․ գույքային իրավունքը չի կարող պատկանել ո՛չ ՀՀ-ին, ո՛չ էլ ազգային մարմնին, քանի որ մենք ժողովրդավարական երկիր ենք։

Այս կետերը հակասում են ստեղծագործական ազատության ժամանակակից ժողովրդավարական ստանդարտներին։

Մեկնաբանության 1-ին հատվածը ընդունվել է ի գիտություն:

Մեկնաբանության 2-րդ կետը առկա է գործող օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և որևէ առնչություն չունի ժողովրդավարության հետ:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: