«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոնների վերանայումն է՝ ոսկեգործության ոլորտի զարգացման համար նպաստավոր հարկային միջավայր ձևավորելու ակնկալիքով:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Հարկային օրենսգրքի համաձայն՝ թանկարժեք մետաղների օտարումն ազատված է ԱԱՀ-ից: Միաժամանակ, այդ նույն թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի ոսկերչական զարդերի օտարումը հարկվում է ԱԱՀ-ով, իսկ այդ գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է Հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումների շրջանակներում: Այս պարագայում ստացվում է, որ անկախ այն հանգամանքից, որ ոսկու օտարումն ազատված է ԱԱՀ-ից, ոսկյա զարդի մեջ առկա ոսկին արժեշղթայի հետագա օղակներում փաստացի հարկվում է ԱԱՀ-ով: Ընդ որում, հատկանշական է նաև այն, որ ոսկու արժեքը հաճախ կազմում է ոսկյա զարդերի արժեքի հիմնական մասը:
Խնդիրը նաև այն է, որ ոսկին՝ որպես առանձնահատուկ ապրանք, յուրաքանչյուր անգամ արժեշղթայի օղակներով անցնելիս նորովի չի ստեղծվում որպես արժեք, այլ պարզապես մի ձևից վերափոխվում է մեկ այլ ձևի՝ իր արժեքը փոխանցելով արժեշղթայի հաջորդական օղակներով: Այլ կերպ ասած՝ ոսկու ձուլակտորից ոսկյա զարդ պատրաստելու օղակում ոսկու արժեքը չի համարվում նոր ստեղծված արժեք: Հետևաբար, այս պարագայում ոսկու՝ ԱԱՀ-ով հարկումը մի կողմից խնդրահարույց է, մյուս կողմից՝ հանգեցնում է ոսկյա զարդերի գների բարձրացման՝ դրանով իսկ խոչընդոտելով ոսկեգործության ոլորտի զարգացմանը:
Իհարկե, նույն խնդիրն առկա կլինի նաև բոլոր այն դեպքերում, երբ որևէ հումք կամ նյութ ենթակա չէ ԱԱՀ-ով հարկման, սակայն դրա օգտագործմամբ ստացվող արտադրանքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման: Այդուհանդերձ, ոսկին առանձնահատուկ հումք է, քանի որ յուրաքանչյուր անգամ այն վերամշակելիս դրա արժեքը պահպանվում է, և յուրաքանչյուր անգամ արժեշղթային օղակներով անցնելիս դրա՝ ԱԱՀ-ով հարկումը գործնականում կնշանակի ԱԱՀ-ով բազմակի անգամ հարկում, որը հիմնավոր մոտեցում չէ:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝
1) ոսկուց և թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրողի կողմից արտադրված՝ ոսկուց և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի օտարման գործարքների մասով՝ ԱԱՀ-ով հարկման բազա է համարվելու Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի և տվյալ իրի արտադրության համար օգտագործված ոսկու և թանկարժեք մետաղների ձեռք բերման գնի դրական տարբերությունը, բայց ոչ պակաս, քան օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի 25 տոկոսը,
2) ոսկուց և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձանց կողմից ոսկուց և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի օտարման գործարքների մասով՝ ԱԱՀ-ով հարկման բազա է համարվելու Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի և տվյալ իրի ձեռք բերման գնի ներառյալ՝ ԱԱՀ-ն դրական տարբերությունը: Միաժամանակ, առաջարկվում է վերջիններիս մասով սահմանափակել ոսկուց և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի օտարման գործարքներին վերագրվող ձեռքբերումների մասով մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցումների իրավունքը:
ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման առանձնահատկություն սահմանելուն զուգահեռ, առաջարկվում է ուժը կորցրած է ճանաչել ԱԱՀ վճարող հարկային գործակալին ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարումից ստացվող եկամուտների՝ եկամտային հարկով չհարկելու օրենսդրական կարգավորումը՝ այն պահպանելով միայն շրջանառության հարկ վճարող հարկային գործակալների մասով:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ոսկեգործության ոլորտի զարգացման համար ձևավորել նպաստավոր հարկային միջավայր:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝
· Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինանսական համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառավարությունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումները, որոնք նպաստելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը,
· Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտահանման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար:
-
Duration
10.02.2026 02.03.2026 -
Type
Law
-
Area
State revenue, Economy, Financial
-
Status
Views 294
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.