Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

 

1.    Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոնների վերանայումն է՝ ոսկեգործության ոլորտի զարգացման համար նպաս­­­­տավոր հարկային միջավայր ձևավորելու ակնկալիքով:

2.    Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Հարկա­յին օրենսգրքի համաձայն՝ թանկարժեք մետաղների օտարումն ազատված է ԱԱՀ-ից: Միա­ժա­մա­նակ, այդ նույն թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի ոսկերչական զար­դերի օտարումը հարկվում է ԱԱՀ-ով, իսկ այդ գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազան հաշ­վարկ­վում է Հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումների շրջա­նակ­նե­րում: Այս պարագայում ստացվում է, որ անկախ այն հանգամանքից, որ ոսկու օտարումն ազատ­­ված է ԱԱՀ-ից, ոսկյա զարդի մեջ առկա ոսկին արժեշղթայի հետագա օղակներում փաս­տացի հարկ­վում է ԱԱՀ-ով: Ընդ որում, հատկանշական է նաև այն, որ ոսկու արժեքը հաճախ կազ­մում է ոսկյա զարդերի արժեքի հիմնա­կան մասը:

Խնդիրը նաև այն է, որ ոսկին՝ որպես առանձնահատուկ ապրանք, յուրաքանչյուր անգամ արժե­­շղթայի օղակներով անցնելիս նորովի չի ստեղծվում որպես արժեք, այլ պարզապես մի ձևից վերափոխվում է մեկ այլ ձևի՝ իր արժեքը փոխանցելով արժեշղթայի հաջորդական օղակներով: Այլ կերպ ասած՝ ոսկու ձուլակտորից ոսկյա զարդ պատրաստելու օղակում ոսկու արժեքը չի համար­­վում նոր ստեղծված արժեք: Հետևաբար, այս պարագայում ոսկու՝ ԱԱՀ-ով հարկումը մի կողմից խնդրահարույց է, մյուս կողմից՝ հանգեցնում է ոսկյա զարդերի գների բարձրացման՝ դրանով իսկ խոչընդոտելով ոսկեգործության ոլորտի զարգացմանը:

Իհարկե, նույն խնդիրն առկա կլինի նաև բոլոր այն դեպքերում, երբ որևէ հումք կամ նյութ ենթակա չէ ԱԱՀ-ով հարկման, սակայն դրա օգտագործմամբ ստացվող արտադրանքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման: Այդուհանդերձ, ոսկին առանձնահատուկ հումք է, քանի որ յուրաքանչյուր անգամ այն վերամշակելիս դրա արժեքը պահպանվում է, և յուրաքանչյուր անգամ արժեշղթային օղակներով անցնելիս դրա՝ ԱԱՀ-ով հարկումը գործնականում կնշանակի ԱԱՀ-ով բազմակի անգամ հարկում, որը հիմնավոր մոտեցում չէ:

3.    Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝  

1)   ոսկուց և թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրողի կողմից արտա­դր­ված՝ ոսկուց և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի օտարման գոր­ծարք­ների մասով՝ ԱԱՀ-ով հարկման բազա է համարվելու Օրենսգրքով սահ­ման­ված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ  անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի  և տվյալ իրի արտադ­րու­թյան համար օգտագործված  ոսկու և թանկարժեք մետաղների ձեռք բերման գնի դրական տար­բերությունը, բայց ոչ պակաս, քան օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով հաշ­վարկ­վող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի 25 տոկոսը,

2)  ոսկուց և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առևտրական (առք ու վաճառքի) գոր­ծու­նեու­թյամբ զբաղ­վող անձանց կողմից ոսկուց և թանկարժեք մետաղներից պատ­­րաստված իրերի օտար­ման գործարքների մասով՝ ԱԱՀ-ով հարկման բազա է համարվելու Օրենսգրքով սահ­ման­ված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի և տվյալ իրի ձեռք բերման գնի ներառյալ՝ ԱԱՀ-ն դրական տար­բերությունը: Միաժամանակ, առաջարկվում է վերջիններիս մասով սահմանա­փա­կել ոսկուց և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի օտարման գործարքներին վերա­գրվող ձեռք­բե­րումների մասով մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվում կամ մաք­սային հայ­տա­­րա­րա­գրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումար­ների հաշվանցումների իրավունքը:

ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման առանձնահատկություն սահմանելուն զուգահեռ, առա­ջարկ­վում է ուժը կորցրած է ճանաչել ԱԱՀ վճարող հարկային գործակալին ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարումից ստացվող եկամուտների՝ եկամտային հարկով չհար­կելու օրենսդրական կար­գա­վորումը՝ այն պահպանելով միայն շրջանառության հարկ վճա­րող հարկային գործակալների մասով:

4.    Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ոսկուց և թանկար­ժեք քարերից պատրաստված իրերի օտար­ման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան է:

5.    Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­­­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

6.   Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ոսկեգործության ոլորտի զարգացման համար ձևավորել նպաս­տա­վոր հարկային միջավայր:

7.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկա­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝

·      Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինան­սա­կան համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառա­վա­րու­թյունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումները, որոնք նպաս­­տելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը,

·      Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտահանման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար:

  • Обсуждалось

    10.02.2026 - 02.03.2026

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы, Экономика, Финансовая

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 655

Принт

Предложения

SARKISSIAN

12.02.2026

ԱՌԱՋԱՐԿ

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ 62-րդ հոդվածի 22-րդ մասի բովանդակության հստակեցման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ,

Ոսկերչական ոլորտի ներկայացուցիչները վերջին ամիսներին ունեցել են մի շարք աշխատանքային հանդիպումներ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ՝ պարոն Էդուարդ Հակոբյանի հետ։

Քննարկումների ընթացքում ընդգծվել են ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի՝ ոսկուց պատրաստված իրերի ԱԱՀ-ով հարկման բազայի սահմանմանը վերաբերող մի շարք գործնական հարցեր, որորնց արդյունքում ոլորտի ներկայացուցիչների կողմից ներկայացվել է առաջարկ, ըստ որի՝ օրենքի նշված դրույթում նպատակահարմար է «ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրեր» ձևակերպումը հստակեցնել՝ ներառելով նաև բոլոր թանկարժեք մետաղները, ինչպես նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, որոնց ձեռքբերումը Հայաստանի Հանրապետության տարածքում օրենքով ազատված է ԱԱՀ-ից։

Առաջարկվող հստակեցում

Օրենքի նախագծի 22-րդ մասում առաջարկվում է «ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրեր» ձևակերպման փոխարեն օգտագործել հետևյալը՝

«թանկարժեք մետաղներից, ինչպես նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերից պատրաստված իրեր», 

և ըստ հնարավորության նախագծում դրանց ցանկը հստակեցնել՝ համապատասխան ԱՏԳԱԱ կոդերով՝ հարկային վարչարարության պարզեցման նպատակով։

Իրավական հիմքեր

1.      «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի (ՀՕ–83–Ն, ընդունված է՝ 23.05.2006 թ.) 1-ին հոդվածով հստակ սահմանվում է, որ թանկարժեք մետաղներ են՝

«Ոսկին, արծաթը, պլատինը և պլատինե խմբի մետաղները (պալադիում, իրիդիում, ռոդիում, ռուտենիում և օսմիում), որոնք կարող են գտնվել ցանկացած վիճակում և տեսքով, այդ թվում՝ հումքի, ձուլվածքների, կիսաֆաբրիկատների, արդյունաբերական արտադրանքի, քիմիական միացությունների, արտադրանքի (իրերի), այդ թվում՝ ոսկերչական և այլ իրերի, մետաղադրամների, ջարդոնների և թափոնների ձևով»։

2.     ՀՀ Հարկային օրենսգիրքի 64-րդ հոդվածով. (ՀՕ–165–Ն)

ԱԱՀ-ից ազատվում են՝

25) Կառավարության սահմանած ցանկում նշված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի օտարումը.

26) թանկարժեք մետաղների (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանքի (իրերի), այդ թվում՝ ոսկերչական և այլ իրերի), ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված՝ ԱՏԳ ԱԱ 7106, 7108, 7109 00 000 0, 7110, 7113, 7115 ծածկագրերին դասվող ոսկերչական նշանակության կիսապատրաստուկների օտարումը.

Այս դրույթները վկայում են, որ գործող օրենսդրությամբ նման հումքի ձեռքբերումը և օտարումը ՀՀ տարածքում ազատված է ԱԱՀ-ից, ուստի այն պետք է ամբողջությամբ ընդգրկվի նաև նախագծի նոր ձևակերպման շրջանակում։

Առաջարկի հիմնավորումը

Տնտեսական հավասար մրցակցային դաշտի ապահովում․

Ներկայիս նախագծում ԱԱՀ-ով հարկման բազայի նոր կարգը տարածվում է միայն ոսկուց պատրաստված իրերի վրա, ինչը կարող է առաջացնել մրցակցային անհավասարություն ոսկյա և արծաթյա արտադրանքի շուկաների միջև։

Նման մոտեցումը կխաթարի արդար մրցակցությունը և տնտեսվարողների հավասարակշռված հարկային բեռը։

Եզրակացություն

Համաձայն վերը նշվածի՝ առաջարկում ենք վերանայել նախագծի 22-րդ մասի ձևակերպումը՝ «Ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրեր», այն ձևակերպելով հետևյալ կերպ․

«Թանկարժեք մետաղներից, ինչպես նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ...:»

Սա կապահովի ոսկեգործության ոլորտի հավասարակշռություն, իրավական հստակություն և արդար մրցակցային միջավայր։

 

Հարգանքով՝ ՍԱՐԿԻՍՍԻԱՆ ՍՊԸ

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: