Add to favourites

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

25%75%

Նախագծով նախատեսվում է բարելավել շահերի բախման գործիքակազմը:

  • Discussed

    11.03.2025 - 26.03.2025

  • Type

    Law

  • Area

    Financial

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 553

Print

Suggestions

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

26.03.2025

6. Հոդված 6-ի՝ «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ» բաժնում նախատեսվում է օրենքի նախագիծը ուժի մեջ մտցնել 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ օրենքից բխող՝ Կառավարության որոշման մասին դրույթը բացակայում է: Գտնում ենք, որ 2027 թվականի հունվարը շատ ուշ ժամկետ է, քանի որ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա գործողությունների ծրագիրը նախատեսված է իրականացնել 2023-2026 թթ․ համար։ Ստացվում է, որ ռազմավարությամբ գործողությունների միայն օրենքի ընդունումն ենք կարողանում ապահովել 2027 թվականի սկզբին, մինչդեռ, դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակման ժամկետ սահմանված չէ։ Նշված ժամկետը ձգձգված է նաև այն հանգամանքներով, որ ներկայումս մասսայական են դարձել ՏԻ մարմինների ղեկավարների կողմից իրենց հետ փոխկապակցված ընկերությունների հետ գնումների պայմանագրերի կնքումը և ԿԿՀ-ի կողմից վարույթների իրականացումը, որը բովանդակային տեսանկյունից չի լուծում շահերի բախման իրավիճակում գնումների պայմանագրերի կնքման գործընթացներում առաջացած կոռուպցիոն ռիսկերը։ Ելնելով վերոնշյալից` ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ • «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2026 թվականի հունվարի 1-ը, իսկ դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակումը նախատեսել մինչև 2026 թվականի մարտի 31-ը։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

26.03.2025

5. Հոդված 5-ի՝ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի «Պայմանագրերում սահմանվում է, որ այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ ուսումնասիրության, հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում, մինչև պայմանագրի կնքումը, պայմանագրի կողմը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո պատվիրատուն միակողմանիորեն լուծում է պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար» լրացվող դրույթը վերաբերում է գնումների պայմանագրի կնքման գործընթացում օրենքով սահմանված արգելքի կիրառման պահանջների պահպանմանը։ Այստեղ խնդրահարույց է մնում, թե որ պետական կառավարման մարմինն է վերահսկողություն, ուսումնասիրություն կամ հսկողություն իրականացնելու շահերի բախման իրավիճակներով պայմանավորված պատվիրատու կազմակերպության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված ընկերությունների գնումների գործընթացին մասնակցության արգելքի պահանջների պահպանման նկատմամբ։ Ըստ «Գնումների մասին» օրենքի տրամաբանության այն վերապահված է լիազոր մարմնին՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը, մինչդեռ, նոր սահմանվող արգելքը առավելապես վերաբերելի է պատվիրատու կազմակերպությունների (պետական և ՏԻ մարմինների) բարձրաստիճան պաշտոնատար անձանց, որոնց նկատմամբ սահմանված արգելքներն ու անհամատեղելիության պահանջների նկատմամբ վերահսկողության գործիքակազմերը վերապահված են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Նախ, Հանձնաժողովը արդեն իսկ հայտարարագրման պարտականություն ունեցող պաշտոնատար անձանցից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 42-ի 6-րդ մասով պահանջում է շահերի հայտարարագիր՝ «Պաշտոն զբաղեցնող անձի և նրա ընտանիքի անդամների կողմից, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կամ համայնքների հետ կնքված պայմանագրերի» վերաբերյալ տվյալներով, որոնք հիմք են հանդիսանում բացահայտելու պաշտոնյայի և նրա ընտանիքի մասնակցությամբ փոխկապակցված ընկերություններին։ Երկրորդ, Հանձնաժողովը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով առցանց հասանելիություն ունի պետական և ՏԻ մարմինների կողմից վարվող վարչական ռեգիստրներին կամ գրանցամատյաններին, որը հնարավորություն է տալիս ձևավորելու պաշտոնատար անձանց մասնակցությամբ փոխկապակցված ընկերությունների ցուցակները։ Երրորդ, ինչպես վկայում է միջազգային փորձը, նման արգելքները սահմանված են կոռուպցիայի կանխարգելման կամ բարեվարքության մասին օրենքներով, որոնց նկատմամբ վերահսկողությունը իրականացնում են համապատասխան մասնագիտացված՝ կոռուպցիայի կանխարգելման կառույցները։ Հայաստանում էլ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը ( հոդված 32, մաս 1) հանրային պաշտոն զբաղեցնող անձանց ու ծառայողներին արգելում է «Որպես պետության ներկայացուցիչ՝ գույքային գործարքներ կնքել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց հետ․․․»։ Նշված սահմանափակումը հանդես է գալիս հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և ծառայողների ձեռնարկատիրական գործունեությամբ կամ գործարար հարաբերություններով պայմանավորված շահերի բախման կանխարգելման միջոց։ Այդուհանդերձ, «նշված սահմանափակումը, ըստ էության, էական ազդեցություն չի կարող ունենալ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության, այդ թվում, շահերի բախման իրավիճակների գնահատման և կոռուպցիոն ռիսկերում ներգրավվածության կանխարգելման գործում»։։ Օրենքի նախագծով գնումների գործընթացում բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ ընկերությունների նկատմամբ սահմանվող արգելքի պահանջների խախտման համար նախատեսվում է կիրառել «պայմանագրի կողմը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո պատվիրատուն միակողմանիորեն լուծում է պայմանագիրը» դրույթը, որը սահմանում է միայն կեղծ տվյալների ներկայացման համար պայմանագրի լուծման հնարավորություն։ Մինչդեռ, նշված դրույթը ոչ մի առնչություն չունի շահերի բախման իրավիճակում պայմանագրերի կնքման գործընթացի հետ։ Այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամի կամ մերձավոր ազգակցությամբ ու խնամիությամբ կապված անձանց մասնակցությամբ ընկերությունների մասնակցության արգելքի խախտման հանգամանքները։ Օրենքի նախագծով նախատեսված չէ ներկայացված հայտի շրջանակներում ընկերության կողմից տվյալ կազմակերպության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ ունեցած փոխկապակցվածության մասին հայտարարագրի ներկայացման պահանջ։ Հետևաբար, կեղծ տվյալների ներկայացման հիմքով գնումների պայմանագրի լուծումը չի վերաբերում շահերի բախման իրավիճակում գնումների պատվիրատու տվյալ մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձի մասնակցությամբ ընկերության հետ կնքված գնումների պայմանագրերի լուծմանը։ Ելնելով վերոնշյալից՝ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ • «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ի 1-ին մասի 3-րդ կետը վերաշարադրել այն հաշվով, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև հանրային ծառայության ղեկավար (բարձրագույն ու գլխավոր) պաշտոնների խմբի ծառայողների համար սահմանափակվեն, նրանց և ընտանիքի անդամների, ինչպես նաև նրանց մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կամ այն առևտրային կազմակերպությունների, որոնցից ստացել են, ստանում են օգուտներ կամ եկամուտներ կամ պաշտոնավարման ընթացքում ունեցել են գործարար հարաբերություններ, կամ իրենց մասնակցությամբ առևտրային կազմակերպությունը մինչ պաշտոնավարումը արդեն իսկ հանդիսացել է տվյալ պետական կամ ՏԻ մարմնի պետական գնումների մատակարար՝ արգելվի մասնակցել տվյալ պետական կամ ՏԻ մարմնի կողմից կազմակերպվող պետական և համայնքային գնումներին, գույքի օտարման կամ սեփականաշնորհման, լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման գործընթացներին, կամ էլ այլ պայմաններով օգտագործման մրցույթներին։ Կառավարության անդամների մասով սահմանափակումը տարածել բոլոր պետական և համայնքային մարմինների վրա։ • «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով Հանձնաժողովին վերապահել պետական և ՏԻ մարմինների ու այլ կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց և նրանց ընտանիքի կամ մերձավոր ազգակցությամբ ու խնամիությամբ կապված անձանց մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գնումների գործընթացի մասնակցության արգելքի պահանջների նկատմամբ վերահսկողության գործառույթները։ • Օրենսդրությամբ նախատեսել գնումների գործընթացում բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կամ մերձավոր ազգակցությամբ ու խնամիությամբ կապված անձանց մասնակցությամբ ընկերությունների կողմից շահերի բախման իրավիճակում պայմանագրերի կնքման ժամանակ պատասխանատվության միջոցներ՝ մասնավորապես, արդեն իսկ կնքված պայմանագրերը առոչինչ ճանաչելու, իսկ կնքված գնումների պայմանագրերի շրջանակներում արդեն իսկ ավարտված պայմանագրերի դեպքում՝ ընկերության կողմից ստացված օգուտները բռնագանձելու հնարավորություն։ Առոչինչ ճանաչված պայմանագրերի դեպքում, ելնելով պայմանագրի իրականացման աստիճանից, նախատեսել առանց նոր մրցույթներ կազմակերպելու, նշված պայմանագրի կատարումը ոլորտում համանման աշխատանքների կատարման փորձ ունեցող կամ մրցույթին մասնակցած, սակայն չհաղթած, հաջորդ ընկերությանը փոխանցելու հնարավորությունը։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

26.03.2025

4. Հոդված 4-ի՝ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասում «1) պաշտոնատար անձի հետ շահերի բախում ունեցող մասնակցի մասնակցությունը գնման գործընթացին, բացառության սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 12.1 կետով նախատեսված հինգերորդ մակարդակում ներառված պաշտոնատար անձանց» արգելքի սահմանումը «Գնումներին մասնակցելու հավասարությունը» վերտառությամբ հոդվածում նպատակ է հետապնդում ապահովել գնման գործընթացում գնումներին մասնակցելու հավասարությունը։ Մինչդեռ, տվյալ պետական կամ ՏԻ մարմնի կամ «Գնումների մասին» ՀՀ օրենքով այլ պատվիրատու հանդիսացող կազմակերպությունների համար բարձրաստիճան (ղեկավար) պաշտոն զբաղեցնող անձանց հետ փոխկապակցված առևտրային ու ոչ առևտրային կազմակերպություններին գնումների գործընթացին մասնակցության արգելքը նպատակ ունի բացառելու շահերի բախման հնարավոր իրավիճակներում կոռուպցիոն գործարքները։ Նման արգելքները սովորաբար կրում են մասնակցի իրավունքի սահմանափակման տեսք և նպատակ չունեն դիտարկելու գնումների գործընթացին մասնակցության հավասարության սկզբունքը կամ պայմանները։ Միաժամանակ, ինչպես նշվեց օրենքի նախագծի առաջին հոդվածում, պաշտոնատար անձի հետ շահերի բախման իրավիճակում գտնվող ոչ բոլոր մասնակիցներն են, որ պետք է գտնվեն գնումների գործընթացին մասնակցության արգելքի ներքո։ Մասնավորապես, որպես բացառություն դիտարկվող «օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 12.1 կետով նախատեսված հինգերորդ մակարդակում ներառված պաշտոնատար անձանց» մասով շահերի բախման իրավիճակը հենց վկայում է գնումների գործընթացում շահերի բախման իրավիճակների կառավարման տարբեր գործիքակազմերի մասին։ Մասնավորապես, «Գնումների մասին» ՀՀ օրենքի հոդված 33-ի 6-րդ և 7-րդ մասերը սահմանում են, որ « 6․Գնահատող հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը չի կարող մասնակցել գնահատող հանձնաժողովի աշխատանքներին, եթե հայտերի բացման նիստին պարզվում է, որ վերջիններիս կողմից հիմնադրված կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը, կամ իրենց մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձը (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր) կամ այդ անձի կողմից հիմնադրված կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը տվյալ ընթացակարգին մասնակցելու համար ներկայացրել է հայտ»։ Եթե «․․առկա է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը, ապա հայտերի բացման նիստից անմիջապես հետո տվյալ ընթացակարգի առնչությամբ շահերի բախում ունեցող գնահատող հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը ինքնաբացարկ է հայտնում տվյալ ընթացակարգից: Հանձնաժողովի անդամները և քարտուղարը ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը հայտերի բացման նիստի ավարտին հաջորդող առաջին աշխատանքային օրը հրապարակվում է տեղեկագրում»։ Գնումների գործընթացի շահերի բախման նման կարգավորումը ոչ մի աղերս չունի գնումների գործընթացում բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված ընտանիքի անդամի կամ մերձավոր ազգակցությամբ ու խնամիությամբ կապված անձանց մասնակցությամբ ընկերությունների մասնակցության արգելքի հետ։ Շահերի բախման նման իրավիճակում հայտերը գնահատող հանձնաժողովի անդամը ինքնաբացարկ է հայտնում, իսկ գնումներին մասնակից կազմակերպությանը չեն արգելում մասնակցել գնումների մրցույթին։ Նշված գործընթացում շահերի բախման իրավիճակների բացակայության մասին գնահատող հանձնաժողովի անդամների հայտարարագրերի (հայտարարությւոնների) նկատմամբ հսկողության գործընթացը բացակայում է։ Ըստ օրենքի պահանջի՝ դրանք ընդամենը հրապարակվում են տեղեկագրում՝ շահերի բախման բացահայտման պարտականությունը վերապահելով քաղաքացիական հասարակությանը։ Բացի այդ, օրենքի նախագծում ոչ մի խոսք չկա պատվիրատու կազմակերպության բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ կազմակերպությունների գնումների գործընթացին մասնակցության արգելքի կիրառման գործընթացի և եղանակների մասին։ Մասնավորապես, յուրաքանչյուր գնում իրականացնող պատվիրատու մարմին կամ կազմակերպություն պետք է նախօրոք նախապատրաստի իր կողմից կազմակերպվող գնումների գործընթացին մասնակից փոխկապակցված անձանց այն կազմակերպությունների ցուցակը, որոնք իրավունք չունեն մասնակցելու գնումների գործընթացին։ Այս տեսանկյունից առավել նպատակահարմար է վերոնշյալ սահմանափակումը կիրառել գնումների պատվիրատու պետական և ՏԻ մարմինների կողմից կազմակերպվող գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակների սահմանման գործիքակազմի միջոցով։ Նման մոտեցումը միաժամանակ հնարավորություն կտա գնումների յուրաքանչյուր պատվիրատու կազմակերպության կողմից հրապարկվող գնումների ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակների հրապարակման միջոցով ապահովել շահերի բախման հնարավոր իրավիճակների կանխման գործընթացների թափանցիկությունը և գնումների գործընթացներին բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցության հրապարակայնությունը։ Ելնելով վերոնշյալից՝ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ • «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագծում գնումների պատվիրատուի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձ համարվող ընկերությունների գնումների գործընթացին մասնակցության արգելքը սահմանել օրենքի հոդված 6-ի առաջին մասի 6-րդ կետով, այն հաշվով, որ նման սահմանափակումը գործի նաև մեկ անձից գնումների (հոդված 23-ով նախատեսված) գործընթացի կազմակերպման դեպքում։ • «Գնումների մասին» օրենքի հոդված 6-ում կարելի է սահմանել նաև արգելքի կիրառման շեմ, օրինակ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 42-ի 6-րդ մասում նախատեսված՝ «․․․այն պայմանագրերը, որոնց գինը (արժեքը) գերազանցում է հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը» չափանիշով։ • Միաժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասում կատարել համապատասխան լրացումներ, այն հաշվով, որ գնումների յուրաքանչյուր պատվիրատու` պետական և ՏԻ մարմին կամ կազմակերպություն, պարտավորված լինի, համագործակցելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ, կազմելու տվյալ մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունների ցանկը և այն հրապարակելու տվյալ մարմնի կայքէջում, իսկ ամփոփ ցանկերը՝ ըստ պատվիրատու կազմակերպությունների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում։ Այս մասով անհրաժեշտ է համապատասխան լրացումներ կատարել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում։ • «Գնումների մասին» ՀՀ օրենքի հոդված 33-ի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված շահերի բախման իրավիճակների կառավարման նկատմամբ վերահսկողության գործառույթները վերապահել տվյալ մարմնի բարեվարքության հարցերով կազմակերպչին՝ համապատասխան փոփոխություններ կատարելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 46-ում։ • «Գնումների մասին» ՀՀ օրենքի հոդված 33-ի 6-րդ մասում սահմանված մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց շրւջանակը համապատասխանեցնել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով մերձավոր ազգակցությամբ ու խնամիությամբ կապված անձանց շրջանակի հետ՝ տեքստից հանելով «տատ, պապ, թոռ» եզրույթները։

See more