5. Հոդված 5-ի՝ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի «Պայմանագրերում սահմանվում է, որ այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ ուսումնասիրության, հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում, մինչև պայմանագրի կնքումը, պայմանագրի կողմը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո պատվիրատուն միակողմանիորեն լուծում է պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար» լրացվող դրույթը վերաբերում է գնումների պայմանագրի կնքման գործընթացում օրենքով սահմանված արգելքի կիրառման պահանջների պահպանմանը։ Այստեղ խնդրահարույց է մնում, թե որ պետական կառավարման մարմինն է վերահսկողություն, ուսումնասիրություն կամ հսկողություն իրականացնելու շահերի բախման իրավիճակներով պայմանավորված պատվիրատու կազմակերպության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված ընկերությունների գնումների գործընթացին մասնակցության արգելքի պահանջների պահպանման նկատմամբ։ Ըստ «Գնումների մասին» օրենքի տրամաբանության այն վերապահված է լիազոր մարմնին՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը, մինչդեռ, նոր սահմանվող արգելքը առավելապես վերաբերելի է պատվիրատու կազմակերպությունների (պետական և ՏԻ մարմինների) բարձրաստիճան պաշտոնատար անձանց, որոնց նկատմամբ սահմանված արգելքներն ու անհամատեղելիության պահանջների նկատմամբ վերահսկողության գործիքակազմերը վերապահված են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Նախ, Հանձնաժողովը արդեն իսկ հայտարարագրման պարտականություն ունեցող պաշտոնատար անձանցից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 42-ի 6-րդ մասով պահանջում է շահերի հայտարարագիր՝ «Պաշտոն զբաղեցնող անձի և նրա ընտանիքի անդամների կողմից, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կամ համայնքների հետ կնքված պայմանագրերի» վերաբերյալ տվյալներով, որոնք հիմք են հանդիսանում բացահայտելու պաշտոնյայի և նրա ընտանիքի մասնակցությամբ փոխկապակցված ընկերություններին։ Երկրորդ, Հանձնաժողովը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով առցանց հասանելիություն ունի պետական և ՏԻ մարմինների կողմից վարվող վարչական ռեգիստրներին կամ գրանցամատյաններին, որը հնարավորություն է տալիս ձևավորելու պաշտոնատար անձանց մասնակցությամբ փոխկապակցված ընկերությունների ցուցակները։ Երրորդ, ինչպես վկայում է միջազգային փորձը, նման արգելքները սահմանված են կոռուպցիայի կանխարգելման կամ բարեվարքության մասին օրենքներով, որոնց նկատմամբ վերահսկողությունը իրականացնում են համապատասխան մասնագիտացված՝ կոռուպցիայի կանխարգելման կառույցները։ Հայաստանում էլ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը ( հոդված 32, մաս 1) հանրային պաշտոն զբաղեցնող անձանց ու ծառայողներին արգելում է «Որպես պետության ներկայացուցիչ՝ գույքային գործարքներ կնքել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց հետ․․․»։ Նշված սահմանափակումը հանդես է գալիս հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և ծառայողների ձեռնարկատիրական գործունեությամբ կամ գործարար հարաբերություններով պայմանավորված շահերի բախման կանխարգելման միջոց։ Այդուհանդերձ, «նշված սահմանափակումը, ըստ էության, էական ազդեցություն չի կարող ունենալ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության, այդ թվում, շահերի բախման իրավիճակների գնահատման և կոռուպցիոն ռիսկերում ներգրավվածության կանխարգելման գործում»։։
Օրենքի նախագծով գնումների գործընթացում բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ ընկերությունների նկատմամբ սահմանվող արգելքի պահանջների խախտման համար նախատեսվում է կիրառել «պայմանագրի կողմը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո պատվիրատուն միակողմանիորեն լուծում է պայմանագիրը» դրույթը, որը սահմանում է միայն կեղծ տվյալների ներկայացման համար պայմանագրի լուծման հնարավորություն։ Մինչդեռ, նշված դրույթը ոչ մի առնչություն չունի շահերի բախման իրավիճակում պայմանագրերի կնքման գործընթացի հետ։ Այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամի կամ մերձավոր ազգակցությամբ ու խնամիությամբ կապված անձանց մասնակցությամբ ընկերությունների մասնակցության արգելքի խախտման հանգամանքները։ Օրենքի նախագծով նախատեսված չէ ներկայացված հայտի շրջանակներում ընկերության կողմից տվյալ կազմակերպության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ ունեցած փոխկապակցվածության մասին հայտարարագրի ներկայացման պահանջ։ Հետևաբար, կեղծ տվյալների ներկայացման հիմքով գնումների պայմանագրի լուծումը չի վերաբերում շահերի բախման իրավիճակում գնումների պատվիրատու տվյալ մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձի մասնակցությամբ ընկերության հետ կնքված գնումների պայմանագրերի լուծմանը։
Ելնելով վերոնշյալից՝
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
• «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ի 1-ին մասի 3-րդ կետը վերաշարադրել այն հաշվով, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև հանրային ծառայության ղեկավար (բարձրագույն ու գլխավոր) պաշտոնների խմբի ծառայողների համար սահմանափակվեն, նրանց և ընտանիքի անդամների, ինչպես նաև նրանց մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կամ այն առևտրային կազմակերպությունների, որոնցից ստացել են, ստանում են օգուտներ կամ եկամուտներ կամ պաշտոնավարման ընթացքում ունեցել են գործարար հարաբերություններ, կամ իրենց մասնակցությամբ առևտրային կազմակերպությունը մինչ պաշտոնավարումը արդեն իսկ հանդիսացել է տվյալ պետական կամ ՏԻ մարմնի պետական գնումների մատակարար՝ արգելվի մասնակցել տվյալ պետական կամ ՏԻ մարմնի կողմից կազմակերպվող պետական և համայնքային գնումներին, գույքի օտարման կամ սեփականաշնորհման, լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման գործընթացներին, կամ էլ այլ պայմաններով օգտագործման մրցույթներին։ Կառավարության անդամների մասով սահմանափակումը տարածել բոլոր պետական և համայնքային մարմինների վրա։
• «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով Հանձնաժողովին վերապահել պետական և ՏԻ մարմինների ու այլ կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց և նրանց ընտանիքի կամ մերձավոր ազգակցությամբ ու խնամիությամբ կապված անձանց մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գնումների գործընթացի մասնակցության արգելքի պահանջների նկատմամբ վերահսկողության գործառույթները։
• Օրենսդրությամբ նախատեսել գնումների գործընթացում բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կամ մերձավոր ազգակցությամբ ու խնամիությամբ կապված անձանց մասնակցությամբ ընկերությունների կողմից շահերի բախման իրավիճակում պայմանագրերի կնքման ժամանակ պատասխանատվության միջոցներ՝ մասնավորապես, արդեն իսկ կնքված պայմանագրերը առոչինչ ճանաչելու, իսկ կնքված գնումների պայմանագրերի շրջանակներում արդեն իսկ ավարտված պայմանագրերի դեպքում՝ ընկերության կողմից ստացված օգուտները բռնագանձելու հնարավորություն։ Առոչինչ ճանաչված պայմանագրերի դեպքում, ելնելով պայմանագրի իրականացման աստիճանից, նախատեսել առանց նոր մրցույթներ կազմակերպելու, նշված պայմանագրի կատարումը ոլորտում համանման աշխատանքների կատարման փորձ ունեցող կամ մրցույթին մասնակցած, սակայն չհաղթած, հաջորդ ընկերությանը փոխանցելու հնարավորությունը։