ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 68-րդ հոդվածի, Պայմանագրի N 16 հավելվածի 42-րդ կետի, Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Ծառայությունների ոլորտների (ենթաոլորտների) ցանկը, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան» N 110 որոշման 54-րդ կետի և 2021 թվականի ապրիլի 5-ի N 4 կարգադրությամբ հաստատված «Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման գործողությունների» ծրագրի 1.3-րդ կետի պահանջներից:
Ներկայումս գնահատողներին և գնահատման կազմակերպություններին համապատասխան ծանուցումներն իրականացվում են թղթային տարբերակով, որոնց գերակշիռ մասը պայմանավորված փոստային առաքմամբ չեն հասնում հասցեատերերին՝ առաջացնելով բազմաթիվ խնդիրներ պատշաճ ծանուցման ինստիտուտի հետ։
Գործող իրավակարգավորումներին համապատասխան Կադաստրի կոմիտեի կողմից ներդրված Հաշվառման ծրագրում գնահատողների կողմից մուտքագրվում են բացառապես «Գնահատման գործունեության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)
9-րդ հոդվածով սահմանված պարտադիր դեպքերով իրականացված գնահատման վերաբերյալ տվյալները, ինչի արդյունքում գործնականում առաջանում են բազմաթիվ խոչընդոտներ՝ կապված գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության համար անհրաժեշտ հաշվետվությունները գնահատողից պահանջելու, դրանք ներկայացնելու, ինչպես նաև Կադաստրի կոմիտեին և շահառուներին ներկայացված գնահատման հաշվետվությունների գնահաշվարկներում առկա անհամապատասխանությունները հայտնաբերելու հետ։
Օրենքով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ գնահատողների համար որպես պատասխանատվության միջոց նախատեսված է միայն որակավորման վկայականի դադարեցման ինստիտուտը, որը գործնականում գրեթե չի կիրառվում՝ պայմանավորված դադարեցման համար Օրենքով սահմանված պայմանների նվազագույն քանակով։
Օրենքի գործող կարգավորումների համաձայն՝ գնահատման կազմակերպությունն աշխատանքային պայմանագիր պետք է ունենա որևէ այլ գործատուի մոտ՝ որպես գնահատող հիմնական հաստիքով չաշխատող, առնվազն մեկ գնահատողի հետ։ Նշված պարադիր պահանջը հիմք է հանդիսանում նաև գնահատման կազմակերպությանը լիազոր մարմնում հաշվառելու համար։
- Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը
Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) Պայմանագրի հիման վրա ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 10-ի N 23 որոշմամբ հաստատվել է «Եվրասիական տնտեսական միության միասնական շուկայի շրջանակներում գնահատման գործունեության ծառայությունների իրականացման պայմանների ընդհանուր մոտեցումներ»-ը (այսուհետ՝ Ընդհանուր մոտեցումներ), որի նպատակն է ուղղորդել ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմիններին ԵԱՏՄ–ում գույքի գնահատման ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման գործում:
Ի կատարումն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Ծառայությունների ոլորտների (ենթաոլորտների) ցանկը, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան» N 110 որոշման 54-րդ կետի պահանջների՝ գնահատման գործունեության շրջանակներում ծառայությունների մատուցման միասնական շուկան ԵԱՏՄ անդամ երկրների համար գործում է 2025 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությունում ընդհանուր մոտեցումներին համապատասխան փոփոխություններ մտցնելուց հետո, անհրաժեշտություն է առաջացել «Գնահատման գործունեության մասին»
օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ՝ համապատասխանեցնելով Ընդհանուր մոտեցումների դրույթներին։
Նախագծով նախատեսվում է սահմանել «օտարերկյա գնահատող» հասկացությունը, օտարերկյա գնահատողների իրավունքներն ու պարտականությունները, վերջիններիս կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության իրականացման իրավունքի ծագման, ինչպես նաև գնահատման գործունեության իրականացման սահմանափակման դեպքերը և կարգը։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գնահատողներին և գնահատման կազմակերպություններին համապատասխան ծանուցմներն իրականացնել գործող հաշվառման ծրագրի միջոցով՝ նպատակ ունենալով խուսափել հիշյալ իրավահարաբերություններում առկա խնդիրներից և ծանուցումը դարձնել առավել դյուրին։ Բացի այդ նախատեսվում է նաև, որ պարտադիր դեպքերով գնահատման հաշվետվությունների վերաբերյալ տվյալներից բացի հաշվառման ծրագիր պետք է մուտքագրվեն նաև գնահատման հաշվետվությունները, ինչը թույլ կտա բացառել Կադաստրի կոմիտեին և շահառուներին ներկայացվող իրարամերժ գնահատման հաշվետվությունների հետ կապված ռիսկերը։ Բացի այդ Նախագծով սահմանվում է նաև, որ անշարժ գույքերի գնահատման բոլոր հաշվետվությունները պետք է մուտքագրվեն Հաշվառման ծրագիր՝ միայն անշարժ գույքի հասցեի նույնականացման տվյալներով, ինչի արդյունքում գեներացվող ծածկագիրը պետք է պարտադիր արտացոլվի համապատասխան գնահատման հաշվետվությունում։ Նշված փոփոխությունները նպատակ են հետապնդում Հաշվառման ծրագրի հասանելությունը սահմանափակելու միջոցով բացառել գնահատման գործունեություն իրականացնելու իրավասություն չունեցող անձանց կողմից համապատասխան գործունեությամբ զբաղվելու հնարավոր դեպքերը։
Նախագծով Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացվում է նոր 9-րդ կետով, գնահատման պարտադիր դեպքերի շարքին ավելացնելով նաև «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված տարածքներում անշարժ գույքի օտարման դեպքերը, բացի այդ, Նախագծով սահմանվում է նաև, որ վերոնշյալ դեպքերով կազմված գնահատման հաշվետվությունների իրավաչափության վերաբերյալ հարցերը դուրս են մասնագիտական հանձնաժողովի իրավասությունների շրջանակից։
Նախագծով Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով գնահատման կազմակերպություններին ներկայացվող պարտադիր պահանջը հանվել է, որի արդյունքում Նախագծով սահմանվել է գնահատման կազմակերպություններին լիազոր մարմնում հաշվառելու առավել դյուրին ընթացակարգ, որն է իր հերթին կնպաստի ոլորտի զարգացմանը։
Նախագծով իրականացվող փոփոխություններով, ի թիվս այլնի, նախատեսվում է նաև գնահատողների համար սահմանել նոր պատասխանատվության միջոց՝ ներդնելով որակավորման վկայականի կասեցման ինստիտուտը՝ հստակեցնելով որակավորման վկայականների կասեցման և դադարեցման դեպքերն ու պայմանները։
3․Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
4․Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
5․Նախագիծը չի բխում ՀՀ կառավարության կողմից որդեգրված ռազմավարական ծրագրերից:
6․ Օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին․
Նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել նաև ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 17-ի «Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգը և դեպքերը սահմանելու մասին»
N 877-Ն որոշման մեջ։