ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N10-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Անհրաժեշտությունը
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 22-ի ՀՀՇՆ 21-01.01-2024 «Շենքերի և շինությունների հակահրդեհային պաշտպանության համակարգեր. Ավտոմատ հրդեհաշիջման և հրդեհային ազդանշանման կայանքներ. Նախագծման նորմեր»-ում մասնակի փոփոխությունների առաջարկը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2024 թվականի օգոստոսի 22-ի N 03.1/03.62/28979-2024, 2024 թվականի սեպտեմբերի 3-ի N/03.62/30177-2024 հանձնարարականների կատարման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀՇՆ 21-01.01-2024 «Շենքերի և շինությունների հակահրդեհային պաշտպանության համակարգեր. Ավտոմատ հրդեհաշիջման և հրդեհային ազդանշանման կայանքներ. Նախագծման նորմեր»-ով նախադպրոցական և դպրոցական կազմակերպությունների շենքերում և շինություններում նախատեսվել են պարտադիր պահանջներ հրդեհաշիջման նրբաջրային արդի համակարգերի կառուցման վերաբերյալ, որոնց իրագործումը կապված է նոր տեխնոլոգիական սարքերի և դրանց տարեկան սպասարկման պարտադիր պահանջների ապահովման հետ: Իրականում դպրոցական և նախադպրոցական կազմակերպությունների գերակշիռ մասը ներկայումս չունի համապատասխան կարողություններ նշված գործընթացը կազմակերպելու համար, ուստի տվյալ՝ նրբաջրային հրդեհաշիջման համակարգի նախատեսումը նոր կարգավորումների ներքո ամրագրվել է որպես հայեցողական՝ ըստ պատվիրատուի տեխնիկական առաջադրանքի:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Կարգավորումն ուղղված է դպրոցների և նախադպրոցական հաստատությունների մասով նախատեսվող հրդեհաշիջման համակարգերի կառուցման գործընթացին, որը կարևորվում է ներկայիս պայմաններում մեկնարկած համանուն ծրագրերի իրագործելիությունն ապահովելու համար, մասնավորապես գործող նորմերում ամրագրվել է հրդեհաշիջման (այդ թվում ինքնաշխատ) տարբեր համակարգերի այլընտրանքային տարբերակների ընտրության հնարավորություն՝ ըստ պատվիրատուների կողմից մշակվող տեխնիկական առաջադրանքների՝ կատարելով մասնակի փոփոխություններ գործող իրավական ակտի Աղյուսակ 11-ի 4-րդ և 5-րդ կետերի ձևակերպումներում:
3.1 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունումը չի հանգեցնում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների:
3.2 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Քաղաքաշինության մասին> օրենք
Հոդված 2.
«Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է՝
1) Հայաստանի Հանրապետության, նրա վարչատարածքային միավորների և դրանց բաղկացուցիչ մասերի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրերի, տարաբնակեցման համակարգերի ձևավորման, տարածքների կայուն զարգացման և դրանց նպատակային օգտագործման ուղղությունների և գերակայությունների, արտադրական կարողությունների տեղաբաշխման, ինժեներատրանսպորտային և այլ ենթակառուցվածքների կազմակերպման, կանխատեսման, ծրագրման և նախագծման բոլոր տեսակները.
2) շենքերի, շինությունների նախագծման և շինարարության, վերակառուցման (ներառյալ՝ քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաև տարածքների բարեկարգման բոլոր տեսակները.
3) շենքերի, շինությունների շահագործումը՝ իրավական ակտերի, քաղաքաշինական և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:»
Կառավարության 2021-2026թթ ծրագիր
Միջոցառումների ծրագրի Կետ 5
Քաղաքաշինության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի մշակման, արդիականացման և միջազգային նորմերին ներդաշնակեցման ապահովում:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ քաղաքաշինության կոմիտե
5. Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 22-ի N 10-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01.01-2024 շինարարական նորմերի Աղյուսակ 11-ի մասնակի վերանայում և նախադպրոցական ու դպրոցական կազմակերպությունների շենքերի ու շինությունների նախագծման և կառուցման ծրագրերի իրագործելիության ապահովում՝ հրդեհաշիջման արդի համակարգերի ընտրանքային սկզբունքի կիրառմամբ։