ՀԻՄԱՎՈՐՈԻՄ
«Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման 2024 – 2030 թվականների ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ․ օգոստոսի 18–ի 1363–Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026թթ) դրույթներից և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ․ նոյեմբերի 18-ի 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից։
Նկատի ունենալով, որ տարածքային համաչափ զարգացման հարցերը շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության կառավարության գերակայությունների շարքում, ինչպես նաև ընթացքի մեջ գտնվող տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների արդյունքում ձևավորված նոր իրողությունները (համայնքների խոշորացում և այլն), և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարությունը» անվավեր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 հոկտեմբերի 21-ի N 1728-Ն որոշմամբ՝ տարածքային զարգացման մարտահրավերներին արձագանքելու և առկա խնդիրները համակարգված և պատշաճ կերպով հասցեագրելու առումով խիստ կարևորվում է տարածքային զարգացման համապարփակ ռազմավարական փաստաթղթի առկայությունը։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Վերջին տարիների զարգացումները և երկրի տնտեսության կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունները իրենց ուղղակի արտացոլումն են գտել նաև տարածքային զարգացման բնութագրիչներում։ Միաժամանակ, իրականացված բարեփոխումների արդյունքում էական փոփոխություններ են տեղի ունեցել երկրի վարչատարածքային բաժանման կառուցվածքում։ Այս համատեքստում, էլ ավելի են կարևորվում սոցիալ-տնտեսական զարգացման տարածքային անհամաչափությունների առավել ամբողջական գնահատմանը, դրանց թիրախավորմանը և դրանց մեղման ուղղությամբ միջոցառումների պլանավորմանն ու իրականացմանը վերաբերող հարցերը։
- Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Առաջարկվում է ընդունել Նախագիծը, որը կնպաստի հետևյալ նպատակների իրականացմանը՝
- տնտեսական բարձր աճի (տարեկան 7 տոկոս և ավելի) ապահովման համար պայմանների և միջավայրի ստեղծմանը․
- տեղական մակարդակում տնտեսական ակտիվության բարձրացմանը, մասնավորապես՝ խրախուսող քաղաքականության արդյունքում նպաստավոր պայմաններ ստեղծելով համայնքների և/կամ միջհամայնքային միավորումների տարածքներում ագրոարդյունաբերատեխնոլոգիական գոտիների ձևավորման համար․
- տարածքային գործոններով պայմանավորված մարդկային կապիտալի զարգացման խոչընդոտների մեղմմանը, մասնավորապես՝ նախադպրոցական կրթության հասանելիության զգալի ընդլայնման, հանրակրթության որակի բարելավման, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության բնագավառում պետական աջակցության մեխանիզմների արդիականացման ճանապարհով.
- թվային տեխնոլոգիաների կիրառմամբ մի շարք ծառայությունների մատչելիության բարձրացմանը ու հասանելիության դյուրինության ապահովմանը.
- պետական ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում տեղական առաջնային ֆիզիկական ենթակառուցվածքի (մասնավորապես՝ ճանապարհներ և ջրամատակարարման համակարգ) բարելավմանը․
- ՀՀ բոլոր մարզերում միջազգային չափանիշներին համապատասխանող աղբահանության ինտեգրված համակարգերի ներդրմանը՝ նվազեցնելով կոշտ կենցաղային թափոնների ներգործությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա։
2․ Կարգավորման նպատակը և բնույթը
«Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման 2024 – 2030 թվականների ռազմավարությամբ» կարգավորվում են 2024–2030թթ․ տարածքային զարգացման ոլորտում վարվող քաղաքականություննների ուղղությունների, նպատակների և դրանց գծով թիրախների սահմանման, ինչպես նաև սահմանված թիրախների ապահովան ուղղությամբ նախատեսվող հիմնական գործողությունների ու միջոցառումների հետ կապված հարաբերությունները։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից՝ ՄԱԿ– ի Զարգացման ծրագրի տեխնիկական աջակցությամբ։
5․ Ակնկալվող արդյունքները
Որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվեն մինչև 2030 թվականը Հայաստանի Հանրապետությունում տարածքային զարգացման հիմնական առաջնահերթություններն ու զարգացման ուղղությունները: Ռազմավարության իրականացումը, մասնավորապես, կհանգեցնի տեղական մակարդակում տնտեսական ակտիվության բարձրացմանը, տարածքային գործոններով պայմանավորված մարդկային կապիտալի զարգացման խոչընդոտների մեղմմանը, թվային տեխնոլոգիաների կիրառմամբ մի շարք ծառայությունների մատչելիության բարձրացմանը, պետական ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում տեղական առաջնային ֆիզիկական ենթակառուցվածքի բարելավմանը, ՀՀ մարզերում միջազգային չափանիշներին համապատասխանող աղբահանության ինտեգրված համակարգերի ներդրմանը, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի ինստիտուցիոնալ հզորացմանը։
6․ Այլ տեղեկություններ
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումները կամ նվազեցումները կդիտարկվեն ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող գործողությունների ծրագրի առկայության պարագայում:
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
««Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման 2024 – 2030 թվականների ռազմավարությանը» հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18–ի 1363–Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026թթ.) դրույթներից: