«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
07.10.2024
Ծրագիրը ոչ թե սոցիալական աջակցություն է տրամադրում, այլ իրականացնում է ռեաբիլիտացիա, ի շրջանակներում չի կարող իրականացնել նշված գործառույթները:
Under development
1 - Agree
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՌԵԱԲԻԼԻՏԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2024թ.-ի հուլիսի 1-ից «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ մտած մեծածավալ փոփոխությունների հետևանքով փոփոխվել է ոչ միայն Օրենքի վերնագիրը, այլ նաև այն գործառույթներ իրականացնող մարմինների շրջանակը, դրանց գործառույթները, լիազորությունները, համագործակցությունը և այլ հիմնահարցեր ու կարգավորումներ: Օրենսդրական բարեփոխումների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել Կառավարության որոշմամբ հաստատել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը: Նման հարցն առավել արդիական է հաշվի առնելով, որ ՀՀ-ում մինչ այժմ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց հետ որևէ ռեաբիլիտացման ծրագիր չի իրականացվել: Մասնավորապես, Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է համապատասխան լիազորող նորմ, որի համաձայն՝ «3. Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման կարգը, աջակցության կենտրոնի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները հաստատելու և աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը, ապաստարանի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները հաստատելու և ապաստարանի կողմից ծառայությունների մատուցման կարգը, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը հաստատում է Կառավարությունը:»: Վերոգրյալը հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջացել Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը, ինչին միտված է ներկայացված նախագիծը։
Տարբեր երկրների փորձի վրա մշակված ռեաբիլիտացման ծրագրերը կազմված են այնպես, որպեսզի արձագանքեն երեք հիմնական նպատակների՝ կանանց և երեխաների ապահովությանն ու անվտանգությանը, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի վարքի փոփոխությանը և նրանց հաշվետվողականությանը: Հետևապես, եթե կա ընտանեկան և կենցաղային բռնություն և դրա կրկնման հավանականություն, ապա միայն զայրույթի կամ հույզերի կառավարման, կոնֆլիկտների կառավարման ծրագրերը բավարար չեն, անհրաժեշտ է կարիքների գնահատման հիման վրա իրականացնել արդյունավետ աշխատանքներ: Այս հարցերը պետք է փոխկապված լինեն գենդերային դիրքորոշումների փոփոխության տանող միջամտության հետ, հանգեցնի ծնողավարման հմտությունների ձևավորմանը, ֆինանսների կառավարմանը և այլ հարցերի:
Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց հետ ռեաբիլիտացման ծրագրերը կրթական, ուսուցման, վարքաբանական անհատական կամ խմբային աշխատանքի մեթոդներ են, որոնք ուրույն են իրենց տեսակով և պահանջում են մասնագիտական պատրաստվածություն, թիրախ խմբի առանձնացում այլ խմբերից և մի շարք կարևորագույն սկզբունքների պահպանում և դրանց իրականացում աշխատանքի ողջ ընթացքում:
Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) պահանջվում է ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ` բռնությունից տուժած բոլոր անձանց հետագա բռնարարքներից պաշտպանելու նպատակով: Մասնավորապես, Կոնվենցիայի 16-րդ հոդվածի համաձայն՝ մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` աջակցության այնպիսի ծրագրեր հիմնելու, կամ առկա այնպիսի ծրագրերին աջակցելու նպատակով, որոնք ուղղված կլինեն ընտանեկան բռնություն կատարողների կողմից միջանձնային հարաբերություններում բռնությունից զերծ վարքագիծ որդեգրելը սովորեցնելուն՝ հետագա բռնությունը կանխելու և բռնի վարվելակերպը փոխելու նպատակով։
Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` ուղղման այնպիսի ծրագրեր հիմնելու կամ առկա այնպիսի ծրագրերին աջակցելու նպատակով, որոնք ուղղված կլինեն մասնավորապես սեռական հանցագործություններ կատարած անձանց կողմից նոր հանցագործությունների կատարումը կանխելուն։
Ինչպես նշվում է Կոնվենցիայի մեկնաբանող զեկույցի 102-րդ կետում՝ կանխարգելիչ միջամտության և բուժման ծրագրերը նախատեսված են բռնություն գործադրած անձանց խրախուսելու համար փոխել իրենց վերաբերմունքն ու վարքը և կանխել ընտանեկան ու սեռական բռնության հետագա գործողությունները, իսկ 103-րդ կետով հատուկ շեշտվում է, որ նախորդ կետը պահանջում է, որ Կոնվենցիայի կողմերը ստեղծեն կամ աջակցեն ծրագրերի իրականացմանը (եթե դրանք գոյություն չունեն) կամ աջակցեն ընտանեկան բռնություն գործադրած անձանց համար գործող ծրագրերին: Բռնություն գործադրած անձանց հետ աշխատելու տարբեր մոդելներ կան, և Կոնվենցիայի կողմերը կամ համապատասխան ծառայություններն ինքնուրույն պետք է որոշեն դրանցից առավել նպատակահարմարը:
Կոնվենցիայի մեկնաբանող զեկույցի 105-րդ կետի համաձայն՝ Կոնվենցիայի 16-րդ հոդվածի 2-րդ մասը պարունակում է պարտավորություններ իրականացնել սեռական հանցագործություններ և բռնաբարություններ կատարած անձանց բուժման վերականգնման ծրագրեր կամ աջակցել դրանց մասնակցությանը: Նման ծրագրերը հատուկ նախատեսված են սեռական հանցագործությունների համար ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց համար՝ հանցագործությունների ռեցիդիվը նվազեցնելու նպատակով: ԵԽ անդամ երկրներն ունեն շատ տարբեր մոդելներ և մոտեցումներ, որոնց ընտրությունը նույնպես թողնվում է Կոնվենցիայի կողմերի կամ համապատասխան ծառայությունների հայեցողության: Հարկ է նշել, որ բռնություն գործադրած անձի վերականգնողական ծրագրերը պետք է լինեն անհատական՝ ներառելով նրա համար հատուկ միջոցառումներ և աջակցություն:[1]
Վերականգնողական ծրագրերը կարող են իրականացվել ինչպես ազատազրկման վայրերում, այնպես էլ դրանցից դուրս, սակայն պետք է հետապնդեն նույն նպատակը և ծառայեն նույն խնդիրների լուծման: Հարկ է նշել, որ ԵԽ անդամ բոլոր պետությունների ազատազրկման վայրերում այս ծրագրերն իրականացվում են, ավելին՝ դրանք վերաբերելի են այդ մարմիններում պահվող բոլոր անձանց համար: Մասնավորապես կիրառվում են հետևյալ ծրագրերը՝ ֆիզիկական և հոգեկան առողջության պաշտպանություն, հոգեբանական աջակցություն, բուժում թմրամոլությունից կամ թունամոլությունից, վարքագծի փոփոխություն, մոտիվացիա ու ուղղորդում, կրթություն ու մասնագիտական պատրաստում, աշխատանքային փորձի ձեռքբերում:[2]
Առաջադիմական փորձը միանշանակ միտված է վերականգնողական ծրագրերի առկայության ու հատուկ վերապատրաստված մասնագետների կողմից դրանց իրականացման վրա՝ ստանալով իր ամրագրումը նաև օրենսդրական մակարդակում: Այսպես.
Ընտանեկան բռնության կանխարգելման Ռումինիայի օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ իրավախախտների սոցիալական վերականգնման և հսկողության ծառայությունը պետք է պատրաստի մասնագիտացված անձնակազմ` սոցիալական աշխատողներ և հոգեբաններ, ովքեր կկարողանան տրամադրել թերապիա և խորհրդատվական ծրագրեր ագրեսորների համար: Այս ծրագրերի արդյունքները պետք է ներկայացվեն դատարան՝ օրենքով սահմանված կարգով:[3] Նույն մասնագետների կողմից են իրականացվում հատուկ ծրագրերը նաև Բուլղարիայում:[4]
Ընտանեկան բռնության մասին Վրաստանի օրենքի 20-րդ հոդվածով սահմանում է բռնարարների համար վերականգնողական միջոցառումների վերաբերյալ ընդհանուր դրույթներ: Բռնարարների համար վերականգնողական միջոցառումները ենթադրում են նրանց հոգեբանական օգնություն և վերականգնում, բացասական որոշ սովորություններից (կախվածություն ալկոհոլից, թմրամիջոցներից կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան հիվանդություն) բուժում ու վերականգնում, և կապված են բռնության հետագա դրսևորումները կանխելու ու զոհի անվտանգությունն ապահովելու հետ: Բռնարարների վերականգնողական միջոցառումները, դրանց իրականացման կարգը և ձևերը սահմանվում է Վրաստանի կառավարության որոշմամբ:[5]
Ընտանեկան բռնության կանխարգելման և հակազդման մասին Մոլդովայի օրենքի տարբեր հոդվածների համաձայն՝ ագրեսորի մասնակցությունը վերականգնողական ծրագրերին որոշվում է իրավապահ մարմինների կողմից, իսկ ծրագրերն իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ եթե անձն ազատությունից զրկված է, ապա՝ համապատասխան հաստատությունները:[6]
Ընտանեկան բռնության կանխարգելման Ուկրաինայի օրենքի 21.8-րդ հոդվածով մանրամասնում է բռնարարի հետ տարվող ծրագիրն ու իրականացվող աշխատանքները՝ ներկայացնելով որոշ բաղադրիչներ:[7]
Ընտանեկան բռնությունից պաշտպանության մասին Ղրղզստանի օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածների համաձայն՝ բռնարարների հետ շտկող ծրագրեր իրականացնում է ընտանիքում բռնության դեմ պայքարը համակարգող լիազոր մարմինը, իսկ ծրագիրը կազմվում է սոցիալական լիազոր մարմնի մասնակցությամբ:[8]
Կենցաղային բռնության պրոֆիլակտիկայի մասին Ղազախստանի օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ աջակցության կենտրոններն իրականացնում են հոգեբանական շտկող ծրագրեր կենցաղային բռնություն իրականացրած անձանց հետ:[9]
Արտասահմանյան երկրների համապատասխան օրենսդրության օրինակները շատ են, սակայն այստեղ ներկայացվել են այն երկրների օրինակները, որոնք ունեն ՀՀ իրավական համակարգին համանման համակարգ կամ այդ համակարգերը նախկինում ունեցել են նույնական հիմքեր կամ ծագումնաբանություն, ինչը ենթադրում է նաև համանման մոդելի ներդրման և կիրառման հնարավորությունը նաև ՀՀ-ում:
Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց հետ վերականգնողական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար ընդունված է նրանց հետ աշխատող մասնագիտացված կառույցների կամ անհատների առկայություն: Որպես այդպիսիք կարող են հանդիսանալ վերականգնողական կենտրոնները կամ համապատասխան վերապատրաստում անցած մասնագետները, ովքեր աշխատում են համայնքային մակարդակում ծառայություններ մատուցող կազմակերպություններում կամ ծառայություններում: Ընտանեկան բռնություն գործադրած անձանց հետ աշխատանքի համայնքահենությունն ապահովելը խիստ կարևոր է՝ ելնելով պետության ողջ տարածքի ներգրավվածությունն ապահովելու, ինչպես նաև ոչ միայն ընտանեկան բռնություն գործադրած անձի, այլ նաև ընտանիքի հետ աշխատանքներ իրականացնելու համար (այս դեպքում ընտանեկան բռնության ենթարկված անձին սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպության հետ համագործակցությունը դառնում է պարտադիր, այլ ոչ թե՝ հայեցողական):
Վերը նշված և այլ երկրների օրենսդրության ուսումնասիրությունը հնարավորություն է ընձեռում եզրակացնել հետևյալը՝
Հարկ է նշել, որ ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց հետ առնչվում են ոչ միայն Օրենքով նախատեսված մարմիններն ու հիմնարկները, այլ նաև քրեակատարողական հիմնարկներն ու պրոբացիայի ծառայությունը: Մասնավորապես, պրոբացիայի ծառայությունն օրենքով սահմանված կարգով կատարում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները, մասնավորապես՝ հանրային աշխատանքները, ազատության սահմանափակումը և այլն, իրականացնում է վերահսկողություն պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, ում նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Պրոբացիայի ծառայությունն իրականացնում է նաև վերասոցիալականացման աշխատանքներ պրոբացիայի շահառուների հետ:
Քրեակատարողական հիմնարկն իրականացնում է կարճաժամկետ ազատազրկումը, ազատազրկումը և ցմահ ազատազրկումը: Այդ հիմնարկում գտնվող դատապարտյալի հետ իրականացվում են սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ, որոնց արդյունավետության բարձրացման համար ՀՀ բոլոր քրեակատարողական հիմնարկներում ստեղծվել են կալանավորված անձանց և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնք ապահովում են վերասոցիալականացումը:
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց նկատմամբ ռեաբիլիտացման ծրագրերի միատեսակությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նախագծով սահմանվող կարգավորումները տարածել ոչ միայն այն հասարակական կազմակերպության վրա, որն իրականացնելու է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի ռեաբիլիտացման ծրագիրը, այլ նաև պրոբացիայի ծառայության և քրեակատարողական հիմնարկների վրա, որտեղ այդ ծրագրերը կկազմակերպվեն ընտանեկան և կենցաղային բռնության հանցավոր դրսևորումների համար դատապարտված անձանց համար:
Նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը:
Սույն նախագիծը հնարավորություն է տալիս տարբերակում չսահմանել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրերի իրականացման հարցում, իսկ ծրագիրը մշակվելու է մասնագետների կողմից ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի անհատական կարիքների գնահատման հիման վրա՝ տարբեր մոդուլների համակցության միջոցով։
Նախագծով մասնավորապես՝
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրերի իրականացման իրավական հիմքը, որը համապատասխանելու է ՀՀ գործող օրենսդրությանը, ինչի արդյունքում կհստակեցվեն թե՛ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրի բովանդակությունը, թե՛ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրն իրականացնող մարմնի գործառույթները, թե՛ արդյունավետորեն կիրականացվեն ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց կրկնակի զոհականացումից պաշտպանելու համատեքստում:
Նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի փորձագիտական աջակցությամբ:
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն է առաջանում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պետական բյուջեից, ինչը նախատեսում է ծախսերի ավելացում։ Ռեաբիլիտացիոն ծրագրի իրականացումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվիրակելու է հասարակական կազմակերպությունը՝ դրամաշնորհային մրցույթային կարգով։ Ներկայումս Նախարարությունը նույն սկզբունքով իրականացնում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության անձանց աջակցության ծրագրեր, որոնց շրջանակում յուրաքանչյուր Աջակցության կենտրոնին (ներկա պահին աջակցության կենտրոններ են գործում ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում) մեկ տարվա համար տրամադրվում է մինչև 7 000 000 ՀՀ դրամ (աջակցության կենտրոնների շահառուների և հաստիքային միավորների թվով պայմանավորված գումարը կարող է տատանվել)։ Հաշվի առնելով նշյալ փորձը՝ նախատեսվում է, որ 2026 թվականին անհրաժեշտ կլինի ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող առնվազն երկու կենտրոնի առկայություն, որոնցից յուրաքանչյուրին կտրամադրվի մինչև 7 000 000 ՀՀ դրամ (ծրագրի իրականացման համար բյուջեի մանրամասն ֆինանսական գնահատումը կիրականցվի սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2026 թվականի բյուջետային հայտի պլանավորման շրջանակում):
2025 թվականին սկսվելու են սույն նախագծի ներդրման նախապատրաստական աշխատանքները, որոնք ֆինանսական ծախսեր չեն պահանջելու:
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ դրանց փոփոխման անհրաժեշտությունը բացակայում է:
Նախագծի մշակումը չի բխում որևէ ռազմավարությունից:
[1] Մանրամասն տես՝ ENGAGE Roadmap for frontline professionals interacting with male perpetrators of domestic violence and abuse to ensure a coordinated multi-agency response to perpetrators. Editor: Heinrich Geldschläger (ENGAGE project coordinator), European Network for the Work with Perpetrators of domestic violence, 2019, էջեր 21-25:
[2] Մանրամասն տես՝ https://www.unodc.org/documents/justice-and-prison-reform/V1802305_-_R.pdf, էջեր 29-36:
[3]https://www.legislationline.org/download/id/6842/file/Romania_law_preventing_fighting_against_domestic_violence_2003_en.pdf
[4]https://www.legislationline.org/download/id/8183/file/Bulgaria_law_protection_domestic_violence_2005_am2015_en.pdf
[5] https://matsne.gov.ge/ru/document/download/26422/10/ru/pdf
[6] https://www.legislationline.org/download/id/8191/file/Moldova_law_domestic_violence_2007_am2018_ru.pdf
[7] https://zakon.rada.gov.ua/laws/show/2229-19#Text
[8] http://cbd.minjust.gov.kg/act/view/ru-ru/111570
[9] https://online.zakon.kz/document/?doc_id=30525680#pos=3;-108
Discussed
19.09.2024 - 07.10.2024
Type
Decision
Area
Social welfare
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 1012
Print07.10.2024
Ծրագիրը ոչ թե սոցիալական աջակցություն է տրամադրում, այլ իրականացնում է ռեաբիլիտացիա, ի շրջանակներում չի կարող իրականացնել նշված գործառույթները:
07.10.2024
Բռնարարները հիմնականոմ շատ լավ ընկեր, հարևան և գործընկեր են, բայց տանը կիրառում են բռնություն: Այս ծրագրի նպատակը բռնարար վարքի հաղթահարումն է: Վերասոցիալականացման գործընթացը իրականցվում է փակ հաստատություններում գտնվող բռնարաների հետ, որոնք մեկուսացված են ժամանակավոր հասարակությունից:
07.10.2024
Բռնարարի հետ աշխատող կառույցը պետք տեղեկություն տրամադրի ոստիկանության և աջակցության կենտրոնին: Ոչ մի քննարկում չի կարող այս պարագյում արդյունավետ լինել: