Add to favourites

Under development

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՌԵԱԲԻԼԻՏԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

…… …………  2024 թվականի N ____-Ն

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՌԵԱԲԻԼԻՏԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարովելով «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ                                                                                     Ն. Փաշինյան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

 ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․   -ի N ____-Ն որոշման

 

 

ԾՐԱԳԻՐ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՌԵԱԲԻԼԻՏԱՑՄԱՆ

 

  • ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1․ Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) սահմանում է համալիր միջոցառումներ և դրանց կազմակերպման կարգ, որոնք ուղղված են ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին հոգեբանական և սոցիալական աջակցության տրամադրման, առողջության վերականգնման, վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն, խաղամոլություն) ձերբազատման միջոցով նրա կողմից կրկին բռնություն գործադրելու կանխմանը:

2. Սույն ծրագրի հիմնական նպատակն է կանխել «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսված ընտանեկան և կենցաղային բռնության ցանկացած դեպքերի կրկնումը՝ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին վերասոցիալականացնելու միջոցով:

3. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն (այսուհետ՝ Նախարարություն) ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց հետ Ծրագրի իրականացումը, որպես կանոն, կազմակերպվում է գնման գործընթացով ընտրելով հասարակական կազմակերպություն (այսուհետ՝ Կազմակերպություն)։

4. Ծրագրի իրականացման համար Կազմակերպությունն առնվազն պետք է ունենա մեկական մասնագիտացված սոցիալական աշխատող, հոգեբան և իրավաբան, որոնք պետք է ունենան հմտություններ աշխատելու ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց տարբեր խմբերի հետ: Սոցիալական աջակցության տրամադրման, առողջության վերականգնման կամ վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն, խաղամոլություն) ձերբազատման համար Կազմակերպությունը կարող է դիմել այլ մարմիններին կամ կազմակերպություններին, ովքեր օրենսդրության համաձայն պարտավոր են տրամադրել համապատասխան սոցիալական և բժշկական ծառայություններ:

5. Պետական բյուջեի միջոցների հաշվին Ծրագրի իրականացումը գնման գործընթացով կազմակերպվում է օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ծրագրի համար գնման գործընթացի պատասխանատուները, նրանց գործառույթները, գնման պլանավորումը, կազմակերպումը, գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորման չափանիշները գնահատելու պայմանները, օրենքով սահմանված գնման ընթացակարգերի կիրարկման կարգերը, պայմանագրի կնքումը և դրա կատարման արդյունքների ընդունումը, գնումների ֆինանսավորումը և այլ գործողություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ սահմանված կարգերով։

6. Ծրագրի կատարման համար գնման պայմանագրի իրականացման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Նախարարության մասնագիտացված ստորաբաժանումը: Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են գնման պայմանագիր կնքած անձի և Նախարարության միջև հանձնման-ընդունման արձանագրության ստորագրմամբ:

7. Անհրաժեշտության դեպքում Ծրագրի իրականացումը կարող է իրականացվել նաև սուբսիդիայի կամ դրամաշնորհի տրամադրման ընթացակարգով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 1937-Ն որոշումը և ոլորտային այլ իրավական ակտերը:

8. Սույն հավելվածի իմաստով սուբսիդիան` Նախարարության հանձնարարությամբ և որոշած գնով Կազմակերպության կողմից որպես նվազագույն շահավետ գնից ցածր գնով Ծրագրի իրականացման արդյունքում այդ Կազմակերպության կրած վնասի կամ դրա մի մասի փոխհատուցումն է: Սուբսիդիան ուղղված չէ Կազմակերպության համար ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերմանն ու հիմնական ֆոնդերի կամ դրամագլխի ավելացմանը և Կազմակերպության ընթացիկ գործունեության արդյունքում գոյացող եկամուտների հավելում է: Սույն հավելվածի իմաստով նվազագույն շահավետ գինը տնտեսապես հիմնավորված այն նվազագույն գինն է, որով Կազմակերպության կողմից ձեռք կբերվեր Ծրագրի ապրանքը, կկատարվեր տվյալ աշխատանքը կամ կմատուցվեր տվյալ ծառայությունը:

9. Սույն հավելվածի իմաստով դրամաշնորհը՝ Ծրագրի շրջանակներում Նախարարության բյուջեից Կազմակերպությանն իր կանոնադրական խնդիրների իրականացման համար անհատույց և անվերադարձ տրամադրվող դրամական հատկացումն է: Կազմակերպությունը, որին Ծրագրի իրականացման համար տրամադրվում է դրամաշնորհ, որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն կազմակերպվող և անցկացվող մրցույթի արդյունքներով:

         Ծրագրի իրականացման համար կնքվող պայմանագրի համար, բացի օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների, Կազմակերպությունը ներկայացնում է նաև՝

  • հավաստի և ամբողջական տեղեկություն իր կողմից տրամադրվող ծառայությունների, դրանց բնույթի վերաբերյալ.
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը հաստատելու մասին» N 1078-Ն որոշմամբ սահմանված ծառայություններ տրամադրելու հավաստագրի պատճեն.
  • իր հետ կապ հաստատելու միջոցները (հեռախոսահամարը, առկայության դեպքում՝ նաև էլեկտրոնային փոստի հասցեն և ֆաքսը).
  • առկայության դեպքում՝ իր կողմից տրամադրված սոցիալական ծրագրերի կամ մատուցված սոցիալական ծառայությունների ցանկը, ինչպես նաև իր կողմից տրամադրվող յուրաքանչյուր ծառայության նկարագիրը, տրամադրման կարգը, ժամկետները և գինը.
  • Ծրագրի իրականացման համար նախատեսված աշխատողների ընդհանուր թիվը և համապատասխան բնագավառներում մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների թիվը.
  • Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ շենքային և նյութակենցաղային պայմանները.
  • առկայության դեպքում՝ համանման ծրագրեր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու վերաբերյալ իր և մասնագիտական անձնակազմի՝ նախկինում ունեցած փորձի և աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ.
  • իր հայեցողությամբ այլ տեղեկություն, որը կարող է էական լինել Ծրագրի իրականացման համար:
  1. Ծրագրի իրականացումը սկսվում է համապատասխան պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից՝ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռիսկերն ու կարիքները գնահատելուց հետո: Ծրագրի իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցները, գույքը, մասնագիտական աջակցությունը տրամադրվում է պայմանագրում նախատեսված ժամկետներում և կարգով:
  2. Եթե ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձը հանդիսանում է պրոբացիայի շահառու կամ պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկում, ապա Ծրագիրն իրականացվում է պրոբացիայի ծառայության կամ քրեակատարողական հիմնարկի կողմից՝ պրոբացիայի շահառուի կամ դատապարտյալի վերասոցիալականացման ծրագրերի շրջանակներում: Ծրագիրի իրականացումը սկսվում է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի՝ պրոբացիայի շահառուի կամ դատապարտյալի կարգավիճակ ստանալուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում:

 

2 ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ, ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. Ծրագրի բովանդակությունը բխում է Ծրագրի նպատակներից ու հարմարեցվում է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած յուրաքանչյուր անձի առանձնահատկություններին: Ծրագրի բովանդակությունը կարող է փոխվել Ծրագրի իրականացման ընթացքում, եթե դա բխում է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կարիքներից:
  2. Ծրագրի բովանդակությունը որոշելիս ու իրականացնելիս առաջնային են հետևյալ նախապայմանների ապահովումը՝
  • ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց անվտանգությունը և ապահովությունը որպես առաջնահերթություն ընդունելը, նրանց՝ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի հետ աշխատելիս չվնասելը կամ չմեղադրելը,
  • գենդերազգայուն ու մարդակենտրոն մոտեցումը և խտրականության բացառումը,
  • ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին ծառայություն մատուցող անձանց հաշվետվողականությունը,
  • ներառականությունը և միջմասնագիտական մոտեցումը,
  • սոցիալ-մշակութային պարտադիր բաղադրիչի համապատասխանությունն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի առանձնահատկություններին,
  • ընտանեկան և կենցաղային բռնության նոր դեպքերի, իսկ հնարավորության դեպքում՝ հանցավոր ցանկացած վարքագծիմ, կանխումը,
  • ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի հետ տեղեկության պարբերաբար փոխանակումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին՝ նրա կյանքի և առողջության, անձնական անվտանգության պաշտպանության համար էական նշանակություն ունեցող տեղեկության փոխանցումը,
  • տրամադրվող ծառայությունների հասանելիությունն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած բոլոր անձանց,
  • վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն, խաղամոլություն)ձերբազատվելու անհրաժեշտության դեպքում համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ համագործակցումը:
  1. Ծրագիրն իրականացնող մասնագետները (հոգեբան, սոցիալական աշխատող, իրավաբան, սոցիալական մանկավարժ, այլ մասնագետներ) ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի հետ աշխատանքները սկսելուց առաջ ապահովում են՝
  • ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կիրառած բռնության տարրերի, դրսևորումների, ազդեցության, այդ վարքագծի պատճառների ու պայմանների իմացությունը,
  • Ծրագրի հիմք ծառայող տեսական մոտեցումների և ուղղությունների իմացությունը, ներառյալ՝ այլ մասնագետների կողմից իրականացվող գործառույթների առնչությամբ,
  • կախվածությունների, վնասակար սովորույթների և այլ ազդեցությունների դեպքում վարքի առանձնահատկությունների և հնարավոր առաջացող ռիսկերի մասին իմացությունը,
  • հաղորդակցման հմտությունների տարբեր տեխնիկաների կիրառումը,
  • կոնֆլիկտներից խուսափելու տեխնիկաների իմացությունը:
  1. Ծրագիրն իրականացնող մասնագետները (հոգեբան, սոցիալական աշխատող, իրավաբան, սոցիալական մանկավարժ, այլ մասնագետներ) ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի հետ Ծրագիրն իրականացնելու ընթացքում ապահովում են՝
  • ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի՝ վերասոցիալականացման մոտիվացիան և օգնում նրան հաղթահարել սեփական դիմադրությունը,
  • ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի մոտ պետության, հասարակության, մարդու, համակեցության կանոնների նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորումը,
  • հարգանք, չեզոքություն և մասնագիտական անկողմնակալություն,
  • հաղորդակցման հմտությունների տարբեր տեխնիկաների փոփոխությունը՝ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի վարքագծի փոփոխության դեպքում, այդ թվում՝ հուզական հաղորդակցության, վերբալ և ոչ վերբալ ձևերին,
  • անհրաժեշտության դեպքում՝ խմբային աշխատանքի կազմակերպումը՝ դրանց դինամիկային և խմբային աշխատանքի վարման հմտություններին համապատասխան,
  • անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը,
  • ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի ռիսկերին ու կարիքներին հրատապ արձագանքը, այդ թվում՝ կյանքի դժվարին տարբեր իրավիճակներում գտնվող անձանց խնդիրներին,
  • անհրաժեշտության դեպքում՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հետ համագործակցությունը:
  1. Սույն հավելվածի 14-16-րդ կետերի համապատասխանությունն ապահովելու համար՝
  • Նախարարությունը կազմակերպում է Ծրագիրն իրականացնող Կազմակերպության մասնագետների վերապատրաստում,
  • վերապատրաստումներին մասնակցող մասնագետները պարտավորվում են առնվազն վեց ամիս պարտադիր մասնակցեն Ծրագրի իրականացմանը,
  • Նախարարությունն ունի մշտադիտարկման և սուպերվիզիայի հնարավորություն Ծրագրի մասնագետների գործունեության նկատմամբ,
  • Ծրագրի իրականացման համար առավել մեծ ռիսկայնություն ունեցող կամ բարդ դեպքերի առնչությամբ կազմակերպվում են քննարկումներ և Ծրագրին համապատասխան աջակցության տրամադրում,
  • Ծրագրի իրականացման ընթացքում առանձին դեպքերով՝ համագործակցում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին աջակցություն տրամադրող կառույցի մասնագիտական թիմի հետ,
  • Նախարարությունն աջակցում է Կազմակերպությանը սոցիալական աջակցության տրամադրման, առողջության վերականգնման կամ վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն, խաղամոլություն) ձերբազատման համար այն այլ մարմիններին կամ կազմակերպություններին դիմելու կամ դրանց ծառայություններից օգտվելու գործընթացում, ովքեր օրենսդրության համաձայն պարտավոր են տրամադրել համապատասխան սոցիալական և բժշկական ծառայություններ:
  1. Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած յուրաքանչյուր անձի Ծրագրի բովանդակությունը և տևողությունը որոշվում է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի ռիսկերի և կարիքների գնահատման հիման վրա: Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած յուրաքանչյուր անձի Ծրագիրը մշակելիս հաշվի են առնում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի տարիքը, սեռը, առողջական և սոցիալական վիճակը, հոգեբանական առանձնահատկությունները, ընտանիքի կազմը, ընտանեկան և կենցաղային բռնության տեսակը, դրա դրսևորման ձևը, գործադրման տևողությունը, դրա գործադրմանը նպաստող պատճառներն ու պայմանները, ինչպես նաև այլ առանձնահատկություններ:
  2. Ծրագրի բաղադրիչներն են՝
  • ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի ռիսկերի և կարիքների գնահատում,
  • ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի վերահսկողության պլանի կազմում,
  • ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի վերահսկողության պլանի իրականացման շրջանակում Ծրագրի բուն գործողությունների իրականացում՝ խմբային և անհատական աշխատանքների միջոցով, ներառյալ՝ համապատասխան մոդուլների կիրառումը,
  • մշտադիտարկում, սուպերվիզիա և աջակցություն, անհրաժեշտության դեպքում՝ Ծրագրի վերանայում,
  • Ծրագրի գնահատում և ամփոփում:
  1. Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի ռիսկերը գնահատվում են երեք ուղղությամբ՝
  • ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի անձնային ռիսկեր, որոնք պետք է արտացոլվեն ռիսկերի և կարիքների գնահատման գործիքում,
  • Կազմակերպության՝ Ծրագրի իրականացման հետ կապված ռիսկեր, որոնք պետք է նվազագույնի հասցվեն՝ կիրառելով չվնասելու սկզբունքը,
  • ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի խոցելիության ռիսկեր, որոնք պետք է հաշվի առնվեն Ծրագրի իրականացման սկզբում ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հետ աշխատող կառույցների հետ համագործակցությամբ:
  1. Սույն հավելվածի 20-րդ կետի 1-ին ենթակետում նշված ռիսկայնությունը հաշվի առնելիս՝ հաշվի է առնվում նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից կատարված գնահատումը:
  2. Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի վերահսկողության պլանում ներառվում են նրա անձնական տվյալները, ընտանեկան և կենցաղային բռնություն տեսակը, դրսևորման ձևերը, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հետ փոխհարաբերությունները, նրա անվտանգությունը, Ծրագրի տևողությունը, գրանցված առաջընթացները, միջոցառումներից խուսաթելու կամ արդյունավետ իրականացնելու վերաբերյալ տեղեկությունը, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կամ դեպքի վերաբերյալ բոլոր այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի վերասոցիալականացումն առավել արդյունավետ իրականացնելու համար:
  3. Ծրագրի բուն գործողություններն իրականացվում են խմբային կամ անհատական աշխատանքների միջոցով: Խմբային աշխատանքները կիրառվում են այն դեպքում, երբ դա չի վնասի ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած՝ խմբի մասնակից որևէ անձին, ինչպես նաև չի հանգեցնի անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիության խախտման կամ չի ոտնահարի երրորդ անձանց իրավունքները:
  4. Խմբային աշխատանքի դեպքում կազմվում են փակ խմբեր, որոնք իրենից ենթադրում է, որ Ծրագրի ողջ ընթացքում խմբի մասնակիցները չեն փոխվելու։ Խումբը կազմվում է մինչև 8 մասնակցից, որոնց թվի ընտրության նպատակն է ստեղծել վստահության զգացում և ապահովել բավարար ժամկետ խմբի յուրաքանչյուր մասնակցի ինքնարտահայտման համար։ Խմբի մասնակիցներն ազատ ու ակտիվորեն մասնակցում են քննարկումներին, կատարում են ընտրված մոդուլի առաջադրանքները, կիսվում իրենց զգացմունքներով և մտքերով։
  5. Ծրագրի բուն գործողությունների համար ընտրվում են ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կարիքներից բխող մոդուլներ, որոնց իրականացման արդյունավետությունը որոշելու համար Կազմակերպության մասնագետները ներկայացնում են գրավոր կարծիք: Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի նկատմամբ կարող են կիրառվել մեկից ավելի մոդուլներ, եթե դրանց իրականացումը համատեղ հնարավոր է կամ բովանդակային առումով հակադիր չեն: Այնպիսի մոդուլների իրականացումը, որոնք պահանջում են հավելյալ գիտելիքներ կամ հմտություններ, ներառյալ՝ առողջության վերականգնման կամ վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն, խաղամոլություն) ձերբազատմանն ուղղված մոդուլները, կարող է կազմակերպվել մասնագիտացված մարմինների կամ կազմակերպությունների միջոցով, ովքեր օրենսդրության համաձայն պարտավոր են տրամադրել համապատասխան ծառայություններ, կամ այդ մարմինների կամ կազմակերպությունների հետ համատեղ համագործակցությամբ:
  6. Ծրագրի մշտադիտարկումը և Ծրագրի շրջանակներում սուպերվիզիան իրականացնում է Նախարարությունը:
  7. Ծրագրի իրականացման ընթացքում առնվազն երկու ամիսը մեկ Ծրագրի ընթացքը գնահատվում է Կազմակերպության կողմից և անհրաժեշտության դեպքում՝ դրա բովանդակությունը վերանայվում է: Ծրագրի վերանայման հիմնավորումը մտադիտարկման պարտադիր առարկա է:
  8. Ծրագրի ժամկետի ավարտին այն գնահատվում է Կազմակերպության և Նախարարության կողմից՝ կատարվածության աստիճանի, արդյունավետության, ծախսատարության, կրկնման անհրաժեշտության, լրամշակման անհրաժեշտության և այլ տեսանկյուններից:
  9. Ծրագրի ավարտի մասին Կազմակերպությունը Նախարարությանը ներկայացնում է ամփոփ հաշվետվություն, որի ձևը հաստատում է Նախարարությունը: Սույն կետում նշված հաշվետվությանը կարող են կցվել Ծրագրի արդյունավետության կամ անարդյունավետության մասին վկայող փաստաթղթեր:

 

  1. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՄՈԴՈՒԼՆԵՐԸ

 

  1. Ծրագիրը բաղկացած է առանձին մոդուլներից, որոնցից յուրաքանչյուրը կարող է իրականացվել առանձին կամ այլ մոդուլների հետ միասին: Այդ մոդուլներն են՝
  • Մոդուլ 1․ Զգացմունքների գիտակցում և հուզական հավասարակշռություն (2-6 հանդիպում),
  • Մոդուլ 2․ Սեռի և առնականության ժամանակակից սահմանում (2-4 հանդիպում),
  • Մոդուլ 3․ Բռնության ու ընտանեկան և կենցաղային բռնության էությունը, բռնության տեսակները և բռնություն համարվող գործողությունները, բռնության ցիկլը, բռնության հետևանքները (2-8 հանդիպում),
  • Մոդուլ 4․ Ինքնակառավարման և ինքնակարգավորման հմտություններ (2-6 հանդիպում),
  • Մոդուլ 5․ Զայրույթի և ագրեսիայի կառավարման հմտություններ (2-10 հանդիպում),
  • Մոդուլ 6․ Արդյունավետ հաղորդակցության հմտություններ և կոնֆլիկտների կառավարում (4-6 հանդիպում),
  • Մոդուլ 7․ Դրական ծնողավարության հմտություններ և ծնողական պատասխանատվություն (4-10 հանդիպում),
  • Մոդուլ 8․ Հարգանք և սոցիալական պատասխանատվություն (2-4 հանդիպում),
  • Մոդուլ 9․ Սեռական հարգանք (1-2 հանդիպում),
  • Մոդուլ 10․ Վախերի հաղթահարում (1-4 հանդիպում),
  • Մոդուլ 11․ Խնդրի լուծում՝ սեփական կարիքների գիտակցում և դրանց բավարարման ուղիների որոնում (1-4 հանդիպում),
  • Մոդուլ 12․ Պրոսոցիալական վարքի ստեղծում (1-4 հանդիպում),
  • Մոդուլ 13. Հայոց լեզվի իմացություն (2-10 հանդիպում),
  • Մոդուլ 14. Օտար լեզվի իմացություն (2-10 հանդիպում),
  • Մոդուլ 15. Ֆինանսական գրագիտություն (2-4 հանդիպում),
  • Մոդուլ 16. Կենցաղավարության հմտություն (2-4 հանդիպում),
  • Մոդուլ 17. Ճանաչողական վարքագիծ և պսիխոդինամիկ մոտեցումներ (1-4 հանդիպում),
  • Մոդուլ 18. Իրավախախտումը և պատասխանատվությունը, պատասխանատվության տեսակները (1-4 հանդիպում),
  • Մոդուլ 19. Առողջության վերականգնման կամ վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն) ձերբազատում (4-10 հանդիպում),
  • Մոդուլ 20. Վնասակար սովորույթներից խաղամոլությունից ձերբազատում (4-10 հանդիպում):
  1. Սույն հավելվածի 30-րդ կետում նշված մոդուլների ցանկը սպառիչ չէ և Կազմակերպությունը կարող է առաջարկել նաև այլ մոդուլներ՝ Ծրագիրն արդյունավետ իրականացնելու համար:
  2. Մոդուլների հանդիպումների տևողությունը որոշվում է անհատական հիմքով, սակայն խմբային աշխատանքների դեպքում յուրաքանչյուր հանդիպման տևողությունը չի կարող պակաս լինել 80 րոպեից, իսկ անհատական աշխատանքների դեպքում՝ 40 րոպեից։
  3. Մոդուլների հանդիպումների հաճախականությունը որոշվում է անհատական կարգով, սակայն դրանք չեն կարող պակաս լինել, քան շաբաթական առնվազն երկու անգամից։
  4. Մոդուլների բովանդակությունը կազմում է Կազմակերպությունը՝ համաձայնեցնելով Նախարարության հետ: Մոդուլների բովանդակության փոփոխությունները նախապես համաձայնեցվում են Նախարարության հետ և առանց նրա համաձայնության իրականացման ենթակա չեն:
  5. Մոդուլների բովանդակությունը կարող է վերանայվել մշտադիտարկման կամ սուպերվիզիայի արդյունքում:
  6. Յուրաքանչյուր մոդուլի արդյունավետության վերաբերյալ Կազմակերպությունը Նախարարությանը ներկայացնում է առանձին հաշվետվություններ:

 

 

  • Discussed

    19.09.2024 - 07.10.2024

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1013

Print

Suggestions

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

07.10.2024

Ծրագիրը ոչ թե սոցիալական աջակցություն է տրամադրում, այլ իրականացնում է ռեաբիլիտացիա, ի շրջանակներում չի կարող իրականացնել նշված գործառույթները:

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

07.10.2024

Բռնարարները հիմնականոմ շատ լավ ընկեր, հարևան և գործընկեր են, բայց տանը կիրառում են բռնություն: Այս ծրագրի նպատակը բռնարար վարքի հաղթահարումն է: Վերասոցիալականացման գործընթացը իրականցվում է փակ հաստատություններում գտնվող բռնարաների հետ, որոնք մեկուսացված են ժամանակավոր հասարակությունից:

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

07.10.2024

Բռնարարի հետ աշխատող կառույցը պետք տեղեկություն տրամադրի ոստիկանության և աջակցության կենտրոնին: Ոչ մի քննարկում չի կարող այս պարագյում արդյունավետ լինել:

See more