Add to favourites

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ռազմավարական կառավարումը ենթադրում է համակարգաստեղծ նպատակների սահմանում և դրանց իրագործում ինստիտուցիոնալ կարողությունների ու ռեսուրսների ներգրավմամբ: Ստորև ներկայացված են Հայաստանի Հանրապետության ռազմավարական կառավարման համակարգի հիմնական խնդիրները, որոնք վերաբերելի են առհասարակ քաղաքականությունների մշակման գործընթացին ու պայմանավորված են ինչպես գործող կարգավորումների բացերով, այնպես էլ ինստիտուցիոնալ կարողությունների սահմանափակությամբ: Խնդիրները վեր են հանվել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման գործընթացում և վերջինիս հաջորդած փորձագիտական քննարկումների հիման վրա՝ հիմք ընդունելով հետևյալ հետազոտությունները՝

  • ՏՀԶԿ/ԵՄ ՍԻԳՄԱ նախաձեռնության Հանրային կառավարման սկզբունքները և վերջինիս հիման վրա իրականացված՝ Հայաստանում հանրային կառավարման համակարգի ելակետային գնահատման զեկույցը (2019թ.),
  • Համաշխարհային բանկի կողմից 2024 թվականին իրականացված՝ Վարչապետի աշխատակազմի գործառութային վերլուծության զեկույցը,
  • ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացված՝ Հայաստանի ռազմավարական փաստաթղթերի ուսումնասիրության զեկույցը:

Արդյունքում վեր են հանվել հետևյալ խնդիրները՝

  • Քաղաքականության պլանավորման փաստաթղթերի աստիճանակարգության և միմյանց հետ փոխկապվածության անկատարությունը, ինչը նվազեցնում է բարեփոխումների ներդաշնակությունը, իրատեսականությունն ու ռեսուրսների պլանավորման արդյունավետությունը, ինչպես նաև դժվարացնում է գերակայությունների սահմանումը:
  • Քաղաքականության պլանավորման փաստաթղթերի և դրանց իրականացման համար ռեսուրսների պլանավորման գործընթացների ոչ ամբողջական կապը, ինչի արդյունքում չի պահպանվում ֆիսկալ մատչելիությունը (ֆինանսավորման առկայությունը), և համակարգը չի ապահովում սահմանված թիրախների ամբողջական իրագործումը։
  • Կառավարության ծրագրի ու կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրի անորոշ դերը ռազմավարական փաստաթղթերի համակարգում, ինչը հանգեցնում է գերակայությունների սահմանման, դրանց ներդաշնակեցման, մշտադիտարկման համակարգերի արդյունավետության նվազմանը:
  • Հանրային ներդրումների կառավարման համակարգի հետ չկարգավորված կապը, ինչը խնդրահարույց է հատկապես երկարաժամկետ ներդրումների կառավարման տեսանկյունից։
  • Փաստաթղթերի ու թիրախային ցուցանիշների մեծաքանակությունը, ինչը մեծացնում է բարեփոխումների մասնատվածությունը, ցուցանիշների անհամապատասխանությունը, խաթարում առաջնահերթությունների սահմանումն ու դրանց մշտադիտարկման արդյունավետությունը:
  • Մշտադիտարկման ու գնահատման համակարգի անկատարությունը և կենտրոնացումը գործընթացի, ոչ թե արդյունքների վրա: Խնդրահարույց է ինչպես ցուցանիշների որակը, այնպես էլ համակարգային ու պարբերական մշտադիտարկման պրակտիկայի ու անհրաժեշտ տվյալների բացակայությունը:
  • Բավարար կարողությունների բացակայությունը, ինչը թույլ չի տվել հետևողականորեն իրականացնել քաղաքականությունների մշակման փաստաթղթերի որակի վերահսկողություն և միմյանց հետ ներդաշնակեցում:
  • Թվային գործիքների բացակայությունը, ինչը դժվարացնում է փաստաթղթերի ներդաշնակեցումն ու մշտադիտարկումը՝ հանգեցնելով նաև դրանց իրագործման անբավարար մակարդակի:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հիմք ընդունելով Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ սահմանված նպատակները, ինչպես նաև վերոնշյալ զեկույցների եզրակացությունները՝ սույն նախագիծը սահմանում է կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների ռազմավարական կառավարման համակարգի նոր ճարտարապետությունը և վերջինիս սպասարկող ընթացակարգերը: Մասնավորապես՝ սահմանվող նոր համակարգի նպատակներն են՝

  • Ռազմավարական փաստաթղթերի որակի բարձրացում,
  • Ռազմավարական փաստաթղթերի ներդաշնակեցում ինտեգրված բիզնես պրոցեսների միջոցով,
  • Հստակ առաջնահերթությունների սահմանում,
  • Ռազմավարությունների մշտադիտարկման ու գնահատման միասնական համակարգի ներդնում,

Սույն որոշման նախագիծը հիմնված է կից ներկայացված հայեցակարգի հիման վրա, որով սահմանվում է համակարգի բարեփոխման տեսլականը և այն օժանդակ միջոցառումները, որոնց իրականացմամբ միայն հնարավոր կլինի ապահովել ռազմավարական կառավարման համակարգի արդյունավետությունը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը՝ զարգացման գործընկերների՝ Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ զարգացման ծրագրի, Համաշխարհային բանկի, ՏՀԶԿ/ԵՄ ՍԻԳՄԱ նախաձեռնության աջակցությամբ:

Նախագծի հիմքում ընկած հայեցակարգը քննարկվել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ:

4. Ակնկալվող արդյունքը

Արդյունքում ակնկալվում է, որ ռազմավարական փաստաթղթերը կդառնան արդյունքամետ, փաստահենք, իրագործելի, և իբրև անուղղակի արդյունք՝ կնվազի նաև դրանց քանակը՝ դյուրինացնելով մշտադիտարկման ու առաջնահերթությունների սահմանման գործընթացը:

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Բացակայում է:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Սույն որոշման ընդունումը Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ և ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով ստանձնած հանձնառություն է:

  • Discussed

    30.07.2024 - 15.08.2024

  • Type

    Decision

  • Area

    Public management

  • Ministry

    Office of the Deputy Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1969

Print

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

15.08.2024

Հայեցակարգում նշվում է, որ ռազմավարական համակարգման նոր թվային հարթակի ներդրմամբ նախատեսվում է գործընթացն ամբողջությամբ թվայնացնել: Վերջինս միանշանակ ողջունելի նախաձեռնություն է և պետք է ունենա հանրության համար տեսանելի հատված՝ հեշտացնելու ռազմավարությունների և այլ գործիքների իրականացման նկատմամբ հանրային վերահսկողությունը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

15.08.2024

Նախագծերի տարբեր մասերում օգտագործվում է «խոցելի խումբ» հասկացությունը։ Առաջին հերթին այն որոշակի չէ։ Բացի այդ, այն խնդրահարույց է, քանի որ ենթադրում է թուլության կամ անօգնականության ֆիքսված վիճակ։ Այն անտեսում է կառուցվածքային գործոնները, ինչպիսիք են խտրականությունը կամ ռեսուրսների մատչելիության բացակայությունը, որոնք նպաստում են խոցելիությանը՝ շեշտը դնելով խմբերի բնածին բնութագրիչների վրա։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

15.08.2024

Աշխատակարգի բառարանը ենթակա է մանրամասն խմբագրման։ Տարբեր հասկացություններ ձևակերպված են ոչ միանշանակ, երբեմն՝ սխալներով։ Օրինակ՝ 1) Նշվում է, որ բազմազանությունը տարբեր հատկանիշներ կրող մարդկանցից բաղկացած համայնքի հատկանիշն է, մինչդեռ բազմազանությունը մարդկանց միջև առկա տեսանելի և անտեսանելի տարբերություններն են։ Դրանք ներառում են ոչ միայն խտրականությունից պաշտպանված հատկանիշները, ինչպես օրինակ հաշմանդամությունն է, այլ նաև կենսափորձը, այլ ոչ անհատական հատկանիշներ։ 2) Խելամիտ հարմարեցում է համարվում միայն միջավայրային փոփոխությունը, մինչդեռ այն կարող է լինել նաև ոչ միջավայրային։ Նաև սահմանումը տրված է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքով և չի կարող կիրառվել դրանից տարբերվող սահմանում։ 3) «Փոքրամասնություն» եզրույթում նշված չէ, թե ինչն է մարդկանց խմբին դարձնում փոքրամասնություն։ Այն է՝ թվի առումով ավելի փոքր լինելը, քան գերիշխող բնակչությունն է։ Եվ պարտադիր չէ, որ փոքրամասնությունը առանձնացված լինի կամ ենթարկվի խտրական վերաբերմունքի։ 4) Տարբեր եզրույթների թարգմանություններ կարող են ավելի հաջող լինել։ Օրինակ՝ հասանելիություն (availability) բառը հաճախ կիրառվում է մատչելիություն (accessibility) բառի փոխարեն։ «Փոխհատականությունը» մեր առաջարկով տարբեր կազմակերպությունների կողմից կիրառվում է որպես «հատվողականություն» և կիրառվում է «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծում։

See more