Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ռազմավարական կառավարումը ենթադրում է համակարգաստեղծ նպատակների սահմանում և դրանց իրագործում ինստիտուցիոնալ կարողությունների ու ռեսուրսների ներգրավմամբ: Ստորև ներկայացված են Հայաստանի Հանրապետության ռազմավարական կառավարման համակարգի հիմնական խնդիրները, որոնք վերաբերելի են առհասարակ քաղաքականությունների մշակման գործընթացին ու պայմանավորված են ինչպես գործող կարգավորումների բացերով, այնպես էլ ինստիտուցիոնալ կարողությունների սահմանափակությամբ: Խնդիրները վեր են հանվել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման գործընթացում և վերջինիս հաջորդած փորձագիտական քննարկումների հիման վրա՝ հիմք ընդունելով հետևյալ հետազոտությունները՝

  • ՏՀԶԿ/ԵՄ ՍԻԳՄԱ նախաձեռնության Հանրային կառավարման սկզբունքները և վերջինիս հիման վրա իրականացված՝ Հայաստանում հանրային կառավարման համակարգի ելակետային գնահատման զեկույցը (2019թ.),
  • Համաշխարհային բանկի կողմից 2024 թվականին իրականացված՝ Վարչապետի աշխատակազմի գործառութային վերլուծության զեկույցը,
  • ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացված՝ Հայաստանի ռազմավարական փաստաթղթերի ուսումնասիրության զեկույցը:

Արդյունքում վեր են հանվել հետևյալ խնդիրները՝

  • Քաղաքականության պլանավորման փաստաթղթերի աստիճանակարգության և միմյանց հետ փոխկապվածության անկատարությունը, ինչը նվազեցնում է բարեփոխումների ներդաշնակությունը, իրատեսականությունն ու ռեսուրսների պլանավորման արդյունավետությունը, ինչպես նաև դժվարացնում է գերակայությունների սահմանումը:
  • Քաղաքականության պլանավորման փաստաթղթերի և դրանց իրականացման համար ռեսուրսների պլանավորման գործընթացների ոչ ամբողջական կապը, ինչի արդյունքում չի պահպանվում ֆիսկալ մատչելիությունը (ֆինանսավորման առկայությունը), և համակարգը չի ապահովում սահմանված թիրախների ամբողջական իրագործումը։
  • Կառավարության ծրագրի ու կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրի անորոշ դերը ռազմավարական փաստաթղթերի համակարգում, ինչը հանգեցնում է գերակայությունների սահմանման, դրանց ներդաշնակեցման, մշտադիտարկման համակարգերի արդյունավետության նվազմանը:
  • Հանրային ներդրումների կառավարման համակարգի հետ չկարգավորված կապը, ինչը խնդրահարույց է հատկապես երկարաժամկետ ներդրումների կառավարման տեսանկյունից։
  • Փաստաթղթերի ու թիրախային ցուցանիշների մեծաքանակությունը, ինչը մեծացնում է բարեփոխումների մասնատվածությունը, ցուցանիշների անհամապատասխանությունը, խաթարում առաջնահերթությունների սահմանումն ու դրանց մշտադիտարկման արդյունավետությունը:
  • Մշտադիտարկման ու գնահատման համակարգի անկատարությունը և կենտրոնացումը գործընթացի, ոչ թե արդյունքների վրա: Խնդրահարույց է ինչպես ցուցանիշների որակը, այնպես էլ համակարգային ու պարբերական մշտադիտարկման պրակտիկայի ու անհրաժեշտ տվյալների բացակայությունը:
  • Բավարար կարողությունների բացակայությունը, ինչը թույլ չի տվել հետևողականորեն իրականացնել քաղաքականությունների մշակման փաստաթղթերի որակի վերահսկողություն և միմյանց հետ ներդաշնակեցում:
  • Թվային գործիքների բացակայությունը, ինչը դժվարացնում է փաստաթղթերի ներդաշնակեցումն ու մշտադիտարկումը՝ հանգեցնելով նաև դրանց իրագործման անբավարար մակարդակի:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հիմք ընդունելով Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ սահմանված նպատակները, ինչպես նաև վերոնշյալ զեկույցների եզրակացությունները՝ սույն նախագիծը սահմանում է կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների ռազմավարական կառավարման համակարգի նոր ճարտարապետությունը և վերջինիս սպասարկող ընթացակարգերը: Մասնավորապես՝ սահմանվող նոր համակարգի նպատակներն են՝

  • Ռազմավարական փաստաթղթերի որակի բարձրացում,
  • Ռազմավարական փաստաթղթերի ներդաշնակեցում ինտեգրված բիզնես պրոցեսների միջոցով,
  • Հստակ առաջնահերթությունների սահմանում,
  • Ռազմավարությունների մշտադիտարկման ու գնահատման միասնական համակարգի ներդնում,

Սույն որոշման նախագիծը հիմնված է կից ներկայացված հայեցակարգի հիման վրա, որով սահմանվում է համակարգի բարեփոխման տեսլականը և այն օժանդակ միջոցառումները, որոնց իրականացմամբ միայն հնարավոր կլինի ապահովել ռազմավարական կառավարման համակարգի արդյունավետությունը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը՝ զարգացման գործընկերների՝ Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ զարգացման ծրագրի, Համաշխարհային բանկի, ՏՀԶԿ/ԵՄ ՍԻԳՄԱ նախաձեռնության աջակցությամբ:

Նախագծի հիմքում ընկած հայեցակարգը քննարկվել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ:

4. Ակնկալվող արդյունքը

Արդյունքում ակնկալվում է, որ ռազմավարական փաստաթղթերը կդառնան արդյունքամետ, փաստահենք, իրագործելի, և իբրև անուղղակի արդյունք՝ կնվազի նաև դրանց քանակը՝ դյուրինացնելով մշտադիտարկման ու առաջնահերթությունների սահմանման գործընթացը:

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Բացակայում է:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Սույն որոշման ընդունումը Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ և ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով ստանձնած հանձնառություն է:

  • Քննարկվել է

    30.07.2024 - 15.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային կառավարում

  • Գերատեսչություն

    Փոխվարչապետի գրասենյակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5471

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

15.08.2024

Աշխատակարգի և հայեցակարգի նախագծերն անհրաժեշտ է ընդունել հանրային լայն քննարկումներից հետո՝ հաշվի առնելով, որ ընդունման դեպքում դրանք էականորեն փոխելու են կառավարման տարբեր գործընթացներ, իսկ e-draft.am-ում հրապարակելը չի կարող համարվել մասնակցության ապահովման պարտավորության իրականացում։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

15.08.2024

Որոշման նախագծի նախաբանում անհրաժեշտ է խմբագրել և հստակեցնել լիազորող նորմը, քանի որ «Հայաստանի Հանրապետության Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է կառավարության աշխատակարգին, ոչ թե ռազմավարական կառավարման աշխատակարգին։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

15.08.2024

Աշխատակարգի նախագիծը պատշաճ կերպով չի անդրադառնում հանրային մասնակցության մեխանիզմներին։ Նախագծերն անհրաժեշտ է վերանայել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 4.3 և 33.3 հոդվածների և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի 7-րդ մեկնաբանության լույսի ներքո։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: