Add to favourites

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

             

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.         

Առողջապահական բնագավառում վերջին քսան տարիների ընթացքում նշանակալի փոփոխություններ են տեղի ունեցել առկա խնդիրների ընկալման, նոր մասնագիտական հասկացությունների, դրանց մեկնաբանման առումով ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև միջազգային ոլորտում։ Փոխվել են առողջապահական համակարգերին ներկայացվող պահանջները, դրանցում իրականացվող ծառայություններին ներկայացվող որակի և համընդհանուր հասանելության պահանջները։

Նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը կապված է ինչպես նշված, այյնպես էլ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հետ։ Հիմնվելով ՀՀ Սահմանադրության վրա` առողջապահության բնագավառի գործունեության  բոլոր հիմքերը պետք է սահմանված լինեն օրենքով: Ներկայումս նոր մոտեցումների, գաղափարների ներդրումը և իրականացումը բացառապես կապված է օրենքի կարգավորումների հետ։

Վերոգրյալով պայմանավորված Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը  և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 122-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 483-Ն որոշմամբ սահմանվել է «Առողջապահության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգը հաստատելու անհրաժեշտությունը:

 

 

Առաջարկվող կարգավորման բնույթը.

«Առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում են լուծումներ հետևյալ հարցերի կապակցությամբ՝

  • հանրային առողջություն,
  • էլեկտրոնային առողջապահություն,
  • բժշկական էթիկա,
  • բժշկական օգնության և սպասարկման ձևերը և մակարդակները,
  • բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար ներկայացվող պարտադիր սանիտարական և համաճարակաբանական նորմերի մշակման, հաստատման և կիրառման պարտադիր պահանջները,
  • առողջապահության բնագավառում լիցենզավորման պարտադիր պահանջը,
  • առողջապահության բնագավառի ֆինանսավորման աղբյուրները,,
  • համավճարներ և վճարովի ծառայություններ մատուցելու օրենսդրական

    կարգավորումները և այլն:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

          Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը.

         Նախագծի ընդունումն իրավական հիմք կհանդիսանա «Առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման համար:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կլինի ընդունել «Առողջապահության մասին» ՀՀ օրենքը: 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  • Discussed

    13.02.2018 - 01.03.2018

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 20164

Print

Suggestions

Աննա Մարդանյան

28.02.2018

Հարգելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ հայեցակարգի մշակման կապակցությամբ և մաղթում սահուն ու արդյունավետ ընթացք հետագա վերամշակումների, քննարկումների և օրենքի նախագծի մշակման ընթացքում: Ստորև ներկայացնում եմ հետևյալ առաջարկները. ա) սահմանել վերարտադրողական բժշկության բուժման ծրագրի իրավական և Էթիկական չափորոշիչները՝ ներառելով բուժման ծրագրի բնույթն ու պարունակությունը, վերարտադրողական բժշկության համակարգում բուժաշխատողներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հաստատությունների ենթակառուցվածքային միավորների կառուցվուծվածը, ֆունկցիոնալ-կազմակերպչական գործառույթները, որակական նորմերն ու դրանց վերահսկման կարգը։ բ) մարդու առողջական վիճակի ու բժշկական միջամտության մասին իրազեկված լինելու և բժշկական միջամտության համաձայնություն տալու կամ դրանից հրաժարվելու իրավունքն արտահայտող միջազգային իրավական նորմերի և էթիկական սկզբունքների լիակատար ապահովման համար անհրաժեշտ է նաև ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ օրենքի նոր նախագծում հստակ դրույթներ նախատեսել ինչպես բժշկական միջամտության իրականացման, այնպես էլ առողջ մարդու պատվաստման միջազգային նորմերին համապատասխանող «Տեղեկացված համաձայնագրի» կնքման մասին: Բարին ընդ ձեզ: Հարգանքներով, Աննա Մարդանյան «Առողջապահության օրենսդրություն և էթիկա», «Առողջապահության կազմակերպում» հավատարմագրված մասնագետ

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

18.02.2018

Հարգելի գործընկերներ, ՀՀ անկախության տարիներից ի վեր ՀՀ առողջապահության համակարգում իրականացված բարեփոխումերի շրջանակներում ընդունվել են դրա կառավարմանն ուղղված բազմաթիվ օրենքներ, կառավարության որոշումներ, ՀՀ ԱՆ հրամաններ ու այլ գերատեսչական իրավական նորմատիվ ակտեր: Ներկայում ոլորտը կարգավորվում է մոտ 10 մասնագիտական բնույթի օրենքներով, 30 հարակից բնույթի օրենքներով եւ ավելի քան 40 կառավարության որոշումներով, ՀՀ առողջապահության նախարարի և այլ նախարարների հետ համատեղ հրամաններով: Դրանք տարիների ընթացքում ենթարկվել են բազմակի փոփոխությունների, ինչը շատ հաճախ հանգեցնում է տարընթերցումների, թյուրըմբռնումների, ինչու չէ նաեւ հակասությունների: Դրանք լուրջ խոչընդոտներ են ոլորտը պատշաճ մակարդակով կառավարելու գործում: Հետեւաբար, վաղուց էր հասունացել «Առողջապահության մասին» միասնական օրենք ունենալու խնդիրը: «Առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագծի տարբեր տարբերակների վրա աշխատել են ոլորտի բազմահմուտ շատ մասնագետներ ու փորձագետներ: Ահա հենց այդ տեսակետից պետք է նշել, որ ներկայացված ու քննարկվող «Առողջապահության մասին» ՀՀ օրենքի (այսւհետ սույն տեքստում՝ Օրենք) հայեցակարգը (այսւհետ սույն տեքստում՝ Հայեցակարգ) բավականին հաջողված է: Այդուհանդերձ դա կարիք ունի հետագա մասնագիտական քննարկումների: Վերոհիշյալի համատեքստում կարծում ենք, որ Օրենքն իր բնույթով պետք է լինի Օրենսգիրք, որտեղ կներառվեն ներկայում գործող առողջապահության ոլորտի բոլոր օրենքների, բացառությամբ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի, դրույթները: Դրանց ընթացքում Հայեցակարգը այնպես պետք է լրամշակվի, որպեսզի դա հաշվի առնի երկրում եւ տարածաշրջանում ներկա զարգացումներն ու գերակայությունները: Կարծում եմ, որ այդ օրենքը պետք է բավարարի հետեւյալ պահանջներին. 1. Օրենքը պետք է բխի աշխարհում առողջապահության զարգացման ներկա միտումներից ու գերակայություններից, 2. Օրենքի հենքը պետք է լինի մարդակենտրոն առողջապահության համակարգն ու դրան ուղղված իրավահարաբերությունների կարգավորումը, 3. Օրենքը ուղղված պետք է լինի ՀՀ քաղաքացու առողջ ապրելու իրավունքի ամբողջական իրացմանն ու դրա ապահովմանը: Վերոհիշյալի համատեքստում մեր կազմակերպությունը Հայեցակարգի վերաբերյալ իր դիտարկումները, մեկնաբանություններն ու առաջարկությունները ժամանակին ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նիստի քննարկմանը, ինչը նույնպես կից ֆայլով ուղարկվում է օրինագծին հեղինակին: Այդուհանդերձ, հարկ ենք համարում այս պաշտոնական կայքում հանրայնացնել մեր տեսակետը, ներկայացնելով մեզ հետաքրքրող ու հուզող մի շարք հետեւյալ հարցերը. 1. Հայեցակարգում մշտապես հիշատակվում են ԵԱՏՄ կարգավորումները: Չգիտես ինչու չեն հիշատակվում ԵՄ կարգավորումները: Պատրաստվում եք արդյոք նախագիծը համապատասխանեցնել նաեւ ԵՄ-Հայաստան համաձայնագրի դրույթներին: 2. Հայեցակարգի 2-րդ բաժնում պետք է հղում տալ նոր իրավիճակը բնութագրող մարտահրվերներին, մասնավորապես ՀԶՆ-2030 օրակարգ ՄԱԿ փաստաթղթով նախատեսված ՀԶ նպատակներին եւ ԵՄ-Հայաստան համաձայնագրի դրույթներին: 3. ՀՀ կառավարության 2014 թ. սեպտեմբերի 22-ի արձանագրային որոշմամբ սայմանված է ՔՀԿ-ների հետ համագործակցության ռազմավարությունը: Սակայն դրանով նախատեսված միջոցառումները կամ չեն կատարվում կամ պարզապես որոշումից պարբերաբար հանվում են: Ւնչ ուղիներ եք տեսնում ՔՀԿ-ների հետ առողջապահոթւյան ոլորտում համագործակցության մասին: Չեք կարծում, որ այդ մասին նույնպես պետք է նշվի Հայեցակարգում: 4. ՀՀ սահմանադրությամբ նախատեսված է առողջապահության ոլորտում նպատակային ծրագրերի իրականացումը: Դրան համահունչ այդ մասին նշված է նաեւ քննարկվող Հայեցակարգի 10-րդ էջում: Սակայն վերջերս ընդունվեց կառավարոթւյան որոշում՝ դրանք վերանվանելու թե փոխարինելու մասին: Այդտեղ հակասություններ չեք տեսնում: Եվ եթե կան հակասություններ, ապ Հայեցկարգում այդ նպատակային ծրագրերի մասին պետք է նշվի առավել հստակ ու համոզիչ: Ընդ որում, դրանք, ինչպես նախկինում, այնպես էլ ապագայում պետք է ներկայացվեն «ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ մեկտեղ: Եվ դա նապայման պետք է ամրագրվի Օրենքում: 5. Հանրային առոջության պահպանման մասին բաժիններում (18-22 էջեր) հատկապես պետք է խոսվի ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ հրամայականի մասին: 6. ՀՀ վարչապետը իր պաշտոնավարման սկզբում այսպիս միտք արտայհայտեց. «Առողջ ապրելակերպը պետք է վարակի նման տարածել երկրում:»: Այդ մասին կարծեք թե ամբողջական մոտեցում չկա նախագծում: Ինչ եք կարծում այդ բնագավառում ՔՀԿ-ների հետ համագործակցության մասին: 7. Նախագծի 4-րդ էջում հստակ նշված է առողջության՝ որպես մարդու կարեւորագույն իրավունքի մասին: Այդ կապակցությամբ այդ թեզերը պետք է կապել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության եւ ՄԱԿ «Տնտեսական, մշակութային ու սոցիական իրավունքների մասին» դաշնագրի դրույթներին: 8. Ընդ որում, վերոհիշյալի համատեքստում Հայեցակարգում պետք է սահմանել դրույթներ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ մասին և ոչ թե՝ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՇՏԱՐԱՐԻ: 9. Բժշկա-սոցիալական փորձաքննության մասին խոսելիս անպայման անդրադարձ պետք է կատարվի այդ ոլորտում ներկայում գործող կոռուպցիոն երեւյթների մասին եւ լուծումներ առաջարկել դրանց վերացման ուղղությամբ: 10. Հայեցակարգում խոսվում է բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին: Նախ, անհրաժեշտ է հստակեցնել այդ տերմինը: Եվ ապա ճիշտ է խնդիրը բարձրացված, սակայն հենց այսօր կարելի է փոփոխել այդ ուղղությամբ մի շարք որոշումներ: Այսպես շտապ փոփոխություններ պետք է իրականացնել Կառավարության 2017թ. հոկտեմբերի 5-ի թիվ N 1317-Ն որոշման մեջ, որտեղ նշված են այն ապրանքատեսակները, որոնց նկատմամբ կիրառվում է ԱԱՀ արտոնություն: 11. Վերոհիշյալին զուգահեռ Հայեցակարգում պետք է ամրագրվեն դրույթներ ու հոդվածներ այն մասին, որ երկրում բժշկական տեխնիկան ու բժշկական նշանակության ապրանքները (ԲՆԱ) պետք է օրենքով սահմանված կարգով ստանան պետական գրանցում եւ դրանց համապատասխան էլ ենթարկվեն ստուգման դրանց շրջանառության բոլոր փուլերում: Ընդ որում, այդ գործառույթները պետք է հանձնարարվեն ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է.Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների գիտա-փորձնական կենտրոնին»: Դրանց շրջանառության վերահսկումը պետք է իրականացնեն ՀՀ ԱՆ մասնագիտացված կառույցները: 12. Ինչ է նախատեսվում Հայեցակարգով բժշկա-տնտեսագիտական ստանդարտների մշակման եւ ըստ այդմ բժշկական ծառայությունների գների սահմանման մասին: Կարծում ենք, որ դրանք պետք է մշակվեն առավել արագ տեմպերով եւ մաս դառնան առողջապահության ֆինանսավորման քաղաքականությանը: Այդ ստանդարտների հիման վրա պետք հաշվարկվեն առողջապահական ծառայությունենրի գները, որոնք էլ հիմք կդառնան ապահովագրական փոխհատուցումների համար: 13. Խիստ անհրաժեշտ է, որպեսզի ոլորտում սահմանվի առողջապահական ծառայությունների գների կարգավորման կարգ: Դրանց հիմքում կլինեն բժշկա-տնտեսագիտական ստանդարտները: 14. Հայեցակարգում անպայմանորեն պետք է սահմանել դրույթներ բժիշկների բժշկական պրակտիկայի ապահովագրության մասին: Այդ առումով կարծում ենք, որ պետք է օրենքով սահմանել բժշկական պրակտիկայիվ ապահովագրության հիմնադրամի ստեղծում: Այդ հիմնադրամին սահմանված կարգով մուծումներ կկատարեն օրենքով սահմանված կարգով բժշկական պրակտիկայով զբաղվող անձինք: Իսկ վերջիններիս սխալների համար կփոխատուցվի հենց այդ ապահովագրական հիմնադրամի միջոցներից եւ ոչ թե ՀՀ պետական բյուջեից: 15. Կարծում ենք, որ այս մոդելը օրինակելի կդառնա նաեւ դտական պրակտիկայով զբաղվող բոլոր մակարդակների դատավորների ու դատախազների-մեղադրողների համար: Ակնհայտ է այն փաստը, որ դրանց մի մասի կողմից կայացրած ապօրինի դատական ճիռներով ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառվում են վարչական ու քրեական պատասխանատվության միջոցները, որոնք վերջիններիս կողմից բողոքարկվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Վերջինիս կողմից այդ բողոքները հիմնականում բավարարվում են եւ ի վերջ դրա ընդդեմ Հայաստանի որոշումներով ՀՀ պետական բյուջեից փոխհատուցվում են ապօրինի պատասխանատվության ենթարկված ՀՀ քաղաքացիները: Կարծում ենք, որ այդ փոխհատուցումը պետք է լինի ոչ թ եՀՀ պետական բյուջեի, այլ հենց առաջարկվող Դատավորների ապահավագրական հիմնադրամի միջոցներից: Հարգանքով, Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

See more