ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
--------- ---------------- 2024 թվականի N - Լ
ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- հաստատել անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը՝ համաձայն հավելվածի 1-ի (այսուհետ՝ Միջոցառում)։
- հաստատել անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի 2-ի (այսուհետ՝ Կարգ)։
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
- Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ՝ Միջոցառման իրականացումը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում.
- ապահովել Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ Համակարգ) մշակումն ու ներդրումը ««Նորք» տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի միջոցով՝ մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը,
- ապահովել Համակարգի շահագործումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից.
- ապահովել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից սույն միջոցառման շրջանակում շահառուների աջակցության նպատակով փոխանցվող ֆինանսական միջոցների համար բանկային հաշիվների առկայությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր առևտրային բանկերում,
- Հայաստանի բանկերի միության հետ համագործակցելով՝ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կնքել համաձայնագիր, որով կսահմանվեն Միջոցառումից բխող առանձնահատկությունները, այդ թվում՝ Միջոցառման շահառուների անհուսալի վարկերի գծով առաջացած տույժերի, տուգանքների և ժամկետանց տոկոսագումարների հնարավոր ներման դեպքերը, չափը, ժամկետներն ու կարգը։
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել սույն միջոցառման շրջանակում շահառու ճանաչված անձանց նկատմամբ բանկի կամ վարկային կազմակերպության կողմից ներկայացված կատարողական թերթի (թերթերի) կատարման ընթացքում շահառուի (պարտապանի) աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից պահվող (բռնագանձվող) չափը 20% սահմանելը, եթե օրենքով կամ կատարման ենթակա ակտով բռնագանձման առավել նվազ չափ սահմանված չէ։
- Միջոցառման շրջանակում շահառու դառնալու ժամկետ սահմանել 2025 թվականի հունիսի 30-ը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդ օրվանից, իսկ որոշման 1-ին և 2-րդ կետերը՝ 2024 թվականի հուլիսի 1-ից։
Հավելված 1
ՀՀ կառավարության 2024 թվականի
___________ ___-ի N ____ -Լ որոշման
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ
- Սույն միջոցառման նպատակն է անհուսալի վարկային դասով դասակարգված վարկային պարտավորություն(ներ) ունեցող անձանց տնտեսական ակտիվության վերականգնումը՝ աշխատաշուկա վերադարձնելու միջոցով։
- Սույն միջոցառման մեջ կիրառվող հասկացություններն ու հապավումներն ունեն հետևյալ իմաստները.
- Անհուսալի վարկ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի՝ 2021 թվականի հունիսի 16-ի թիվ 2-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ 2021 թվականի մարտի 30-ի թիվ 39-Ն համատեղ որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ֆինանսական ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» համաձայն անհուսալի դասով դասակարգված վարկային պարտավորություն, որն ունի առնվազն 3 տարվա վաղեմություն (առնվազն 3 տարի վարկային ակտիվը դասակարգած է անհուսալի դասով)։
- Աշխատող՝ աշխատողը աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրի շրջանակներում աշխատանք կատարող (ծառայություններ մատուցող) ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր,
- Շահառու՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող անձ, ով.
ա) սույն միջոցառման շահառու ճանաչվելու համար սահմանված կարգով ներկայացրել է դիմում.
բ) 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված առևտրային բանկ(եր)ում կամ վարկային կազմակերպություն(ներ)ում, այդ թվում՝ որպես համավարկառու, երաշխավոր կամ օրինական ժառանգորդ, ունեցած բոլորը վարկերն անհուսալի են, որի (որոնց) հանրագումարը (միայն վարկ(երի)ի մայր գումար(ներ)ը) դիմելու օրվա դրությամբ չի գերազանցում 1,000,000 ՀՀ դրամը (համարժեք արտարժույթը),
գ) սույն միջոցառման շահառու դառնալու համար դիմում ներկայացնելու օրվա դրությամբ հանդիսանում է Աշխատող՝ ըստ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության։
- Վարկային բյուրո՝ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» փակ բաժնետիրական ընկերություն,
- Վարկավորող՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված առևտրային բանկ կամ վարկային կազմակերպություն, որը տրամադրել է Շահառուի վարկը,
- Անձնավորված հաշվառման համակարգ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից վարվող «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգ»,
- ՀԾՀ՝ հանրային ծառայության համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար,
- ՀԿԱ ծառայություն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայություն,
- ՄՍ ծառայություն՝ Հայաստանի Հանրապետության միասնական սոցիալական ծառայություն։
- Միջոցառման շրջանակում շահառուին տրվում է ֆինանսական աջակցություն՝ Շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարի 80%-ի չափով` մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, և 50%՝ 2025 թվականի հուլիսի 1-ից հետո, բայց ոչ ավելի, քան ամսական 25,000 ՀՀ դրամ՝ բոլոր դեպքերում, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը։
- Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելուն հաջորդող ամսվա 1-ից, բայց ոչ ավել, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը կամ պարտավորության օրենքով սահմանված հիմքով դադարելը։
- Շահառու ճանաչվելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից Շահառու նկատմամբ բանկի կամ վարկային կազմակերպության կողմից ներկայացված կատարողական թերթի (թերթերի) կատարման ընթացքում Շահառուի աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը սահմանվում է 20% (եթե օրենքով կամ կատարման ենթակա ակտով բռնագանձման առավել նվազ չափ սահմանված չէ)՝ 24 ամիս ժամկետով, սկսած շահառու ճանաչվելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուն հաջորդող ամսվա 1-ից։
- Սույն Միջոցառման շրջանակում անձը կարող է ճանաչվել Շահառու միայն մեկ անգամ և չի կարող կրկին դիմել Միջոցառման Շահառու դառնալու համար։
Հավելված 2
ՀՀ կառավարության 2024 թվականի
___________ ___-ի N ____ -Լ որոշման
ԿԱՐԳ
ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
- Սույն կարգով կարգավորվում են Շահառուներին Միջոցառման շրջանակում աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ու հապավումներն ունեն Միջոցառման մեջ տրված իմաստները։
- Միջոցառման շրջանակում աջակցություն ստանալու նպատակով անձն առցանց եղանակով մուտք է գործում e-social.am կայքէջ, որտեղ ներկայացնում է դիմում՝ համապատասխան դաշտերում լրացնելով իր անունը, ազգանունը, հանրային ծառայության համարանիշը (այսուհետ՝ ՀԾՀ), տեղական բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև նշում է կատարում Միջոցառման շահառու դառնալու համար իր տվյալները մշակելու, օգտագործելու և փոխանցելու վերաբերյալհամաձայնություն տալու մասին։
Դիմումը հաստատվում է դիմումատուի բջջային հեռախոսահամարի և սարքի կիրառմամբ՝ «Ես Եմ» նույնականացման հարթակի միջոցով։
- Դիմումն ընդունվելուց հետո համակարգն ինքնաշխատ եղանակով տեղեկատվական շտեմարանների փոխգործելիության միջոցով իրականացնում է դիմումատուի կողմից ներկայացված տվյալների ստուգում՝ հետևյալ ուղղություններով և հաջորդականությամբ. ինքնաշխատ հարցմամբ՝
- բնակչության պետական ռեգիստրից ստուգվում է դիմումատուի անվան, ազգանվան և ՀԾՀ-ի համապատասխանությունը, դիմումատուի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու կամ Հայաստանի Հանրապետության ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունենալու հանգամանքը,
- Անձնավորված հաշվառման համակարգից ստուգվում է դիմումատուի՝ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Աշխատող լինելու հանգամանքը,
- Վարկային բյուրոյից ստացվում են դիմումատուի անհուսալի վարկերի վերաբերյալ տեղեկատվությունը, մասնավորապես.
ա. անհուսալի վարկ(եր) ունենալու մասին փաստը,
բ. վարկատու կազմակերպություն(ներ)ը,
գ. անհուսալի վարկերի քանակը,
դ. անհուսալի վարկ(եր)ի հանրագումարը,
ե. յուրաքանչյուր անհուսալի վարկի վարկային կոդը։
- Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված հաջորդականությամբ ստուգման արդյունքում անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում դադարեցվում է հաջորդող ստուգումների իրականացումը և համարվում է դիմումը մերժված։ Դիմումը մերժվում է նաև, եթե դիմումատուն արդեն հանդիսանում է Շահառու։ Դիմումի մերժման և դրա պատճառների մասին դիմումատուի էլեկտրոնային փոստին և բջջային հեռախոսահամարին ուղարկվում է ինքնաշխատ ծանուցում։
- Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված ինքնաշխատ ստուգումների արդյունքում անհամապատասխանություններ չհայտնաբերվելու դեպքում (այդ թվում, եթե դիմումատուն դիմել էր ավելի վաղ և չէր ճանաչվել Շահառու)՝ դիմումի բավարարման և Շահառու ճանաչվելու մասին դիմումատուի էլեկտրոնային փոստին և բջջային հեռախոսահամարին ուղարկվում է ինքնաշխատ ծանուցում։
- Միջոցառումն ուժի մեջ մտնելուց հետո 5-րդ աշխատանքային օրվանից յուրաքանչյուր օր ՀԿԱ ծառայությունը Համակարգի միջոցով ձևավորում է Շահառուների ցուցակը և 3 աշխատանքային օրվա ընթացքում Վարկավորողի կողմից ներկայացված կատարողական թերթի (թերթերի) կատարման ընթացքում Շահառուի (պարտապանի) աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից պահվող (բռնագանձվող) չափը սահմանում է 20%, եթե օրենքով կամ կատարման ենթակա ակտով բռնագանձման առավել նվազ չափ սահմանված չէ ։ Սահմանված նոր չափը Շահառուների մասով կիրառվում է ՀԿԱ ծառայության կողմից Շահառուների ցուցակը ձևավորելուն հաջորդող ամսվա 1-ից և գործում է 24 ամիս ժամկետով։
- Միասնական սոցիալական ծառայությունը յուրաքանչյուր ամսվա 20-ին հաջորդող 5-րդ աշխատանքային օրը Համակարգի միջոցով իրականացնում է Շահառուների՝ աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների գծով նախորդ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի գումարի հարցում, իսկ արդյունքները ինքնաշխատ պահպանվում են Համակարգում՝ Շահառուների շտեմարանում։ Ընդ որում, նշված գործողության հետ մեկտեղ Համակարգն ինքնաշխատ իրականացնում է շտեմարանում առկա Շահառուների տվյալների թարմացում, և, եթե ըստ թարմացված տվյալների Շահառուն այլևս չունի անհուսալի վարկ (ամբողջությամբ մարվել է անհուսալի վարկը կամ օրենքով սահմանված հիմքով պարտավորությունը դադարելը), ապա Շահառուն շտեմարանում ստանում է «Ավարտվածի» կարգավիճակ, և այդ պահից դադարում է Շահառուի գծով աջակցության տրամադրումը։ «Ավարտված» կարգավիճակով Շահառուների մասով Համակարգում հետագա հարցումներ և թարմացումներ չեն իրականացվում։
- Սույն կարգի 8-րդ կետում նախատեսված գործողությունը կատարելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում Միասնական սոցիալական ծառայությունը Համակարգում ինքնաշխատ եղանակով ձևավորում է աջակցություն ստացող Շահառուների ցուցակը։ Շահառուների ցուցակը կազմվում է «Microsoſt Excel» ծրագրի ձևաչափով, որում ներառվում են հետևյալ տվյալները.
- Շահառուի անունը, ազգանունը (հայրանունը),
- ծննդյան օրը, ամիսը, տարին,
- հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը,
- Վարկավորող յուրաքանչյուր կազմակերպության անվանումը, որտեղ Շահառուն ունի անհուսալի վարկ,
- Յուրաքանչյուր անհուսալի վարկի վարկային կոդը,
- անհուսալի վարկի մարմանն ուղղվող աջակցության գումարի չափը (հաշվարկված եկամտային հարկի գումարի 80%-ը` մինչև 2025 թվականի հունիսի 30-ը տրվող աջակցության դեպքում, և 50%՝ 2025 թվականի հուլիսի 1-ից հետո տրվող աջակցության համար, բայց ոչ ավել, քան 25,000 ՀՀ դրամ բոլոր դեպքերում):
- Շահառուների աջակցության ցուցակը 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանած միջոցներով (Սի-Բի-Էյ-Նեթ ֆինանսական տեղեկատվության փոխանակման համակարգ. այսուհետ՝ Սի-Բի-Էյ-Նեթ համակարգ) ուղարկում է համապատասխան բանկերին, որից հետո նույն աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է աջակցության գումարների փոխանցումը բանկերին։ Ընդ որում, համաձայն Համակարգի շտեմարանի տվյալների, եթե նույն Շահառուն ունի անհուսալի վարկեր մեկից ավել Վարկավորողի մոտ, ապա շտեմարանում տվյալ Շահառուի մասով ձևավորվող ցուցակում տվյալներն ինքնաշխատ գրանցվում են՝ ըստ Վարկավորողի։
- Շահառուին տրվող աջակցության գումարը Վարկավորողի կողմից ուղղվում է Շահառուի համապատասխան վարկային հաշվին, իսկ եթե նույն Վարկավորողի մոտ Շահառուն ունի անհուսալի մի քանի վարկ, ապա բանկը աջակցության գումարն առաջնահերթ ուղղում է ավելի բարձր տոկոսադրույքով տրված վարկի վարկային հաշվին, իսկ նույն Վարկավորողի բոլոր անհուսալի վարկերի համար նույն տոկոսադրույքը սահմանված լինելու դեպքում՝ տվյալ Վարկավորողի հայեցողությամբ ընտրված համամասնությամբ:
- Մեկից ավել Վարկավորողի մոտ անհուսալի վարկեր ունենալու դեպքում՝ աջակցության գումարները վճարման ցուցակներում ինքնաշխատ բաշխվում են՝ ըստ բարձր տոկոսադրույքով վարկերի առաջնահերթության։ Ընդ որում, բոլոր վարկերի համար նույն տոկոսադրույքը սահմանված լինելու դեպքում՝ աջակցությունը բաշխվում է համամասնական չափերով` ըստ յուրաքանչյուր Վարկավորողի մոտ ունեցած մասնաբաժնի՝ ընդհանուր վարկային բեռի մեջ։
- Յուրաքանչյուր վարկի մարմանն ուղղվող աջակցության գումարը Վարկավորողի կողմից ուղղվում է անհուսալի վարկի մարմանը՝ մինչև աջակցության գումարի ստացմանը հաջորդող աշխատանքային օրվա ավարտը։
- Եթե անհուսալի վարկի մարմանն ուղղվող աջակցության գումարը գերազանցում է անհուսալի վարկի ամբողջական մարման համար անհրաժեշտ մեծությունը կամ անհուսալի վարկն ամբողջությամբ մարված է կամ օրենքով սահմանված հիմքով պարտավորությունը դադարել է կամ որևէ պատճառով (տեխնիկական կամ այլ) բանկի կողմից հնարավոր չէ գումարը փոխանցել Շահառուի վարկային հաշվին, ապա բանկը ավել փոխանցված գումարը հետ է վերադարձնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ՄՍ ծառայությանը տրամադրելով տվյալ Շահառուների տվյալները, իսկ փոխանցման «Նպատակ» դաշտում նշվում է Շահառուի անունը, ազգանունը, ՀԾՀ-ն կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը և «Վերադարձ» նշումը։
- Աջակցության տրամադրումը դադարեցվում է, եթե ամբողջությամբ կատարվել է անհուսալի վարկային պարտավորությունը, լրացել է աջակցության տրամադրման ժամկետը կամ օրենքով սահմանված հիմքով պարտավորությունը դադարել է։ Աջակցության դադարեցման մասին ՀԿԱ ծառայությունը Համակարգի միջոցով ստանում է ինքնաշխատ հաղորդագրություն։
- Աջակցության դադարեցմանը հաջորդող ամսվա 1-ից ՀԿԱ ծառայությունը վերացնում է Շահառուի համար սույն կարգի 7-րդ կետով նախատեսված բռնագանձման չափի կիրառումը և սահմանում է բռնագանձման ընդհանուր կարգով նախատեսված չափը։
- Միջոցառման շրջանակում ավել վճարված դրամական աջակցությունը ենթակա է հետգանձման օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե անձը ինքը չի վերականգնում այդ գումարը պետական բյուջե և համապատասխան անդորրագրի պատճենը ներկայացնում ՄՍ ծառայություն:
- Եթե վճարման ցուցակը բանկերին փոխանցելուց հետո ճշտվում է, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ Շահառուն (անչափահաս շահառուի դեպքում՝ շահառուն կամ նրա ծնողը) մահացել է մինչև վճարման ցուցակը ձևավորելու օրը, ապա բանկը, առանց Շահառուի համաձայնության, բանկային հաշվից հետ է գանձում (բավարար միջոցներ չլինելու դեպքում` բանկային հաշվում առկա հասանելի մնացորդի չափով) և ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը փոխանցում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` այդ մասին տեղեկացնելով ՄՍ ծառայությանը։ Բանկը պատասխանատվություն չի կրում բանկային հաշիվ մուտքագրված` դրամական աջակցության այն գումարների համար, որոնք Շահառուի բանկային հաշվից դուրս են գրվել (ելքագրվել են)՝ մինչև ՄՍ ծառայությունից սույն կետում նշված տվյալները ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը։