ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2022 թվականի հունիսի 9-ի թիվ N 842-Լ որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագիրը» (այսուհետ՝ Ծրագիր), որը նպատակ ունի աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։
ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1562-Լ որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի իրականացման կարգը»։
2024 թվականի մայիսի 6-ի դրությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ՄՍԾ) հետ Ծրագրի շրջանակներում համագործակցության պայմանագիր է կնքել թվով 6 կազմակերպություն՝ 5 բանկ և 1 վարկային կազմակերպություն, որոնց միջոցով ստացվել և ՄՍԾ կողմից հաստատվել է շուրջ 800 շահառուի հայտ, որից 430-ի հետ հիփոթեքային վարկավորման պայմանագիրը կնքվել է և վարկը տրամադրվել է։
Նախագծի հիմնական նպատակն է շահառուների շրջանակը դարձնել առավել նպատակային և թիրախային, հնարավորություն տալով միայնակ ծնողներին՝ այրիներին, այդ թվում՝ զոհվածների ընտանիքներին, ևս օգտվել ծրագրից, ինչպես նաև ծրագրի պայմաններում իրականացնել որոշակի հստակեցումներ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել շահառուների նոր շրջանակ՝ այն դարձնելով առավել նպատակային և թիրախային, ինչպես նաև հստակեցնել որոշ ձևակերպումներ։ Մասնավորապես՝
- նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով, 2-րդ կետի 1-ին և 6-րդ ենթակետերով սահմանվում է ծրագրի շահառուների նոր՝ առավել թիրախային շրջանակ, ըստ որի ծրագրից կարող են օգտվել առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ամուսինները, երեխա չունեցող ամուսինները, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը, ինչպես նաև առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող միայնակ ծնողը՝ այրին։ Միաժամանակ սահմանվում է, որ շահառու ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն։
- նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով առաջարկվող լրացումներով կարգավորվում են այն դեպքերը, երբ շահառուի երեխայի (երեխաների) ծննդի պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, այս դեպքում ծնողը հանդիսանում է շահառու, եթե երեխային (երեխաներին) տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, ինչպես նաև հստակեցվում են կառուցապատումը շարունակելու նպատակով հիփոթեքային վարկերի տրամադրման դեպքում կիսակառույց շինության նկատմամբ պահանջները, այն է՝ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում ավարտվածության աստիճանը պետք է լինի մինչև 80 տոկոս կամ նշված լինի անավարտ։
- նախագծի 2-րդ կետի 5-րդ և 7-րդ ենթակետերով առաջարկվող փոփոխությունը բխում է նախորդիվ իրականացված փոփոխություններից, ըստ որոնց ուժը կորցրած էին ճանաչվել 842-Լ որոշման հավելվածի 13-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը և հստակեցվել էր վարկի՝ հաջորդ փուլի տրամադրման կարգը։ Միաժամանակ, նախագծի 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված փոփոխությանն առաջարկվում է տալ հետադարձ ուժ, վերջինիս գործողության ժամկետը համապատասխանեցնելով վերոնշյալ փոփոխությունների գործողության ժամկետին։
- Կարգավորման առարկան
Նախագծով սահմանվում է ՀՀ սահմանամերձ բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն դիմող շահառուների առավել թիրախային շրջանակ։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցությամբ:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել Ծրագիրը, որով նախատեսվում է ապահովել բնակարանային ապահովության խնդիր ունեցող ընտանիքների՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում բնակարանային պայմանների բարելավումը, մեծացնել սահմանամերձ բնակավայրերի բնակության պահանջարկը, նպաստել սահմանամերձ համայնքների ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովմանը։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.6-րդ կետի 5-րդ ենթակետից, այն է՝ «Տարածքային համախմբվածության բարձր մակարդակի ապահովում՝ հատուկ ուշադրություն դարձնելով սահմանամերձ տարածքներին՝ անցում կատարելով սոցիալական աջակցության մեխանիզմներից դեպի տնտեսական զարգացման մեխանիզմների ներդրում» և 4.6-րդ կետի 4-րդ ենթակետից, այն է՝ «Մշակվելու է բնակարանով ապահովման միասնական սոցիալական քաղաքականություն՝ ցածր եկամուտներ ունեցող, ինչպես նաև անապահով ընտանիքներին և խոցելի այլ խմբերին մշտական կամ ժամանակավոր կացարաններով ապահովելու նպատակով: Իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը։»։