Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2022 թվականի հունիսի 9-ի թիվ N 842-Լ որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագիրը» (այսուհետ՝ Ծրագիր), որը նպատակ ունի աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։

ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1562-Լ որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի իրականացման կարգը»։

2024 թվականի մայիսի 6-ի դրությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ՄՍԾ) հետ Ծրագրի շրջանակներում համագործակցության պայմանագիր է կնքել թվով 6 կազմակերպություն՝ 5 բանկ և 1 վարկային կազմակերպություն, որոնց միջոցով ստացվել և ՄՍԾ կողմից հաստատվել է շուրջ 800 շահառուի հայտ, որից 430-ի հետ հիփոթեքային վարկավորման պայմանագիրը կնքվել է և վարկը տրամադրվել է։

Նախագծի հիմնական նպատակն է շահառուների շրջանակը դարձնել առավել նպատակային և թիրախային, հնարավորություն տալով միայնակ ծնողներին՝ այրիներին, այդ թվում՝ զոհվածների ընտանիքներին, ևս օգտվել ծրագրից, ինչպես նաև ծրագրի պայմաններում իրականացնել որոշակի հստակեցումներ։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել շահառուների նոր շրջանակ՝ այն դարձնելով առավել նպատակային և թիրախային, ինչպես նաև հստակեցնել որոշ ձևակերպումներ։ Մասնավորապես՝

  • նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով, 2-րդ կետի 1-ին և 6-րդ ենթակետերով սահմանվում է ծրագրի շահառուների նոր՝ առավել թիրախային շրջանակ, ըստ որի ծրագրից կարող են օգտվել առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ամուսինները, երեխա չունեցող ամուսինները, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը, ինչպես նաև առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող միայնակ ծնողը՝ այրին։ Միաժամանակ սահմանվում է, որ շահառու ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն։
  • նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով առաջարկվող լրացումներով կարգավորվում են այն դեպքերը, երբ շահառուի երեխայի (երեխաների) ծննդի պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, այս դեպքում ծնողը հանդիսանում է շահառու, եթե երեխային (երեխաներին) տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, ինչպես նաև հստակեցվում են կառուցապատումը շարունակելու նպատակով հիփոթեքային վարկերի տրամադրման դեպքում կիսակառույց շինության նկատմամբ պահանջները, այն է՝ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում ավարտվածության աստիճանը պետք է լինի մինչև 80 տոկոս կամ նշված լինի անավարտ։
  • նախագծի 2-րդ կետի 5-րդ և 7-րդ ենթակետերով առաջարկվող փոփոխությունը բխում է նախորդիվ իրականացված փոփոխություններից, ըստ որոնց ուժը կորցրած էին ճանաչվել 842-Լ որոշման հավելվածի 13-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը և հստակեցվել էր վարկի՝ հաջորդ փուլի տրամադրման կարգը։ Միաժամանակ, նախագծի 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված փոփոխությանն առաջարկվում է տալ հետադարձ ուժ, վերջինիս գործողության ժամկետը համապատասխանեցնելով վերոնշյալ փոփոխությունների գործողության ժամկետին։

 

  1. Կարգավորման առարկան

Նախագծով սահմանվում է ՀՀ սահմանամերձ բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն դիմող շահառուների առավել թիրախային շրջանակ։ 

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցությամբ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

          Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել Ծրագիրը, որով նախատեսվում է ապահովել բնակարանային ապահովության խնդիր ունեցող ընտանիքների՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում բնակարանային պայմանների բարելավումը, մեծացնել սահմանամերձ բնակավայրերի բնակության պահանջարկը, նպաստել սահմանամերձ համայնքների ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովմանը։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.6-րդ կետի 5-րդ ենթակետից, այն է՝ «Տարածքային համախմբվածության բարձր մակարդակի ապահովում՝ հատուկ ուշադրություն դարձնելով սահմանամերձ տարածքներին՝ անցում կատարելով սոցիալական աջակցության մեխանիզմներից դեպի տնտեսական զարգացման մեխանիզմների ներդրում» և 4.6-րդ կետի 4-րդ ենթակետից, այն է՝ «Մշակվելու է բնակարանով ապահովման միասնական սոցիալական քաղաքականություն՝ ցածր եկամուտներ ունեցող, ինչպես նաև անապահով ընտանիքներին և խոցելի այլ խմբերին մշտական կամ ժամանակավոր կացարաններով ապահովելու նպատակով: Իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը։»։

 

  • Обсуждалось

    06.05.2024 - 22.05.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1742

Принт

Предложения

Նարեկ Ղուշչյան

21.05.2024

նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով, 2-րդ կետի 1-ին և 6-րդ ենթակետերով սահմանվում է ծրագրի շահառուների նոր՝ առավել թիրախային շրջանակ, ըստ որի ծրագրից կարող են օգտվել առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ամուսինները, երեխա չունեցող ամուսինները, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը ։ Միաժամանակ սահմանվում է, որ շահառու ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն։ նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով առաջարկվող լրացումներով կարգավորվում են այն դեպքերը, երբ շահառուի երեխայի (երեխաների) ծննդի պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, այս դեպքում ծնողը հանդիսանում է շահառու, եթե երեխային (երեխաներին) տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։ Ձեր կողմի առաջարկվող վերոնշված կետերում առաջարկում եմ հանել ընտանիքի բոլոր անդամների ՀՀ քաղաքացիություն ունենալու պահանջը և տարիքային սահմանափակումները այն քաղաքացիների համար ովքեր տվյալ համայնքում 5 տարի և ավելի ունեցել են գրանցում կամ ցանկացած տեսակի սեփականություն։ Առաջարկիս հիմնավորումը այն է, որ շատ տեղաբնակներ, ովքեր տարիներ առաջ ընտանիքներով տեղափոխվել են արտերկիր բնակվելու և հիմա այս ծրագրի շրջանակում ցանկանում եմ տուն կառուցել և վերադառնալ հայրենի բնակավայր, սակայն տվյալ սահմանափակումերի պատճառով նրանք այլևս չեն կարող լինել շահառու, քանի որ շատերի կանայք և երեխաները այս ընթացում ձեռք են բերել արտերկրի քաղաքացիություն։

Arsen Vardanyan

19.05.2024

ՀՀ տարածքում հնարավոր է արդյո՞ք ընդունել մեկ նախագիծ-որոշում և անսպասելի փոփոխության չենթարկել, իսկ հնարավո՞ր է որոշում փոփոխելիս մարդկանց նախորոք տեղյակ պահել, քան մեկ ամիս առաջը: Պարտադիր կանոն է արդյո՞ք այնպես անել, որ ամեն որոշման փոփոխությունից հետո ՀՀ քաղաքացիների մի մասին թողնել ջարդված տաշտակի առջև: Որպես ՀՀ քաղաքացի առաջարկս կայանում է հետևյալում. 1) Սույն փոփոխությունը սահմանափակումների մասով չեղարկել, քանի որ մի շարք քաղաքացիներ արդեն իսկ սկսել են գործընթացը ՀՀ սահմանամերձ գոտիները զարգացնելու ուղղությամբ և սահմանափակման պատճառով մնալու եմ անավարտ, 2) Սահմանամերձ գոտիները գտնվում են շատ անմխիթար վիճակում և պետք է մտածել առավել գայթակղիչ նախագծեր այն բնակեցնելու համար առանց սահմանափակումների, քանի որ պետք են թե երիտասարդ և թե հասուն մարդիկ, քանի որ առանց մեկը մյուսի լրացման չի կարող զարգանալ տվյալ տարածքը: Պետք են տարբեր տեսակի մասնագետներ սկսած բանվորական ուժից մինչև գիտական ոլորտի աշխատակիցներ, 3) Փոփոխություն կատարելիս մարդկանց զգուշացնել առնվազն մեկ տարի առաջ։

Եվա Մանդալյան

19.05.2024

Շատ մարդիկ ուզում են սահմանամերձ տարածքներում իրականացվող բարեփոխումներին մասնակից լինել, բայց կառավարության շատ արագ որոշումների փոփոխման պատճառով այդ նպատակը չի ստացվում իրագործել, քանի որ սույն որոշմամբ սահմանափակումներ են դրվում և նշված մարդկանց հնարավորություն չի տրվում սահմանամերձ տարածքներում որևէ լավ նպատակ իրագործել։ Առաջարկում եմ սահմանափակումների մասով չեղարկել որոշումը կամ հետաձգել մինչև 2026 թ.։

Узнать больше