ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացած խորհրդակցության NՎ/135-2022 արձանագրության 4-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության հանձնարարականի կատարման՝ ՀՀ օրենսդրության և շինարարական նորմերի պահանջների խախտումներով տրամադրված շինթույլտվություններն առոչինչ ճանաչելու վերաբերյալ ՀՀ օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությամբ:
2. Առկա իրավիճակը
Ներկայումս, ՀՀ տարածքում իրականացվող շինարարական ծրագրերի կատարման համար մշակվում և հետագայում շինարարության, քանդման և տեղադրման թույլտվությունների հիմք են հանդիսանում բնակելի, հասարակական և արտադրական օբյեկտների նախագծային փաստաթղթերը, որոնք երաշխավորվում են քաղաքաշինական պարզ փորցաքննությունների, իսկ մի շարք դեպքերում նաև պետական համալիր փորձաքննությունների դրական եզրակացություններով:
Ըստ գործող օրենսդրության՝ թույլտվություններ պահանջող շինարարական օբյեկտների նախագծային փաստաթղթերը մշակվում, համաձայնեցվում և փորձաքննության են ներկայացվում ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգով:
Շինարարության, քանդման և տեղադրման թույլտվությունները տրամադրվում են համայնքների ղեկավարների կողմից՝ նախագծային փաստաթղթերի համաձայնեցման փուլում, առանց համայնքների պատասխանատու ստորաբաժանումների կողմից մասնագիտական ուսումնասիրության և քննարկման:
Արդյունքում՝ օրենսդրության պահանջներին չհամապատասխանող նախագծային փաստաթղթերի հիմքով պաշտոնատար անձանց կողմից կարող են տրամադրվել կառուցապատման թույլտվություններ և որպես հետևանք՝ պատվիրատուների կողմից ձեռքբերվել նորմատիվ փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանող շինարարական արտադրանք, որի մասով որոշումների <ժամկետանց> կայացումը դառնում է խիստ խնդրահարույց, պատասխանատու, ծախսատար և բարդ գործընթաց:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով խնդրի լուծման կարևորությունը կառուցապատման թույլտվությունների տրամադրման փուլում՝ առաջարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 157.6 հոդվածում կատարել համապատասխան փոփոխություն՝ օրենսդրության խախտմամբ թույլտվություններ տրամադրող պաշտոնատար անձի նկատմամբ պատասխանատվության միջոցների խստացման և խախտումներով տրամադրված շինարարության, քանդման և տեղադրման թույլտվության անվավեր և/կամ առոչինչ ճանաչելու միջոցով:
Հարկ է նշել, որ 20.02.2023թ-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեում շահագրգիռ մարմինների (ՀՀ արդարադատության, ՀՀ պաշտպանության, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ ներքին գործերի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՀՀ կադաստրի կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների) մասնակցությամբ կայացած քննարկման արդյունքներով Նախագծի լրամշակումը ներկայումս իրականացվում է <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքի հոդվածներ 63-ի, 64-ի և 65-ի կարգավորումների շրջանակներում: Միաժամանակ կցվում է նաև Նախագծի առաջին խմբագրության վերաբերյալ կարծիքների ամփոփաթերթը:
Հարկ է նշել, որ <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքի համապատասխան կարգավորումները թույլ են տալիս քննարկման ներկայացված նախագծի շրջանակներում սահմանել դրույթներ օրենսդրության խախտմամբ տրամադրված շինարարության թույլտվությունները անվավեր և առոչինչ ճանաչելու վերաբերյալ, մասնավորապես.
Հոդված 62-ի դ) կետի համաձայն.
<Առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես` հետևյալ ակնառու կոպիտ սխալները.
.....ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք>:
Տվյալ պարագայում, երբ համայնքի ղեկավարի կողմից օրենսդրության խախտմամբ տրամադրվում է շինարարության թույլտվություն, ապա ակնհայտ է , որ տվյալ թույլտվության հասցեատերը՝ այն է՝ Կառուցապատողը (Պատվիրատուն) ձեռք է բերում ոչ իրավաչափ իրավունք կատարելու մի գործողություն, որն ակնհայտորեն անթույլատրելի է և հակասում է ՀՀ տարածքում քաղաքաշինության բնագավառում գործող օրենսդրության պահանջներին:
Բացի այդ, Հոդված 63-ի համաձայն.
< Անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`
ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.
բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում.
գ) շահերի բախման իրավիճակում:>
Ուստի, Կոմիտեի դիտարկմամբ՝ քննարկման ներկայացված Նախագծի դրույթները համարվում են <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքի պահանջներին համահունչ և կիրառելի:
«Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
4. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
5. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
<Քաղաքաշինության մասին> ՀՀ օրենք
Հոդված 6.
<Կառուցապատողները պարտավոր են`
ա) կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա.>
Հոդված 23.
<Շինարարության թույլտվությունը տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրած մարմնի կողմից ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը Կառավարության սահմանած կարգով համաձայնեցնելուց և կառուցապատողի կողմից դրանք հաստատելուց հետո :
Շինարարության թույլտվությունը տրվում է տվյալ օբյեկտի ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի համաձայնեցման հետ միաժամանակ, իսկ նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված>:
6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներ
7. Ակնկալվող արդյունքը
Շինարարական օբյեկտների իրականացում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի արդի պահանջներին համապատասխան մշակված նախագծային փաստաթղթերի և կառուցապատման թույլտվությունների համաձայն: