Add to favourites

Under development

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«____» «______» 2024 թվականի N ____-Ն

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

  1. Հաստատել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի «________» «__» - ի N ---- Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով ամրագրված նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (այսու­հետ՝ ՇՄԱԳ) իրականացման հետ կապված հարաբերությունները:
  2. Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված նախատեսվող գործունեության ՇՄԱԳ գործընթացը իրականացնում է նախաձեռնողը` օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան։
  3. Գնահատման և փորձաքննության ենթակա՝ Ա, Բ կատեգորիայի նախատեսվող գործունեության տեսակների նախագծային փաստաթղթի և ՇՄԱԳ հաշվետվության գնահատման և փորձաքննության գործընթացներն իրականացվում են օրենքով սահմանված ժամկետներում և ընթացակարգով:
  4. ՇՄԱԳ-ը կատարվում է մինչև նախատեսվող գործունեության իրականացումը։ ՇՄԱԳ-ի արդյունքներն ամփոփվում են ՇՄԱԳ հաշվետվությունում։
  5. ՇՄԱԳ-ի իրականացման մեթոդների, գործիքակազմերի, ընթացակարգերի հետ կապված դրույթները ամրագրված են Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) կողմից հաստատված «Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման  ուղեցույցները  հաստատելու մասին» հրամանով։

 

2 ՇՄԱԳ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

6․ ՇՄԱԳ գործընթացները  նախաձեռնողի կողմից նախատեսվող գործունեության իրականացման հետևանքով շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության ուսումնասիրության գործընթացներ են, որոնց միջոցով բացահայտվում, վերլուծվում և գնահատվում են հնարավոր ազդեցությունները բնական և մարդածին բաղադրիչների (մթնոլորտային օդ, կլիմա, ջրեր, հողեր, ընդերք, լանդշաֆտ, կենդանական ու բուսական աշխարհ, ներառյալ անտառ, բնության հատուկ պահպանվող տարածքներ կամ բնապահպանական հողեր, բնակավայրերի կանաչ գոտիներ, կառույցներ, բնական օբյեկտներ, պատմության և մշակույթի հուշարձաններ), սոցիալական միջավայրի(ներառյալ մարդու առողջության) վրա և մշակվում են անհրաժեշտ միջոցառումներ, որոնք ուղղված են  ազդեցությունների կանխատեսմանը, կանխարգելմանը, նվազեցմանը կամ բացառմանը, ամբողջական, գումարային և գիտականորեն հիմնավորված գնահատմանը։ 

 

  1. 7. ՇՄԱԳ գործընթացներն են՝
  • շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցությունների գնահատումը, որի ընթացքում գնահատվում են օրենքի 7-րդ հոդվածով ամրագրված օբյեկտների և բնութագրերի ներկա վիճակը և նախատեսվող գործունեության արդյունքում դրանց վրա հնարավոր ազդեցությունները։ Իրականացվում է ելակետային տեղեկությունների և տվյալների հավաքագրում շրջակա միջավայրի բաղադրիչների՝ ինչպես նաև բնական ճառագայթային ֆոնի և  սոցիալ-տնտեսական միջավայրի վերաբերյալ՝ նախագծի իրականացման հետևանքով փոփոխությունները կանխատեսելու նպատակով.

 

  • նախագծային փաստաթղթով նախատեսված լուծումների այլընտրանքային տարբերակների բացահայտումը և գնահատումը։ Պետք է բացահայտվեն և գնահատվեն ինչպես այլընտրանքային տարբերակաները կամ դրանց բացակայությունը, այնպես էլ  նախատեսվող գործունեությունից հրաժարման (զրոյական) տարբերակը։ Այլընտրանքային տարբերակները կարող են լինել մեկ կամ մեկից ավելի, որոնք, ելենլով նախատեսվող գործունեության տեսակի առանձնահատկություններից, ներառում են տեղեկատվություն այլընտրանքային վայրերի, տեղադիրքի, երթուղիների, տեխնոլոգիաների,  հումքի, նախագծային լուծումների, շինարարական աշխատանքների վերաբերյալ։ Իրականցվում է շրջակա միջավայրի, սոցիալ-տնտեսական վիճակի վրա բոլոր տարբերակների, այդ թվում՝ զրոյական տարբերակի, ազդեցության գնահատում։ Հաշվի առնելով բոլոր տարբերակների վերլուծության արդյունքները՝ իրականացվում է նախընտրելի տարբերակի ընտրություն՝ համապատասխան  հիմնավորմամբ։  Այլընտրանքային տարբերակների բացակայության դեպքում տրվում են համապատասխան հիմնավորումներ։
  • բնապահպանական կառավարման պլանի՝ ներառյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման ծրագրի մշակումը, որի ընթացքում բացահայտվում և ամրագրվում են շրջակա միջավայրի վրա հնարավոր դրական ազդեցությունների պահպանման և ուժեղացման, բացասական ազդեցությունների կանխարգելման, բացառման, նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման և շրջակա միջավայրին հասցվող վնասի հատուցման համար նախատեսվող միջոցառումները (շինարարության, շահագործման, փակման, հետփակման փուլերը, ռիսկային և արտակարգ իրավիճակները), դրանց ընտրության և արդյունավետության հիմնավորումը, իրականացման ժամանակացույցը, մշտադիտարկման ցուցիչները, ծախսերը։
  • նախատեսվող գործունեության՝ ներառյալ արտակարգ իրավիճակներում, շրջակա միջավայրի վրա ազդեցության աստիճանի որոշումը, որի ընթացքում  որոշվում է նախատեսվող գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցվող բացասական ազդեցությունների աստիճանը՝ հաշվի առնելով ազդեցության տարածական մասշտաբը, ժամանակային միջակայքը և  ինտենսիվության աստիճանը:  
  • նախատեսվող գործունեության տարածքում այլ գործունեությունների իրականացման հետևանքով շրջակա միջավայրի վրա գումարային ազդեցության գնահատումը, որի ընթացքում բացահայտվում են բնապահպանական և սոցիալ-տնտեսական առանձին գործոնների, այդ թվում՝ իոնացնող ճառագայթման, կուտակային ազդեցությունների հավանականությունը և դիտարկվում են կուտակային ազդեցություններից խուսափելու հնարավորությունները՝ այդ թվում՝ գտնվելու վայրի, իրականացման ժամկետների և տեխնոլոգիաների փոփոխությունները։

8․ ՇՄԱԳ գործընթացում նախաձեռնողը կարող է խորհրդակցել պետական մարմինների, ազդակիր համայնքների ղեկավարների, շահագրգիռ հանրության հետ, իսկ լիազոր մարմնից ստանալ տեղեկատվություն գնահատման գործընթացի վերաբերյալ:

 

3 ՇՄԱԳ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

9․ Գնահատումն իրականացնելիս հաշվի են առնվում գործընթացի մասնակիցների ներկայացրած առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները: Դրանք չընդունվելու դեպքում հաշվետվությունում ներառվում են համապատասխան հիմնավորումներ:

10․ Ա կատեգորիայի նախատեսվող գործունեության՝ ՇՄԱԳ հաշվետվությանը ներկայացվող պահանջներն են՝

  • նախաձեռնողի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.
  • նախատեսվող գործունեության անվանումը` օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան.
  • հաշվետվության ամփոփ բովանդակությունը, որը ներառում է տեղեկատվություն նախաձեռնողի մասին, նախատեսվող գործունեության ոչ տեխնիկական նկարագիրը, իրականացման վայրը, շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների և դրանց մեղմմանն ուղղված միջոցառումների հանրամատչելի, համառոտ նկարագիրը, որոնք պետք է բխեն նախագծային փաստաթղթից.
  • նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության տարածքի, այդ թվում` շրջակա միջավայրի, բնական պայմանների, ռեսուրսների նկարագիրը, ինչպես նաև դրանց օգտագործման նպատակը, ենթակառուցվածքները, ազդակիր համայնքը, ազդակիր բնակավայրը և դրանց տեղադիրքն արտացոլող իրավասու մարմնի տրամադրած տարածական պլանավորման փաստաթղթերը, իրադրության սխեման կամ քարտեզը՝ Հայաստանի Հանրապետությունում գործող միասնական գեոդեզիական կոորդինատային համակարգով.
  • նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության նկարագիրը և նպատակը, արտադրական հզորությունները, ֆիզիկական, տեխնիկական և տեխնոլոգիական բնութագրերը, պահանջվող բնական ռեսուրսների, օգտագործվող հումքի ու նյութերի, արտանետումների, արտահոսքերի և թափոնների քանակական և որակական հաշվարկները, թափոնների գործածության, արտադրական լցակույտերի, ֆիզիկական (այդ թվում՝ իոնացնող ճառագայթման) ներգործությունների նկարագրությունը.
  • նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության հնարավոր այլընտրանքային տարբերակների նկարագիրը, ներառյալ նախատեսվող գործունեությունից հրաժարման (զրոյական) տարբերակը.
  • նախագծային փաստաթղթով նախատեսված շրջակա միջավայրի հնարավոր տնտեսական, բնապահպանական վնասների գնահատումները, հատուցման ձևը և ժամկետը.
  • նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության, ներառյալ այլընտրանքային տարբերակների իրականացման դեպքում շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների, բնական ռեսուրսների, պայմանների հնարավոր փոփոխությունների և դրանց ծավալների նկարագրի առանձին, գումարային և ամբողջական գնահատումը.
  • նախագծային փաստաթղթով նախատեսված սոցիալական հնարավոր ազդեցությունները, ռիսկերը, օգուտները, վերլուծական բնութագրերը.
  • մարդու առողջության վրա հնարավոր ազդեցությունները, գործոնները, ռիսկերը.
  • նախագծային փաստաթղթով նախատեսված հնարավոր արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած ռիսկերի գնահատումը, դրանց կանխարգելմանն ու նվազեցմանն ուղղված միջոցառումները.
  • նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում կլիմայի հնարավոր փոփոխություններ առաջացնող գործոնները, ներառյալ ջերմոցային գազերի արտանետումները, դրանց բնույթը (այդ թվում՝ դրանց տեսակներն ըստ արտանետվող գազերի՝ CO2; CH4; N2O), ծավալը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականությանն ուղղված միջոցառումները.
  • հաստատված հիմնադրույթային փաստաթղթերին նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության համապատասխանության հիմնավորումները.
  • նախագծային փաստաթղթով նախատեսված բոլոր հնարավոր տարբերակների վերլուծության արդյունքով ընտրված տարբերակի հիմնավորումը` շրջակա միջավայրի պահպանության, տնտեսական, սոցիալական տեսանկյունից.
  • նախագծային փաստաթղթով նախատեսված բնապահպանական կառավարման պլանը.
  • նախատեսվող գործունեության ազդեցության մշտադիտարկման ծրագիրը.

17)նախատեսվող գործունեության հաշվետվությամբ ներկայացվող տեղեկատվության վերաբերյալ ամփոփ նյութերը, հաշվետվությանը կից ներկայացված քարտեզները, սխեմաները, գրաֆիկները, աղյուսակները՝ նշելով ելակետային տվյալների աղբյուրները.

18) շրջակա միջավայրի վերաբերյալ օգտագործված ելակետային տվյալների աղբյուրները.

19) գնահատման և հաշվետվության կազմման ընթացքում ի հայտ եկած խոչընդոտների, ներառյալ տվյալների բացակայության վերաբերյալ տեղեկությունները.

20) շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները շինարարության, շահագործման և փակման փուլերում:

11․ Բ կատեգորիայի նախատեսվող գործունեության՝ ՇՄԱԳ հաշվետվությանը ներկայացվող պահանջներն են՝

1) նախաձեռնողի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.

2) նախատեսվող գործունեության անվանումը` օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան.

3) նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության տարածքի, այդ թվում` շրջակա միջավայրի, բնական պայմանների, ռեսուրսների նկարագիրը, ինչպես նաև դրանց օգտագործման նպատակը, ենթակառուցվածքները, ազդակիր համայնքը և դրանց տեղադիրքն արտացոլող իրավասու մարմնի տրամադրած տարածական պլանավորման փաստաթղթերը, իրադրության սխեման կամ քարտեզը՝ Հայաստանի Հանրապետությունում գործող միասնական գեոդեզիական կոորդինատային համակարգով.

4) նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության բնութագիրը (այդ թվում՝ ոչ տեխնիկական) և տեխնոլոգիական լուծումները շինարարության, շահագործման, փակման և հետփակման փուլերում (արտադրական հզորություններ, օգտագործվող բնական ռեսուրսներ և նյութեր, ֆիզիկական ներգործությունների նկարագրությունը, այդ թվում՝ իոնացնող ճառագայթումը, տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները).

5) շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները շինարարության, շահագործման և փակման փուլերում.

6) մարդու առողջության վրա հնարավոր ազդեցությունները, գործոնները, ռիսկերը.

7) նախագծային փաստաթղթով նախատեսված բնապահպանական կառավարման պլանը.

8) հաստատված հիմնադրույթային փաստաթղթերին նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության համապատասխանության հիմնավորումները.

9) նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության ազդեցության մշտադիտարկման ծրագիրը։

 

  1. ՇՄԱԳ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼԸ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ

12․ ՇՄԱԳ իրականացնելիս հաշվի են առնվում գործընթացի մասնակիցների ներկայացրած առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները: Դրանք չընդունվելու դեպքում հաշվետվությունում ներառվում են համապատասխան հիմնավորումներ:

 

  1. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՎ ՀԵՏՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

  1. Նախաձեռնողը, իր լիազորությունների շրջանակում իրականացնում է մշտադիտարկում (մոնիտորինգ)՝ համաձայն նախատեսվող գործունեության բնապահպանական կառավարման պլանի և մշտադիտարկման ծրագրի՝ շրջակա միջավայրի, ներառյալ՝ մարդու առողջության վրա ազդեցությունների հետևանքով առաջացող հնարավոր փոփոխությունները կանխատեսելու նպատակով:
  2. Մշտադիտարկման տարեկան արդյունքների, նախատեսվող գործունեության նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության տվյալների համեմատական վերլուծության արդյունքում նախաձեռնողի կողմից կազմվում է հետնախագծային վերլուծության տարեկան ծրագիր, բացառոությամբ սույն կարգի 16-րդ կետի։
  3. Յուրաքանչյուր տարվա մինչև փետրվարի առաջին տասնօրյակը մշտադիտարկման և հետնախագծային վերլուծության արդյունքները հրապարակվում են նախաձեռնողի կայքում (առկայության դեպքում) կամ տրամադրվում են Լիազոր մարմնին՝ վերջինիս կայքում տեղադրելու նպատակով։
  4. Գործունեության կոնկրետ տեսակների կամ օբյեկտների մշտադիտարկման համար օրենսդրությամբ հատուկ ընթացակարգեր սահմանված լինելու դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հատուկ սահմանված ընթացակարգերով։
  • Discussed

    09.02.2024 - 28.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2148

Print

Related documents / links

Suggestions

Քնարիկ Հովհաննիսյան

20.02.2024

Հաշվի առնելով շրջակա միջավայրի վրա ինչպես բացասական, այնպես էլ դրական գործոնների ազդեցության գնահատման անհրաժեշտությունը, նպատակահարմար եմ համարում մշակել գործոնների գնահատման ավտոմատացված համակարգ, որտեղ յուրաքանչյուր գործոնը կգնահատվի համապատասխան միավորներով (դրական կամ բացասական)՝ կախված գործոնի քանակական և որակական հատկանիշերից։ Համակարգը կարող է գործել համացանցային կայքի միջոցով, որտեղ յուրաքանչյուր գործոնի քանակական հատկանիշը կգրանցվի օգտատիրոջ կողմից համապատասխան դաշտում, իսկ որակական հատկանիշը կընտրվի օգտատիրոջ կողմից՝ բացվող ցուցակից։ Ավելին, հնարավոր է մշակել նախագծերի համար միասնական էլեկտրոնային ձևաչափ, որտեղ համապատասխան ցուցանիշերը հասանելի կլինեն վերը հիշատակված կայքում գործող գնահատման ծրագրի համար։ Դրական և բացասական միավորների հիման վրա հաշվարկվող (համապատասխան ալգորիթմի միջոցով) վերջնական միավորը կարելի է համեմատել նախորոք սահմանված շեմի հետ և իսկույն եզրակացության հանգել՝ նախագծի ընդունելի կամ անընդունելի լինելու վերաբերյալ։ Առաջարկվող դրույթները, օրենքում ամրագրված լինելու պարագայում, թույլ կտան նվազեցնել մարդկային գործոնը և չեզոքացնել կորուպցիոն ռիսկերը։

Քնարիկ Հովհաննիսյան

20.02.2024

ՇՄԱԳ-ում նշված գործընթացների շարքում բացի բացասական ազդեցություններից կարող են տեղի ունենալ նաև դրական ազդեցություններ (միկրոկլիմայի բարելավում, սոցիալական վիճակի լավացում, նոր աշխատատեղերի ստեղծում և այլն)։ Այդ հանգամանքները նույնպես հարկ է ներառել ՇՄԱԳ-ի կազմում։

See more