ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«100 ՏՈԿՈՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, առկա խնդիրների առաջարկվող լուծումները և կարգավորման առարկան.
2022 թվականի նոյեմբերի 24-ին ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք), որն ուժի մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 17-ին, կատարվել են փոփոխություններ և լրացումներ: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսվել է, որ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից իրականացվելու դեպքում երթուղիների սպասարկման պայմանագիրը նրա հետ կնքվում է առանց մրցույթ անցկացնելու կամ գնման գործընթաց կազմակերպելու: 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Հաշվի առնելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը՝ մշակվել է «100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
2․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Երևանի քաղաքապետարան։
3․Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
4․Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
5․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է: