Add to favourites

«Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
  • Փաստաբանների արտաքին տեսքին վերաբերող պահանջների կանոնակարգում

Արդարադատության նախարարության և ՀՀ փաստաբանների պալատի կողմից բազմիցս քննարկման առարկա է հանդիսացել փաստաբանի պատշաճ հանդերձանք ունենալու և դատական նիստերին զսպվածությամբ, կոկիկությամբ ներկայանալու անհրաժետշությունը: Նշված խնդրին լուծում տալու նպատակաով, նախատեսվում է ընդլայնել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի լիազորությունները (այսուհետ` Խորհուրդ) սահմանելով, որ Խորհուրդը հաստատում է փաստաբանների կողմից դատարաններում և այլ պետական մարմիններում փաստաբանական գործունեություն իրականացնելիս բարեզուսպ հանդերձանքի և արտաքին տեսքին ներկայացվող պահանջները, ինչպես նաև այդ կանոնները պահպանելը սահմանել որպես փաստաբանի վարքագծի կանոն:

  • Անվճար իրավաբանական օգնության կառուցակարգերի բարելավում, զսպող մեխանիզմների ներդրում

Նախագծի 7-13-րդ հոդվածներով նախատեսված փոփոխությունները և լրացումները միտված են բարելավելու անվճար իրավաբանական օգնության համակարգը, լավարկելու առկա կառուցակարգերը, հստակեցնելու անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ինչպես նաև տրամադրվող օգնության սահմանները: Բացի այդ, առաջարկվող կարգավորումներով առավել արդյունավետ և թիրախային կդառնա անվճար իրավաբանական օգնության տրամադրման համար իրականացվող վարչարարությունը: 

Ընդհանուր առմամբ այդ փոփոխություններով և լրացումներով նախատեսվում է բարձրացնել անվճար իրավաբանական օգնության համար պետության կողմից տրամադրվող միջոցների օգտագործման արդյունավետությունը, մատուցվող ծառայությունները դարձնել առավել թիրախային և կարիքահեն:

Միաժամանակ, նախատեսվում է բարելավել ակնհայտ վճարունակ մեղադրյալից կամ տուժողից ցույց տրված իրավաբանական օգնության վճարման համար պետության կատարած ծախսերը բռնագանձելու մեխանիազմները, մասնավորապես սահմանելով Հանրային պաշտպանի գրասենյակի ներգրավվածությունը մեղադրյալի վճարունակությունը ստուգելու հարցում, ինչը ենթադրում է գրասեյակի կողմից իրավասու պետական մարմիններ հարցումներ կատարելը, անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրելը և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելը, որը իր հերթին պետք է գնահատի արդյոք այն անձը, ում պաշտպանության նպատակով նշանակվել է հանրային պաշտպան ակնհայտ վճարունակ է, և ակնհայտ վճարունակության փաստը դատարանի կողմից հաստատվելուց հետո պետության կատարած ծախսերը պարտադիր կերպով ենթական են լինելու բռնագանձման:

Նշված փոփոխությունները միտված են նվազեցնելու հանրային պաշտպանների գերծանրաբեռնվածությունը:

 

  • Բյուջետային հատկացումների հաշվարկման մեխանիզմի մասով

Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորման գործող մեխանիզմի պայմաններում հանրային պաշտպանների հաստիքների քանակը ուղղակիորեն պայմանավորում է գրասենյակին պետական բյուջեից հատկացված գումարի չափից: Այլ կերպ, հանրային պաշտպանների քանակը և հատկացվող գումարի չափը ուղղակիորեն փոխադարձաբար կապված են միմյանց հետ:

Գործող իրավակարգավորումներով հանրային պաշտպանի գրասենյակի բյուջետային հայտը  ձևավորվում է անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար դիմած քաղաքացիների հայտերի և փաստացի իրավաբանական օգնություն տրամադրելու դեպքերի վիճակագրական տվյալների հիման վրա: Սա միակ չափորոշիչն է: Նախագծով (հոդված 14) նախատեսվում է բարելավել և հստակեցնել հանրային պաշտպանի գրասենյակին պետական բյուջեից տրամադրվող գումարի ձևավորման մեխանիզմը՝ սահմանելով հավելյալ չափանիշ՝ ուղենիշ ունենալով հանրային պաշտպանի մեկ հաստիքի ծանրաբեռնվածության նվազագույն միավորը:

Ընդ որում, նախատեսվում է, որ հանրային պաշտպանի մեկ հաստիքի ծանրաբեռնավածության չափանիշները սահմանեն ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ փաստաբանների պալատը համատեղ:

 

 

 

  • Կարգապահական վարույթի կառուցակարգի բարելավում

««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-366-Ն օրենքի ընդունման արդյունքում «Փաստաբանության մասին» օրենքում (այսուհետ նաև՝ Օրենք)՝ ի թիվս այլնի  փոփոխության է ենթարկվել նաև կարգապահական վարույթի իրականացման կարգը:

Միաժամանակ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ մինչև Օրենքում փոփոխությունների կատարումը կարգապահական վարույթի իրականացման առանձնահատկությունները սահմանվում էին ինչպես Օրենքով, այնպես էլ Պալատի ընդհանուր ժողովի 2019 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1-Լ որոշմամբ հաստատված փաստաբանի նկատմամաբ կարգապահական վարույթի իրականացման կարգով (այսուհետ նաև՝ Կարգ), որի շրջանակներում ամրագրված է եղել կարգապահական վարույթի կասեցման հնարավորությունը և դրա համար հիմք հանդիսացող հանգամանքները, ինչպես նաև փաստաբանների պալատի խորհրդին ապացույցներ ներկայացնելու հնարավորությունը:

Հարկ է նշել, որ Օրենքի գործող իրավակարգավորումների համաձայն՝ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը բացառիկ դեպքերում կարող է ընդամենը երկարաձգվել, այն էլ առավելագույնը երեք ամսով, իսկ փորձաքննություն նշանակելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով: 

Այս համատեքստում, Օրենքի գործող իրավակարգավորումներով հաշվի չեն առնվում գործնականում առաջացող այն խնդիրները, որոնք խոչընդոտում են կարգապահական վարույթի իրականացմանը և չեն կարող ամբողջ ծավալով կարգավորված լինել Օրենքով, օրինակ՝ եթե, փաստաբանը կասեցրել է իր արտոնագրի գործողությունը, սակայն մինչ այդ կատարած նրա գործողություններում առերևույթ առկա են կարգապահական խախտման հատկանիշներ, որոնց հիմքով էլ նրա նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ կամ եթե անհնարին է տվյալ կարգապահական գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նրանով, որ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի գործունեության ընթացքում ի հայտ են գալիս որոշակի խնդիրներ, որոնց առկայության պայմաններում պարզ չէ, թե ինչ կառուցակարգեր և ընթացակարգեր պետք է կիրառվեն վերջինիս կողմից դրանք հաղթահարելու համար:

Նախագծով անհրաժեշտ է նաև կարգավորել այն հարցը, թե կարգապահական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշման բողոքարկման արդյունքում, երբ Խորհուրդը կայացնում է Հանձնաժողովի որոշումը մասնակի կամ ամբողջությամբ վերացնելու մասին որոշում, ինչ հետևանք է ունենում և ինչ ելք է ունենում կարգապահական գործը։ Այն դեպքում, երբ Խորհուրդը վերացնում է Հանձնաժողովի բողոքարկված որոշումը, պետք է կարգապահական վարույթն ուղարկվի Հանձնաժողովին նոր քննության՝ այն ծավալով, որով վերացվել է կարգապահական հանձնաժողովի բողոքարկված որոշումը։

Անհրաժեշտություն է ծագել ուղղել Օրենքում թույլ տրված վրիպակը: Մասնավորապես՝ Օրենքի 39.6-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ  փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը քննելու նպատակով փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նիստն իրավասու է (քվորում ունի), եթե դրան մասնակցում է կարգապահական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը, ներառյալ՝ զեկուցողը: Օրենքի 11.1-ին հոդվածի 2-րդ մասը սահմանում է այն, որ  փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը կազմավորվում է չորս տարի ժամկետով՝ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից ընտրված ինը փաստաբաններից: Արդյունքում ստացվում է, որ կարգապահական հանձնաժողովի նիստը իրավասու է, քվորում ունի, երբ դրան մասնակցում են կարգապահական հանձնաժողովի առնվազն 5 անդամներ:

Միաժամանակ Օրենքի 39.7-րդ հոդվածի 3-րդ մասով նշվում է այն, որ  Խորհրդակցական սենյակում որոշումն ընդունվում է կարգապահական հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ՝ կարգապահական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսով: Ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ավելի բարենպաստ է փաստաբանի համար: Օրենքի 39.7-րդ հոդվածի 3-րդ մասում առկա է վրիպակ, որովհետև կարգապահական հանձնաժողովի կարգապահական գործն ըստ էության լուծող որոշումը կարող է ընդունվել ոչ թե կարգապահական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսով, այլ կարգապահական հանձնաժողովի քվեարկության մասնակցող անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսով, քանի որ քվորումն արդեն իսկ առկա լինելու և հանձնաժողովի նիստն իրավասու լինելու դեպքում, այլևս կարիք չկա որոշումն ընդունված համարելու հարցը լուծելու համար առաջնորդվել կարգապահական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների քանակով:

Բացի այդ, եթե մի պահ ընդունենք այն, որ կարգապահական հանձնաժողովի որոշումն ընդունված համարելու համար անհրաժեշտ է կարգապահական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսն, այսինք՝ 5 ձայն, ապա որոշումը ընդունված կհամարվի միայն հանձնաժողովի առնվազն 5 անդամի կողմ քվեարկելու դեպքում, մինչդեռ Օրենքի 39.7-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությունը սահմանված է այն, որ ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ավելի բարենպաստ է փաստաբանի համար: Օրենքի 39.7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության տրամաբանությամբ ձայների ցանկացած հավասարության դեպքում փաստաբանի համար բարենպաստ որոշումը երբեք չի կարող ընդունվել, քանի որ ձայների հավասարություն կարող է առաջանալ այն դեպքում, երբ քվեարկությանը մասնակցում են զույգ թվով հանձնաժողովի անդամներ (հանձնաժողովի 8 անդամ մասնակցելու դեպքում՝ 4 կողմ, 4 դեմ և 6 անդամ մասնակցելու դեպքում՝ 3 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ), իսկ ինչպես արդեն վերը նշվել էր, որոշումն ընդունված համարվելու համար անհրաժեշտ է, որ այդ որոշման օգտին քվեարկեն հանձնաժողովի առնվազն 5 անդամ:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

 

Նախագծով նախատեսվում է կանոնակարգել դատարաններում կամ այլ պետական մարմիններում փաստաբանական գործունեություն իրականացնելիս փաստաբանի հանդերձանքի և արտաքին տեսքին ներկայացվող պահանջները: Դրանք պետք է սահմանվեն Պալատի խորհրդի կողմից: Նախագծով սահմանվել է վերը նշված պահանջները փաստաբանների կողմից պահպանելու պարտականությունը որպես փաստաբանի վարքագծի կանոն:

Նախագծի մի շարք կարգավորումներով նախատեսվում է բարելավել անվճար իրավաբանական օգնության գործող կառուցակարգերը, հստակեցնել մատուցվող ծառայությունների շահառուներին և ծավալները, առավել արդյունավետ դարձնել անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու իրականացվող վարչարարությունը: Բացի այդ, առաջարկվում է բարելավել ակնհայտ վճարունակ մեղադրյալից կամ տուժողից ցույց տրված իրավաբանական օգնության վճարման համար պետության կատարած ծախսերը բռնագանձելու մեխանիազմները

Նախագծով նաև նախատեսվում է բարելավել և հստակեցնել հանրային պաշտպանի գրասենյակին պետական բյուջեից տրամադրվող գումարի ձևավորման մեխանիզմը՝ սահմանելով հավելյալ չափանիշ՝ ուղենիշ ունենալով հանրային պաշտպանի մեկ հաստիքի ծանրաբեռնվածության միավորը:

Միաժամանակ, առաջարկվում է նախատեսել Օրենքի 6-րդ գլխով (փաստաբանի կարգապահական պատասխանատվությունը) ամրագրված փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի գործունեության առնչությամբ Օրենքով չկարգավորված առանձնահատկությունները նախատեսել Պալատի խորհրդի կողմից հաստատվող հանձնաժողովի գործունեության կարգում, ինչպես նաև Օրենքով կարգավորել կարգապահական վարույթի կասեցման և վերսկսման հարցերը։

Միաժամանակ, հստակեցվել է Պալատի խորհրդի կողմից բողոքարկված կարգապահական հանձնաժողովի որոշման հետագա վարույթի քննությունը և դրա ծավալը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության և Փաստաբանների պալատի կողմից համատեղ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի կարգավորումների արդյունքում առավել արդյունավետ կդառնա անվճար իրավաբանական օգնության համար պետության կողմից հատկացվող միջոցների կառավարումը և օգտագործումը: Փոփոխությունները միտված են նաև նվազեցնելու հանրային պաշտպանների գերծանրաբեռնվածությունը:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել կարգապահական վարույթի իրականացման կարգը, նախատեսել վարույթի կասեցման հնարավորությունը:

Ակնկալվում է նաև ապահովել փաստաբանների պատշաճ կեցվածքը և արտաքին տեսքը դատարաններում և այլ պետական մարմիններում:

 

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի  և եկամուտների նվազեցման կամ ավելացման մասին.

 Նախագծի ընդունումը բյուջեում ծախսերի  և եկամուտների նվազեցման կամ ավելացման չի հանգեցնի:

 

 

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի մի շարք կարգավորումների ընդունումը բխում է  Կառավարության 2022 թվականի հուլիսի 29-ի թիվ 1133-Լ որոշմամբ հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ ամրագրված հանրային պաշտպանների ծանրաբեռնվածության նվազեցման նպատակից:

  • Discussed

    08.12.2023 - 23.12.2023

  • Type

    Law

  • Area

    Justice, Criminal procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2835

Print

Suggestions

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

10.12.2023

«Փաստաբանի արտաքին տեսք» եզրույթը իր մեջ ներառում է փաստաբանի հագուստի, կոշիկի, զարդի, աքսեսուարի, սանրվածքի և մարմնի երևացող մասերում դաջվածքի նկարագիրը, այսինքն հանդերձանքը դա արտաքին տեսքի մի մասն է: Հաշվի առնելով նշվածը՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածից հանել «հանդերձանքին» բառը կատարելով համապատասխան փոփոխություն:

See more