ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
- Փաստաբանների արտաքին տեսքին վերաբերող պահանջների կանոնակարգում
Արդարադատության նախարարության և ՀՀ փաստաբանների պալատի կողմից բազմիցս քննարկման առարկա է հանդիսացել փաստաբանի պատշաճ հանդերձանք ունենալու և դատական նիստերին զսպվածությամբ, կոկիկությամբ ներկայանալու անհրաժետշությունը: Նշված խնդրին լուծում տալու նպատակաով, նախատեսվում է ընդլայնել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի լիազորությունները (այսուհետ` Խորհուրդ) սահմանելով, որ Խորհուրդը հաստատում է փաստաբանների կողմից դատարաններում և այլ պետական մարմիններում փաստաբանական գործունեություն իրականացնելիս բարեզուսպ հանդերձանքի և արտաքին տեսքին ներկայացվող պահանջները, ինչպես նաև այդ կանոնները պահպանելը սահմանել որպես փաստաբանի վարքագծի կանոն:
- Անվճար իրավաբանական օգնության կառուցակարգերի բարելավում, զսպող մեխանիզմների ներդրում
Նախագծի 7-13-րդ հոդվածներով նախատեսված փոփոխությունները և լրացումները միտված են բարելավելու անվճար իրավաբանական օգնության համակարգը, լավարկելու առկա կառուցակարգերը, հստակեցնելու անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ինչպես նաև տրամադրվող օգնության սահմանները: Բացի այդ, առաջարկվող կարգավորումներով առավել արդյունավետ և թիրախային կդառնա անվճար իրավաբանական օգնության տրամադրման համար իրականացվող վարչարարությունը:
Ընդհանուր առմամբ այդ փոփոխություններով և լրացումներով նախատեսվում է բարձրացնել անվճար իրավաբանական օգնության համար պետության կողմից տրամադրվող միջոցների օգտագործման արդյունավետությունը, մատուցվող ծառայությունները դարձնել առավել թիրախային և կարիքահեն:
Միաժամանակ, նախատեսվում է բարելավել ակնհայտ վճարունակ մեղադրյալից կամ տուժողից ցույց տրված իրավաբանական օգնության վճարման համար պետության կատարած ծախսերը բռնագանձելու մեխանիազմները, մասնավորապես սահմանելով Հանրային պաշտպանի գրասենյակի ներգրավվածությունը մեղադրյալի վճարունակությունը ստուգելու հարցում, ինչը ենթադրում է գրասեյակի կողմից իրավասու պետական մարմիններ հարցումներ կատարելը, անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրելը և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելը, որը իր հերթին պետք է գնահատի արդյոք այն անձը, ում պաշտպանության նպատակով նշանակվել է հանրային պաշտպան ակնհայտ վճարունակ է, և ակնհայտ վճարունակության փաստը դատարանի կողմից հաստատվելուց հետո պետության կատարած ծախսերը պարտադիր կերպով ենթական են լինելու բռնագանձման:
Նշված փոփոխությունները միտված են նվազեցնելու հանրային պաշտպանների գերծանրաբեռնվածությունը:
- Բյուջետային հատկացումների հաշվարկման մեխանիզմի մասով
Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորման գործող մեխանիզմի պայմաններում հանրային պաշտպանների հաստիքների քանակը ուղղակիորեն պայմանավորում է գրասենյակին պետական բյուջեից հատկացված գումարի չափից: Այլ կերպ, հանրային պաշտպանների քանակը և հատկացվող գումարի չափը ուղղակիորեն փոխադարձաբար կապված են միմյանց հետ:
Գործող իրավակարգավորումներով հանրային պաշտպանի գրասենյակի բյուջետային հայտը ձևավորվում է անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար դիմած քաղաքացիների հայտերի և փաստացի իրավաբանական օգնություն տրամադրելու դեպքերի վիճակագրական տվյալների հիման վրա: Սա միակ չափորոշիչն է: Նախագծով (հոդված 14) նախատեսվում է բարելավել և հստակեցնել հանրային պաշտպանի գրասենյակին պետական բյուջեից տրամադրվող գումարի ձևավորման մեխանիզմը՝ սահմանելով հավելյալ չափանիշ՝ ուղենիշ ունենալով հանրային պաշտպանի մեկ հաստիքի ծանրաբեռնվածության նվազագույն միավորը:
Ընդ որում, նախատեսվում է, որ հանրային պաշտպանի մեկ հաստիքի ծանրաբեռնավածության չափանիշները սահմանեն ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ փաստաբանների պալատը համատեղ:
- Կարգապահական վարույթի կառուցակարգի բարելավում
««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-366-Ն օրենքի ընդունման արդյունքում «Փաստաբանության մասին» օրենքում (այսուհետ նաև՝ Օրենք)՝ ի թիվս այլնի փոփոխության է ենթարկվել նաև կարգապահական վարույթի իրականացման կարգը:
Միաժամանակ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ մինչև Օրենքում փոփոխությունների կատարումը կարգապահական վարույթի իրականացման առանձնահատկությունները սահմանվում էին ինչպես Օրենքով, այնպես էլ Պալատի ընդհանուր ժողովի 2019 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1-Լ որոշմամբ հաստատված փաստաբանի նկատմամաբ կարգապահական վարույթի իրականացման կարգով (այսուհետ նաև՝ Կարգ), որի շրջանակներում ամրագրված է եղել կարգապահական վարույթի կասեցման հնարավորությունը և դրա համար հիմք հանդիսացող հանգամանքները, ինչպես նաև փաստաբանների պալատի խորհրդին ապացույցներ ներկայացնելու հնարավորությունը:
Հարկ է նշել, որ Օրենքի գործող իրավակարգավորումների համաձայն՝ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը բացառիկ դեպքերում կարող է ընդամենը երկարաձգվել, այն էլ առավելագույնը երեք ամսով, իսկ փորձաքննություն նշանակելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով:
Այս համատեքստում, Օրենքի գործող իրավակարգավորումներով հաշվի չեն առնվում գործնականում առաջացող այն խնդիրները, որոնք խոչընդոտում են կարգապահական վարույթի իրականացմանը և չեն կարող ամբողջ ծավալով կարգավորված լինել Օրենքով, օրինակ՝ եթե, փաստաբանը կասեցրել է իր արտոնագրի գործողությունը, սակայն մինչ այդ կատարած նրա գործողություններում առերևույթ առկա են կարգապահական խախտման հատկանիշներ, որոնց հիմքով էլ նրա նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ կամ եթե անհնարին է տվյալ կարգապահական գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նրանով, որ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի գործունեության ընթացքում ի հայտ են գալիս որոշակի խնդիրներ, որոնց առկայության պայմաններում պարզ չէ, թե ինչ կառուցակարգեր և ընթացակարգեր պետք է կիրառվեն վերջինիս կողմից դրանք հաղթահարելու համար:
Նախագծով անհրաժեշտ է նաև կարգավորել այն հարցը, թե կարգապահական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշման բողոքարկման արդյունքում, երբ Խորհուրդը կայացնում է Հանձնաժողովի որոշումը մասնակի կամ ամբողջությամբ վերացնելու մասին որոշում, ինչ հետևանք է ունենում և ինչ ելք է ունենում կարգապահական գործը։ Այն դեպքում, երբ Խորհուրդը վերացնում է Հանձնաժողովի բողոքարկված որոշումը, պետք է կարգապահական վարույթն ուղարկվի Հանձնաժողովին նոր քննության՝ այն ծավալով, որով վերացվել է կարգապահական հանձնաժողովի բողոքարկված որոշումը։
Անհրաժեշտություն է ծագել ուղղել Օրենքում թույլ տրված վրիպակը: Մասնավորապես՝ Օրենքի 39.6-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը քննելու նպատակով փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նիստն իրավասու է (քվորում ունի), եթե դրան մասնակցում է կարգապահական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը, ներառյալ՝ զեկուցողը: Օրենքի 11.1-ին հոդվածի 2-րդ մասը սահմանում է այն, որ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը կազմավորվում է չորս տարի ժամկետով՝ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից ընտրված ինը փաստաբաններից: Արդյունքում ստացվում է, որ կարգապահական հանձնաժողովի նիստը իրավասու է, քվորում ունի, երբ դրան մասնակցում են կարգապահական հանձնաժողովի առնվազն 5 անդամներ:
Միաժամանակ Օրենքի 39.7-րդ հոդվածի 3-րդ մասով նշվում է այն, որ Խորհրդակցական սենյակում որոշումն ընդունվում է կարգապահական հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ՝ կարգապահական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսով: Ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ավելի բարենպաստ է փաստաբանի համար: Օրենքի 39.7-րդ հոդվածի 3-րդ մասում առկա է վրիպակ, որովհետև կարգապահական հանձնաժողովի կարգապահական գործն ըստ էության լուծող որոշումը կարող է ընդունվել ոչ թե կարգապահական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսով, այլ կարգապահական հանձնաժողովի քվեարկության մասնակցող անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսով, քանի որ քվորումն արդեն իսկ առկա լինելու և հանձնաժողովի նիստն իրավասու լինելու դեպքում, այլևս կարիք չկա որոշումն ընդունված համարելու հարցը լուծելու համար առաջնորդվել կարգապահական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների քանակով:
Բացի այդ, եթե մի պահ ընդունենք այն, որ կարգապահական հանձնաժողովի որոշումն ընդունված համարելու համար անհրաժեշտ է կարգապահական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսն, այսինք՝ 5 ձայն, ապա որոշումը ընդունված կհամարվի միայն հանձնաժողովի առնվազն 5 անդամի կողմ քվեարկելու դեպքում, մինչդեռ Օրենքի 39.7-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությունը սահմանված է այն, որ ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ավելի բարենպաստ է փաստաբանի համար: Օրենքի 39.7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության տրամաբանությամբ ձայների ցանկացած հավասարության դեպքում փաստաբանի համար բարենպաստ որոշումը երբեք չի կարող ընդունվել, քանի որ ձայների հավասարություն կարող է առաջանալ այն դեպքում, երբ քվեարկությանը մասնակցում են զույգ թվով հանձնաժողովի անդամներ (հանձնաժողովի 8 անդամ մասնակցելու դեպքում՝ 4 կողմ, 4 դեմ և 6 անդամ մասնակցելու դեպքում՝ 3 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ), իսկ ինչպես արդեն վերը նշվել էր, որոշումն ընդունված համարվելու համար անհրաժեշտ է, որ այդ որոշման օգտին քվեարկեն հանձնաժողովի առնվազն 5 անդամ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով նախատեսվում է կանոնակարգել դատարաններում կամ այլ պետական մարմիններում փաստաբանական գործունեություն իրականացնելիս փաստաբանի հանդերձանքի և արտաքին տեսքին ներկայացվող պահանջները: Դրանք պետք է սահմանվեն Պալատի խորհրդի կողմից: Նախագծով սահմանվել է վերը նշված պահանջները փաստաբանների կողմից պահպանելու պարտականությունը որպես փաստաբանի վարքագծի կանոն:
Նախագծի մի շարք կարգավորումներով նախատեսվում է բարելավել անվճար իրավաբանական օգնության գործող կառուցակարգերը, հստակեցնել մատուցվող ծառայությունների շահառուներին և ծավալները, առավել արդյունավետ դարձնել անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու իրականացվող վարչարարությունը: Բացի այդ, առաջարկվում է բարելավել ակնհայտ վճարունակ մեղադրյալից կամ տուժողից ցույց տրված իրավաբանական օգնության վճարման համար պետության կատարած ծախսերը բռնագանձելու մեխանիազմները
Նախագծով նաև նախատեսվում է բարելավել և հստակեցնել հանրային պաշտպանի գրասենյակին պետական բյուջեից տրամադրվող գումարի ձևավորման մեխանիզմը՝ սահմանելով հավելյալ չափանիշ՝ ուղենիշ ունենալով հանրային պաշտպանի մեկ հաստիքի ծանրաբեռնվածության միավորը:
Միաժամանակ, առաջարկվում է նախատեսել Օրենքի 6-րդ գլխով (փաստաբանի կարգապահական պատասխանատվությունը) ամրագրված փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի գործունեության առնչությամբ Օրենքով չկարգավորված առանձնահատկությունները նախատեսել Պալատի խորհրդի կողմից հաստատվող հանձնաժողովի գործունեության կարգում, ինչպես նաև Օրենքով կարգավորել կարգապահական վարույթի կասեցման և վերսկսման հարցերը։
Միաժամանակ, հստակեցվել է Պալատի խորհրդի կողմից բողոքարկված կարգապահական հանձնաժողովի որոշման հետագա վարույթի քննությունը և դրա ծավալը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության և Փաստաբանների պալատի կողմից համատեղ:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի կարգավորումների արդյունքում առավել արդյունավետ կդառնա անվճար իրավաբանական օգնության համար պետության կողմից հատկացվող միջոցների կառավարումը և օգտագործումը: Փոփոխությունները միտված են նաև նվազեցնելու հանրային պաշտպանների գերծանրաբեռնվածությունը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել կարգապահական վարույթի իրականացման կարգը, նախատեսել վարույթի կասեցման հնարավորությունը:
Ակնկալվում է նաև ապահովել փաստաբանների պատշաճ կեցվածքը և արտաքին տեսքը դատարաններում և այլ պետական մարմիններում:
- Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների նվազեցման կամ ավելացման մասին.
Նախագծի ընդունումը բյուջեում ծախսերի և եկամուտների նվազեցման կամ ավելացման չի հանգեցնի:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի մի շարք կարգավորումների ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 29-ի թիվ 1133-Լ որոշմամբ հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ ամրագրված հանրային պաշտպանների ծանրաբեռնվածության նվազեցման նպատակից: